Գլխավոր տեղեկություն
Номер
N 1308-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.10.2011-23.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.28/54(857) Հոդ.1371
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2011
Дата вступления в силу
08.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 1308-Ն

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԻՑ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏ (ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ) ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անձնական հաշվի քարտից հատուկ անձնական հաշվի քարտ (և հակառակը) հաշվանցումներ կատարելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 19
Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1308-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԻՑ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏ (ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ) ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է (տարածքային) հարկային տեսչություններում (այսուհետ` (Տ)ՀՏ) կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների և այլ ֆիզիկական անձանց համար (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ) (այսուհետ` վճարող) վարվող անձնական հաշվի քարտից (այսուհետ` ԱՀՔ) հատուկ անձնական հաշվի քարտ (այսուհետ` ՀԱՀՔ) և հակառակը` ՀԱՀՔ-ից ԱՀՔ հաշվանցումներ կատարելու կարգը:

2. ԱՀՔ-ների և ՀԱՀՔ-ների միջև հաշվանցումների կատարման անհրաժեշտությունն առաջանում է`

1) երբ վճարողի կողմից սխալմամբ փոխանցում է կատարվել ԱՀՔ-ներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական հաշիվներին` ՀԱՀՔ-ներին համապատասխանող գանձապետական հաշվի փոխարեն, կամ վճարողի կողմից սխալմամբ փոխանցում է կատարվել ՀԱՀՔ-ներին համապատասխանող գանձապետական հաշվին` ԱՀՔ-ներին համապատասխանող գանձապետական հաշիվների փոխարեն.

2) երբ ԱՀՔ-ներում գրանցված գերավճարների (գերավճարներից տարբերվող գումարների) հաշվին մարվում են ՀԱՀՔ-ներում գրանցված (առկա) պարտավորությունները, կամ ՀԱՀՔ-ներում գրանցված գերավճարների հաշվին մարվում են ԱՀՔ-ներում գրանցված (առկա), դեռևս չգրանցված (երբ վճարման պարտավորությունը լրացել է, սակայն հաշվարկ (Տ)ՀՏ չի ներկայացվել) կամ ապագա պարտավորությունները:

3. ԱՀՔ-ների և ՀԱՀՔ-ների միջև հաշվանցումներն իրականացվում են վճարողի դիմումի հիման վրա, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում` նաև առանց վճարողի դիմումի: Դիմումների ձևերը հաստատում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վերադաս հարկային մարմինը (այսուհետ՝ վերադաս հարկային մարմին)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

4. ԱՀՔ-ներում գրանցված գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների մնացորդը (բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքերի) կարող է հաշվանցվել ՀԱՀՔ-ներում գրանցված պարտավորությունների դիմաց՝ առանց վճարողի դիմումի, եթե`

1) գերավճարը կամ գերավճարից տարբերվող գումարը կարող է արձանագրվել օրենքով սահմանված հարկի (վճարի) մեծության կամ հարկային մարմնի կատարած հաշվարկի և վճարումը հավաստող փաստաթղթի (անդորրագիր, վճարման հանձնարարական) համադրությամբ, կամ`

2) ԱՀՔ-ներում պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ օրենքով չնախատեսված դեպքերը) կատարվել է վճարում, կամ`

3) գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարը չի գերազանցում 10,0 մլն դրամը, և ուսումնասիրությունը կամ ստուգումը նպատակահարմար է իրականացնել հետագայում:

5. ՀԱՀՔ-ներում գրանցված պարտավորությունների դիմաց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումը (բացառությամբ գերավճարի մնացորդի) իրականացվում է միայն վճարողի դիմումի հիման վրա:

6. ՀԱՀՔ-ներում գրանցված գերավճարների մնացորդը կարող է հաշվանցվել ԱՀՔ-ներում գրանցված պարտավորությունների դիմաց՝ առանց վճարողի դիմումի, եթե`

1) գերավճարը կարող է արձանագրվել հարկային մարմինների վարչական ակտերով (ստուգման կամ ուսումնասիրության ակտ, վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ (Տ)ՀՏ-ների պետերի որոշում) առաջադրված գումարների և վճարումը հավաստող փաստաթղթերի (անդորրագիր, վճարման հանձնարարական) համադրությամբ, կամ`

2) ՀԱՀՔ-ներում պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ օրենքով չնախատեսված դեպքերը) կատարվել է վճարում, կամ`

3) գերավճարը չի գերազանցում 10,0 մլն դրամը, և ուսումնասիրությունը կամ ստուգումը նպատակահարմար է իրականացնել հետագայում:

7. Եթե կատարված հաշվանցումների գումարը գերազանցում է 300,0 հազ. դրամը, ապա վճարողը հաշվանցումների վերջնական ձևակերպման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում հեռախոսով կամ կապի այլ միջոցներով (իսկ հաշվանցումների գումարը 500,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում` գրավոր) տեղեկացվում է կատարված հաշվանցումների մասին:

8. ԱՀՔ-ների և ՀԱՀՔ-ների միջև ցանկացած հաշվանցման դեպքում կատարվում է վճարողի պարտավորությունների (այդ թվում` տույժերի և տուգանքների) վերահաշվարկ` հաշվանցման ենթակա գումարների առաջացման օրվանից: Ընդ որում`

1) ԱՀՔ-ներից ՀԱՀՔ-ներ հաշվանցման ժամանակ`

ա. հաշվանցումը կատարվում է, եթե մարված են ԱՀՔ-ներում գրանցված բոլոր պարտավորությունները և միայն՝ տվյալ ԱՀՔ-ում հաշվանցման ենթակա գումարի առկայության դեպքում,

բ. հաշվանցում չի կատարվում, եթե ՀԱՀՔ-ներում բացակայում են չմարված պարտավորությունները,

գ. հաշվանցում չի կատարվում բնապահպանական և բնօգտագործման վճարների, ճանապարհային վճարի, կարգավորման պարտադիր վճարների և պետական տուրքերի ԱՀՔ-ներից ՀԱՀՔ-ներ.

2) ՀԱՀՔ-ներից ԱՀՔ-ներ հաշվանցումը կատարվում է, եթե մարված են ՀԱՀՔ-ներում գրանցված բոլոր պարտավորությունները և միայն՝ տվյալ ՀԱՀՔ-ում հաշվանցման ենթակա գումարի առկայության դեպքում:

9. Եթե ԱՀՔ-ների և ՀԱՀՔ-ների միջև կատարված հաշվանցումներից հետո տեղի են ունեցել սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքերը, որոնց հետևանքով փոփոխվել են հաշվանցումներին մասնակցող և այդ ԱՀՔ-ներում (ՀԱՀՔ-ներում) գրանցված (առկա)` հաշվանցման ենթակա գումարները և դրանց հաշվին մարված պարտավորությունների գումարները, ապա հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված պարտավորության վերականգնում): Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով՝ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված վերահաշվարկների կատարման անհրաժեշտություն կարող է առաջանալ`

1) ԱՀՔ-ներին վերաբերող հարկերի (հաստատագրված վճարների, պարտադիր և այլ վճարների) հաշվարկներն ուշացումով ներկայացվելու (իսկ այն հարկերի և վճարների համար, որոնց վճարման վերջնաժամկետները նախորդում են հաշվարկը ներկայացվելու վերջնաժամկետին, նաև՝ սահմանված ժամկետում հաշվարկները ներկայացվելու), ինչպես նաև ճշտված հաշվարկները ներկայացվելու դեպքերում.

2) ստուգման կամ վերստուգման արդյունքների հիման վրա՝ վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ կամ դատարանի վճռով ստուգման ակտի փոփոխման կամ անվավեր ճանաչվելու դեպքերում.

3) վճարողի գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձն ստուգմամբ (վերստուգմամբ) չհիմնավորված համարվելու դեպքերում:

11. ԱՀՔ-ների և ՀԱՀՔ-ների միջև հաշվանցումներն իրականացվում են հարկային մարմնի կողմից համապատասխան եզրակացության կազմման միջոցով, որտեղ նշվում են այն հաշվեհամարները, որոնց միջև կատարվում է փոխանցումը: Այդ դեպքերում` (Տ)ՀՏ-ի կողմից կազմված և հաշվանցման ներկայացված եզրակացությունում (կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքում) նշված գումարները միաժամանակ արտացոլվում են ԱՀՔ-ներում: Այդ եզրակացությունը (կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը) վերադաս հարկային մարմնի միջոցով ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, որը և կատարում է հաշվանցումները: Եզրակացությունների և եզրակացությունների ամփոփ տեղեկանքների ձևերը հաստատում է վերադաս հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան