«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60011389
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 հունիսի 2011 թ. |
N 307-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնների 2-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 2
ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
13. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման ծախսերը (ներառյալ նախագծանախահաշվային, շինհավաքակցման, կարգաբերման-թողարկման աշխատանքները), այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման աշխատանքների ֆինանսավորումը, կատարում է մատակարարը: Մատակարարը նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման աշխատանքների իրականացման համար գանձում է Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշմամբ հաստատված միացման վճարներ: Միացման պայմանագրի և Պայմանագրի կնքումն իրականացվում է անվճար:
13.1 Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները չեն գանձվում, երբ էլեկտրական ցանցին միացված սպառողի սպառման համակարգից առանձնացված նոր սպառողի սպառման համակարգը միացվում է էլեկտրական ցանցին` առանց սպառման համակարգի հզորության փոփոխության:
13.2 Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին իրականացվում է նոր սպառողի կամ կառուցապատողի կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) գրավոր դիմումի հիման վրա: Դիմող անձը դիմումին կից ներկայացնում է միացվող սպառման համակարգի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.
1) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը, միացման ակնկալվող ամսաթիվը, ինչպես նաև` դիմողի հայեցողությամբ, էլեկտրամատակարարման հուսալիությանը վերաբերող լրացուցիչ պահանջները,
2) շինության էսքիզը կամ տարածքի հատակագիծը` նշելով սպառման համակարգի միացման կետը կամ էլեկտրական բեռների տեղաբաշխումը,
3) 0.4 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցին միանալու դեպքում սպառման համակարգի տեխնիկական բնութագրերը:
13.3 Դիմող անձի դիմումը ստանալուց հետո մատակարարը սույն կանոնների 13.4 կետում սահմանված ժամկետներում.
1) մշակում է տեխնիկական պայմանները և 6(10) կՎ և բարձր լարման ցանցերին միացման դեպքում այն համաձայնեցնում սպառողի հետ,
2) մշակում է միացման տեխնիկատնտեսական հիմնավորումները,
3) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ անձանց հետ,
4) Դիմող անձին է ներկայացնում միակողմանի կնքված միացման պայմանագիրը (հավելված N 2), որով սահմանվում են միացման աշխատանքների ավարտի ժամկետը, միացման վճարի չափը և վճարման կարգը:
13.4 Դիմումը ստանալու օրվանից մինչև միացման պայմանագրի կնքման առաջարկ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել`
1) 0,22 կՎ և 0,4 կՎ մինչև 30 կՎԱ (ներառյալ) հզորությամբ լարման ցանցերին ստանդարտ միացման (երբ նախատեսվում է Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշմամբ հաստատված ստանդարտ միացման վճար) դեպքում՝ 15 օրը` երբ պահանջվում է միացման սխեմայի կազմում.
2) 0,22 կՎ և 0,4 կՎ լարման ցանցերին միացման մյուս բոլոր դեպքերում՝ 45 օրը.
3) մնացած բոլոր դեպքերում` 75 օրը:
13.5 Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի կնքման օրվանից մինչև Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետները չեն կարող գերազանցել`
1) 0,22 կՎ և 0,4 կՎ մինչև 30 կՎԱ (ներառյալ) հզորությամբ լարման ցանցերին ստանդարտ միացման դեպքում՝ 15 օրը` երբ պահանջվում է միացման սխեմայի կազմում.
2) 0,22 կՎ և 0,4 կՎ մինչև 30 կՎԱ (ներառյալ) հզորությամբ լարման ցանցերին միացման այն դեպքերում, երբ պահանջվում է նախագծային փաստաթղթերի կազմում՝ 45 օրը.
3) 0,4 կՎ լարման 30 կՎԱ և բարձր հզորության դեպքում` 90 օրը.
4) 6(10) կՎ լարման սպառողների դեպքում` 6 ամիսը.
5) 35 կՎ և 110 կՎ լարման սպառողների և բազմաբնակարան շենքերի էլեկտրական ցանցին միացման դեպքում` 9 ամիսը:
13.6 Այն դեպքում, երբ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ է սպառողի պահանջածից ավելի բարձր լարման սնող գծի կամ ենթակայանի կառուցում, ապա միացման առավելագույն ժամկետը ընդունվում է համապատասխան բարձր լարման սպառողին էլեկտրական ցանցին սույն կանոնների 13.5 կետով նախատեսված միացման ժամկետը:
14. Պայմանագիր կնքելու և էլեկտրամատակարարումը սկսելու համար Դիմող անձը Մատակարարին է ներկայացնում էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը, իսկ 6(10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում նաև` պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը):
14.1 Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում, առաջադրանք տվող իրավասու մարմինը էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմում է մատակարարին՝ կից ներկայացնելով սույն կանոնների 13.2 կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:
14.2 Ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումը ստանալուց հետո մատակարարը մշակում և ներկայացնում է տեխնիկական պայմանները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար 5 աշխատանքային օրվա ընթացքում, III ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար` 10 աշխատանքային օրվա ընթացքում, IV և V ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար` 15 աշխատանքային օրվա ընթացքում:
14.3 Ճարտարապետահատակագծային առաջադրանք ստացած կառուցապատողը սույն կանոնների 13.2 կետով նախատեսված դիմումի հետ մատակարարին է ներկայացնում նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքին կից տեխնիկական պայմանները:
14.4 Սույն գլխում նշված բոլոր ծանուցումները, առաջարկները և համաձայնեցումները մատակարարի կողմից իրականացվում են գրավոր: Դրանք դիմող անձին ներկայացնելու ծախսերը կրում է մատակարարը:»:
14.5 Սույն գլխի դրույթները չեն կիրառվում, երբ`
1) սպառողի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միանում է ժամանակավոր (շինարարություն, սեզոնային առևտուր և այլն),
2) նոր կամ վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու համար անհրաժեշտ տեխնիկական պայմանները սպառողին տրվել են մինչև 2008 թվականի փետրվարի 1-ը:
14.6 Հանձնաժողովը, սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, առանձին դեպքերում, ինչպես նաև, երբ սույն կանոնների 13.4 և 13.5 կետերում սահմանված ժամկետներում հնարավոր չէ ապահովել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատակարարին տրամադրվող իրավունքների, թույլտվությունների, եզրակացությունների կամ այլ փաստաթղթերի պատճառով, մատակարարի կամ Դիմող անձի դիմումի հիման վրա կարող է սահմանել էլեկտրական ցանցին միացման անհատական որոշումներ: Սույն կետում նշված դեպքերում մատակարարը պարտավոր է դիմել Հանձնաժողովին դրանք ի հայտ գալու պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում` ներկայացնելով նաև համապատասխան հիմնավորող փաստաթղթեր: Մատակարարը պարտավոր է այդ մասին նույն ժամկետում իրազեկել նաև դիմող անձին:»:
2) Կանոնների N 2 հավելվածի 3-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Վճարման կարգը
3.1 Պատվիրատուն վճարում է իր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարի 50 տոկոսը` որպես կանխավճար, սույն պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում,
3.2 միացման վճարի մնացած մասը Պատվիրատուն վճարում է սույն պայմանագրի 2.1 կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:»:
3) Կանոնների N 2 հավելվածի 4.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4.2 Սույն պայմանագրի 2.1 կետի 2-րդ ենթակետի խախտման դեպքում Մատակարարը Պատվիրատուին վճարում է տույժ` օրական սույն պայմանագրի 3.1 կետի համաձայն վճարված կանխավճարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան կանխավճարը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|