ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2011 թվականի N 999-Ա
«ՔԱՐԱԿԵՐՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԿԱՊԱՆՋՐՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին և 67-րդ ու 68-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Քարակերտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Արմավիրի մարզ, գ. Քարակերտ, գրանցման ծածկագիրը՝ 57.120.00198) և «Կապանջրշին» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Սյունիքի մարզ, քաղ.Կապան, Ձորքի թաղ.1, գրանցման ծածկագիրը՝ 27.120.00535)։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը՝ դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ լուծարման հանձնաժողովների ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում բաժնետիրական ընկերություններում իրականացնել գույքագրում և գույքն ու համապատասխան փաստաթղթերը հանձնել լուծարման հանձնաժողովներին։
4. Բաժնետիրական ընկերությունների լուծարման միջանկյալ հաշվեկշիռները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատվելուց հետո ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։
5. Սահմանել, որ լուծարման հանձնաժողովները՝
1) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|