Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.10
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.07.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
01.07.2011
Дата вступления в силу
01.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0754/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0754/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր`  Ա. Մկրտչյան

     Դատավորներ`  Ն. Հովսեփյան
                                Ն. Բարսեղյան

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

 2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լուսինե Աբրահամյանի և Հակոբ Մուրադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Լուսինե Աբրահամյանի և Հակոբ Մուրադյանի հայցի ընդդեմ «Դավիթ երթուղային տաքսի» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն)` վնասը հատուցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լուսինե Աբրահամյանը և Հակոբ Մուրադյանը պահանջել են բռնագանձել Ընկերությունից 1.795.400 ՀՀ դրամ պատճառված վնասը, այդ թվում` 430.000 ՀՀ դրամը` որպես Լուսինե Աբրահամյանին պատճառված վնաս, 220.000 ՀՀ դրամը` որպես անչափահաս որդուն` Արամ Մուրադյանին պատճառված վնաս, և 1.145.400 ՀՀ դրամը` որպես «ԲՄՎ-320i» մակնիշի 01 ՕԼ 278 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառված վնաս։

Լուսինե Աբրահամյանը և Հակոբ Մուրադյանը, ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել են բռնագանձել Ընկերությունից 2.035.308 ՀՀ դրամ պատճառված վնասը, այդ թվում` 430.000 ՀՀ դրամը` որպես Լուսինե Աբրահամյանին պատճառված վնաս, 220.000 ՀՀ դրամը` որպես անչափահաս որդուն` Արամ Մուրադյանին պատճառված վնաս, 1.145.400 ՀՀ դրամը` որպես «ԲՄՎ-320i» մակնիշի 01 ՕԼ 278 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառված վնաս, և 235.308 ՀՀ դրամը` որպես վճարված պետական տուրք և փաստաբանի վարձատրության համար վճարված գումար։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։

Լուսինե Աբրահամյանը և Հակոբ Մուրադյանը, ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել են բռնագանձել Ընկերությունից 2.310.708 ՀՀ դրամ պատճառված վնասը, այդ թվում` 430.000 ՀՀ դրամը` որպես Լուսինե Աբրահամյանին պատճառված վնաս, 220.000 ՀՀ դրամը` որպես անչափահաս որդուն` Արամ Մուրադյանին պատճառված վնաս, 1.145.400 ՀՀ դրամը` որպես «ԲՄՎ-320i» մակնիշի 01 ՕԼ 278 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառված վնաս, 270.000 ՀՀ դրամը` որպես առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձի հատուցում, 244.708 ՀՀ դրամը` որպես վճարված պետական տուրք և փաստաբանի վարձատրության համար վճարված գումար։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։ Վճռվել է ««Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ից հօգուտ հայցվորներ Լուսինե Վարդանի Աբրահամյանի և Հակոբ Վազգենի Մուրադյանի բռնագանձել ընդհանուր 1.345.400 ՀՀ դրամ, հօգուտ հայցվոր Լուսինե Վարդանի Աբրահամյանի` 280.000 ՀՀ դրամ, հօգուտ Հակոբ Վազգենի Մուրադյանի` 45.400 ՀՀ դրամ` որպես բավարարված հայցապահանջի չափին համամասն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար վերջինիս կողմից վճարված պետական տուրքի գումար: Մնացած գումարները բռնագանձելու մասով հայցը մերժել:

Հայցվորներ Լուսինե Վարդանի Աբրահամյանից և Հակոբ Վազգենի Մուրադյանից հօգուտ պատասխանող «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի բռնագանձել ընդհանուր 52.827 ՀՀ դրամ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.09.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 09.07.2010 թվականի վճռի` «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ից հօգուտ Լուսինե Աբրահամյանի և Հակոբ Մուրադյանի 1.145.400 ՀՀ դրամ` վթարի հետևանքով «ԲՄՎ-320i» մակնիշի 01 ՕԼ 278 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառված վնասի գումարը և դրան համապատասխան դատական ծախսերը բռնագանձելուե մասերը, և գործն այդ մասերով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Դատարանի 09.07.2010 թվականի վճռի մնացած մասը թողնվել է անփոփոխ` օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Լուսինե Աբրահամյանը և Հակոբ Մուրադյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 47-րդ, 48-րդ, 53-րդ հոդվածները, 62-րդ հոդվածի 3-րդ կետը։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները և պատշաճ իրավական գնահատական չի տվել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 23.01.2009 թվականի թիվ 00610910 փորձագետի եզրակացությանը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 23.01.2009 թվականի թիվ 00610910 փորձագետի եզրակացությամբ հստակ նշվել է, որ ավտոմեքենային պատճառված վնասը և ավտոմեքենայի բացակայությունը չի կարող ինքնին նվազեցնել ավտովթարի հետևանքով ավտոմեքենային պատճառված վնասի չափը, բացի այդ, փորձագետի եզրակացությամբ որևէ «հավանական» կամ «անորոշ» եզրահանգում չի տրվել:

Ավելին, Վերաքննիչ դատարանը պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ նորմերի սխալ մեկնաբանության արդյունքում անտեսել է նաև այն հանագամանքը, որ վթարի ենթարկված ավտոմեքենայի վնասի չափը և ավտոմեքենան այդ վիճակում վաճառելու արժեքի հանրագումարը կազմում է ավտոմեքենայի շուկայական արժեքը, հետևաբար ավտոմեքենան վաճառված լինելու փաստը չի կարող նվազեցնել պատճառված վնասի չափը:

Մինչդեռ, Դատարանը «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 23.01.2009 թվականի թիվ 00610910 փորձագետի եզրակացությունը գնահատել է գործում առկա ապացույցների հետ և վնասի չափը որոշելիս հանգել ճիշտ եզրահանգման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 17.09.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.07.2010 թվականի վճռին։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 23.01.2009 թվականի թիվ 00610910 փորձագետի եզրակացության համաձայն` փորձաքննությանը տրամադրված վիճակում «ԲՄՎ-320i» մակնիշի 01 ՕԼ 278 պետհամարանիշի ավտոմեքենայի վնասի չափն արժեքային արտահայտությամբ 03.01.2009 թվականի դրությամբ վնասվածքների հետևանքով գործող շուկայական գներով կարող է կազմել 1.145.400 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ.31-35)։

2. 18.02.2009 թվականի նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ մերժվել է Արևշատ Մանուկյանի կողմից վթար կատարելու և Լուսինե Աբրահամյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը` տուժողի բողոքի բացակայության պատճառով, իսկ անչափահաս Արամ Հակոբի Մուրադյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը` հանցակազմի բացակայության պատճառով (հատոր 1-ին, գ.թ.20-25)։

3. Ընկերության 10.06.2008 թվականի թիվ 53 հրամանի համաձայն` 10.06.2008 թվականից վարորդ Արևշատ Մանուկյանին ամրացվել է 2608 (429ՕԼ64) պետհամարանիշի միկրոավտոբուսն Ընկերության երթուղիներում աշխատելու համար (հատոր 1-ին, գ.թ.18)։ Նշված ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանել է Ընկերությանը:

4. 08.01.2009 թվականի թիվ 75, 08.01.2009 թվականի թիվ 22, 29.01.2009 թվականի թիվ 201, 29.01.2009 թվականի թիվ 214 և 11.03.2009 թվականի թիվ 3377 և 08.10.2009 թվականի թիվ 77 դրամարկղային մուտքի անդորրագրերի համաձայն` Լուսինե Աբրահամյանի և Արամ Մուրադյանի համար վճարվել են «Արմենիա» ՀԲԿ ՓԲ ընկերությանը համապատասխանաբար 5.000 ՀՀ դրամ, 10.000 ՀՀ դրամ, 10.000 ՀՀ դրամ, 5.000 ՀՀ դրամ, 5.000 ՀՀ դրամ և 6.500 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ.6-11)։

5. Իրավաբանական ծառայություններ մատուցելու մասին 02.04.2009 թվականի թիվ 11-Ն/09 պայմանագրի հիմքով Լուսինե Աբրահամյանը և Հակոբ Մուրադյանը վճարել են «Նորմա իրավաբանական գրասենյակ» ՍՊ ընկերության հաշվեհամարին 100.000 ՀՀ դրամ (հիմք` 01.07.2009 թվականի թիվ 007139 կանխիկ մուտքի անդորրագիրը) (հատոր 1-ին, գ.թ. 72, 74-76)։

6. Իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցելու մասին 17.05.2010 թվականի թիվ ԻԵ-ԼԱ-ՀՄ-04/05/10 պայմանագրի հիմքով Լուսինե Աբրահամյանը և Հակոբ Մուրադյանը վճարել են «Իրավական եռանկյուն» ՍՊ ընկերության հաշվեհամարին 100.000 ՀՀ դրամ (հիմք` 17.05.2010 թվականի թիվ 002515 կանխիկ մուտքի անդորրագիրը) (հատոր 3-րդ, գ.թ. 47-49)։

7. Թիվ 35 մանկապարտեզի տնօրենի 23.03.2009 թվականի, 02.07.2009 թվականի և 28.04.2010 թվականի տեղեկանքների համաձայն` Լուսինե Աբրահամյանն աշխատել է մանկապարտեզում, ամսական աշխատավարձը կազմել է 90.000 ՀՀ դրամ, իսկ 2008 թվականի հունվար ամսից մինչև դեկտեմբերի 31-ը աշխատավարձի չափը կազմել է 953.000 ՀՀ դրամ, վթարի ենթարկվելու հետևանքով 2009 թվականի հունվարի 8-ից մինչև նույն թվականի ապրիլի 1-ը Լուսինե Աբրահամյանը չի հաճախել աշխատանքի (հատոր 1-ին, գ.թ. 14,84, հատոր 3-րդ գ.թ.41)։

8. Հայցադիմումը դատարան ներկայացնելու համար Լուսինե Աբրահամյանը և Հակոբ Մուրադյանը վճարել են 45.400 ՀՀ դրամ (հիմք` 10.04.2009 թվականի թիվ 90410008666050, 01.07.2009 թվականի թիվ 007140, 28.04.2010 թվականի թիվ 100428025518048 անդորրագրերը) (հատոր 1-ին, գ.թ. 2, 73, հատոր 3-րդ գ.թ 42), իսկ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար` 34.400 ՀՀ դրամ (հիմք` 14.10.2010 թվականի թիվ 000184 անդորրագիրը):

9. 25.01.2010 թվականի առուվաճառքի պայմանագրով Հակոբ Մուրադյանը «ԲՄՎ-320i» մակնիշի 01ՕԼ278 պետհամարանիշի ավտոմեքենան 1.900.000 ՀՀ դրամով վաճառել է Գեղամ Ազիզյանին (հատոր 3-րդ գ.թ 57):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են փորձագետների եզրակացություններով:

Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը գործն ուղարկել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ վնաս կրած գույքի իրացման պայմաններում լրացուցիչ ապացուցման է ենթակա գույքի արժեքը` մինչ վնաս պատճառող իրադարձությունը, ինչպես նաև գույքի իրացման արդյունքում տուժողի ստացած եկամտի տարբերությունը: Վերաքննիչ դատարանը հիշյալ դիրքորոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ «գույքի իրացման գնի` սկզբնական արժեքից ավելին լինելու դեպքում ըստ էության բացակայում է իրական վնասը, քանի որ իրացնողը ստանում է առնվազն այն չափով հատուցում (գումար), որը կստանար վնաս պատճառողի կողմից տրամադրվող գումարի հաշվին»: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 23.01.2009 թվականի թիվ 00610910 փորձագետի եզրակացությունը չի պարունակում «ԲՄՎ-320i» մակնիշի 01ՕԼ278 պետհամարանիշի ավտոմեքենայի վնասվածքների հետևանքով այդ ավտոմեքենայի վնասի չափի հավանական արժեքային արտահայտությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ «գույքի իրացման գնի` սկզբնական արժեքից ավելին լինելու դեպքում ըստ էության բացակայում է իրական վնասը, քանի որ իրացնողը ստանում է առնվազն այն չափով հատուցում (գումար), որը կստանար վնաս պատճառողի կողմից տրամադրվող գումարի հաշվին» հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ): Նույն հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վնասն առկա է դրա հասցվելու փաստի ուժով, իսկ վնասված գույքի իրացման արդյունքում տուժողի ստացած եկամուտը չի կարող հաշվի առնվել վնասի առկայության հարցը պարզելիս և չի կարող հիմք հանդիսանալ վնասի առկայության դեպքում դրա հատուցումը մերժելու համար:

Ինչ վերաբերում է ավտոմեքենային հասցված վնասի չափը որոշելու նպատակով կատարված փորձաքննությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ փորձագիտական եզրակացությունը բավարար չափով հստակ չէ, այնուամենայնիվ, չի անդրադարձել այն կարևոր հանգամանքին, որ Դատարանը չի հրավիրել փորձագետին բանավոր բացատրություն տալու համար, որի անհրաժեշտությունը սույն գործում առկա էր:

 

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը և չի կիրառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի բեկանման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 09.07.2010 թվականի վճռի` «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ից հօգուտ Լուսինե Աբրահամյանի և Հակոբ Մուրադյանի 1.145.400 ՀՀ դրամ` վթարի հետևանքով «ԲՄՎ-320i» մակնիշի 01 ՕԼ 278 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառված վնասի գումարը և դրան համապատասխան դատական ծախսերը բռնագանձելու» մասերը, և գործն այդ մասերով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ, հետևաբար տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի սխալ պատճառաբանված դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանում գործի նոր քննության ընթացքում պետք է հիմք ընդունել սույն որոշման պատճառաբանությունները:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2010 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:

 2. Պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան