Գլխավոր տեղեկություն
Номер
N 2175-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.06.2011-16.11.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.20/10(245) Հոդ.167
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2003
Дата вступления в силу
21.02.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2175-Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Սահմանել, որ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական և հրատարակչական գործունեության իրականացումն է:

5. «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) հրատարակչական գործ.

զ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:

6. «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնօրինության շենքերը, շինությունները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրին համապատասխան:

(6-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն)

7. Սահմանել, որ`

ա) մինչև վերակազմակերպումը` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի վերակազմակերպումից հետո ներառվում են «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.

բ) Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 27
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2175-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ինստիտուտ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է մանկավարժական կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերի ձևերով (առկա, հեռակա, դրսեկություն):

2. Ինստիտուտի հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որն ինստիտուտի խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, սահմանված կարգով, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

3. Ինստիտուտը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական կրթական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:

«Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գյումրու պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:

(3-րդ կետը լրաց. 10.06.11 N 781-Ն) 

4. Ինստիտուտն իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է իրականացնել ուսումնական, հետազոտական, վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

5. Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:

6. Ինստիտուտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, մեդալ, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

7. Ինստիտուտի անվանումն է`

հայերեն լրիվ` «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` ԳՊՄԻ, ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` “Гюмрийский государственный педагогический институт имени М. Налбандяна” государственная некоммерческая организация,

 ռուսերեն կրճատ` ГГПИ, ГНО,

անգլերեն լրիվ` «State Pedagogical Institute of Gjumri after M. Nalbandian» state non-commercial organization,

անգլերեն կրճատ` SNPI, SNCO:

8. Ինստիտուտի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, 377526, Պարույր Սևակի 4:

 

II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Ինստիտուտի գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական և հրատարակչական գործունեության իրականացումն է:

10. Ինստիտուտի խնդիրներն են`

ա) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը և մասնագիտական որակավորման բարձրացումը.

բ) բնական, ճշգրիտ և հումանիտար գիտությունների բնագավառում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը.

գ) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների և մասնագիտացումների համակարգերի մշակումն ու արմատավորումը.

դ) գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքի իրականացումը:

11. Առաջադրված խնդիրներին համապատասխան ինստիտուտն իրավասու է`

ա) կազմելու ուսումնական պլաններ ու ծրագրեր.

բ) շնորհելու ինստիտուտի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու ինստիտուտի մեդալով.

գ) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնելու ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա բուհերի, գիտական հիմնարկների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ.

դ) սահմանված կարգով կազմակերպելու ասպիրանտների, դոկտորանտների ու հայցորդների ընդունելությունը ինստիտուտ.

ե) տնօրինելու իր ֆինանսական միջոցները:

12. Իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար ինստիտուտը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում.

դ) հրատարակչական գործ.

ե) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:

 

III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Ինստիտուտի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, ինստիտուտի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:

(13-րդ կետը խմբ. 15.09.05 N 1721-Ն) 

14. Ինստիտուտի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանն ինստիտուտի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

15. Նախարարությունը`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 15.09.05 N 1721-Ն)

բ) իրականացնում է վերահսկողություն ինստիտուտի գործունեության նկատմամբ.

գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ինստիտուտի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները.

դ) լսում է ինստիտուտի գործունեության մասին հաշվետվությունները.

ե) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման և պահպանման նկատմամբ, համաձայնություն տալիս ինստիտուտի սեփականություն հանդիսացող գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 15.09.05 N 1721-Ն).

է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: 

(15-րդ կետը փոփ., լրաց. 15.09.05 N 1721-Ն) 

16. Ինստիտուտի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով, սույն կանոնադրությանը համապատասխան, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների թիվը 24-ն է:

(16-րդ խմբ. 15.09.05 N 1721-Ն, 24.11.05 N 1918-Ն) 

16.1. Խորհուրդը ձևավորվում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:

Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`

ա) ինստիտուտի կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող.

բ) ինստիտուտի կառուցվածքային միավորների կողմից առաջադրված թեկնածություններն ընտրվում են ինստիտուտի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.

գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

(16.1 կետը լրաց. 15.09.05 N 1721-Ն)

16.2. Ինստիտուտի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`

ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).

բ) ինստիտուտի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետների կողմից առաջադրված թեկնածուները և ներկայացնում լիազոր մարմին.

գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

(16.2 կետը լրաց. 15.09.05 N 1721-Ն)

16.3. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

(16.3 կետը լրաց. 15.09.05 N 1721-Ն)

16.4. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

(16.4 կետը լրաց. 15.09.05 N 1721-Ն)

16.5. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(16.5 կետը լրաց. 15.09.05 N 1721-Ն)

16.6. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

(16.6 կետը լրաց. 15.09.05 N 1721-Ն)

16.7. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

ա) իր դիմումի համաձայն.

բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով.

գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ.

դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.

ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում` ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:

(16.7 կետը լրաց. 15.09.05 N 1721-Ն)

16.8. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

(16.8 կետը լրաց. 15.09.05 N 1721-Ն)

16.9. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 16.1 - 16.5-րդ կետերի պահանջներին համապատասխան:

Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:

(16.9 կետը լրաց. 15.09.05 N 1721-Ն)

17. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

(17-րդ կետը խմբ. 15.09.05 N 1721-Ն) 

18. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում` խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել խորհրդի նիստերին, խորհրդի օրակարգային հարցերի քննարկումներին և կատարել խորհրդի որոշումներից բխող հանձնարարականները.

դ) խորհրդի գործունեության մեջ մտնում են ինստիտուտի բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, ինստիտուտի գործունեության մասին տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև ինստիտուտի կանոնադրությունը, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը լիազոր մարմին ներկայացնելը:

(18-րդ կետը խմբ. 15.09.05 N 1721-Ն) 

19. Ինստիտուտի գիտական խորհուրդը ինստիտուտի ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

20. Ինստիտուտի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում, ինստիտուտի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով, ըստ մասնագիտությունների, ընդունելության տեղերը.

գ) քննարկում է ինստիտուտի օտարերկրյա պետությունների հետ կապերի ուղղությունները, միջազգային համագործակցության ծրագրերը և ինստիտուտի կողմից կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերը.

դ) մշակում է դիմորդների ընդունելության կանոնակարգի նախագծերը և դրանք ներկայացնում նախարարություն.

ե) ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ինստիտուտի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ.

զ) հաստատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները և ներքին կարգապահական կանոնները.

է) քննարկում է ինստիտուտի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.

ը) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների, որոնք ներկայացվում են նախարարություն.

թ) քննարկում է ինստիտուտի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ինստիտուտում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին.

ժ) հաստատում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքացուցակը, կազմակերպում թափուր տեղերի թեկնածուների մրցութային ընտրությունները.

ժա) շնորհում է ինստիտուտի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում է ինստիտուտի մեդալով, պատվոգրով, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում է թեկնածություններ.

ժբ) իրականացնում է ինստիտուտի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ, որոնք բխում են սույն կանոնադրությունից.

ժգ) հաստատում է ինստիտուտի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգերը:

(20-րդ կետը փոփ., լրաց. 15.09.05 N 1721-Ն) 

21. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 60-ը:

22. Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ինստիտուտի ռեկտորը, պրոռեկտորները, ինստիտուտի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական և գիտական վարչությունների (կամ մասերի) վարիչները (կամ պետերը), ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, արհեստակցական կազմակերպության նախագահը, գրադարանի տնօրենը, ուսանողական խորհրդի նախագահը` ի պաշտոնե, ինչպես նաև ինստիտուտի ռեկտորի ընտրությամբ` կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):

23. Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

24. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր նրա անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

(24-րդ կետը փոփ. 15.09.05 N 1721-Ն) 

25. Գիտական խորհրդին կից, գիտական խորհրդի որոշմամբ, շրջափոխման սկզբունքով, 3-5 տարի ժամանակով ստեղծվում են հանձնաժողովներ, որոնց կազմերը հաստատում է ինստիտուտի ռեկտորը: Հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնադրությամբ:

26. Ռեկտորատը ինստիտուտի ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ինստիտուտի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում, քննարկում է ինստիտուտի գործունեությանը վերաբերող հարցեր:

27. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ինստիտուտի ռեկտորը, պրոռեկտորները, ինստիտուտի գիտական քարտուղարը, ռեկտորի օգնականն ու խորհրդականը, ֆակուլտետների դեկանները, գիտական և ուսումնական վարչությունների (կամ մասերի) ղեկավարները:

(27-րդ կետը փոփ. 15.09.05 N 1721-Ն) 

28. Ինստիտուտի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ինստիտուտի գործադիր մարմինը` ռեկտորը։

Ինստիտուտի ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով` ինստիտուտի խորհրդում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ինստիտուտի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը կամ լիազորված պետական մարմինը` հիմնադրի համաձայնությամբ: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:

(28-րդ կետը խմբ. 15.09.05 N 1721-Ն) 

29. Ինստիտուտի ռեկտորը`

ա) ղեկավարում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը.

բ) ներկայացնում է ինստիտուտը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, կազմակերպություններում, հիմնարկներում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում.

գ) ապահովում է, ըստ մասնագիտությունների, մասնագետների պատրաստման և գիտահետազոտական աշխատանքների պետական պատվերների կատարումը.

դ) կնքում է պայմանագրեր, բանկերում բացում հաշիվներ.

ե) սահմանում է ինստիտուտի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

զ) կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ: Պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, սահմանում է նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակները.

է) հրավիրում է ինստիտուտի խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի նիստեր և ապահովում դրանց սերտ համագործակցությունը.

ը) սահմանված կարգով կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում աշխատողների և սովորողների նկատմամբ.

թ) ինստիտուտի ֆինանսական միջոցների շրջանակներում սահմանում է հավելյալ աշխատավարձի և հաստիքների վարձատրության չափերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծում աշխատողների և սովորողների պարգևատրման ու ֆինանսական օգնության հետ կապված հարցերը.

ժ) հրամաններ է արձակում ուսանողների և ասպիրանտների ընդունելության, կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.

ժա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ինստիտուտի պրոռեկտորներին` սահմանելով նրանց գործունեության ոլորտներն ու պարտականությունները.

ժբ) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներ են համարվում ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, քոլեջները, վարժարանները: Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն և իրենց կանոնադրություններով:

31. Ինստիտուտն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:

32. Ինստիտուտի ֆակուլտետները գործում են ֆակուլտետների կանոնադրությունների հիման վրա:

Ֆակուլտետն իր խնդիրներին և իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական աշխատանքներին համապատասխան մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ինստիտուտի ռեկտորի կողմից:

Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական ու այլ ստորաբաժանումներից:

33. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում ինստիտուտի ռեկտորի հաստատմանը, ընտրում է ֆակուլտետի դեկանին, լսում դեկանի ամենամյա հաշվետվություններն ու գնահատում նրա գործունեությունը:

34. Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

35. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ.

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցերը.

գ) ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է ֆակուլտետի ուսումնական պլանները` ինստիտուտի գիտական խորհրդում հաստատելու համար.

դ) ընտրում է ինստիտուտի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար:

36. Ֆակուլտետի գործունեության կազմակերպումը և ղեկավարումն իրականացնում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համաձայն:

Ֆակուլտետի դեկանի պաշտոնն ընտրովի է։ Դեկանն այդ պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:

(36-րդ կետը խմբ. 15.09.05 N 1721-Ն) 

37. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեություն.

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

գ) ինստիտուտի ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալներին.

դ) սահմանված կարգով ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու և համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

38. Ամբիոնները, բաժինները, լաբորատորիաներն ինստիտուտի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների կանոնադրության հիման վրա:

Ամբիոնի գիտամանկավարժական կազմը բաղկացած է պրոֆեսորներից, դոցենտներից, ասիստենտներից ու դասախոսներից:

39. Ինստիտուտի ամբիոնների, բաժինների, լաբորատորիաների պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը կատարվում է մրցութային կարգով` պայմանագրային հիմունքներով:

 

V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

40. Ուսանողների ընդունելությունն ինստիտուտ կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

41. Ինստիտուտում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար և դրսեկություն (էքստեռն) ձևերով:

(41-րդ կետը լրաց. 15.09.05 N 1721-Ն) 

42. Ինստիտուտում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

43. Ինստիտուտում սահմանվում է ուսումնական պարապմունքների հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություններ, գործնական (սեմինար), լաբորատոր և անհատական պարապմունքներ, մանկավարժական, արտադրական պրակտիկաներ, խորհրդատվություններ, ստուգողական աշխատանքներ:

44. Ինստիտուտում կարող են կիրառվել բարձրագույն կրթության երկաստիճան և դիպլոմավորված մասնագետի ուսուցման համակարգով կրթական ծրագրեր: Ինստիտուտի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):

Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(44-րդ կետը խմբ. 15.09.05 N 1721-Ն) 

45. Ինստիտուտում կատարվում են գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներ` գիտական խորհրդի կողմից հաստատված պլաններով, անցկացվում են գիտական համաժողովներ, խորհրդակցություններ ու սեմինարներ:

46. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ինստիտուտի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

 

VI. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

47. Ինստիտուտի աշխատողները պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական աշխատողներն են:

48. Ինստիտուտի սովորողները ուսանողները, դրսեկները, ասպիրանտները, հետազոտողները և հայցորդներն են:

49. Ինստիտուտի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և ինստիտուտի այլ ակտերով:

50. Ինստիտուտի աշխատողները և սովորողներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու ինստիտուտի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

բ) մասնակցելու ինստիտուտի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.

գ) միավորվելու արհեստակցական և այլ հասարակական կազմակերպություններում.

դ) օգտվելու ինստիտուտի ուսումնական, գիտական գրադարանի և այլ ծառայություններից:

51. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

52. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:

53. Ինստիտուտի աշխատողները և սովորողները պարտավոր են`

ա) կատարել սույն կանոնադրությունից և ինստիտուտի այլ իրավական ակտերից բխող հանձնարարականներ.

բ) կատարել ինստիտուտի ղեկավար մարմինների որոշումները.

գ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

դ) մշտապես բարձրացնել իրենց որակավորումը.

ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ինստիտուտի գույքը.

զ) հոգալ ինստիտուտի հեղինակության բարձրացման մասին:

54. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմը ձևավորվում է նախարարության կողմից սահմանված կարգով:

55. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմն ունի`

ա) մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման իրավունք.

բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք.

գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության իրավունք.

դ) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման իրավունք.

ե) անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների և միջոցների ազատ ընտրության իրավունք.

զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:

Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ինստիտուտի աշխատողներին շնորհվում են ինստիտուտի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:

56. Ինստիտուտի ուսանողներ են համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:

57. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ ինստիտուտի ուսանող` վճարովի կամ անվճար հիմունքներով, մրցույթով կազմակերպված ընդունելության քննությունները հաջող հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքերում:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է կնքված պայմանագրի և նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն:

58. Ինստիտուտի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

բ) հաճախելու դասախոսություններին.

գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու ինստիտուտում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.

դ) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, ինստիտուտի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.

ե) օգտվելու ինստիտուտի գրադարանից, մարզական և առողջարանային, մշակութային-լուսավորչական ծառայություններից.

զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.

է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար.

ը) սահմանված կարգով ընդգրկվելու ինստիտուտի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմերում.

թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու առնվազն 7 շաբաթ տևողությամբ 2 արձակուրդ:

59. Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակներով: Ինստիտուտն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական ու նյութական խթանման այլ ձևեր:

60. Արգելվում է սովորողներին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելը` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների ու հոգաբարձուների) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումն արգելվում է:

61. Ինստիտուտի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.

բ) տիրապետել բարձր որակավորման` ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

գ) պահպանել ինստիտուտի կանոնադրության պահանջները և ներքին կարգապահության կանոնները.

դ) հաճախել դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին.

ե) բարձր պահել ինստիտուտի պատիվն ու հեղինակությունը.

զ) պահպանել հասարակության բարոյական նորմերը:

62. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ինստիտուտը: Ուսանողներն ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում կարող են հեռացվել ինստիտուտից:

63. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ինստիտուտի ներքին կարգապահական կանոնները, ինստիտուտի ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով, կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ինստիտուտից հեռացվելը:

64. Ինստիտուտի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):

65. Դիպլոմում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:

66. Ինստիտուտի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը ինստիտուտի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:

67. Ինստիտուտի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած այն անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

68. Ինստիտուտի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված այն անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

69. Ինստիտուտի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող այն անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ու նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարվանից ավելի ժամկետով:

70. Ինստիտուտի գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

71. Ինստիտուտի գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից` նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

72. Ինստիտուտն իրավունք ունի`

ա) օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը.

բ) իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության` նախարարության համաձայնությամբ: Ինստիտուտը կարող է որպես սեփականություն իրեն հանձնված գույքն օտարել կամ հանձնել վարձակալության: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

73. Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ստացված շահույթը և դրա հաշվին ձեռք բերված գույքն օգտագործվում են ինքնուրույն` ինստիտուտի կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով:

74. Ինստիտուտի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից:

(74-րդ կետը խմբ. 15.09.05 N 1721-Ն) 

 

VIII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

75. Ինստիտուտը վերակազմակերպվում և լուծարվում է օրենքով սահմանված կարգով:

76. Ինստիտուտի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան