Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 128
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2007.03.28/7(40) Հոդ.14
Принят
Շենգավիթ թաղային համայնքի ավագանի
Дата принятия
22.12.2006
Подписан
Շենգավիթ համայնքի թաղապետ
Дата подписания
22.12.2006
Дата вступления в силу
07.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Շենգավիթ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 128

քաղ. Երևան

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-11-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով՝

Շենգավիթ թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Շենգավիթ թաղապետի ներկայացրած՝ «Շենգավիթ համայնքում 2007 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագիծը:

2. Շենգավիթ համայնքի տարածքում 2007 թ. սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը.

2.1 Համայնքի տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանել՝

հիմնական օբյեկտների համար՝

ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 50000 (հիսուն հազար) դրամ.

բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝

բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 70000 (յոթանասուն հազար) դրամ.

բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 120000 (հարյուր քսան հազար) դրամ.

բգ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 170000 (հարյուր յոթանասուն հազար) դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝

գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ.

դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 25000 (քսանհինգ հազար) դրամ:

2.2 Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝

ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ.

բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 2.1-րդ կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով.

գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 2.1-րդ կետով սահմանված նորմերը:

2.3 Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանել 10000 (տասը հազար) դրամ:

2.4 Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանել.

ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ.

բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 8000 (ութ հազար) դրամ:

2.5 Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել՝

ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի ընթացիկ տարվա համար՝ 480000 (չորս հարյուր ութսուն հազար) դրամ.

բ) գյուղատնտեսական մթերքի յուրաքանչյուր օրվա համար՝ 300 (երեք հարյուր) դրամ.

գ) այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ:

2.6 Համայնքի տարածքում հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանել՝

ա) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 350000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ.

բ) բաղնիքների (սաունաների) համար՝ 200000 (երկու հարյուր հազար) դրամ.

գ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 200000 (երկու հարյուր հազար) դրամ:

2.7 Համաքաղաքային կանոններին համապատասխան՝ համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանել 0 դրամ:

2.8 Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանել.

ա) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը՝ 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2500 (երկու հազար հինգ հարյուր) դրամ.

բ) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը՝ մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 (երկու հազար) դրամ.

գ) այլ արտաքին գովազդի համար՝ 1000 (մեկ հազար) դրամ.

դ) յուրաքանչյուր դատարկ գովազդային վահանակի համար՝ 1000 (մեկ հազար) դրամ:

2.9 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանել 0 դրամ:

3. Շենգավիթի համայնքում սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.

ա) համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 (հինգ հազար) դրամ.

բ) տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինման և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 3000 (երեք հազար) դրամ.

գ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար՝ 1000 (մեկ հազար) դրամ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

5. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել թաղապետարանի ֆինանսական և էկոնոմիկայի, առևտրի և գանձումների, կոմունալ տնտեսության և բարեկարգման, ճարտարապետության և քաղաքաշինության բաժինների (պետեր՝ Ա. Տեր-Թորոսյան, Ա. Շահումյան, Ա. Գրիգորյան և Գ. Հարությունյան) վրա:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետ Մ. Սարգսյանի և ավագանու վրա:

 

Թաղապետ՝

Մ. Սարգսյան