Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 156-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2011-07.01.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.07.22/18(401).1 Հոդ.289.4
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
24.05.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
31.05.2011
Дата вступления в силу
01.08.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011318

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 մայիսի 2011 թ.

 թիվ 156-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՓԱՅԵՐԻ ՎԵՐԱԾՄԱՆ ԵՎ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/09-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման համար ապահովել միասնական ընթացակարգ և հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը, 29-րդ հոդվածի 2-րդ մասը, 41-րդ հոդվածի 1-ին մասը և 42-րդ հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման և փայերի մարման կարգը» կանոնակարգ 10/09-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. մայիսի 31
ք. Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 24-ի

թիվ 156-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  10/09

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՓԱՅԵՐԻ ՎԵՐԱԾՄԱՆ ԵՎ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները և պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման և փայերի մարման կարգը:

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

2) Օրենք` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

3) ֆոնդ` պարտադիր կենսաթոշակային ֆոնդ,

4) մասնակից` ֆոնդի մասնակից:

3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կիրառվող նշանակությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով յուրաքանչյուր անձի համար (օգտին) կատարված կուտակային վճարի դիմաց տվյալ անձի կենսաթոշակային հաշվին ֆոնդի փայերի փոխանցումը կատարվում է` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի` Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված գումարը փոխանցելու օրը սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված տեղաբաշխման գինը:

5. Եթե Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միջոցները մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկում բացված հաշվին փոխանցելու օրվա դրությամբ մասնակցի կողմից դեռևս չի կատարվել ֆոնդի ընտրություն, փայերի փոխանցումը կենսաթոշակային հաշիվներին կատարվում է սույն կանոնակարգի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան:

6. Եթե Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության հիման վրա մասնակցի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո մասնակիցը 30 օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է ֆոնդի ընտրության դիմում (սույն գլխում այսուհետ` Դիմում), մասնակիցների ռեեստրը վարողը փայերի փոխանցումը անձի կենսաթոշակային հաշվին կատարում է` հիմք ընդունելով սույն կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված` տվյալ ֆոնդի փայի տեղաբաշխման գինը:

7. Եթե Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության հիման վրա մասնակցի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո 30 օրվա ընթացքում մասնակիցը մասնակիցների ռեեստրը վարողին չի ներկայացնում Դիմում, մասնակիցների ռեեստրը վարողը 30-օրյա ժամկետին հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում.

1) Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով անձի համար կատարում է ֆոնդի ընտրություն,

2) անձի համար (օգտին) կատարված կուտակային վճարին համարժեք գումարը փոխանցում է համապատասխան ֆոնդի պահառուի նշած հաշվին,

3) յուրաքանչյուր անձի համար (օգտին) կատարված կուտակային վճարի դիմաց տվյալ անձի կենսաթոշակային հաշվին է փոխանցում Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընտրված ֆոնդի` կուտակային վճարին համարժեք քանակով փայեր` հիմք ընդունելով տվյալ օրը սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված փայի տեղաբաշխման գինը,

4) յուրաքանչյուր ֆոնդի կառավարչին ներկայացնում է տեղեկատվություն` սույն կետի 3-րդ ենթակետի համաձայն կենսաթոշակային հաշիվներին փոխանցված համապատասխան ֆոնդի փայերի քանակի և սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն փոխանցված գումարի վերաբերյալ՝ առանց բացահայտելու ընտրություն կատարած մասնակիցներին:

8. Ֆոնդի կառավարիչը յուրաքանչյուր աշխատանքային օր հաշվարկում և մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ը մասնակիցների ռեեստրը վարողին է տրամադրում իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի փայի հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման (մարման) գները: Կառավարիչը պարտավոր է իր ինտերնետային կայքում հրապարակել սույն կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելուց հետո, սակայն ոչ ուշ, քան տվյալ օրվա 18:00-ը:

9. Սույն կանոնակարգի 8-րդ կետում նշված տեղաբաշխման (հետգնման) գնի անհասանելի լինելու դեպքում հիմք է ընդունվում փայի վերջին հասանելի տեղաբաշխման (հետգնման) գինը:

10. Ֆոնդի փայի հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման (մարման) գները կլորացվում են ստորակետից հետո չորս նիշի ճշտությամբ:

11. Ֆոնդի փայերի քանակը կլորացվում է ստորակետից հետո վեց նիշի ճշտությամբ:

12. Պարտադիր կուտակային վճարները և փայերի հետգնման (մարման) ժամանակ կատարվող վճարները կլորացվում են ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ:

13. Ֆոնդի փայերը փոխանակելու դեպքում հիմք են ընդունվում համապատասխան ֆոնդերի փայերի` մասնակցի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ֆոնդի փայերի փոխանակման դիմում ներկայացնելու օրվա (եթե փայերի փոխանակման դիմումը ներկայացվել է մինչև տվյալ օրվա ժամը 12:00-ը) կամ հաջորդ աշխատանքային օրվա (եթե փայերի փոխանակման դիմումը ներկայացվել է ժամը 12:00-ից հետո) համար հաշվարկված ու սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված հետգնման (մարման) և տեղաբաշխման գները:

14. Մասնակցից փայերի փոխանակման դիմում ստանալու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը անհապաղ տեղեկացնում է ֆոնդի կառավարչին, որի կողմից կառավարվող ֆոնդի փայերի փոխանակման համար ներկայացվել է դիմումը` տեղեկացնելով փոխանակման ենթակա փայերի քանակի մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՓԱՅԵՐԻ ՎԵՐԱԾՄԱՆ ԵՎ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Ֆոնդի կառավարչի մասնակցության չափը ֆոնդում որոշվում է ֆոնդի կառավարչին պատկանող ֆոնդի փայերի քանակի և տվյալ ֆոնդի տեղաբաշխված ու հետ չգնված բոլոր փայերի քանակի հարաբերակցությամբ:

16. Ֆոնդի կառավարիչն իր կողմից կառավարվող ֆոնդի փայեր ձեռք բերելու կամ իր կողմից կառավարվող ֆոնդի` իրեն պատկանող փայերը հետ գնելու (մարելու) նպատակով մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է փայեր ձեռք բերելու կամ հետ գնելու (մարելու) դիմում:

17. Ֆոնդի կառավարչի` իր կողմից կառավարվող ֆոնդի փայեր ձեռք բերելու դիմումը և փայի դիմաց վճարումը կամ վճարման մասին պահառուից հավաստումը (եթե ֆոնդի պահառուն մասնակիցների ռեեստրը վարողը չէ) ստանալուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը ֆոնդի կառավարչի հաշվին է փոխանցում փայերի ձեռքբերման դիմումում նշված ֆոնդի փայերը:

18. Ֆոնդի կառավարչին փոխանցվող սույն կանոնակարգի 17-րդ կետով նախատեսված փայերի քանակը որոշվում է հիմք ընդունելով փայերի դիմաց վճարումը համապատասխան ֆոնդի պահառուի նշած հաշվին կատարելու (վճարման մասին պահառուից հավաստումը ստանալու) օրը սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված տեղաբաշխման գինը:

19. Մասնակիցների ռեեստրը վարողը ֆոնդի կառավարչից իր կողմից կառավարվող ֆոնդի փայեր ձեռք բերելու դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում ֆոնդի կառավարչին ներկայացնում է տեղեկատվություն` սույն կանոնակարգի 17-րդ կետի համաձայն ֆոնդի կառավարչի հաշվին փոխանցված ֆոնդի փայերի քանակի և տեղաբաշխման գնի վերաբերյալ:

20. Մասնակիցների ռեեստրը վարողը ֆոնդի կառավարչից` իր կողմից կառավարվող ֆոնդի փայերը հետգնելու (մարելու) դիմում ստանալու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է ֆոնդի փայերի հետգնումը (մարումը) և հետգնման (մարման) արդյունքում ստացված միջոցների վճարումը:

21. Մասնակիցների ռեեստրը վարողը ֆոնդի կառավարչից իր կողմից կառավարվող ֆոնդի փայերը հետգնելու (մարելու) դիմում ստանալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ֆոնդի պահառուին տեղեկացնում է դիմումի մասին և դիմումում նշված փայերի քանակի (փայերի քանակին համարժեք գումարի) մասին (եթե ֆոնդի պահառուն մասնակիցների ռեեստրը վարողը չէ):

22. Ֆոնդի պահառուն մասնակիցների ռեեստրը վարողից սույն կանոնակարգի 21-րդ կետով նախատեսված տեղեկացումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում (իսկ եթե պահառուն մասնակիցների ռեեստրը վարողն է, ապա սույն կանոնակարգի 20-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում) ֆոնդի կառավարչի բանկային հաշվին է փոխանցում սույն կանոնակարգի 21-րդ կետում նշված փայերի մարման գնին համարժեք գումարը:

23. Սույն կանոնակարգի 20-րդ կետով նախատեսված դեպքում փայերի հետգնում (մարում) կատարվում է` հիմք ընդունելով.

1) տվյալ ֆոնդի փայի` դիմումը ներկայացնելու օրը սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված և հրապարակված հետգնման (մարման) գինը, եթե դիմումը ներկայացվել է մինչև տվյալ օրվա ժամը 12:00-ը,

2) տվյալ ֆոնդի փայի` դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրված և հրապարակված հետգնման (մարման) գինը, եթե դիմումը ներկայացվել է ժամը 12:00-ից հետո:

24. Ֆոնդի կառավարիչն իրավունք չունի իրեն պատկանող փայերը ներկայացնել հետգնման (մարման), եթե դրա արդյունքում կառավարչի մասնակցությունը ֆոնդում կնվազի Օրենքով սահմանված նվազագույն չափից:

25. Ֆոնդի կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, լուծարման կամ ֆոնդի կառավարումն այլ անձի փոխանցելու դեպքում ֆոնդի կառավարչին պատկանող` իր կողմից կառավարվող ֆոնդի փայերի հետգնումն իրականացվում է սույն գլխի դրույթներին համապատասխան: