ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0473/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0473/02/10 |
Նախագահող դատավոր` Տ. Նազարյան | |
Դատավորներ` Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մայիսի 27 -ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սուրիկ Սեդրակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վիգեն Ուրուշանյանի ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հայցի Սուրիկ Սեդրակյանի ընդդեմ Վիգեն Ուրուշանյանի` անհիմն հարստացմամբ ստացած գումարը վերադարձնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վիգեն Ուրուշանյանը պահանջել է Սուրիկ Սեդրակյանից բռնագանձել 500.000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկը շարունակել մինչև պատասխանողի կողմից վճարային պարտավորության փաստացի կատարման օրը:
Դիմելով դատարան` Սուրիկ Սեդրակյանը պահանջել է որպես անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություն Վիգեն Ուրուշանյանին պարտավորեցնել վերադարձնել 1.500 ԱՄՆ դոլար:
ՀՀ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 21.06.2010 թվականի վճռով Վիգեն Ուրուշանյանի հայցը բավարարվել է, իսկ Սուրիկ Սեդրակյանի հայցը` մերժվել։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2010 թվականի որոշմամբ Սուրիկ Սեդրակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.06.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուրիկ Սեդրակյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վիգեն Ուրուշանյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1092-րդ և 1094-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ, 91-րդ և 109-րդ հոդվածների պահանջները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վիգեն Ուրուշանյանի և Սուրիկ Սեդրակյանի միջև նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, ինչը նշանակում է, որ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Մասնավորապես, քաղաքացիական գործում առկա է ըստ հայցի Վիգեն Ուրուշանյանի ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի` գումարի բռնագանձման պահանջի մերժման վերաբերյալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` 26.11.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Որպես նշված հայցապահանջի ապացուցման պարտականությունը կրող կողմ` Վիգեն Ուրուշանյանը ներկայացրել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի 02.05.2009 թվականի գրությունը, ինչը, սակայն, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից չի գնահատվել որպես հացապահանջը հիմնավորող ապացույց և կողմերի միջև պարտավորության ծագման հիմք: Հետագայում Վիգեն Ուրուշանյանը կրկին նույն հայցապահանջն է ներակայացրել ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի` հիմքում դնելով նոր ապացույց, ինչն էլ Դատարանի 21.06.2010 թվականի վճռով բավարարվել է:
Ինչ վերաբերում է Սուրիկ Սեդրակյանի հայցի մերժմանը, ապա անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ 01.05.2009 թվականի պարտավորագիրն իրավազուրկ է, ուստի «Վիգեն Ուրուշանյանն առանց որևէ գործարքով սահմանված հիմքերի, առանց օրենքին կամ այլ իրավական ակտերին համապատասխան հայցվոր` Սուրիկ Սեդրակյանի հաշվին ձեռք է բերել գույք, տվյալ դեպքում 1.500 ԱՄՆ դոլար գումար», հետևաբար «Սուրիկ Սեդրակյանից ստացած գումարն անհիմն հարստացման հետևանքով ձեռք բերած գույք է», և այն ենթակա է վերադարձման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` Վիգեն Ուրուշանյանի հայցը մերժել, իսկ Սուրիկ Սեդրակյանի հայցը բավարարել։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն, գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործի բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, պարզել է վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը և կայացրել է հիմնավորված որոշում: Ելնելով վերոգրյալից` ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 01.05.2009 թվականի պարտավորագրով Սուրիկ Սեդրակյանը պարտավորվել է որդու` Անդրանիկ Սեդրակյանի կողմից պարտքով վերցված 1.500 ԱՄՆ դոլարը և 500.000 ՀՀ դրամը վերադարձնել 60-օրյա ժամկետում (հատոր 1-ին, գ.թ. 10):
2. 02.05.2009 թվականի ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի` Վիգեն Ուրուշանյանին ուղղված գրության (այսուհետ` ՀՀ ոստիկանության գրություն) համաձայն` Սուրիկ Սեդրակյանը պարտավորվել է որդու փոխարեն 1.500 ԱՄՆ դոլարը և 500.000 ՀՀ դրամը 60 օրվա ընթացքում վերադարձնել Վիգեն Ուրուշանյանին (հատոր 1-ին, գ.թ. 46):
3. 31.08.2009 թվականին Վիգեն Ուրուշանյանը դիմել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան և պահանջել Սուրիկ Սեդրակյանից բռնագանձել 500.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 48)։
4. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` 26.11.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Վիգեն Ուրուշանյանի հայցն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի` գումարի բռնագանձման մասին մերժվել է, պատճառաբանվել է, որ պահանջն «անհիմն է և անօրինական», իսկ հայցապահանջի հիմքում դրված 02.05.2009 թվականի ՀՀ ոստիկանության գրությունը գնահատվել է որպես հայցապահանջը չհաստատող ապացույց (հատոր 1-ին, գ.թ. 42)։
5. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2010 թվականի որոշմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 26.11.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
6. 29.04.2010 թվականին Վիգեն Ուրուշանյանը կրկին նույն հայցապահանջով դիմել է Դատարան ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի, այս անգամ որպես պահանջը հիմնավորող ապացույց ներկայացրել է 01.05.2009 թվականի պարտավորագիրը, ինչը որպես պահանջը հաստատող ապացույց նախորդ գործի քննության ժամանակ չէր ներկայացվել (հատոր 1-ին, գ.թ. 2)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում´Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Սույն գործի փաստերի համաձայն` 31.08.2009 թվականին Վիգեն Ուրուշանյանը դիմել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի` պահանջելով բռնագանձել 500.000 ՀՀ դրամ` հայցի հիմքում դնելով Սուրիկ Սեդրակյանի` իր որդու փոխարեն որոշակի գումար վճարելու պարտավորության առկայությունը, և որպես պահանջը հիմնավորող ապացույց ներկայացրել է ՀՀ ոստիկանության 02.05.2009 թվականի գրությունը, որը գնահատվել է որպես պահանջը չհիմնավորող ապացույց:
29.04.2010 թվականին Վիգեն Ուրուշանյանը կրկին դիմել է Դատարան ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի` պահանջելով բռնագանձել 500.000 ՀՀ դրամ, այս անգամ որպես պահանջը հիմնավորող ապացույց ներկայացրել է 01.05.2009 թվականի պարտավորագիրը, որը նախորդ գործի քննության ժամանակ չի ներկայացվել:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պատճառաբանելով, որ «տվյալ պարագայում 31.08.2009 թվականին և 29.04.2010 թվականին Վիգեն Ուրուշանյանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումների բովանդակության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայցի իրավական հիմքը ևս համընկնում է, երկու դեպքում էլ որպես վիճելի իրավահարաբերությունը կարգավորող իրավական նորմեր նշվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 411-րդ հոդվածները, արձանագրել է, որ 31.08.2009 թվականին ներկայացված հայցապահանջի հիմքում Վիգեն Ուրուշանյանը դրել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի 02.05.2009 թվականի թիվ 41/5-Ս-9 գրությունը, մինչդեռ սույն քաղաքացիական գործով պահանջի հիմքում դրված է Սուրեն Սեդրակյանի կողմից գրված և ստորագրված պարտավորագիրը, ինչի հիման վրա էլ կողմերի միջև ծագել են որոշակի իրավահարաբերություններ», ուստի «25.02.2010 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ ոչ թե հաստատվել է այն հանգամանքը, որ Սուրեն Սեդրակյանը դրամական պարտավորվածություն չունի Վիգեն Ուրուշանյանի նկատմամբ, այլ այն, որ վերջինիս կողմից որպես հայցը հիմնավորող ապացույց ներկայացված ոստիկանության գրությունը չի կարող հանդիսանալ պարտավորության ծագման հիմք: Ինչից հետո կրկին հայց ներկայացնելով` Վիգեն Ուրուշանյանը փոխել է հայցի փաստական հիմքը` նշելով, որ Ս. Սեդրակյանը գրել է պարտավորագիր և դրանով ստանձնել է որդու պարտավորությունը, և գտել է, որ «սույն գործով, թեև առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ նույն անձանց միջև, միևնույն առարկայի մասին վեճի վերաբերյալ, սակայն նույնը չէ վեճի փաստական հիմքը»:
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նաև, որ «քաղաքացիական գործի վարույթի կարճման համար պարտադիր պետք է առկա լինի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ` 1. նույն անձանց միջև, 2. նույն առարկայի մասին, 3. միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ», և գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը չի կարող կիրառելի լինել սույն գործով, որպիսի իրավաչափ եզրահանգման է եկել նաև Դատարանը:
⚖Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անհրաժեշտ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված «միևնույն հիմքերով» օրենսդրական եզրույթը և պատասխանել հետևյալ իրավական հարցադրմանը` արդյոք հայցի հիմքում դրված ապացույցի ներկայացումը նոր հայցով կարող է համարվել այլ հիմքով հայցի ներկայացում:
Վերոնշյալ իրավական հարցադրմանը պատասխանելու համար նախ հարկ ենք համարում անդրադառնալ և քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցերը.
ա) Ինչ է իրենից ներկայացնում հայցի հիմքը և որոնք են դրա տարրերը:
բ) Արդյոք հայցի փաստական հիմքը նույնանում է փաստը հաստատող ապացույցի հետ:
ա) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անմիջականորեն չի սահմանում հայցի փաստական և իրավական հիմքերի տարբերակիչ հատկանիշները, այնուամենայնիվ, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ նորմերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն` հայցադիմումում պետք է նշվեն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները և դրանք հաստատող ապացույցները:
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը:
Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ, հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից, կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ:
բ) Հայցի փաստական հիմքում դրված իրավաբանական փաստերը միայն վերացական հիմք են պահանջ ներկայացնելու համար: Քաղաքացիական դատավարության շրջանակներում դրանք պետք է նաև հիմնավորվեն: Այդ գործընթացը ներառվում է ապացուցման գործընթացում: Այդ տրամաբանությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը, բացի հայցի փաստական հիմքերից, նախատեսում է նաև, որ հայցադիմումում նշվում են նաև հայցապահանջները հաստատող ապացույցները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք, ըստ էության, հայցի փաստական հիմքը հիմնավորող ապացույցներն են: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության շրջանակներում պետք է տարբերակել հայցի փաստական հիմքը, հայցի հիմքը և պահանջը հիմնավորող ապացույցները: Ապացույցները հիմնավորում են հայցի հիմքը կազմող իրավաբանական փաստերը և ի վերջո հայցվորի պահանջը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում: Հայցի հիմքում դրված փաստերի հիմնավորումը կապված է ապացուցման գործընթացի հետ և չի կարող նույնացվել հայցի հիմքի հետ:
Հետևաբար հայցի փաստական հիմքերի ներկայացումը և դրանք հիմնավորող ապացույցները չներկայացնելը տարբեր իրավաբանական նշանակություն և հետևանքներ ունեն: Հայցի հիմքում դրված փաստերի վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը հիմք է հայցը մերժելու համար, իսկ հայցի փաստական հիմքի ներկայացումն անձին զրկում է այդ հիմքով նորից դատարան դիմելու հնարավորությունից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի հիմքում դրված որոշակի փաստական հանգամանքները հիմնավորող ապացույցը տվյալ դատավարության շրջանակներում չներկայացնելու պարագայում նույն փաստական հանգամանքների հիման վրա հայց ներկայացնելու դեպքում տվյալ ապացույցը ներկայացնելը չի կարող որակվել որպես այլ հիմքով հայցի ներկայացում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նույն հիմքերով օրենսդրական եզրույթը ներառում է հայցի փաստական և իրավական հիմքերը, այլ ոչ թե դրանք հիմնավորող ապացույցները:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես օրինական ուժի մեջ մտած վճռի, այնպես էլ տվյալ դեպքում որպես հայցի փաստական հիմք է ներկայացվել Սուրիկ Սեդրակյանի` իր որդու փոխարեն որոշակի գումար վճարելու պարտավորության առկայության հարցը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երկու գործով ներկայացվել է հայցի նույն իրավական և փաստական հիմքը, իսկ սույն գործով ընդամենը փոխվել է այդ փաստական հիմքը հիմնավորող ապացույցների կազմը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ըստ էության իրականացվել է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն, և գտնում է, որ սույն գործով դատարանների կողմից խախտվել է նաև իրավական որոշակիության սկզբունքը:
Մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ իրավական դիրքորոշում է հայտնել Եվրոպական դատարանը Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի 28.10.1999 թվականի թիվ 28342/95 գործով, արձանագրելով, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը: Իրավական որոշակիության սկզբունքն ենթադրում է res jսdicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որպեսզի կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն, հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:
Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները.
- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,
- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,
- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած, դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործը գումարի բռնագանձման պահանջի մասով ենթակա է կարճման, քանի որ նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Ինչ վերաբերում է անհիմն հարստացման պահանջի վերաբերյալ բողոքի հիմքին, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ սույն օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածից հետևում է, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.
1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,
2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով (տե´ս Անժելիկա Գասպարյանի հայցն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0455/02/09 որոշումը ):
Տվյալ դեպքում Սուրեն Սեդրակյանը, Վիգեն Ուրուշանյանին վճարելով 1.500 ԱՄՆ դոլար, այդ մասով ընդունել է իր պարտավորությունը և կատարել վճարումը: Ըստ էության Սուրեն Սեդրակյանն ընդունել է պարտք լինելու հանգամանքն ու պարտավորությունը կատարել է պատշաճ և սեփական կամքով: Այսինքն, սույն իրավահարաբերության մեջ օրենքով սահմանված անհիմն հարստացման հատկանիշներ առկա չեն: Հետևաբար, վերաքննիչ դատարանի որոշումն այդ մասով օրինական է, և վճռաբեկ բողոքն անհիմն հարստացման մասով ենթակա է մերժման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2010 թվականի որոշման` Վիգեն Ուրուշանյանի հայցի մասը և այդ մասով գործի վարույթը կարճել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Վիգեն Ուրուշանյանից հօգուտ Սուրիկ Սեդրակյանի բռնագանձել վճռաբեկ բողոքի համար վճարված 10.000 ՀՀ դրամ, ինչպես նաև վերաքննիչ բողոքի համար վճարված 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարները:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. Սողոմոնյան |