Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.07.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.3
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.07.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
29.07.2011
Дата вступления в силу
29.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0085/02/08

                       ԵՔԴ/1222/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0085/02/08
ԵՔԴ/1222/02/08

2011 թ.

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան 

     Դատավորներ` Կ. Հակոբյան

                         Տ. Նազարյան

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

 2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արփենիկ Ներսիսյանի և «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Արմեն Ազատյանի հայցի ընդդեմ Արփենիկ Ներսիսյանի, Հիմնադրամի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ավան տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, նվիրատվության պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արմեն Ազատյանը պահանջել է անվավեր ճանաչել Արփենիկ Ներսիսյանի և Հիմնադրամի միջև 13.03.2006 թվականին կնքված, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` 13.03.2006 թվականին հաստատած թիվ 7113 և թիվ 7114 անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը և դրանց հիման վրա 13.04.2006 թվականին կատարված թիվ 2233255 և թիվ 2181810 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումները, ինչպես նաև պարտավորեցնել Հիմնադրամին Արմեն Ազատյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր` Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 շենքի 2-րդ մասնաշենքի թիվ 100 բնակարանը (28,9քմ մակերես) և նույն հասցեի նկուղային մասի թիվ 7 տարածքը (33,88քմ մակերես) նրան օտարելու վերաբերյալ:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2009 թվականի որոշմամբ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության։

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.02.2011 թվականի որոշմամբ Արփենիկ Ներսիսյանի և Հիմնադրամի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 22.10.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Արփենիկ Ներսիսյանը և Հիմնադրամը։

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, 172-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 594-րդ հոդվածի 1-ի կետը, 595-րդ, 596-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ, 305-րդ հոդվածները, 334-րդ հոդվածի 4-րդ կետը, 344-րդ հոդվածի 4-րդ կետը, 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ կետը, 461-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին կետի և 53-րդ հոդվածի 1-ին կետի, 130-րդ հոդվածի 3-րդ կետի, 132-րդ հոդվածի 1-ին կետի և 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքում նշած հայցային վաղեմության հատուկ կամ կրճատ ժամկետների կիրառելիության իրավական դիրքորոշմանը, այն համարել է ոչ հիմնավոր՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Դատարանը միջնորդության հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետի լրանալուց անկախ», որն ամենևին կապ չունի վիճող կողմի դիմումի հիման վրա հայցային վաղեմության կիրառման կամ չկիրառման իրավական հարցի հետ, քանի որ անկախ նրանից՝ հայցը հարուցվում է վաղեմության ընթացքում, թե վաղեմության ժամկետը լրանալուց հետո, Դատարանը պարտավոր է գործը քննել ըստ էության։

Բացի այդ, Դատարանը չի կիրառել հայցային վաղեմություն այն դեպքում, երբ Արմեն Ազատյանը նվիրատվության գործարքների անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին դատարան հայց է ներկայացրել մոտ երկու տարի անց՝ 04.06.2008 թվականին և 15.12.2008 թվականին, ինչով էլ հաստատվում է հայցային վաղեմության ժամկետի բացթողումը։ Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքում Արմեն Ազատյանի կողմից սահմանված կարգով հայց չի ներկայացվել, այն ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո։

Դատարանը և Վերաքննիչ դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել են Արմեն Ազատյանի կողմից առանց պահանջվող վավերապայմանների դատարան ներկայացրած փաստաթղթերը, մասնավորապես՝ Հայսպառկոոպի վարչության պետ Ռ. Բագոյանի ստորագրությամբ անդորրագրերը և կից թիվ 107 հատակագիծը, Հայկոոպ վարչության և Հիմնադրամի միջև գոյություն չունեցող 25.05.2004 թվականին կնքված պայմանագրի հավելվածը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հայկոոպ վարչությունը վիճահարույց գույքի նկատմամբ սեփականատեր չէր, հետևապես չէր կարող իրեն չպատկանող գույքը հատկացնել հայցվորին։

Ավելին, դատարանների կողմից պատշաճ գնահատման չի արժանացել պատասխանողների ներկայացրած ապացույցները, մասնավորապես՝ Հիմնադրամի կողմից վավերացված և ՀՀ կառավարությանը ներկայացված Հայկոոպի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի հանրակացարանների մասնաշենքում բնակվող փախստական և տեղացի ընտանիքների ցուցակի 35-րդ և հանրակացարանի թիվ 38 և թիվ 39 մասնաշենքերի բնակիչների ցուցակի 113-րդ համարի տակ կարիքավորների ցուցակը, որում առկա է հանրակացարանի նախկին կառավարիչ Արմեն Ազատյանի գրառումն Արփենիկ Ներսիսյանի անվան դիմաց այն մասին, որ վերջինս «ապօրինաբար զբաղեցնում է 1-ին հարկում տարածք և գարաժ», ինչպես նաև «Աճառյան» համատիրության կողմից հաստատված թվով 10 հարևանների գրավոր հայտարարությունն այն մասին, որ Արփենիկ Ներսիսյանն աստիճանավանդակի տակի բացվածքը փակել է մետաղյա դարպասով և 1989 թվականից օգտագործել է որպես նկուղային տարածք, ինչպես նաև այն փաստը, որ Հիմնադրամը 13.03.2006 թվականի անշարժ գույքի նվիրատվության թիվ 7113 և թիվ 7114 պայմանագրով Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 շենքի 2-րդ մասնաշենքի կոմունալ և օժանդակ հարմարություններից զուրկ թիվ 100 սենյակը (28,9քմ) և նույն հասցեի նկուղային մասի թիվ 7 տարածքը (38,88քմ) նոտարական կարգով 13.04.2006 թվականին նվիրել է Արփենիկ Ներսիսյանին։

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արմեն Ազատյանը Երևանի Սայաթ-Նովա փողոցի 18-րդ շենքի թիվ 1 բնակարանի միակ սեփականատերն է և հաշվառված է այդ հասցեում, իսկ Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 շենքի 2-րդ մասնաշենքի թիվ 100 սենյակը և դրա տակ գտնվող թիվ 7 նկուղային տարածքը չի զբաղեցրել և կարիքավորների ցուցակում ընդգրկված չի եղել։ Ընդ որում, տվյալ փաստերն Արմեն Ազատյանն ընդունել է դատաքննության ընթացքում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 04.02.2011 թվականի որոշումը և այն փոփոխել ՝ հայցը մերժել, իսկ սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու պահանջների մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հիմք ընդունելով ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 29.11.2002 թվականի թիվ Մ-204 որոշումը` «Բնակարան» բարեգործական ծրագրի շրջանակներում 24.06.2004 թվականին «Հայկոոպ» վարչության և Հիմնադրամի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը վավերացվել է նոտարական կարգով: Առուվաճառքի պայմանագրի առարկա հանդիսացել են «Հայկոոպ» վարչության իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի օգտագործմանը տրամադրված Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 հասցեի` 0,42665 հա հողամասի վրա տեղակայված 9.797,6 քմ ընդհանուր մակերեսով հանրակացարանի երկրորդ մասնաշենքը: Սահմանված կարգով կատարվել է գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում և 01.02.2006 թվականին Հիմնադրամին տրվել է թիվ 2140507 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր 5-րդ, գ.թ., 87-92):

2) 24.06.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորությունների համաձայն և հիմք ընդունելով վերոհիշյալ հասցեի կարիքավոր բնակիչների ցուցակը, որի 113 համարի տակ ընդգրկված էր Արփենիկ Ներսիսյանը` ընտանիքի երեք անձով, Հիմնադրամը 13.03.2006 թվականին անշարժ գույքի նվիրատվության` նոտարական կարգով վավերացված թիվ 7113 պայմանագրով Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 շենքի 2-րդ մասնաշենքի թիվ 100 բնակարանը (28,9քմ) և թիվ 7114 նվիրատվության պայմանագրով նույն հասցեի նկուղային մասի թիվ 7 տարածքը (33,88քմ) նվիրել է Արփենիկ Ներսիսյանին: Կատարվել է նվիրատվության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում և Արփենիկ Ներսիսյանի անվամբ 13.04.2006 թվականին տրվել են թիվ 2233255 և 2181810 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ (հատոր 1-ին, գ.թ.73-76, հատոր 2-րդ, գ.թ.70-75, հատոր 5-րդ, գ.թ.63-77)։

3) 29.11.2002 թվականի դիմումով Արմեն Ազատյանը դիմել է «Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի» տնօրենին և խնդրել հանրակացարանում հատկացնել բնակելի տարածք (հատոր 3-րդ, գ.թ.35)։

4) «Հայկոոպ» վարչության նախագահի կողմից տրված «Հայկոոպ» Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 հասցեում գտնվող հանրակացարանների բնակության իրավունքի» անդորրագրի համաձայն՝ «Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի» հանրակացարանի 2-րդ մասնաշենքի թիվ 107 սենյակը` 33,3 +24,3 քմ ընդհանուր տարածքով, բնակության իրավունքով անհատույց հատկացված է քաղաքացի Արմեն Ազատյանին (հատոր 2-րդ, գ.թ. 11)։

5) 02.06.2008 թվականին և 12.12.2008 թվականին Արմեն Ազատյանը դիմել է Երևանի քաղաքացիական դատարան (հատոր 1-ին, գ.թ.5, հատոր 2-րդ, գ.թ.4)։

6) 11.12.2008 թվականին դատարանին հասցեագրված դիմումով Արփենիկ Ներսիսյանի ներկայացուցիչը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և կայացնել վճիռ հայցը մերժելու մասին (հատոր 3-րդ, գ.թ. 138)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Նույն օրենսգրքի 333-րդ հոդվածը նախատեսում է հայցային վաղեմության հատուկ ժամկետներ՝ ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը։ Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե´ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի` 95.000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԵԷԴ/0723/02/09 գործով 02.04.2010 թվականի որոշումը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-րդ կետի համաձայն`իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը՝ հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե` ոչ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ հիմնավոր է Դատարանի կողմից միջնորդության մերժումը, որի հիմքում դրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետը, ըստ որի` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ, իսկ սույն գործի փաստական տվյալների համաձայն՝ վիճելի գույքի նկատմամբ հայցվորի անվամբ կատարված հատկացումը բավարար հիմք է արձանագրելու, որ վերջինս հանդիսացել է ինչպես գույքի օգտագործման և տիրապետման իրավունք ունեցող, այնպես էլ վիճելի գույքը նվիրատվության պայմանագրով ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Ազատյանը 02.06.2008 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել Արփենիկ Ներսիսյանի և Հիմնադրամի միջև 13.03.2006 թվականին կնքված, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` 13.03.2006 թվականին հաստատած թիվ 7113 և թիվ 7114 անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը և դրանց հիման վրա 13.04.2006 թվականին կատարված թիվ 2233255 և թիվ 2181810 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումները, ինչպես նաև պարտավորեցնել Հիմնադրամին Արմեն Ազատյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր` Երևանի Բաբաջանյան փողոցի 38 և 39 շենքի 2-րդ մասնաշենքի թիվ 100 բնակարանը (28,9 քմ մակերես) և նույն հասցեի նկուղային մասի թիվ 7 տարածքը (33,88քմ մակերես) նրան օտարելու վերաբերյալ: 11.12.2008 թվականին դատարան հասցեագրված դիմումով Արփենիկ Ներսիսյանի ներկայացուցիչը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և կայացնել հայցը մերժելու մասին վճիռ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արփենիկ Ներսիսյանի ներկայացուցչի կողմից հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության առկայության դեպքում Դատարանը և Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնային հայցային վաղեմության հարցին, իսկ վիճելի գույքը նվիրատվության պայմանագրով ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտ լինելու հանգամանքը որևէ իրավական նշանակություն չունի հայցային վաղեմության հարցի լուծման համար:

Մասնավորապես, ստորադաս դատարանների կողմից պետք է քննարկման առարկա դարձվեր այն հարցադրումը, թե երբ է Արմեն Ազատյանն իմացել կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին, և ըստ այդմ պետք է որոշվեր հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելու հարցը:

Մինչդեռ, սույն գործով դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի սխալ մեկնաբանման հետևանքով տվյալ հանգամանքը չի պարզվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան
Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան