Գլխավոր տեղեկություն
Номер
N 1060-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.08.10/47(850) Հոդ.1178
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.07.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.08.2011
Дата вступления в силу
20.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2011 թվականի N 1060-Ն

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համալիր ուսումնասիրությունների կատարման, վերականգնվելիք հուշարձանների ընտրման-գույքագրման, դրանց վերականգնման ու օգտագործման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, վերականգնման աշխատանքների կատարման ժամանակացույցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 5
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 14-ի N 1060-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Խոսրովի անտառ» պետական արգելոցը (այսուհետ` արգելոց) զբաղեցնում է 23213.5 հեկտար տարածք: Այն փռված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին: Գտնվում է 1600-2300 մ բարձրությունների վրա: 1958 թվականից ունի պետական արգելոցի կարգավիճակ: Արգելոցը կազմակերպվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման, Ազատ և Վեդի գետերի ավազանների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանության, գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ապահովման, բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության նկատառումներով:

2. Արգելոցը բաղկացած է 4 տեղամասերից: Արգելոցի, ինչպես նաև նրա պահպանման գոտում, բացի բարձրարժեք բուսական և կենդանական էկոհամակարգերից, պահպանվում է նաև հսկայական պատմամշակութային ժառանգություն: Այն փաստը, որ արգելոցն իր անվանումն ստացել է ի պատիվ Խոսրով 2-րդ Կոտակ թագավորի, ով 4-րդ դարից սկսած տարածքում անտառատնկումներ է կատարել, որսատեղի հիմնել, ընդգծում է տարածքի պատմամշակութային նշանակությունը, ինչի լավագույն արտահայտությունը կարող է դառնալ արգելոցի տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը, պահպանությունը և օգտագործումը:

3. Ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի ներդաշնակ պահպանելու և արժևորելու բնական միջավայրը և մշակութային ժառանգությունը:

4. Օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում արգելոցի տարածքում հաշվառված է ընդհանուր թվով 312 հուշարձան, որից 29-ը՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, 19-ը` բնակատեղի, 2-ը` ամրոց, 222-ը՝ խաչքարեր և տապանաքարեր, 40-ը` այլ բնույթի հիմնականում միջնադարյան հուշարձաններ, որոնք մեծ մասամբ կիսավեր, անբարեկարգ վիճակում են: Նշված հուշարձաններն իրենց պատմական, գիտական և գեղարվեստական արժեքով հսկայական գիտակրթական, զբոսաշրջային հնարավորություններ ունեն և արտացոլում են հատկապես միջնադարյան Հայաստանի տարբեր փուլերին առնչվող հոգևոր ու նյութական մշակութային շերտերը:

5. Արգելոցը, որն իր տեղակայվածությամբ (մայրաքաղաքին մոտ լինելու փաստը, հանրապետության հիմնական զբոսաշրջության ուղիների խաչմերուկում գտնվելը), բնական տեղանքապատկերով (լանդշաֆտով), հարուստ և ինքնատիպ բուսականությամբ ու մշակութային ժառանգությամբ ներդրումներ գրավելու մեծ հեռանկար ունի, ընդգրկված է հանրապետության զբոսաշրջության զարգացման կարևոր առանցքում:

6. Իր գրավիչ բնակլիմայական պայմաններով, բնաշխարհով, պատմամշակութային ինքնատիպ ու հարուստ ժառանգությամբ այն նշանակալի դեր կարող է ունենալ երկրի զբոսաշրջության զարգացման և միջազգային շուկայում հավուր պատշաճի ներկայացման գործում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Ծրագիրը նպատակ ունի նորովի կազմակերպելու բնության և պատմամշակութային օբյեկտների կառավարումը և պահպանությունը՝ դրանք դիտելով որպես մեկ ամբողջական բնապատմական լանդշաֆտ: Սույն նպատակը բխում է ինչպես պատմամշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման կարևորությունից, այնպես էլ վերջին տարիներին միջազգային ասպարեզում բնության և պատմամշակութային հուշարձանների սինթեզ հանդիսացող տարածքների՝ որպես մարդու և բնության ներդաշնակ ստեղծագործական արգասիք լինելու կարևորության բարձրացման միտումներից: Մոտեցման վառ ապացույցն է 2010 թվականին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան մշակութային լանդշաֆտների պահպանության և կառավարման բնագավառի «Մելինա Մերկուրի» միջազգային հիմնադրամի մրցանակին արժանանալու հանգամանքը: Նման քաղաքականությունը կխթանի արգելոցի հանրահռչակմանը և զբոսաշրջության զարգացմանը, միջազգային ճանաչելիության բարձրացմանը:

8. Այդ համատեքստում անհրաժեշտ է կանխել արգելոցի տարածքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանների՝ բնական գործոններով պայմանավորված աստիճանաբար քայքայումը և բարելավել դրանց պահպանվածության վիճակը: Այս արժեքների ամրակայումը և վերականգնումը թույլ կտան ներդաշնակ պահպանել անցյալի մշակութային հուշարձաններն իրենց շրջակա արժեքավոր բնական միջավայրի հետ: Արդի արագ զարգացող զբոսաշրջության պայմաններում այս հուշարձանների օգտագործումը նպատակ ունի նաև լուծելու տարածքում որոշակի զբաղվածության, ենթակառուցվածքների ստեղծման խնդիրներ:

9. Հուշարձանների առկա վթարային վիճակի վերացմամբ և արդյունավետ օգտագործմամբ սույն ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում`

1) վերականգնելու արգելոցի տարածքի պատմամշակութային հուշարձանները.

2) կազմակերպելու հուշարձանների ճիշտ պահպանությունը՝ որպես մշակութային լանդշաֆտ (բնական և մշակութային ժառանգության ներդաշնակ պահպանման համալիր մոտեցում).

3) նպաստելու հուշարձանների արժևորմանը՝ ինչպես տեղի բնակչության, այնպես էլ միջազգային հանրության շրջանակում.

4) ակտիվացնելու և նորովի կազմակերպելու հուշարձանի հիման վրա կրթադաստիարակչական ու կրթամշակութային գործընթացները.

5) հուշարձանների օգտագործմամբ նպաստելու զբոսաշրջային ենթակառուցվածքների, զբոսաշրջության տարբեր ձևերի զարգացմանը և զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը.

6) ստեղծելու նոր զբաղվածության ոլորտներ՝ գրաստային տուրիզմի (գրաստների միջոցով խմբերի տեղափոխումը հուշարձաններ կարող է տեղում զարկ տալ հատկապես ձիաբուծությանը, լրացուցիչ եկամտի աղբյուրի վերածվել արգելոցին հարակից բնակավայրերում ապրող բնակչության համար և չվնասել բուսածածկը ճանապարհների կառուցման դեպքում), հուշանվերային արտադրության հետ կապված և նպաստելու շրջակա համայնքներում կենսամակարդակի բարձրացմանը.

7) բարձրացնելու արգելոցում մշակութային ժառանգության հանդեպ հոգատարությունը և վերահսկողությունը:

10. Որպես ծրագրված գործողությունների և միջոցառումների հաջորդականություն՝ սույն ծրագրի առաջնահերթ գործարկումը նախատեսվում է սկսել արգելոցի տարածքում գտնվող երեք խոշոր հուշարձանային համալիրների վերականգնման, պահպանության, հասարակության ընկալման համար մատչելիացման և առանձին երթուղիներով ներկայացնելու գործունեությամբ: Ըստ այդմ, նպատակահարմար ենք գտնում ընտրել վերջին տարիներին հատկապես գիտաճանաչողական արշավների անցկացման, ուխտերի կազմակերպման վայրեր համարվող «Հավուց Թառ» (11-18-րդ դդ., հաշվառված է 61 պահպանական օբյեկտ), Աղջոց սբ. Ստեփանոս (12-13-րդ դդ., հաշվառված է 51 պահպանական օբյեկտ) վանական համալիրները և Գեղմահովտի եկեղեցին (13-րդ դար): Այս հուշարձաններն ընդգրկված են արգելոցի 1-2 երթուղիներում (Հավուց Թառ-Ելիջա գյուղատեղի-Գլան գյուղատեղի-Բայբուրդ գյուղատեղի-Փոքր շեն գյուղատեղի-Ներքին Իմիրզեկ գյուղատեղի-Բերդատակ-Կաքավաբերդ): Խնդիր է դրվում առավել հաճախակի այցելության վայր հանդիսացող այս մշակութային ժառանգության օբյեկտներում`

1) իրականացնել մոնիթորինգ (դիտանցում)՝ ընտրված հուշարձանների պահպանվածության վիճակը, հուշարձանների պահպանական գոտիները, այցելությունների մասով հուշարձանների սեզոնային թողունակության աստիճանը, առավել վտանգված և առաջնահերթ միջամտության կարիք ունեցող հուշարձանների ցանկը կազմելու, վերականգնման հնարավորությունը, ամրակայման ձևերը և անհրաժեշտ միջոցները որոշելու նպատակով.

2) կազմակերպել հուշարձանների համապատասխան պահպանությունը և բարեկարգումը.

3) տեղադրել տեղեկատվական վահանակներ, աղբամաններ և բիոզուգարաններ.

4) իրականացնել հուշարձանների հիման վրա կրթական, ճանաչողական միջոցառումներ, դրանց պահպանության և բարեկարգ պահպանելու կարևորությունն ընդգծելու նպատակով հանրային իրազեկման քարոզարշավի անցկացում.

5) ապահովել հուշարձանների՝ անաղարտ և բարեկարգ վիճակով սերունդներին փոխանցումը.

6) խրախուսել էկոտուրիզմի ոլորտում ներդրումների ներգրավմանը՝ ստեղծելով բնապահպանությանը նպաստող նոր կայուն աղբյուր:

11. Սույն ծրագրի իրականացման խնդիրներից կարելի է համարել նաև նշված հուշարձանների հետագա պահպանության գործընթացի պարբերական վերահսկողությունը և արգելոցի այլ հատվածներում գտնվող մշակութային արժեքների պահպանվածության և վերականգնման հնարավորության մոնիթորինգի անցկացումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

12. Ծրագրի իրագործումը նախատեսում ենք երկու հիմնական փուլերով՝ նախապատրաստական և իրականացման`

1) նախապատրաստական փուլի աշխատանքներն իրականացվելու են 18 ամիսների ընթացքում և ընթանալու են ստորև ներկայացվող հիմնական ուղղություններով`

ա. ծրագրին առնչվող փաստաթղթերի փաթեթի կազմում (պատմամշակութային հուշարձան-կառույցների գույքագրում, ըստ տիպերի և օգտագործման գործառույթի խմբավորում, գրական-գրաֆիկական նյութերի նախնական ծանոթացում, վերականգնվող օբյեկտների նշմամբ՝ սխեմատիկ գլխավոր հատակագծի մշակում),

բ. հնագիտական հետազոտությունների (պեղումների), բնապահպանական, ճարտարապետաշինարարական, գիտական ուսումնասիրությունների իրականացում,

գ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հուշարձանների վերականգնման նախագծերի մշակում, համաձայնեցում,

դ. ծրագրի կազմում և ֆինանսավորման առաջարկների ներկայացում ու դոնոր կազմակերպությունների ներգրավում,

ե. արգելոցի տարածքում աշխատանքների կատարման համապատասխան թույլտվությունների ձեռքբերում,

զ. արդյունքների ամփոփում, պլանավորում և զբոսաշրջային գրաֆիկի կազմում` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ.

2) երկրորդ փուլում արդեն մշակված փաստաթղթերի հիման վրա իրականացվելու են պլանավորված հետևյալ աշխատանքները`

ա. ընտրված հուշարձանների ամրակայում և վերականգնում,

բ. նախատեսված վայրերի բարեկարգ պահպանում (աղբամանների, բիոզուգարանների տեղադրում),

գ. հանրահռչակում (տեղեկատվական ուղեցույց-նշանների, բազմալեզու վահանակների տեղադրում, կրթաճանաչողական ծրագրի իրականացում),

դ. հուշարձաններին մոտեցման ուղիների մատչելիացում և թողունակության սահմանված աստիճանի պահպանման ապահովում՝ չխախտելով արգելոցի պահպանության ռեժիմը:

13. Իրականացման փուլից հետո կարելի է նախատեսել նաև հանրային իրազեկման միջոցառումներ:

 

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Ծրագրի իրագործման դեպքում արգելոցի տարածքում կարող ենք ունենալ վերականգնված, պահպանված և բարեկարգ երեք հուշարձանային համալիրներ, որոնք գիտալուսավորչական, կրթական մեծ ներուժ ունեն և մշակութային արժեհամակարգերի պահպանման ու փոխանցման, սոցիալ-տնտեսական զարգացման յուրօրինակ մեխանիզմ կարող են հանդիսանալ տարածքի էկոհամակարգերի հետ ներդաշնակ ներկայացնելու պարագայում: Մասնավորապես` աշխարհագրորեն մոտ գտնվող «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերածումը տարանցիկ կենտրոնի դեպի նշված հուշարձաններ զբոսաշրջիկների այցելության առումով, կարող է զարկ տալ տարածքում զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանը, տուրիզմի տարբեր տեսակների զարգացմանը: Այսպես, օրինակ, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանից գրաստների միջոցով խմբերի տեղափոխումը Հավուց թառի վանական համալիր կարող է դառնալ գրավիչ` ճանաչողական ժամանցի առումով, զարկ տալ տեղում ձիաբուծությանը, լրացուցիչ եկամտի աղբյուրի վերածվել արգելոցին հարակից բնակավայրերում ապրող բնակչության համար և չվնասել բուսածածկը ճանապարհների կառուցման դեպքում: Արգելոցին հարակից բնակավայրերում ավանդական մշակույթի հիման վրա ստեղծված հուշանվերների և ազգային ուտեստի վաճառքը կարող է լրացուցիչ եկամտի աղբյուր հանդիսանալ հատկապես զբոսաշրջիկների հյուրընկալության, սպասարկման գործընթացներում: Այս առումով ակնկալվող արդյունքներից է տեղի բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման ևս մեկ հնարավորության ընձեռումը, ինչը թույլ կտա նորովի մոտենալ ազգային արժեքներին, ինչպես նաև դրանց պահպանումը և ճանաչումը, ներկայացումը դարձնել եկամտի աղբյուր և զբաղվածության, հուշարձանների հանդեպ հոգատար վերաբերմունքի ցուցաբերման գործոն:

15. Ակնկալվող արդյունքների շարքում կարևորվում է նաև տարածքի մշակութային և բնական միջավայրերի ներդաշնակ պահպանման և օգտագործման աշխատանքային պայմանակարգերի սահմանումը և կիրառումը:

16. Հետագայում ակնկալվում է լավագույն փորձի կիրառումը նաև արգելոցի մյուս հատվածներում գտնվող հուշարձանների վերականգնման և զբոսաշրջային նպատակներով օգտագործման աշխատանքներում: Հուշարձանների հետագա պահպանության գործում կարևոր ենք համարում խնդրով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավումը՝ հանրային իրազեկման, արգելոցում համապատասխան պայմանակարգերի պահպանման նպատակով:

17. Հուշարձանների էքսկուրսիոն-զբոսաշրջային նպատակներով օգտագործումը կարող է նաև հետագայում ազդակ հանդիսանալ տարածքի պատմամշակութային բովանդակության լիարժեք օգտագործման, երթուղիների ընդլայնման, գիտաճանաչողական, գիտակրթական արշավների կազմակերպման գործընթացների զարգացման առումով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան