Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.9
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.07.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
29.07.2011
Дата вступления в силу
29.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0820/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0820/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր`  Ս. Միքայելյան

     Դատավորներ`  Ն. Տավարացյան 
                                Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Հակոբջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրաչիկ Խաչատրյանի ընդդեմ Իգոր և Կարինե Հակոբջանյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հրաչիկ Խաչատրյանը պահանջել է համապարտության կարգով Իգոր և Կարինե Հակոբջանյաններից բռնագանձել 26.168.800 ՀՀ դրամ, որից 20.276.000 ՀՀ դրամը` որպես պարտքի գումար, 2.635.880 ՀՀ դրամը` որպես 2007 թվականի համար հաշվարկված բանկային տոկոսի գումար, 2.243.120 ՀՀ դրամը` որպես 2008 թվականի համար հաշվարկված բանկային տոկոսի գումար, 1.013.800 ՀՀ դրամը` որպես 2009 թվականի հինգ ամիսների համար հաշվարկված բանկային տոկոսի գումար, ինչպես նաև 30.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է. Իգոր Հակոբջանյանից հօգուտ Հրաչիկ Խաչատրյանի բռնագանձել 26.168.800 ՀՀ դրամ, որից 20.276.000 ՀՀ դրամը` որպես պարտքի գումար, 5.892.800 ՀՀ դրամը` որպես բանկային տոկոսներ և հայցվորի կողմից նախապես մասնակի վճարված 30.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:

Հրաչիկ Խաչատրյանի հայցը` Կարինե Հակոբջանյանից համապարտության կարգով գումար բռնագանձելու պահանջի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2010 թվականի որոշմամբ Իգոր Հակոբջանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2010 թվականի վճիռը բեկանել և քաղաքացիական գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.09.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Իգոր Հակոբջանյանից և Կարինե Հակոբջանյանից համապարտության կարգով հօգուտ Հրաչիկ Խաչատրյանի բռնագանձել 26.198.800 ՀՀ դրամ գումար, որից 20.276.000 ՀՀ դրամ գումար` որպես պարտքի գումար, 5.892.800 ՀՀ դրամ գումարորպես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներով հաշվարկված տոկոսներ, 30.000 ՀՀ դրամպետական տուրքի գումար: Միաժամանակ վճռվել է Իգոր Հակոբջանյանից և Կարինե Հակոբջանյանից համապարտության կարգով հօգուտ պետական բուջեի բռնագանձել 493.376 ՀՀ դրամ գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.11.2010 թվականի որոշմամբ Կարինե Հակոբջանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.09.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Հակոբջանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Իգոր Հակոբջանյանը։

 

 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածների պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ, 201-րդ, 298-րդ, 346-րդ, 361-րդ հոդվածների և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ, 32-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել գործում առկա` վաճառողներ Սոֆյա և Դիանա Աղաջանյանների ու գնորդ Իգոր Հակոբջանյանի միջև 08.06.2001 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը, համաձայն որի` Սոֆյա և Դիանա Աղաջանյանները 1.700.000 ՀՀ դրամով վաճառել են, իսկ Իգոր Հակոբջանյանը գնել է Երևանի Ն. Ստեփանյան փողոցի 6-րդ շենքի թիվ 15 բնակարանը։ Տվյալ դեպքում այդ ապացույցով հաստատվում է բնակարանի իրական արժեքը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ոչ հայցվորը և ոչ էլ Իգոր Հակոբջանյանը չեն ապացուցել, որ բնակարանի գնման թվականին նշված անշարժ գույքն այլ արժեք ուներ, ինչպես նաև չեն ապացուցել, որ բնակարանը նորոգվել է, գույք է գնվել, և կամ այդ ծախսերը կատարվել են փոխառությամբ վերցված գումարով: Այսինքն` գործում առկա չէ որևէ հիմնավոր ապացույց, որ բնակարանի կահավորումը և վերանորոգումը կատարվել է ստացականում առկա 37.000 ԱՄՆ դոլարով։ Ավելին, այս դեպքում չի ապացուցվել նաև, թե կոնկրետ որ կարիքների համար ինչքան գումար է ծախսվել։ Վերաքննիչ դատարանը չի ուսումնասիրել և պատշաճ գնահատական չի տվել այն փաստին, որ հայցվորը պատասխանող Իգոր Հակոբջանյանի հորաքրոջ ամուսինն է, իսկ վկան էլ` վերջիններիս բարեկամը։

 

Վճռաբեկ բողոք բերած անձը վերը նշված հիմքով պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.11.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` Կարինե Հակոբջանյանի մասով հայցապահանջը մերժել։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանն իրավացիորեն է կիրառել և մեկնաբանել փոխառության և պարտավորության ինստիտուտի նորմերը և Կարինե Հակոբջանյանը, լինելով համապարտ պարտապան, պարտավոր է նաև Իգոր Հակոբջանյանի հետ միասին, իր գույքի հաշվին վճարելու փոխառությամբ վերցված գումարի կեսը։ Բացի այդ, Իգոր Հակոբջանյանը, ընդունելով հայցը, ընդունել է հայցվորի վկայակոչած փաստերը, այսինքն` դրանք այլևս ապացուցման կարիք չունեն։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Իգոր Հակոբջանյանի և Կարինե Կուբանյանի ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման Նոր Նորքի տարածքային բաժնում գրանցվել է 1996 թվականի դեկտեմբերի 25-ին: Ամուսնությունից հետո Կարինե Կուբանյանը կրել է Հակոբջանյան ազգանունը (հատոր 1-ին, գ.թ.28):

2) 2001 թվականի հունիսի 8-ին նոտարական կարգով կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Սոֆյա և Դիանա Աղաջանյանները վաճառել են, իսկ Իգոր Հակոբջանյանը գնել է Երևանի Ն. Ստեփանյանի փողոցի 6-րդ շենքի թիվ 15 բնակարանը, որի համար վճարվել է 1.700.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 111):

3) Երևանի Ն. Ստեփանյանի փողոցի 6-րդ շենքի թիվ 15 բնակարանի 12.06.2001 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 409385 վկայականի համաձայն` Երևանի Ն. Ստեփանյանի փողոցի 6-րդ շենքի թիվ 15 բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Կարինե և Իգոր Հակոբջանյաններին (հատոր 1-ին, գ.թ. 48-50):

4) Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2009 թվականի թիվ ԵԱՆԴ /0377/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Կարինե Հակոբջանյանի հայցն ընդդեմ Իգոր Հակոբջանյանի` ամուսնությունը լուծելու պահանջի մասին, և վճռվել է Կարինե Հակոբջանյանի և Իգոր Հակոբջանյանի` Երևանի Նոր Նորքի ՔԿԱԳ տարածքային բաժնում 25.12.1996 թվականի գրանցված ամուսնությունը լուծել` կողմերի փոխադարձ համաձայնության հիմքով (հատոր 3-րդ, գ.թ.41-42):

5) Գործում առկա Իգոր Հակոբջանյանի կողմից տրված ստացականի համաձայն` Իգոր Հակոբջանյանը Հրաչիկ Խաչատրյանին տվել է ստացական այն մասին, որ 2001 թվականին Հրաչիկ Խաչատրյանից փոխառությամբ ստացել է 37.000 ԱՄՆ դոլար գումար` Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի 6-րդ շենքի թիվ 15 բնակարանը գնելու համար և պարտավորվել է այն վերադարձնել մինչև 2006 թվականի դեկտեմբերը (հատոր 2-րդ, գ.թ.4)։

6) Վկա Գագիկ Թովմասյանի ցուցմունքի (հայտարարություն) համաձայն` Գագիկ Թովմասյանը Հրաչիկ Խաչատրյանի հետ գնացել է Իգոր Հակոբջանյանի ծնողների տուն, և Կարինե Հակոբջանյանը տեղյակ էր գումարի տրամադրման նպատակի մասին, գնվող բնակարանը գտնվում էր հարևան շենքում, բնակարանը երեքսենյականոց էր, գումարը տալուց հետո նաև շնորհավորել են կատարվող գործարքը (հատոր 2-րդ, գ.թ.4, հատոր 3-րդ, գ.թ.30, 36):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամուսիններից մեկի պարտավորության դիմաց ամուսինները պատասխանատու են իրենց ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքով, եթե դատարանը կպարզի, որ պարտավորությամբ ստացածը օգտագործվել է հօգուտ ամբողջ ընտանիքի շահերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հաստատված է համարել, որ Իգոր Հակոբջանյանը Հրաչիկ Խաչատրյանից փոխառությամբ ստացած գումարն օգտագործել է հօգուտ իր ընտանիքի շահերի: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-2044 (ՎԴ) գործով կայացրած որոշման իրավական հիմնավորումները կիրառելի են սույն գործի նկատմամբ:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Իգոր Հակոբջանյանի կողմից տրված ստացականով Իգոր Հակոբջանյանը 2001 թվականին Հրաչիկ Խաչատրյանից փոխառությամբ ստացել է 37.000 ԱՄՆ դոլար գումար` Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի 6-րդ շենքի թիվ 15 բնակարանը գնելու համար և պարտավորվել է այն վերադարձնել մինչև 2006 թվականի դեկտեմբերը, 08.06.2001 թվականի բնակարանի առուվաճառքի պայմանագրով Սոֆյա և Դիանա Աղաջանյանները վաճառել են, իսկ Իգոր Հակոբջանյանը գնել է Երևանի Ն. Ստեփանյանի փողոցի 6-րդ շենքի թիվ 15 բնակարանը, որի համար վճարել է 1.700.000 ՀՀ դրամ: Երևանի Ն. Ստեփանյանի փողոցի 6-րդ շենքի թիվ 15 բնակարանի 12.06.2001 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 409385 վկայականով Երևանի Ն. Ստեփանյանի փողոցի 6-րդ շենքի թիվ 15 բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Կարինե և Իգոր Հակոբջանյաններին: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որ նպատակային փոխառությամբ ստացված 37.000 ԱՄՆ դոլար գումարն ամբողջությամբ օգտագործվել է հօգուտ ամբողջ ընտանիքի շահերի:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնավորվում է Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի 6-րդ շենքի թիվ 15 բնակարանը գնելու համար նպատակային փոխառությամբ ստացված 37.000 ԱՄՆ դոլար գումարից միայն 1.700.000 ՀՀ դրամ գումարի օգտագործումը հօգուտ ամբողջ ընտանիքի շահերի:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված և կիրառված Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-2044(ՎԴ) որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն սույն գործով կիրառելի չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տե´ս «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Սոս Բաղդասարյանի` բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին գործով Վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի թիվ 3-480(ՎԴ) որոշումը):

Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-2044(ՎԴ) գործի փաստական հանգամանքների համաձայն` պատասխանողներ Տիգրան Սամվելյանը և Հասմիկ Սինանյանը ամուսիններ են, հայցվոր Արման Հովհաննիսյանի և Տիգրան Սամվելյանի միջև 05.10.2003 թվականին կնքվել է նպատակային փոխառության պայմանագիր, համաձայն որի` հայցվորը պատասխանող Տիգրան Սամվելյանին փոխառությամբ տվել է 50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` փոխառուի ընտանիքի հայեցողությամբ բնակարան գնելու և վերանորոգելու համար: Փոխառության գումարը, ըստ պայմանագրի, ենթակա էր վերադարձման մինչև 31.11.2005 թվականը: Փոխառության պայմանագրով ստացված գումարով պատասխանող Տիգրան Սամվելյանը 16.01.2004 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագրով գնել էր քաղաք Երևան, Մոսկովյան անցուղի թիվ 5 շենքի թիվ 19 բնակարանը:

Տվյալ գործով Վճռաբեկ դատարանը հաստատված համարելով, որ 05.10.2003 թվականին Տիգրան Սամվելյանի և Հասմիկ Սինանյանի համատեղ սեփականություն հանդիսացող` Երևանի Մոսկովյան անցուղի թիվ 5 շենքի թիվ 19 բնակարանը գնվել է Արման Հովհաննիսյանի և Տիգրան Սամվելյանի միջև 05.10.2003 թվականին կնքված նպատակային փոխառության պայմանագրի հիման վրա տրամադրված գումարով, արձանագրել էր, որ այդ գումարն ամբողջությամբ օգտագործվել է հօգուտ ամբողջ ընտանիքի շահերի, ուստի Տիգրան Սամվելյանի ստանձնած պարտավորությամբ Տիգրան Սամվելյանը և Հասմիկ Սինանյանը պատասխանատու են իրենց ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքով:

Մինչդեռ սույն գործի փաստերով հիմնավորվում է, որ Իգոր Հակոբջանյանը Հրաչիկ Խաչատրյանից փոխառությամբ ստացված 37.000 ԱՄՆ դոլար գումարից միայն 1.700.000 ՀՀ դրամ գումարն է ծախսել Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի 6-րդ շենքի թիվ 15 բնակարանը գնելու համար: Ավելին, գործում առկա չէ որևէ ապացույց, որ նպատակային փոխառությամբ ստացված 37.000 ԱՄՆ դոլար գումարն ամբողջությամբ օգտագործվել է հօգուտ ամբողջ ընտանիքի շահերի:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի և Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-2044(ՎԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական չեն, հետևաբար նաև Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-2044(ՎԴ) որոշման հիմնավորումները պարտադիր և կիրառելի չէին Վերաքննիչ դատարանի համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Կարինե Հակոբջանյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2010 թվականի որոշման` Կարինե Հակոբջանյանից համապարտության կարգով գումար բռնագանձելու մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան