Գլխավոր տեղեկություն
Номер
N 37-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.08.2011-12.03.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.08.16/20(403) Հոդ.303
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
29.07.2011
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
29.07.2011
Дата вступления в силу
26.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611366

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 հուլիսի 2011 թ.
ք. Երևան

N 37-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել.

1) դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) դիտորդների վկայականների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011թ. հուլիսի 29-ի
N 37-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Դիտորդական առաքելության նպատակն ընտրական գործընթացների վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքումն է և դրանց հիման վրա անկախ եզրակացության կազմումը: Դիտորդական առաքելությունն իրականացվում է դիտորդների միջոցով՝ պահպանելով չեզոքության, անկողմնակալության և ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքները:

2. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները սույն կարգի իմաստով միջազգային դիտորդներ են, իսկ հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ տեղական դիտորներ:

3. Եթե Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների օրն անցկացվում է նաև հանրաքվե, ապա կուսակցությունները դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք չունեն:

4. Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում), կարող են ներկա լինել յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև երկու դիտորդ՝ թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում՝ յուրաքանչյուր կազմակերպությունից՝ մեկ դիտորդ:

5. Տեղական դիտորդն ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում), կարող է ներկա լինել, եթե դիտորդի հավատարմագրման վկայականից բացի ունի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական կամ ստուգարքի արդյունքով ստացած դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում) դիտորդն այս վկայականները տեսանելի ձևով պետք է կրի վերնազգեստի վրա:

6. Դիտորդը հետևում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Նա կարող է արտահայտել իր կարծիքը, սակայն չի կարող միջամտել ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ վերջիններիս կողմից որոշումների ընդունմանը:

7. Դիտորդական առաքելություն իրականացնելու շրջանակներում դիտորդն իրավունք չունի կատարել միջազգային իրավունքի նորմերին հակասող կամ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով չսահմանված գործառույթներ:

8. Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կամ դիտորդի կողմից միջազգային իրավունքի նորմերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն կարգի խախտման դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է համապատասխան կազմակերպությանը կամ դիտորդին զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

9. Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցները ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ միջազգային դիտորդական կազմակերպությունները՝ նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

10. Դիտորդն իր գործունեության ընթացքում գտնվում է պետության պաշտպանվածության ներքո:

11. Դիտորդի գործունեության նյութական և ֆինանսական ապահովվածությունը կատարվում է դիտորդին ուղարկող կողմի կամ դիտորդի անձնական միջոցների հաշվին:

 

2. ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջոցով վարում է դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպությունների գրանցամատյան, որտեղ հաշվառվում են նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին տրամադրված դիտորդի վկայականները:

13. Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:

14. Հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվում է.

1) կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում (սույն կետի պահանջը գործում է մինչև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային գրանցամատյանի մուտքի հնարավորություն ստանալը),

2) հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների դեպքում,

3) դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը՝ նաև էլեկտրոնային կրիչով` Micrօsօft Excel տարբերակով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

15. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից հավատարմագրման դիմումը մերժելու մասին առաջարկություն չլինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմը դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 5 օր հետո կազմակերպության անվանումն ընդգրկում է դիտորդական առաքելություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունների ցանկում և այդ մասին կազմակերպությանն ուղարկում գրություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) ստորագրությամբ: Այդ պահից կազմակերպությունը համարվում է հավատարմագրված:

Դիտորդը համարվում է հավատարմագրված դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպության կողմից նրան դիտորդի վկայական տրամադրելու պահից:

Հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

16. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչներին համապատասխան վկայականներ է տրամադրում դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:

17. Հավատարմագրումից հետո դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում, եթե փոփոխությունը կատարվում է դիտորդի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքով, դիմումին կից ներկայացվում է նաև լիազորությունները դադարեցրած դիտորդի վկայականը:

18. Միջազգային դիտորդներին տրամադրվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ։

19. Տեղական դիտորդների դեպքում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը տրվում է ներկայացված ցուցակում ընդգրկված դիտորդական առաքելություն իրականացնող անձանց թվին համապատասխան քանակի վկայականներ: Դիտորդի վկայականը լրացնում է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը և տրամադրում դիտորդին: Վկայականը կարող է կնքվել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կնիքով:

20. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:

 

 

Հավելված N 2

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011թ. հուլիսի 29-ի
N 37-Ն որոշման

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

__________________________________ ընտրություններ

 

«______» ________________ 20  թ.

 

ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ

___________________________________________________
ազգանուն, անուն, հայրանուն
___________________________________________________
կազմակերպության անվանում

 

Դիտորդն իրավունք չունի ներկա լինել.

 ընտրական հանձնաժողովների նիստերին,

քվեարկության օրը տեղամասային կենտրոնում,

եթե տեղական դիտորդի վկայականի հետ չունի որակավորման
կամ դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական:

 

Վկայականն ուժի մեջ է անձը
հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

 

Ձև 2

 

Ներմուծեք նկարագրությունը_1304