Գլխավոր տեղեկություն
Номер
N 1356-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.2011-01.04.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2004.03.12/1(9) Հոդ.1397
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.2011
Дата вступления в силу
06.10.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2011 թվականի N 1356-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող գնումների գործընթացի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացվող գնումների ընթացքում ներկայացված հայտերը և (կամ) գնային առաջարկները գնահատող հանձնաժողովի կազմավորման ու գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային ծրագրերը ենթարկվում են արտաքին աուդիտի: Ընդ որում`

1) աուդիտորը պետք է պարտադիր անդրադառնա ծրագրերի նպատակային օգտագործման հարցին և դրա մասին տրամադրի տեղեկատվություն՝ ղեկավարությանն ուղղված նամակի միջոցով.

2) բացի ղեկավարությանն ուղղված նամակից, աուդիտորներից պետք է պահանջվի տրամադրել ծրագրերի նպատակային օգտագործման վերաբերյալ առանձին եզրակացություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 509-Ն որոշմամբ հաստատված «ԱՍ 800 «Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը» ստանդարտի շրջանակներում կամ նույն հարցին վերաբերող Աուդիտի միջազգային ստանդարտի շրջանակներում: Նման պահանջը պետք է սահմանվի աուդիտորի հետ կնքվող պայմանագրով, որով պետք է սահմանվեն նաև ծրագրի հստակ և չափելի նպատակները` աուդիտորի կողմից ծրագրի նպատակային օգտագործումը գնահատելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 28
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1356-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային ծրագրերի (այսուհետ՝ վարկային ծրագրեր) միջոցների հաշվին իրականացվող գնումների ընթացքում ներկայացված հայտերը և (կամ) գնային առաջարկները գնահատող հանձնաժողովների (այսուհետ՝ հանձնաժողով) կազմավորման և գործունեության հետ կապված հիմնական հարաբերությունները:

 

II. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

2. Գնահատման գործընթացը ներառում է`

1) հանձնաժողովի կազմավորումը.

2) հանձնաժողովի գործունեությունը.

3) շուկայական գների նախնական ուսումնասիրությունը.

4) շուկայական գների և գնային առաջարկների համեմատական ուսումնասիրությունը։

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Հանձնաժողովը կազմավորվում է վարկային ծրագիրն իրականացնող կազմակերպության (այսուհետ` պատվիրատու) ղեկավարի հրամանով գնումների գործընթացն սկսելու համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքը և տեխնիկական մասնագրերը վարկային ծրագրերի համաձայնագրերով նախատեսված գնումներն իրականացնող կառույց կամ ստորաբաժանում ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, հանձնաժողովի կազմում ընդգրկվող անձանց (թեկնածուների) ցանկը պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ վարկային ծրագրի իրականացման համաձայնագրով նախատեսված պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում):

4. Հանձնաժողովի անդամը պետք է ունենա մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն` որակավորում և փորձ, ինչը որոշվում է գնման գործընթացի պահանջներին համապատասխան: Ընդ որում`

1) եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու և (կամ) հանձնաժողովի աշխատանքների կատարմանն աջակցելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, նաև վճարովի հիմունքներով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ): Ընդ որում, եթե փերձագետը (մասնագետը) հրավիրվում է վճարովիության սկզբունքով, ապա նրա հետ կնքվում է ծառայությունների մատուցման մասին պայմանագիր` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

2) հանձնաժողովի անդամը կամ հրավիրված փորձագետը (մասնագետը) չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե նրան մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) և (կամ) այդ անձանց կողմից հիմնադրված կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունները գնումների տվյալ գործընթացի մասնակիցն են։ Այդ կապակցությամբ հանձնաժողովի անդամը և հրավիրված փորձագետը (մասնագետը) ստորագրում են համապատասխան հայտարարություն։

5. Գնումների գործընթացը կազմակերպող կառույցի և (կամ) ստորաբաժանման ղեկավարը և (կամ) աշխատողը (գնումները համակարգողը) հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առանց ձայնի իրավունքի` հանձնաժողովի քարտուղարի կարգավիճակով:

6. Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 3 անդամից՝ ներառյալ հանձնաժողովի նախագահը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով:

8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:

9. Հանձնաժողովի կողմից հայտերը և գնային առաջարկները գնահատվում են վարկային ծրագրերի միջոցները տրամադրած օտարերկրյա պետության և (կամ) միջազգային կազմակերպության կողմից հաստատված գնումների ուղեցույցների համաձայն:

10. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից, և արձանագրությունները նիստից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում ու ստորագրվում են գնահատող հանձնաժողովի՝ տվյալ նիստին ներկա անդամների կողմից:

11. Հանձնաժողովը`

1) պատասխանատվություն է կրում իր որոշումների, այդ թվում՝ իր կողմից հաստատված փաստաթղթերի, պահանջների, ինչպես նաև գնման ընթացակարգի հաղթողին որոշելու հիմնավորվածության համար.

2) համարվում է լուծարված՝ գնահատման արդյունքում համապատասխան պայմանագրի կնքման օրվան հաջորդող օրը, եթե այլ ժամկետ սահմանված չէ հանձնաժողովի ձևավորման մասին պատվիրատուի ղեկավարի հրամանում:

12. Հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:

 

V. ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Մինչև գնումների հրավերների հաստատումը, բացառությամբ շինարարական ծրագրերի, հանձնաժողովի անդամները պարտավոր են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության համապատասխան շուկաները և կազմել տվյալ հրավերի շրջանակում իրականացվելիք գնումների շուկայական գների մասին գրավոր երաշխավորություն՝ կցելով մանրամասն բացատրագիր նախահաշվային գնի ու շուկայական գնի համեմատության վերաբերյալ, և ուսումնասիրությունը հիմնավորող փաստաթղթեր (այսուհետ՝ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթեր): Նշված փաստաթղթերն ստորագրվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, իսկ առարկություն ունեցող անդամներն ստորագրում են` նշելով իրենց առարկությունները:

14. Ուսումնասիրությունները կատարվում են գնանշումների մասին հարցումների և վիճակագրական տվյալների համադրման միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում` առնվազն այն մեխանիզմով, որով կազմվել է տվյալ գնման նախահաշվային գինը:

15. Հանձնաժողովն ստացված տեղեկատվության հիման վրա պարտավոր է ստանալ նմանատիպ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ շուկայում առկա գնահատված գինը:

16. Հանձնաժողովը գնահատված գնի ձևավորման գործընթացում ազգային մակարդակում գնումներ իրականացնելու ժամանակ հաշվի է առնում ներքին (Հայաստանի Հանրապետության), իսկ միջազգային մակարդակում մրցույթներ անցկացնելու ժամանակ` նաև արտաքին (այլ երկրների) շուկայում առկա գները:

17. Արտաքին շուկայական գնի համեմատության համար հանձնաժողովը պարտավոր է ավելացնել ճանապարհածախսը, ապահովագրության ու մաքսազերծման և այլ ձևակերպումների հետ կապված ծախսերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ոչ ռեզիդենտի համար հաշվարկվող հարկերը:

18. Արտարժույթով և Հայաստանի Հանրապետության դրամով ներկայացված գների համեմատության համար հանձնաժողովը պարտավոր է արտարժույթով ներկայացված գները փոխարկել Հայաստանի Հանրապետության դրամի` համեմատության կատարման օրը գործող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով:

19. Հանձնաժողովը շուկայական գների ուսումնասիրության ժամանակ պարտավոր է նաև ճշտել արտադրողի կողմից ապրանքի մատակարարման հնարավորությունը, իսկ վերջինիս կողմից ուղղակի մատակարարում չիրականացվելու դեպքում պարտավոր է ուսումնասիրել մատակարարների կողմից առաջարկվող գները:

 

VI. ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԵՎ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Եթե սույն կարգի 15-րդ կետի համաձայն ստացված գնահատված գնի և սկզբնական նախահաշվային գնի միջև առկա է 15 և ավելի տոկոս դրական կամ բացասական տարբերություն, ապա հանձնաժողովը դիմում է պատվիրատուին՝ սահմանված կարգով գնումների պլանում փոփոխություն կատարելու համար: Համապատասխան փոփոխությունից հետո գնումների պլանում նախատեսված գինը համարվում է վերանայված նախահաշվային գին: Մասնակիցների գնային առաջարկները համեմատվում են վերանայված նախահաշվային գնի (գների) և ոչ թե սկզբնական նախահաշվային գնի (գների) հետ:

21. Եթե գնային առաջարկները բարձր են վերանայված նախահաշվային գնից (գներից), ապա հանձնաժողովի նախագահը պարտավոր է դրա մասին պաշտոնապես հայտնել պատվիրատուի ղեկավարին և նրա հրահանգով ընդունել կամ մերժել հայտը և (կամ) գնային առաջարկը: Ընդ որում, առաջարկները չպետք է մերժվեն, և նոր մրցույթ հայտարարվի նույն մրցութային փաստաթղթերով՝ միայն ավելի ցածր գին ստանալու նպատակով:

22. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթղթերը կարող են հրապարակվել միայն մասնակցի ընտրությունից հետո կամ սահմանված կարգով մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան