Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.38
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.07.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
01.07.2011
Дата вступления в силу
01.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0376/02/10

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0376/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Ա. Մկրտչյան

Դատավորներ՝  Ն. Հովսեփյան 
                                    Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռադիկ Ենգիբարյանի սնանկության գործով կառավարչի (այսուհետ՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կառավարչի ընդդեմ «Վանակն Ապակի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Հայկ Հակոբյանի, Նունիկ Ազատյանի, Տաթևիկ Հակոբյանի, Հրաչյա Հակոբյանի, Խաչատուր Հակոբյանի և երրորդ անձ «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի, «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ի` գործարքները և դրանց հիման վրա կատարված գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության և Հայկ Հակոբյանի միջև կնքված 05.11.2007 թվականի լրացուցիչ համաձայնագիրը և 14.12.2008 թվականի արժեթղթերի փոխանցման հանձնարարագիրը և որպես այդ գործարքների անվավերության հետևանք անվավեր ճանաչել «Գյումրու ապակու գործարան» ՓԲԸ-ի 931.176 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի նկատմամբ Հայկ Հակոբյանի սեփականության իրավունքի գրանցումը, բաժնետոմսերի նվիրատվության 29.09.2008 թվականի պայմանագրերը, նվիրատվության պայմանագրերի հիման վրա արժեթղթերի փոխանցման հանձնարարագրերը, բաժնետոմսերի նկատմամբ Նունիկ Ազատյանի, Տաթևիկ Հակոբյանի, Հրաչյա Հակոբյանի և Խաչատուր Հակոբյանի սեփականության իրավունքների գրանցումները և ճանաչել «Գյումրու ապակու գործարան» ՓԲԸ-ի 931.176 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.10.2010 թվականի որոշմամբ Դատարանի 08.07.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ընկերության տնօրեն Հայկ Հակոբյանը և Նունիկ Ազատյանը, Տաթևիկ, Հրաչյա, Խաչատուր Հակոբյանները։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին կետը, 124-րդ հոդվածի 1-ին կետը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմումը Դատարանին ներկայացվել է մինչև վճռի հրապարակումը, հետևաբար պահպանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները և Դատարանը, վճռով չանդրադառնալով հայցային վաղեմության կիրառման հարցին, թույլ է տվել դատավարական և նյութական իրավունքի նորմերի խախտում:

Վերաքննիչ դատարանը նույնացրել է «վճիռ կայացնել» և «վճիռ հրապարակել» արտահայտությունները և հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցային վաղեմություն կիրառելու դիմումը Դատարան է ներկայացվել դատաքննության ավարտից հետո, հետևաբար դատաքննությունից հետո ներկայացված որևէ ապացույց կամ դիմում չի կարող դառնալ դատարանի քննության առարկա, դրանք չեն կարող հիշատակվել դատարանի վճռում և լուծում ստանալ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2010 թվականի որոշումը։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն է արվել ինչպես հայցադիմումի պատասխանում, այնպես էլ 24.06.2010 թվականի դատական նիստի ժամանակ, իսկ 06.07.2010 թվականին ներկայացվել է համապատասխան դիմում:

Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմումը Դատարանին ներկայացվել է մինչև վճռի հրապարակումը և հետևաբար պահպանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1. Ընկերության տնօրեն Հայկ Հակոբյանը 19.05.2010 թվականի հայցադիմումի պատասխանում վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը, սակայն գործում առկա 24.06.2010 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն՝ դատաքննության ընթացքում պատասխանել է, որ հայցադիմումի պատասխանում հղում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետին, սակայն հայցային վաղեմություն կիրառելու իմաստով դա չի արվել, և միջնորդություն չի ներկայացնում (հատոր 2-րդ, գ.թ. 84-րդ, հատոր 3-րդ, գ.թ. 103)։

2. Սույն գործի դատաքննությունն ավարտվել է 24.06.2010 թվականին, և դատական ակտի հրապարակման օրը նշանակվել է 08.07.2010 թվականին (հատոր 3-րդ, գ.թ.101)։

3. 06.07.2010 թվականին Ընկերության տնօրեն Հայկ Հակոբյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ միջնորդելով կիրառել հայցային վաղեմություն (հատոր 3-րդ, գ.թ. 114, 115,116)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմություն կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է կարգ, որի առկայության դեպքում դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության հարցը: Այն է՝ պետք է առկա լինի հայցային վաղեմություն կիրառելու մասին գործին մասնակցող անձի կողմից դիմում և այդ դիմումը պետք է ներկայացվի մինչև Դատարանի կողմից վճիռ կայացնելը: Այսինքն` օրենսդրի կողմից հստակ սահմանվել է ժամկետ, այն է՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը ներկայացնել մինչև վճռի կայացումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն` բոլոր ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել լրացուցիչ նյութեր՝ դրանք հետազոտելու միջնորդությամբ: Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողը գործի քննությունը հայտարարում է ավարտված, և դատարանը հայտարարում է վճռի հրապարակման վայրն ու ժամանակը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի հանաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ դատարանի վճիռը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիստում, բացառությամբ որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակման դեպքերի:

Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «վճռի կայացումը» և «վճռի հրապարակումը» միմյանցից էականորեն տարբերվող հասկացություններ են:

Մասնավորապես, վճիռ կայացնելը դատական քննության եզրափակիչ փուլն է, որը, ի տարբերություն դատավարության նախորդ փուլերի, ընթանում է դատական քննությունից անմիջապես հետո` պահպանելով գործի քննության անընդհատության սկզբունքը, որից հետո միայն դատարանը հրապարակում է այն դռնբաց դատական նիստում: Այս փուլում դատարանը, իրականացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված լիազորությունները, կայացնում է վճիռ: Դա է պատճառը, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 124-րդ հոդվածի ուժով կողմերին իրավունք է վերապահել ներկայացնել միջնորդություններ մինչև դատարանի կողմից դատաքննության ավարտը:

 «Վճռի հրապարակումը» դատավարական մի փուլ է, որն հաջորդում է «վճռի կայացմանը»: Այսինքն, «վճռի հրապարակման փուլում» դատարանը հրապարակում է արդեն իսկ գոյություն ունեցող, այն է՝ կայացված վճիռը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը Դատարանին ներկայացվել է մինչև վճռի հրապարակումը, ուստի Դատարանը պարտավոր էր անդրադառնալ այդ դիմումին և պատճառաբանել հայցային վաղեմությունը կիրառելու կամ մերժելու հարցերը: Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն՝ դատաքննությունն ավարտվել է 24.06.2010 թվականին, իսկ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 08.07.2010 թվականը: Դատաքննության ընթացքում Ընկերության տնօրենը պատասխանել է, որ չնայած այն հանգամանքին, որ հայցադիմումի պատասխանում հղում է կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետին, սակայն դա հայցային վաղեմություն կիրառելու իմաստով չի արվել, և նման միջնորդություն չի ներկայացվում: Դատաքննությունն ավարտվելուց հետո Ընկերության տնօրենը 06.07.2010 թվականին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմում:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության տնօրենը հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը ներկայացրել է 06.07.2010 թվականին` դատաքննության ավարտից հետո:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության տնօրենը հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի խախտմամբ, հետևաբար Դատարանի կողմից իրավացիորեն չի քննարկել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմումը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի մյուս փաստարկներին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան