Գլխավոր տեղեկություն
Номер
N 732-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.820
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2011
Дата вступления в силу
09.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2011 թվականի N 732-Ն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2011 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2011 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 2
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 26-ի N 732-Ն որոշման

 

2 0 1 1  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ընդհանուր նկարագիրը

Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) արդյունաբերության զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումը կարևորագույն խթան են հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար և ճանաչվել է գերակա ուղղություն` որպես գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմնաքար։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով ՏՏ-ի արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՏ-ի ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումը։

Դեռևս 2000 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ճանաչվեց Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը։ Այնուհետև` 2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացավ Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, իսկ 2008 թվականին` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի N ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (այսուհետ` ՏՏԶԱԽ), որի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ ՏՏԶԱԽ-ը հանդիսանալով կապող օղակ Հայաստանի Հանրապետության կառավարության և ՏՏ-ի բիզնեսի, կրթական հաստատությունների, ՏՏ-ի հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև, կազմակերպում և անց է կացնում տեղեկատվական հասարակության կայացմանը և ՏՏ-ի արդյունաբերության խնդիրների լուծմանը նպաստող քննարկումներ։

Հայաստանի Հանրապետության ՏՏ-ի ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար նախապայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 27-ի N 1165 որոշմամբ, Համաշխարհային բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, հիմնվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Կնքվել են համագործակցության մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր ինչպես այլ պետությունների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ալկատելը», «Հյուլեթ Փակարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մենթոր Գրաֆիքսը» և այլն։

Ավանդական են դարձել ամենամյա «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրի ներքո անցկացվող բազմաթիվ միջոցառումների, ինչպես նաև «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովի կազմակերպումը։

2010 թվականի հայաստանյան ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է շուրջ 55.1 մլրդ դրամ:

Ներկայումս Հայաստանում գործում են մոտ 197 ՏՏ-ի ընկերություններ, որոնցից 72-ը` օտարերկրյա (կազմելով ՏՏ-ի արտադրանքի շուկայի մոտ 37 տոկոսը)։ Վերջին տասնամյակում հայաստանյան ՏՏ-ի շուկա են ներգրավվել բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ։

ՏՏ-ի ոլորտի ընկերությունների շուրջ 39 տոկոսի արտադրանքն ու ծառայություններն ունեն արտահանման ուղղվածություն` ավելի քան 20 երկրներ: 2010 թվականի ոլորտի արտահանման ծավալները կազմել են շուրջ 21.5 մլրդ դրամ: Արտահանման ծավալների շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Կանադային, 19 տոկոսը` Եվրամիության երկրներին, 8 տոկոսը` Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին։

2010 թվականի դրությամբ ՏՏ-ի ոլորտում ներգրավված է մոտ 5000 մասնագետ։

Այնուամենայնիվ հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ներկայիս իրավիճակը բնութագրվում է որպես հիմնականում մասնակի նվաճումների ամբողջություն, որի արդյունքները միջազգային շուկայի մասշտաբներով էական չի կարելի համարել։

Վերջին տարիների ընթացքում Հայաստանը ձգտում է դառնալ առաջատար երկիր` ընտրված թիրախային ՏՏ-ի շուկաներում, ինչպես նաև ունենալ զարգացած և առաջադեմ տեղեկատվական հասարակություն ու գիտելիքների վրա հիմնված տնտեսություն: Այս նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է արտապատվիրվող ցածր արժեք ունեցող ՏՏ-ի ծառայություններ մատուցող երկրից դառնա բարձր արժեքով առաջատար ՏՏ-ի արտադրանք և ծառայություններ տրամադրող երկիր։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը։

2010 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվել էր 80 մլն դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ-ի ոլորտի զարգացմանը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ միջոցառումները`

 «ՏՏ-ի ոլորտի հետազոտություն, ոլորտի ներկա իրավիճակի վերլուծություն, ոլորտի ցուցանիշների և կազմակերպությունների վերաբերյալ ուղեցույցի պատրաստում» միջոցառման շրջանակներում վարվել են հարցազրույցներ 222 ՏՏ-ի ընկերությունների հետ: Ստացված արդյունքները մշակվել և ամփոփվել են, որի հիման վրա հաշվարկվել են ՏՏ-ի ոլորտի հիմնական ցուցանիշները և պատրաստվել 2010 թվականի ՏՏ-ի ոլորտի ներկա իրավիճակի վերլուծությունը:

 «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակներում անց են կացվել մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ: Դրանք են`

2010 թվականի հոկտեմբերի 29-31-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ամենամյա «ԴիջիԹեք-2010» բարձր, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանը և այլոք:

2010 թվականի հուլիս ամսից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (այսուհետ` ԻՏՁՄ) կողմից մեկնարկվեց «ԴիջիԹեք-2010» բարձր, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների իրականացումը: Նշենք, որ ցուցահանդեսն ավանդական դարձած, ամենամյա միջազգային միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005 թվականից:

2010 թվականի հուլիս ամսին ԻՏՁՄ-ի աշխատանքներն ուղղված էին միջոցառման համագործակիցների ձեռքբերմանը, որի արդյունքում համագործակցություն հաստատվեց շուրջ 25 ինֆորմացիոն հովանավորների հետ: Մշակվեցին միջոցառման մասնակցության պայմանները և կազմակերպվեցին հանդիպումներ ոլորտը ներկայացնող ընկերությունների հետ:

2010 թվականի օգոստոսի 23-ին ԻՏՁՄ-ի և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվեց միջոցառման տարածքի վարձակալության պայմանագիրը: ԻՏՁՄ-ի կողմից պատրաստվել է հատակագծի քարտեզը:

2010 թվականի սեպտեմբեր ամսին ԻՏՁՄ-ն մեկնարկեց հասարակական իրազեկման աշխատանքները, մասնավորապես, պատրաստվեց «ԴիջիԹեք-2010» բարձր, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ցուցահանդեսի գովազդային հոլովակը, կազմակերպվեցին հեռուստահաղորդումներ «Երկիր-մեդիա» հեռուստաալիքով, ինչպես նաև կազմակերպվեց մամլո ասուլիս` միջոցառման Պլատինե հովանավոր «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության և Գլխավոր հովանավոր թայվանյան «Դ-Լինկ Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ:

Անցած տարիների համեմատ այս տարի արձանագրվել է ցուցահանդեսի այցելուների աննախադեպ աճ. ցուցահանդես այցելեց 15000 մարդ, իսկ ցուցահանդեսին մասնակցել են 68 միջազգային և տեղական ընկերություններ, որոնց աճը նախորդ տարիների համեմատ կազմել է 30 տոկոս: Այս տարի հատուկ ուշադրություն է դարձվել ցուցահանդեսում նորաստեղծ ընկերությունների մասնակցությանը: Աջակցություն է ցուցաբերվել 12 նորաստեղծ ընկերությունների: Ցուցահանդեսը լավ հարթակ է, որպեսզի այդ ընկերությունները մուտք գործեն շուկա և կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները:

«Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակներում վենչուրային համաժողովի «Բիզնես համագործակցության աջակցման» մրցույթի (այսուհետ` ԲՀԱ) կազմակերպման նպատակով իրականացվել են հետևյալ աշխատանքները`

2010 թվականի օգոստոսի 23-ին հայտարարվել է ԲՀԱ-ի մրցույթը: Այն ուղղված է խթանելու մասնավոր ընկերությունների և գիտնականների թիմերի միջև գործընկերությունը գիտահետազոտական ոլորտում` երկու կողմերի համար տնտեսապես փոխշահավետ նոր հնարավորություններ զարգացնելու նպատակով: Ընդհանուր առմամբ, ներկայացվել են տեղեկատվական, բարձր և բիոտեխնոլոգիաների ոլորտներին առնչվող 18 առաջարկ: Կազմավորվել է տեխնիկական և գործարար մասնագետներից կազմված գնահատող խումբ, որտեղ ներգրավված են տեղական և ԱՄՆ-ի մասնագետներ: Գնահատման արդյուքներն ամփոփվել են 2010 թվականի նոյեմբերի ընթացքում:

Գնահատման արդյունքում ընտրվել են կիսաեզրափակիչ փուլ անցնող առաջարկները, որոնց համար 2010 թվականի նոյեմբեր ամսին կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների հետ մեկտեղ, թիմերն ստացել են անհատական խորհրդատվություն` Վենչուրային համաժողովում իրենց ծրագրերի ներկայացումները պատրաստելու վերաբերյալ: Վենչուրային համաժողովը տեղի ունեցավ 2010 թվականի դեկտեմբերի 2-ին:

Ընտրված ծրագրերը 2010 թվականի հուլիսի 5-ին և 6-ին ներկայացվել են «Տեխնոլոգիական ձեռներեցություն» գործնական սեմինարին` ԱՄՆ-ի փորձագետներից կազմված հանձնաժողովին: Սեմինարի ժամանակ թիմերն ստացել են բարձր որակի անհատական բիզնես խորհրդատվություն: Հանձնաժողովն ընտրել է 2 ծրագիր, որոնց տրամադրվել են Գործուղման դրամաշնորհներ ԱՄՆ այցելելու` հնարավոր ներդրողների և գործընկերների հետ կապեր հաստատելու նպատակով: Հաղթող ծրագրերն են`

1) Ռադիոֆիզիկայի ինստիտուտ. «Ալեհավաքների չափման համալիր լուծումների նախագծում».

2) Ինդաստրիալ Թեքնոլոջիս. «Արևի էներգիայով տաքացման համակարգեր»:

«ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումների ֆինանսավորում» միջոցառման շրջանակում 2010 թվականի փետրվարի 26-28-ը Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում անցկացվել է «Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» խորագրով 2010 թվականի առաջին հանդիպում-քննարկումը, որի նպատակն էր ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման առաջնային խնդիրները: Ֆորումի օրակարգում ընդգրկված էին նաև ֆինանսավարկային, տուրիզմի, առևտրի և պահեստավորման, առողջապահական, դեղագործության և դեղաբժշկության, ինչպես նաև տրանսպորտային կազմակերպություններում զարգացող տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՀՏ) կիրառման հարցեր: Այս անգամ ֆորումն ընդլայնել է իր շրջանակները և անդրադարձել ոչ միայն ՏՀՏ-ի ոլորտում եղած խնդիրներին, այլև ՏՀՏ-ի կիրառությանը` տնտեսության այլ ոլորտներում: Ֆորումին ներկա էին ՏՀՏ-ի 60 ընկերությունների շուրջ 100 ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա մասնակցություն, ինչպես նաև շուրջ 20 լրագրող:

2010 թվականի հունիսի 12-13-ը Ծաղկաձորի «Կեչառիս» հանգստյան տանն անցկացվեց «Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» խորագրով 2010 թվականի երկրորդ հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների հիմնախնդիրներին` կրթության և աշխատուժի զարգացման ոլորտում: 2-օրյա քննարկումների արդյունքում հիմնախնդրի վերաբերյալ մշակվեցին հետևյալ առաջարկությունները` «Կրթական պրոցեսի մասնակիցների (դասախոսներ, ուսանողներ, պետական կառավարման մարմիններ) մոտիվացիայի և հավակնությունների բարձրացման խնդիրներ», «Կրթական ծառայությունների մատակարարների (բուհեր) և պատվիրատուների (բիզնես, համապատասխան պետական կառույցներ, ծնողներ) կապի ձևավորում», «Ինչպես վերականգնել բուհերը` որպես գիտահետազոտական կենտրոններ», «Պրոֆեսիոնալ և շարունակական կրթություն». «Կրթությունը բանակում և օտար լեզվի խնդիրները», որոնց իրականացման համար որոշվեցին հետագա քայլերը: Ֆորումին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, ՏՀՏ-ի արտերկրյա և հայաստանյան շուրջ 50 ընկերություններ, բիզնեսի, այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների և մամուլի շուրջ 100 ներկայացուցիչներ:

2010 թվականի հոկտեմբերի 9-10-ը ՏՀՏ-ի լիդերների հանդիպում-ֆորումն առաջին անգամ անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում` «Արմենիա» հյուրանոցային համալիրում: Այն նվիրված էր Հայաստանի մարզերում տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման խնդիրներին: Ֆորումում ելույթներով հանդես եկան` ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը (տեխնոլոգիական ձեռներեցության ներդրման խնդիրներ), ԼՂՀ-ի տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը (տեխնոլոգիական զարգացման և կիրառման խնդիրներն Արցախում), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը (տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման հնարավորություններ), «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Չոբանյանը (էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման խնդիրներ): Այնուհետև անցկացվեցին քննարկումներ կլոր-սեղանների շրջանակներում հետևյալ թեմաներով` Հեռահաղորդակցության խնդիրներ (փակ քննարկում), Տեխնոլոգիական լուծումներ արդյունաբերության համար (հանքարդյունաբերություն, էներգետիկա, սննդի մշակում և այլն), Կրթություն, Անվտանգության համակարգերում տեխնոլոգիական լուծումների ներդրման խնդիրներ (փակ քննարկում), Հեռաբժշկություն, Էլեկտրոնային կառավարման ներդրման խնդիրներ: Ֆորումին մասնակցեցին ԼՂՀ-ի տնտեսական զարգացման նախարարը, ինչպես նաև ՏՀՏ-ի հայաստանյան շուրջ 50 ընկերություններ, բիզնեսի այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների և մամուլի շուրջ 80 ներկայացուցիչներ։

2010 թվականի դեկտեմբերի 17-19-ը Աղվերանի «Աղվերան» հանգստյան տանը կայացավ ՏՀՏ-ի լիդերների հերթական հանդիպում-ֆորումը, որը նվիրված էր Հայաստանում Էլեկտրոնային առևտրի
(E-commerce) զարգացման հիմնախնդիրներին: Հանդիպման բացումը կատարեց Հովհաննես Ավոյանը և ներկայացրեց քննարկման օրակարգային առաջին հարցը: Հանդիպման ընթացքում քննարկված թեմաներն են` «Էլեկտրոնային փողերի կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում», որը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատող Սամսոն Ղազարյանը, «Էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավորությունն էր Հայաստանի Հանրապետությունում», «Էլեկտրոնային կառավարման (E-gov) ոլորտում առկա էլեկտրոնային վճարումների խնդիրները» ներկայացրեց ԷԿԵՆԳ-ի ընկերության տնօրեն Ա. Ղուլյանը, «Էլեկտրոնային առևտրում առկա էլեկտրոնային վճարումների խնդիրները թեման» ներկայացրեց «Օվերոլ Սոլուշընզ» ընկերության տնօրեն Դավիթ Քոթանյանը, «Ինտերնետ վճարային համակարգեր», «Էլեկտրոնային առևտրում լոգիստիկայի, տեխնիկական ապահովման և անվտանգության խնդիրները» ներկայացվեցին «Հայփոստ» և միջազգային փոխանցումներ իրականացնող «DHL» (ԴիԷյչԷլ) և «FedEx» (ՖեդԷքս) ընկերությունների կողմից:

Հանդիպում-ֆորումն ամփոփեցին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը և ներկայիս նախարար Տիգրան Դավթյանը: 2-օրյա քննարկումներին ներկա էին ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից, բանկային և վճարային համակարգերի, հեռահաղորդակցության ոլորտի, փոստային առաքումներ և բեռնափոխադրումներ իրականացնող և ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները:

«Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող պարբերաբար արտագնա հանդիպում-քննարկումների միջոցով բարձրացվել է հասարակության իրազեկվածությունը և ամրապնդվել են ոլորտի ներքին կապերը` հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման և ՏՏ-ի ոլորտի ու հանրության միջև առավել լայն կապերի ամրապնդման համար: «Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» հանդիպումներին մասնակցել են ոլորտի մոտավորապես 100 կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական 5 գերատեսչությունների ղեկավարներ, 15 նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի գործունեությունը լուսաբանող 15 լրագրող:

 «Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակներում իրականացվել են «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի հիմնում» և «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիմնում» միջոցառումները։

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիմնում» ծրագրի իրականացման նպատակով տարվել են կենտրոնի տարածքի նախագծման աշխատանքներ, ճշգրտվել կենտրոնի նախագիծը և շինարարության նախահաշիվը: 2010 թվականի ապրիլ ամսին հայտարարվել էր կենտրոնի տարածքի շինարարական մրցույթ, սակայն բավարար քանակի դիմումներ չստանալու պատճառով որոշվել էր երկարաձգել մրցույթը: Այնուհետև 2010 թվականի օգոստոս ամսին անց է կացվել կրկնակի մրցույթ, ընտրվել կենտրոնի տարածքի շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություն: Սկսվել են կենտրոնի վերանորոգման աշխատանքները` Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում, որոնք արդեն ավարտվել են:

Նշված աշխատանքներին զուգահեռ կազմակերպվել են .NET (դոթ նետ), MS Project (էմ-էս փրոջեքթ) 2007, SQL Server (Էս-Քյու-Էլ սերվեր), Share Point (շեյր փոյնթ), MS Systems (Էմ-Էս սիսթեմս), ինչպես նաև վաճառքի հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, որոնց մասնակցել է մոտավորապես 65 ՏՏ-ի ըկերությունների 170 աշխատող, ինչպես նաև 50 ուսանող և նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ:

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը նաև հանդիսացել է Մայքրոսոֆթի տարեկան մի շարք միջոցառումների հիմնական կազմակերպիչ: Այս միջոցառումների շարքին են դասվում Ծրագրավորողների օրը, Նորարարության օրը, ինչպես նաև «Երևակայության գավաթ» մրցույթը:

Ծրագրավորողների օրվա ընթացքում ներկայացվել են Մայքրոսոֆթի SharePoint (շեյր փոյնթ) 2010, Silverligհt 4 (սիլվերլայթ), Windows Phone 7 Series (ուինդոուս ֆոն 7 սերիս), Visսal Studio 2010 (վիժուալ ստուդիո), և Team Foundation Server 2010 (թիմ ֆոունդայշն սերվեր) տեխնոլոգիաները և պլատֆորմները: Ավելի քան 130 մասնակից ՏՏ-ի ընկերություններից, հեռահաղորդակցման ոլորտից, բանկերից, ինչպես նաև ուսանողներ մասնակցել են այս միջոցառմանը:

Նորարարության օրը համախմբեց ավելի քան 150 ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությունից, ՏՏ-ի, հեռահաղորդակցման, կրթության, բանկային և այլ ոլորտներից:
Քննարկման հիմնական թեմա հանդիսացավ «Cloud Computing» (քլաուդ քոմփյութինգ) նոր գաղափարը և դրա կիրառումը Հայաստանում:

«Երևակայության գավաթը» Մայքրոսոֆթի կողմից ուսանողների համար կազմակերպվող տարեկան տեխնոլոգիական մրցույթ է, որի հիմքում ընկած են Մայքրոսոֆթ տեխնոլոգիաները, և, որը խթանում է երիտասարդներին օգտագործել իրենց նորարարական կարողություններն ու երևակայությունը համաշխարհային խնդիրների լուծման համար: «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը Հայաստանի պատասխանատուն է այս համաշխարհային մրցույթի հինգ ուղղություններից մեկի` ծրագրերի նախագծման (Software Design (սոֆուեյր դիզայն) կազմակերպման համար: Այս տարի մրցույթի վերջին փուլ էին անցել երկու թիմ «Brainstorm» («Բրեյնսթորմ») և «Casper» («Կասպեր»), որոնցից լավագույն ճանաչվածը` «Casper»-ը («Կասպեր») մասնակցել է Վարշավայում հուլիս ամսին կայացած միջազգային մրցույթին:

Մշակվել է երիտասարդական նորարարական գաղափարների մրցույթի` ՏՏ-ի ծրագրերի Փոքր դրամաշնորհների մրցույթի փաթեթը: Մրցույթը հայտարարվել է 2010 թվականի նոյեմբեր ամսին:

«Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի հիմնում» միջոցառման շրջանակներում իրականացվել է կենտրոնի տարածքի շինարարական աշխատանքների նախագծում: Մշակվել է կենտրոնի շինարարական աշխատանքների նախագիծը, պատրաստվել են շինարարական-վերանորոգման աշխատանքների նախահաշիվը` նկատի ունենալով կենտրոնի տարածքի նախագծով նախատեսված աշխատանքների իրականացումը, և կահավորանքի նախահաշիվը` նկատի ունենալով կենտրոնում բնականոն ուսումնական պրոցեսի ապահովման անհրաժեշտությունը:

Հնդիկ գործընկերների կողմից հայտարարվել և ամփոփվել են կենտրոնի ուսումնական նյութերի, համակարգչային սարքավորումների և ցանցի տեղադրման մրցույթները: Ուսումնական նյութերն արդեն ներմուծվել են Հայաստան, համակարգչային սարքավորումները` առաքվել 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Իրականացվում է կենտրոնի դասախոսական անձնակազմի վերապատրաստումը Հնդկաստանում հետևյալ ուղղություններով`

 կիրառական ծրագրավորում,

 ծրագրավորում անլար և բջջային համակարգերում,

 VLSI (Վի-Էլ-Սի-Այ) դիզայն,

 տեղեկատվական համակարգեր և կիբերանվտանգություն,

 համակարգչային ծրագրային ապահովման մշակում,

 ներկառուցված համակարգերի նախագծում:

Դասախոսների առաջին խումբը (երեք անձ) ավարտել է վերապատրաստումը օգոստոս ամսին: Կատարվել է երկրորդ խմբի մասնակիցների ընտրությունը (հինգ անձի), որոնք գործուղվել են Հնդկաստան օգոստոսի 23-ին: Վերապատրաստման դասընթացներն ավարտվել են 2011 թվականի փետրվար ամսին:

Առաջին խմբի դասախոսների կողմից մշակվել են փորձնական կարճաժամկետ դասընթացների ծրագրեր հետևյալ թեմաներով`

 C#-ով ծրագրավորում: Դասընթացի հիմնական նպատակն է ծանոթացնել ուսանողներին C#-ի հետ, սովորեցնել ստեղծել C#-ով ծրագրեր, հասկանալ օբյեկտակողմնորոշված ծրագրավորումը (OOP) C#-ով, օգտագործել որոշ .NET Framework (դոթ նետ ֆրեյմուորք) գրադարանի կարգեր:

 Համակարգչային ցանցերի կազմակերպում և անվտանգություն: Դասընթացի հիմնական նպատակն է ծանոթացնել ուսանողներին ցանցերի ֆիզիկական կառուցվածքի և ճարտարապետության, ցանցային հաղորդակարգերի, ինչպես նաև ցանցերի անվտանգության մոդելների և մեթոդների հետ:

 Վեբ տեխնոլոգիաներ: Դասընթացի հիմնական նպատակն է ծանոթացնել ուսանողներին վեբ տեխնոլոգիաների և վեբ ծրագրավորման հիմունքների հետ` ներառյալ HTML (Էյչ Թի Էմ Էլ), JavaScript (ՋավաՍքրիպտ), PHP (Փի Էյչ Փի), XML (Իքս Էմ Էլ) և Ajax (Էյջաքս):

«Միջազգային ՏՏ-ի կազմակերպությունների հետ (Ինթել, ԷյչՊի) «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մշակում» միջոցառումն իրականացվում է Ինթել և ԷյչՊի կազմակերպությունների հետ համատեղ: 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց ՏՀՏ-ի ոլորտի զարգացման նոր ռազմավարություն, որտեղ դիտարկվում են ենթակառուցվածքի, կադրերի, կրթության, վենչուրային ֆինանսավորման և կարևոր այլ խնդիրներ: Ռազմավարության նպատակներից են նաև էականորեն ավելացնել համակարգիչների օգտագործումը և ինտերնետի հասանելիությունը Հայաստանում: Այս նպատակին հասնելու համար մշակվել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որի նպատակներն են`

 ապահովել բնակչության համար համակարգիչների ձեռքբերման մատչելիությունը և հասանելիությունը,

 պատրաստել համակարգչային տեխնիկային և համապատասխան ծրագրային փաթեթներին տիրապետող աշխատուժ,

 մեծացնել ինտերնետի հասանելիությունն ազգաբնակչության համար և խթանել էլեկտրոնային ծառայությունների օգտագործումը բնակիչների կողմից,

 նվազեցնել ոչ լիցենզավորված ծրագրային փաթեթների տարածումը:

Ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները`

 ամբողջ հանրապետության տարածքով կատարվել է վաճառակետերի քարտեզագրում, նախնական ընտրություն, որը կապահովի երկրի 100-տոկոսանոց ծածկույթ, մշակվել են դասընթացներ` ընտրված վաճառակետերի աշխատողների վերապատրաստման համար,

 մշակվել և մշակվում է բազմատեսակ բովանդակություն, որը կներդրվի համակարգիչների մեջ` բարձրացնելու բնակչության էլեկտրոնային գրագիտության մակարդակը: Ինտերնետ մատակարարների կողմից անվճար կարճաժամկետ ծառայությունների տրամադրման մասով բանակցությունները գտնվում են վերջնական փուլում: Միաժամանակ բանակցություններ են տարվում Մայքրոսոֆթի հետ` ծրագրին հատուկ պայմաններով օպերացիոն համակարգերի տրամադրման մասով,

 նախապատրաստվել է ծրագրի գործառնական ձեռնարկը` Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկի համար: Ներկայումս այն ներկայացվել է Համաշխարհային բանկ, որի կողմից այն հաստատվելուց հետո կհստակեցվեն ծրագրի հիմնական փուլի իրականացման սկզբունքները,

 մի շարք բանկերի հետ քննարկվել են մասնակցության հնարավորությունները: Հիմնական փուլում նախատեսվում է բանկերի թիվը հասցնել մինչև 5 բանկի: Բանակցությունները դեռևս շարունակվում են,

 մինչև ծրագրի հիմնական փուլի մեկնարկը, որը տեղի ունեցավ 2010 թվականի դեկտեմբերին (նախապայմանը` Համաշխարհային բանկի (այսուհետ` ՀԲ) հաստատում), ծրագիրը գտնվում է փորձնական փուլում և իրականացվում է տարբեր կազմակերպությունների կողմից, այդ թվում` HP (Էյչ Պի), unicomp (Յունիքոմփ), BeeLine (ԲիԼայն), Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (CIT), Fine (Ֆայն), UCOM (Յուքոմ) և այլն: Մինչև 2010 թվականի վերջը վաճառվել է առնվազն 17000 համակարգիչ,

 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, որով Տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի «Բաղադրիչ 1»-ով նախատեսված 65.5 մլրդ դրամ գումարն ավելացվում է 1.0 մլրդ դրամով, և այն հատկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` «Համակարգիչ` բոլորի համար» ծրագրի սպառողական վարկավորման նպատակով:

ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2010 թվականի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների իրականացումն ուղղված է հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակական իրազեկման բարձրացմանը, տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի լուծումների ներդրման խթանմանը, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով նշված երկրների փորձի ներդրմանը երկրում, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնմանը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավմանը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացմանը, բնակչության համար համակարգիչների ձեռքբերման մատչելիության և հասանելիության ապահովմանը, էլեկտրոնային գրագիտության մակարդակի բարձրացմանը, տնային տնտեսություններում համակարգչային հագեցվածության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում իրականացված բոլոր միջոցառումներն ապահովում են նշված արդյունքները:

 

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնախնդիրները

 

ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտի մասնավոր հետազոտությունների, փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով: Դրանք են, մասնավորապես, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, ներդրման և զարգացման խնդիրները, ՏՏ-ի ոլորտում ներդրումների խթանման և կազմակերպությունների ապրանքների ու ծառայությունների տեղական և միջազգային շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրները, գործարար և տեխնիկական խորհրդատվության ստացման և կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ-ի մասնավոր հատվածի և կրթական համակարգի միջև կապերի թերի զարգացումը, սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեության խթանման մեխանիզմների անբավարարությունը և (կամ) համապատասխան հմտությունների պակասը։

Նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2011 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները` կարևոր նախապայման հանդիսանալով ոլորտի զարգացման նոր ռազմավարության և երկրի ընդհանուր տնտեսական աճի ապահովման համար։

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

3. ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2011 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է։

4. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին» N 58 արձանագրային որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1207-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 380-Ա որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի նիստի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 35 արձանագրային որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 7 արձանագրային որոշումը։

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Ծրագրի իրականացման հիմնական նպատակը Հայաստանում տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի ոլորտի կայացմանն աջակցելն է: Մասնավորապես`

1) ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ-ի ոլորտի և տեղեկատվական հասարակության զարգացմանը.

2) ամրապնդել Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքը, ինչպես նաև ապահովել հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ներթափանցումն ու ներկայությունը համաշխարհային շուկայում և, հատկապես, աճի բարձր պոտենցիալով շուկայական թիրախային սեգմենտներում.

3) տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքների և տեղեկատվական հասարակության զարգացմամբ ապահովել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների աճը, եկամուտների բարձրացումը և գիտելիքահենք տնտեսության կայացումը։

6. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ՏՏ-ի ոլորտի հետազոտության, ներկա իրավիճակի վերլուծության և գնահատման արդյունքում հիմնական խնդիրների և մարտահրավերների, ռազմավարական զարգացման հեռանկարների և վերջին տարիներին գրանցած նվաճումների բացահայտումը և այն ներկայացնելը.

2) հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակական իրազեկման բարձրացումը, տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի լուծումների ներդրման խթանումը, որի արդյունքում` արտադրողականության աճի ու ապրանքների և ծառայությունների արտահանման ավելացումը, Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական զարգացմանը նպաստելը.

3) ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով նշված երկրների փորձի ներդրումը երկրում, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնումը, ներդրումների ներգրավումը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացումը` հասցնելով այն զարգացած երկրների վարկանիշի մակարդակին.

4) Սիսկոյի տարածաշրջանային ակադեմիայի հիմնումը Հայաստանում, ՏՏ-ի դասընթացների կազմակերպումը, Սիսկոյի հետ ստորագրված հուշագրով նախատեսված այլ միջոցառումների իրականացումը, Ինթել կազմակերպության հետ համատեղ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների իրականացումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

7. Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն` ուղղված Հայաստանում ՏՏ-ի ոլորտի շարունակական զարգացմանը և միջազգային շուկաներում դիրքավորմանը։

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

8. Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում ու արտերկրում, հետազոտությունը, հասարակական իրազեկումը`

1) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգով առաջնային խնդիրներից է հանդիսանում արտերկրում և Հայաստանում ոլորտը ներկայացնելը, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության խթանումն ու ապահովումը, միջազգային ՏՏ-ի կազմակերպություններին անդամակցումը, Հայաստանի վարկանիշի ձևավորումը` որպես ՏՏ-ի տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացման և հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի առաջխաղացման նպատակով.

2) Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում ու արտերկրում, հասարակության իրազեկումը պատշաճ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութերի նախապատրաստում և տպագրում: Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել ոլորտին վերաբերող հետազոտություններ և վերլուծություններ, որոնք կներկայացնեն ՏՏ-ի ոլորտի ներկա իրավիճակը, այդ թվում` հիմնական խնդիրները և մարտահրավերները, ռազմավարական զարգացման հեռանկարները և վերջին տարիներին գրանցված նվաճումները: Դրանք կհանդիսանան կարևոր գործիք ոչ միայն բազմաթիվ միջոցառումների, հանդիպումների ընթացքում հայկական ՏՏ-ի ոլորտն ամփոփ և դիտարժան ներկայացնելու, այլև տեղեկատվական աղբյուր կհանդիսանան ՏՏ-ի ոլորտի առջև ծառացած հիմնական խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների, ոլորտի աճի հեռանկարների, ներդրումների խթանման և հետագա զարգացման ռազմավարության մշակման համար.

3) Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը միջազգային և տեղական շուկաներում` խոշորագույն ցուցահանդեսներում և գագաթնաժողովներում հանդիսանում է կրիտիկական գործոն Հայաստանի` որպես ՏՏ-ի երկրի վարկանիշը ձևավորելու, հայկական ՏՏ-ի ոլորտի կարողությունները և ձեռքբերումները ցուցադրելու, առանձին ընկերությունների կողմից իրենց ծրագրային փաթեթները և ծառայությունները ներկայացնելու ու բիզնես կապեր ստեղծելու, միջազգայնորեն մրցունակ հայկական ՏՏ-ի ապրանքային նշանը ձևավորելու, ինչպես նաև ոլորտի վերջին միջազգային նվաճումներին ծանոթանալու և շուկայական ուսամնասիրություններ կատարելու համար.

4) Հայաստանում կազմակերպվող միջոցառումները (ցուցահանդեսները, կոնֆերանսները, մրցույթները և այլն) նպատակ ունեն ցուցադրելու հայկական ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները և նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները: Դրանք կնպաստեն նաև իրազեկության բարձրացմանը և ոլորտի ներքին կապերի ամրապնդմանը` հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման և ՏՏ-ի ոլորտի ու առավել լայն հանրության միջև կապերի ամրապնդման համար.

5) միջոցառման շրջանակում կկազմակերպվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Դիջիթեք-2011» ցուցահանդեսը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Դիջիթեք բիզնես ֆորում 2011» համաժողովը, Աղվերանի «Աղվերան» և «Արթուրս», Ջերմուկի «Օլիմպիա», Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցներում ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող պարբերաբար արտագնա հանդիպում-քննարկումները, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովը և «Արմթեք 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովը:

9. Միջազգային համագործակցություն`

1) Հայաստանի տնտեսության և, մասնավորապես, երկրի ՏՏ-ի ոլորտի մրցունակության բարձրացման համար կարևոր նշանակություն ունի ՏՏ-ի խոշոր վերազգային կազմակերպությունների ներկայությունը Հայաստանում և դրանց հետ կառավարության և (կամ) մասնավոր հատվածի մակարդակով համատեղ ներդրումային և կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը: Այդ գործընթացի հիմնական նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը: Նման նախաձեռնությունները պահանջում են երկարաժամկետ պետական պարտավորությունների ստանձնում, քանի որ նման պարտավորության առկայությունը հանդիսանում է համագործակցության երաշխավորման հիմնական գրավական, իսկ որոշ դեպքերում նաև նախապայման.

2) միջոցառման շրջանակում կիրականացվեն Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի և Ինթել ու Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերը: Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի ծրագրի շրջանակում կապահովվեն Հնդկաստանից ժամանող հյուրերի կեցության ծախսերը, մասնավորապես, հյուրերը կտեղավորվեն «Անի Պլազա» և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցներում, նրանց այցի ընթացքում կկազմակերպվի բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիայի վերաբերյալ սեմինար` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

10. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով` որպես ծրագրի իրականացմանը պետական աջակցության կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 80000.0 հազ. դրամը:

11. ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2011 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 26-ի N 732-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

Հատկացվող գումարի չափը
(հազ. դրամ)

Կատարման արդյունքները

1

2

3

4

5

6

1.

Հայաստանի ՏՏ-ի ոլորտը Հայաստանում և արտերկրում ներկայացնելը և խթանելը, հետազոտությունը, հասարակական իրազեկումը

     

Այս միջոցառումները նպատակ ունեն ցուցադրելու հայկական ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները և նվաճումները, ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները։

 

1.1. ՏՏ-ի ոլորտի հետազոտության, ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի և ներկա իրավիճակի վերլուծության թարմացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն

2011 թ. ընթացքում

5800

ՏՏ-ի ոլորտի հետազոտության, ներկա իրավիճակի վերլուծության և գնահատման արդյունքում ոլորտի հիմնական խնդիրների և մարտահրավերների բացահայտում

 

1.2. «Դիջիթեք-2011» ցուցահանդեսի և դրա շրջանակում այլ միջոցառումների ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2011 թ.
2-րդ կիսամյակ

10000

«Դիջիթեք-2011» ցուցահանդեսի և դրա շրջանակում իրականցվող այլ միջոցառումներին ակնկալվում է շուրջ 15000 մարդու այցելություն: Ցուցահանդեսը հնարավորություն կտա ոլորտի ընկերությունների միջև նոր կապեր ստեղծելուն, ինչպես նաև ոլորտի նոր ընկերություններին շուկա մուտք գործելուն և իրենց ապրանքներն ու ծառայությունները ցուցադրելուն

 

1.3. «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառման կազմակերպում և իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2011 թ.
2-րդ կիսամյակ

17200

Միջոցառման շրջանակում անցկացվում է «Բիզնես համագործակցության աջակցման» մրցույթ, որն ուղղված է խթանելու մասնավոր ընկերությունների և գիտնականների թիմերի միջև գործընկերությունը գիտահետազոտական ոլորտում` երկու կողմերի համար տնտեսապես փոխշահավետ նոր հնարավորություններ զարգացնելու նպատակով: Մրցույթի անցկացման արդյունքում տրվում են 5 դրամաշնորհներ:

 

1.4. ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող պարբերաբար արտագնա հանդիպում-քննարկումների կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2011 թ. ընթացքում

2000

Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն 4 «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» հանդիպումներ: Ակնկալվում է, որ կմասնակցեն ոլորտի 80 կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական 5 գերատեսչությունների ղեկավարների, 15 նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի գործունեությունը լուսաբանող 15 լրագրողներ:

 

1.5. «Դիջիթեք բիզնես ֆորում 2011» համաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2011 թ. ընթացքում

3000

Միջոցառումը կներկայացնի տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի ոլորտի գործիքների և լուծումների կիրառման հնարավորությունները, կնպաստի գործնական կապերի ստեղծմանը

 

1.6. «ԱրմԹեք 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2011 թ.
2-րդ կիսամյակ

7000

Միջոցառումը կնպաստի գործարար և մասնագիտական տեղեկատվության ստացմանը և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ոլորտում կարևոր կապերի հաստատմանը:

2.

Միջազգային համագործակցություն

     

Այս միջոցառման հիմնական նպատակներն են խթանել արտասահմանյան ներդրումները Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը: Նման նախաձեռնությունները պահանջում են երկարաժամկետ պետական պարտավորությունների ստանձնում, քանի որ նման պարտավորության առկայությունը հանդիսանում է համագործակցության երաշխավորման հիմնական գրավական, իսկ որոշ դեպքերում նաև նախապայման։

 

2.1. Հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնի ծրագրի իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2011 թ. ընթացքում

15000

Կենտրոնի բացման արարողություն, դասընթացների մեկնարկ

 

2.2. «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի ծրագրի իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2011 թ.
2-րդ կիսամյակ

10000

Կենտրոնի բացման արարողություն, դասընթացների մեկնարկ

 

2.3. Ինթել և Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2011 թ.
2-րդ կիսամյակ

10000

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Սիսկոյի տարածաշրջանային ակադեմիայի հիմնում Հայաստանում, ՏՏ-ի դասընթացների կազմակերպում, Սիսկոյի հետ ստորագրված հուշագրով նախատեսված այլ միջոցառումների իրականացում, Ինթել կազմակերպության հետ համատեղ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների իրականացում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան