ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ6/0035/05/10 |
Վարչական գործ թիվ ՎԴ6/0035/05/10 |
Նախագահող դատավոր՝ Ա. Ալավերդյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2011 թվականի հուլիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճռի դեմ` ըստ Ոստիկանության հայցի ընդդեմ Գարեգին Գալոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ոստիկանությունը պահանջել է արձակել Գարեգին Գալոյանից 25.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան) 26.12.2009 թվականին արձակել է վճարման կարգադրություն:
Գարեգին Գալոյանի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու հիմքով Դատարանի 11.02.2010 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի, իսկ այնուհետև հակընդդեմ հայցադիմումը վերադարձվել է:
Դատարանի 30.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է և Ոստիկանությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 1.500 ՀՀ դրամ` որպես դատական ծախս` պետական տուրքի գումար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ, 160-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հակընդդեմ հայցը վերադարձրել է և հակընդդեմ հայց չլինելու պայմաններում անցում է կատարել հայցային վարույթի:
Մինչդեռ, Դատարանը, վերադարձնելով հակընդդեմ հայցը, չպետք է անցում կատարեր հայցային վարույթի և պետք է թողներ, որպեսզի վճարման կարգադրությունը ստանար օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ:
2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ Գարեգին Գալոյանը Ոստիկանության 08.08.2009 թվականի թիվ ԱԲ 051836 որոշման հիման վրա 25.000 ՀՀ դրամը վճարել է Ոստիկանության կողմից դատարան դիմելուց հետո:
Հետևաբար, Դատարանը հայցային վարույթի անցնելու դեպքում պետք է հայցը բավարարեր, իսկ պետական տուրքի վճարման պարտականությունը դներ Գարեգին Գալոյանի վրա, քանի որ հայցը հիմնավոր է եղել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 30.07.2010 թվականի վճիռը բեկանել և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ պետական տուրքի վճարման պարտականությունը դնել Գարեգին Գալոյանի վրա:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ոստիկանության 08.08.2009 թվականի թիվ ԱԲ 051836 որոշմամբ Գարեգին Գալոյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասով ենթարկվել է 5.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի, որը նույն օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հնգապատկվել է և կազմում է 25.000 ՀՀ դրամ (գ.թ. 3):
2) Ոստիկանությունը ՀՀ վարչական դատարան է դիմել 22.12.2009 թվականին (գ.թ. 2):
3) 17.02.2010 թվականի թիվ 1156 մուտքի օրդերի համաձայն` Գարեգին Գալոյանը Ոստիկանության 08.08.2009 թվականի թիվ ԱԲ 051836 որոշման հիման վրա վճարել է 25.000 ՀՀ դրամ (գ.թ. 23):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն` դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, եթե պատասխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել: Այս դեպքում վճարման կարգադրությունը վերանում է:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցում կատարելու և վճարման կարգադրությունը վերանալու համար անհրաժեշտ է պատասխանողի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու փաստի առկայությունը:
Սույն գործով Դատարանը 11.02.2010 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարել հայցային վարույթի, որով վերացել է 26.12.2009 թվականի վճարման կարգադրությունը, իսկ հակընդդեմ հայցադիմումը վերադարձրել է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված գործողություններն իրավաչափ են, քանի որ տվյալ դեպքում վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցում կատարելու և վճարման կարգադրությունը վերանալու համար հիմք է հանդիսացել Գարեգին Գալոյանի կողմից հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու հանգամանքը: Այսինքն` հակընդդեմ հայցադիմում ներկայացնելն արդեն իսկ բավարար է` վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցում կատարելու և վճարման կարգադրությունը վերանալու համար:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ Դատարանը, վերադարձնելով հակընդդեմ հայցը, չպետք է անցում կատարեր հայցային վարույթի և պետք է թողներ, որպեսզի վճարման կարգադրությունը ստանար օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ, անհիմն է և չունի որևէ իրավական հիմք:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» ենթակետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վարչական մարմինը հայցով դիմում է դատարան` ստանալու վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն` դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, եթե պատասխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել: Այս դեպքում վճարման կարգադրությունը վերանում է:
Վերը նշված նորմերից հետևում է, որ վճարման կարգադրույթուն արձակելու դիմում ներկայացնող անձինք օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ հակընդդեմ հայց ներկայացնելու փաստով վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվում հայցային վարույթի:
Սույն գործով Դատարանը, մերժելով հայցը, Ոստիկանությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել է 1.500 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար` պատճառաբանելով, որ նշանակված վարչական տուգանքի գումարի հնգապատիկը վճարելու փաստով Գարեգին Գալոյանի պարտավորությունը դադարել է, և այդ գումարը դատական կարգով բռնագանձելու մասին Ոստիկանության պահանջն անհիմն է: Հետևաբար, հայցը մերժելու պարագայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի կարգով Ոստիկանությունից ենթակա է բռնագանձման 1.500 ՀՀ դրամ` որպես դատական ծախս` պետական տուրքի գումար:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով դիմողներն ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ անցումը հայցային վարույթի կատարվում է վճարման կարգադրության վարույթում հակընդդեմ հայց ներկայացնելու հիմքով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցային վարույթը վճարման կարգադրության վարույթի շարունակությունն է, հետևաբար, այդ դեպքում նույնպես արդեն իսկ հայցվորի կարգավիճակ ստացած անձը չի կարող կրել պետական տուրքի վճարման պարտականություն: Հետևաբար, սույն գործով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճռի` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության 1.500 ՀՀ դրամ պետական տուրք բռնագանձելու մասը և այդ մասով այն փոփոխել. պետական տուրքի հարցը համարել լուծված: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
|
Վ. Աբելյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան |