Գլխավոր տեղեկություն
Номер
N 1521-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2011-05.10.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2011.11.09/60(863) Հոդ.1523
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.10.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.11.2011
Дата вступления в силу
19.11.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.06.2019

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2011 թվականի N 1521-Ն

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ մասերը և 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Օրենքով սահմանված պետական կառավարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել թույլտվության վկայականի ձևը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենազավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշման 1-ին կետի «է» և «ժ» ենթակետերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 1
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ընթացակարգերը և չափանիշները:

2. Կարգում օգտագործվող հասկացությունները բխում են «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և ունեն նշված օրենքում նախատեսված նույն իմաստը:

3. Կազմակերպիչն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) հետ կնքված պայմանագրի հիման վրա:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4. Ազատ տնտեսական գոտու կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրավաբանական անձը որպես կազմակերպիչ կարող է ընտրվել հետևյալ երկու դեպքերում ստեղծվող ազատ տնտեսական գոտիների համար`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ.

2) մասնավոր նախաձեռնությամբ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրությունը և պայմանագրի կնքումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

1) ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելուց հետո լիազոր մարմինն իրականացնում է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրությունը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` կիրառելով գնման մրցակցային երկխոսության ձևը.

2) կազմակերպիչն ընտրվում է հայտի գնահատման արդյունքում` կիրառելով կարգի IV գլխում նշված գնահատման չափանիշները.

3) ընտրության արդյունքները լիազոր մարմինն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման.

4) ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս լիազոր մարմնի, ընտրված կազմակերպության հետ կնքում է ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր:

6. Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտու ստեղծումը, կազմակերպչի ընտրությունն ու պայմանագրի կնքումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

1) մասնավոր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար նախաձեռնողը հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

2) հայտն իրենից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը`

ա. դիմում,

բ. կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները,

գ. ազատ տնտեսական գոտու նկարագիրը, ստեղծման նպատակը, գործունեության հիմնական ուղղությունները,

դ. գտնվելու վայրը, տարածքի հատակագիծը, տարածքում շինությունների առկայության դեպքում նաև շինությունների նախագիծը,

ե. գործարար ծրագիրը, որը պետք է համապատասխանի կարգի IV գլխում նշված չափանիշներին.

3) մասնավոր կազմակերպության ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտի գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով).

4) հանձնաժողովը 20 աշխատանքային օրվաուղղ.  ընթացքում գնահատում է հայտով ներկայացված փաստաթղթերը` համաձայն կարգով սահմանված հայտի գնահատման չափանիշների և ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում է ազատ տնտեսական գոտի ստեղծելու և մասնավոր կազմակերպության ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու նպատակահարմարության հարցը, որի արդյունքում ընդունվում է հայտը բավարարելու կամ մերժելու մասին որոշում.

6) լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվաուղղ. ընթացքում տեղեկացնում է նախաձեռնողին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ.

7) ազատ տնտեսական գոտի ստեղծելու և ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս լիազոր մարմնի, նախաձեռնողի հետ կնքում է ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

7. Հանձնաժողովը կազմված է 9 անձից` նախագահից, քարտուղարից և 7 անդամից: Հանձնաժողովի նախագահ է հանդիսանում լիազոր մարմնի ղեկավարը, իսկ քարտուղար` լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

8. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած մյուս անդամների կողմից:

9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նիստը համարվում է չկայացած և նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովը նոր նիստի օրվա և ժամի մասին տեղեկացնում է բոլոր հայտատուներին:

10. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է նախագահի որոշմամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

 

IV. ՀԱՅՏԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

11. Հայտի գնահատման չափանիշներն են`

1) պոտենցիալ յուրաքանչյուր շահագործողի գործունեության համապատասխանությունն ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակին.

2) կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները.

3) ներդրումների չափը, ուղղվածությունը և ժամկետները, այդ թվում` նաև ներդրումների ձևերը` ֆինանսական և գույքային.

4) օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխանությունը, այդ թվում` ճարտարապետաշինարարական նախագիծ (այսուհետ նախագիծ) և վիզուալ մակետ, կամ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների չպահպանման համար անհրաժեշտ հիմնավորումների ապահովում.

5) ազատ տնտեսական գոտու միջազգային ճանաչման և բրենդի տարածմանն ուղղված միջոցառումները, այդ թվում` մարքեթինգային պայմանագրերի առկայություն, ազատ տնտեսական գոտում միջազգային բրենդների և այլ շահագործողների ներգրավման և ազատ տնտեսական գոտում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արտահանման աջակցմանն ուղղված աշխատանքները և ակնկալվող արդյունքները.

6) ազատ տնտեսական գոտիների կազմակերպման բնագավառում փորձը (կդիտարկվի որպես առավելություն).

7) կազմակերպչի և պետության պարտականությունների բաշխումը և կողմերի մասնակցության հարաբերակցությունը.

8) ազատ տնտեսական գոտու ստեղծման անհրաժեշտության հիմնավորվածությունը (միայն մասնավոր նախաձեռնության դեպքում).

9) բնապահպանական ազդեցության գնահատականը.

10) կազմակերպչի կողմից ստեղծվելիք աշխատատեղերի քանակը և միջին աշխատավարձի չափը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտիների շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման հետ կապված ընթացակարգերը, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման կարգը:

2. Կարգում օգտագործվող հասկացությունները բխում են «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և ունեն նշված օրենքում նախատեսված նույն իմաստը:

3. Ազատ տնտեսական գոտու շահագործող են համարվում կարգին համապատասխան թույլտվություն ստացած և կազմակերպչի հետ պայմանագիր կնքած` Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը և օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունը (այսուհետ` շահագործող):

4. Ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվությունը տրվում է շահագործողի կողմից ներկայացված ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազատ տնտեսական գոտու գործունեության ավարտը:

 

II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի 10-րդ կետում նշված` հանձնաժողովի կողմից` հայտատուի ներկայացրած գործարար ծրագրի գնահատման արդյունքում տրված եզրակացության հիման վրա:

6. Հանձնաժողովին ներկայացվող հայտն իրենից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը`

1) դիմում (համաձայն ձևի).

2) գործարար ծրագիր, որը պետք է համապատասխանի կարգի IV գլխում ներկայացված չափանիշներին.

3) կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկանք ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու պայմանների վերաբերյալ:

7. Հանձնաժողովը 15 աշխատանքային օրվաուղղ.  ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, ելնելով կարգով սահմանված չափանիշներից` գնահատում գործարար ծրագիրը և համապատասխան եզրակացություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 21 աշխատանքային օրվաուղղ.  ժամկետում ընդունում է համապատասխան որոշում թույլտվություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ: Հայտը մերժելու հիմք է հանդիսանում հայտի` սույն կարգով սահմանված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը:

9. Թույլտվությունը տրամադրելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում հայտատուն և կազմակերպիչը կնքում են պայմանագիր:

10. Պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին) 3 աշխատանքային օրվաուղղ.  ժամկետում հայտատուին տրամադրում է թույլտվության վկայական: Վկայականի ձևը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համատեղ հրամանով:

11. Վկայականը տրամադրելուց հետո լիազոր մարմինը վկայականի պատճենը 1 աշխատանքային օրվաուղղ.  ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

12. Լիազոր մարմինը վարում է շահագործողներին տրված թույլտվության ռեեստր, որը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային կայքում:

13. Ռեեստրի առկայությունը հիմք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շահագործողին տրամադրված արտոնությունները կիրառելու համար:

 

III. ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

14. Շահագործողի թույլտվության դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազոր մարմնի եզրակացության հիման վրա:

15. Շահագործողի թույլտվությունը դադարեցվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`

1) շահագործողի ցանկությամբ.

2) կազմակերպչի և շահագործողի միջև պայմանագրի լուծման դեպքում.

3) ազատ տնտեսական գոտու լուծարման դեպքում.

4) թույլտվությամբ սահմանված ժամկետը լրանալու դեպքում.

5) թույլտվությամբ սահմանված պահանջների խախտման կամ չկատարման դեպքում.

6) «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտման դեպքում:

16. Թույլտվության դադարեցման հետ կապված վեճերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

17. Գործարար ծրագիրը (այսուհետ` ծրագիր) գնահատվում է հանձնաժողովի կողմից` յուրաքանչյուր գնահատման չափանիշի համար կիրառելով կշռային գործակիցներ, որոնց համախումբը չպետք է գերազանցի 100 միավորը: Ելնելով ազատ տնտեսական գոտու գործառնական նշանակությունից` յուրաքանչյուր չափանիշին տրվող կշռային գործակցի մեծությունը յուրաքանչյուր անգամ կսահմանվի հանձնաժողովի կողմից` նախքան գնահատում իրականացնելը:

18. Ծրագիրը գնահատվում է` ելնելով հետևյալ չափանիշներից`

1) արտահանման քաղաքականություն, ուղղություններ և ծավալներ.

2) ծրագրի համապատասխանությունն ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակներին և գործառնական տեսակին.

3) տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը.

4) աշխատատեղերի քանակը և այլ սոցիալական միջոցառումները.

5) ընդհանուր ներդրումների ծավալներ.

6) տեղեկատվություն հիմնական ռազմավարական գործընկերների մասին (առկայության դեպքում):

19. Սույն կարգի 18-րդ կետով սահմանվող գնահատման չափանիշները հանդիսանում են նաև գործարար ծրագրին ներկայացվող պահանջներ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

                                                      Լիազոր մարմնի ղեկավարին

 Հայտատուի լրիվ անվանումը________________

 _________________________________________

                                                                                           Իրավաբանական հասցեն__________________

      _________________________________________

 Հեռախոսը_______________________________

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1. Հայտատուն ____________________________________________________________________

                                   (հայտատուի լրիվ անվանումը և փաստացի հասցեն)

ի դեմս __________________________________________________________________________,

                                          (պաշտոն, անունը, ազգանունը, հայրանունը)

որը գործում է ___________________________________________________________հիման վրա,

խնդրում է թույլատրել _____________________________________________________________

                                                             (գործունեության տեսակը)

իրականացումը

 

«_____________________________________»

_____________________________________________________________

(ազատ տնտեսական գոտու անվանումը) (ազատ տնտեսական գոտու տեսակը)

ազատ տնտեսական գոտու տարածքում:

 

2. Հայտատուի տվյալները

Գտնվելու վայրը __________________________________________________________________

Հեռախոսահամարը _________________________________ Ֆաքսը

_________________________________________

 

Հայտատուի

Պետռեգիստրում գրանցման կազմակերպաիրավական ձևը և գրանցման

համարը _________________________________________________________________________

 

3. Պատասխանատու կոնտակտային անձ

Ա. Ա. Հ. ___________________________________________________________________________

Պաշտոնը_________________________________________________________________________

Հեռախոսահամարը ____________________________ Ֆաքսը

___________________________________________

 

Փոստային

հասցեն______________________________________________________________________

Էլ. փոստի

հասցեն______________________________________________________________________

 

4. Կցված փաստաթղթերի ցանկը

______________________________________________________________________

 

Հայտարարություն

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազոր մարմնին:

 

Ստորագրությունը ___________________ Ամսաթիվը___________________
 

         օրը/ամիսը/տարեթիվը

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտիների սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջները:

2. Ազատ տնտեսական գոտու մուտքը և ելքը գտնվում են կազմակերպչի և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հսկողության ներքո։

 

II. ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Հայաստանի Հանրապետությունում գործող այն ազատ տնտեսական գոտիները, որոնց գործառնական տեսակը ենթադրում է ապրանքների ներմուծում և արտահանում, պետք է սահմանազատված լինի այնպես, որպեսզի ապահովված լինի Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից նրա տարանջատումը:

4. Ազատ տնտեսական գոտու սահմանազատումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից պետք է կատարվի պարսպապատելու միջոցով` այնպես, որպեսզի բացառվի ազատ տնտեսական գոտու տարածքից մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ներմուծման և արտահանման կամ վնասման հնարավորությունը: Ազատ տնտեսական գոտու պարիսպը պետք է կառուցվի ազատ տնտեսական գոտու տարածքում կառուցված շենք, շինություններից այնպիսի հեռավորության վրա, որ բացառվի ազատ տնտեսական գոտու տարածքից մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ներմուծման և արտահանման հնարավորությունները:

5. Ազատ տնտեսական գոտու պարսպապատմանը ներկայացվում են հետևյալ տեխնիկական պահանջները՝

1) պարիսպը պետք է պատրաստված լինի քարից, բետոնից կամ այլ նյութից, որը ապահովում է տարածքի մեկուսացվածությունը.

2) պարսպի բարձրությունը պետք է լինի 2.5 մետրից ոչ պակաս.

3) պարիսպը պետք է լինի անընդհատ ամբողջ շրջագծով` բացառությամբ ֆիզիկական անձանց մուտքի, ելքի, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման համար նախատեսված անցագրային կետերի.

4) պարսպի ամբողջ երկայնքով պետք է տեղադրված լինեն տեսախցիկներ, այնպիսի հեռավորությամբ, որ հնարավոր լինի ապահովել ամբողջ տարածքի տեսանելիությունը.

5) պարիսպը պետք է լինի երկկողմանի լուսավորված (դրսից և ներսից):

6. Ազատ տնտեսական գոտու պարսպի արտաքին մասն ամբողջ երկայնքով համարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահման:

7. Եթե ազատ տնտեսական գոտին հիմնվում է շենքի կամ շենքի մի քանի հատվածում, ապա շենքի կամ շենքի այդ հատվածի պատուհանները պետք է ցանցապատված լինեն մետաղյա ցանցերով, իսկ մուտքը և ելքը պետք է առանձնացված և սահմանազատված լինեն՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից նրանց տարանջատումը, այնպես որ բացառվեն ազատ տնտեսական գոտու տարածքից մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ներմուծման և արտահանման հնարավորությունները:

8. Ազատ տնտեսական գոտի համարվող շենքը կամ շենքի հատվածը պետք է արտաքինից լինի լուսավորված:

9. Ազատ տնտեսական գոտի համարվող շենքում կամ շենքի այդ հատվածում պետք է տեղադրված լինեն տեսահսկողության միջոցներ, որոնց տեսանելիության ներքո գտնվի ամբողջ շենքը կամ դրա հատվածը:

10. Անվտանգության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով կազմակերպիչը պետք է ապահովվի անհրաժեշտ տարածքով՝ մաքսային և կազմակերպչի անվտանգության մարմինների կողմից տեսադիտելու համար (անցակետ):

11. Ազատ տնտեսական գոտու անցակետին ներկայացվում են հետևյալ տեխնիկական պահանջները`

1) անցակետը պետք է ունենա մաքսային ձևակերպումների իրականացման համար առանձնացված տարածք.

2) անցակետը պետք է ունենա մաքսային հսկողության իրականացման համար առանձնացված տարածք.

3) անցակետը պետք է ունենա մաքսային բրոքերների համար համապատասխան սարքավորումներով առանձնացված տարածք.

4) անցակետը պետք է ապահովված լինի մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված, պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող` դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների պահպանման համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինություններով կամ սարքավորումներով.

5) անցակետը պետք է ապահովված լինի կշռելու հնարավորություն ունեցող էլեկտրոնային կշեռքներով (այդ թվում` ավտոմեքենաներ կշռող առնվազն 80 տոննա և երկաթգծի` առնվազն 150 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռք, եթե ազատ տնտեսական գոտու տարածք կամ այդ տարածքից ապրանքների մատակարարումները պետք է կատարվեն երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտով).

6) անցակետը պետք է ապահովված լինի մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերով և սարքավորումներով (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` վերադաս մաքսային մարմնի սահմանած պահանջներին համապատասխան.

7) անցակետը պետք է ապահովված լինի մաքսային մարմինների աշխատողներին անհրաժեշտ կապով և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումներով, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար.

8) անցակետը պետք է ապահովված լինի ապրանքների բեռնման-բեռնաթափման, տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներով.

9) անցակետը պետք է ապահովված լինի տեսաձայնագրման համակարգով:

12. Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը պետք է ապահովի անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը և անվտանգության սարքավորումների մշտապես սարքին վիճակում լինելը` ազատ տնտեսական գոտու տարածքի պաշտպանությունն ու անցագրային ռեժիմի հսկողությունն իրականացնելու համար, ինչպես նաև ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու համար: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն առնվազն 3 տարի:

13. Ազատ տնտեսական գոտու շահագործման ընթացքում պարսպի վնասման դեպքում կազմակերպիչը պարտավոր է անհապաղ վերացնել թերություններն ու վնասումները, ընդ որում, այդ աշխատանքների կատարման ընթացքում ազատ տնտեսական գոտու անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը կրում են կազմակերպիչը և անվտանգության ծառայությունները համատեղ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան