ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0803/02/09 Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0803/02/09/ 2011թ. Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Ն. Բարսեղյան
դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. Անտոնյանի Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Ա. Բարսեղյանի Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ Է. Հայրիյանի Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Ե. Սողոմոնյանի
2011 թվականի ապրիլի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով գործին մասնակից չդարձված անձ Աիդա Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռուդոլֆ Տեր-Մանվելյանի ընդդեմ Վերոնիկա Մանվելյանի` նվիրատվության պայմանագրի նկատմամբ առոչնչության հետևանքները կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ռուդոլֆ Տեր-Մանվելյանը պահանջել է Վերոնիկա Մանվելյանի հետ 19.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ցմահ ռենտայի պայմանագրին վերաբերող կանոնները:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.11.2010 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Աիդա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.12.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Աիդա Խաչատրյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածը, 226-րդ հոդվածի 1-ին կետը, 240-րդ հոդվածի 2-րդ կետը և 278-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, մերժելով Աիդա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ որպես Վերոնիկա Մանվելյանի և Աիդա Խաչատրյանի միջև 14.01.2009 թվականին կնքված փոխառության պայմանագրի պարտավորության կատարման ապահովում Երևանի Մարգարյան նրբանցք, թիվ 5 շենքի 519-րդ բնակարանը գրավ է դրվել, և Աիդա Խաչատրյանին տրվել է թիվ 0163631 գրավի (հիփոթեքի) իրավունքի գրանցման վկայականը: Հետևաբար, սույն գործով կայացված դատական ակտը վերաբերում է բողոք բերած անձի իրավունքներին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 19.04.2007 թվականին Ռուդոլֆ Տեր-Մանվելյանի և Վերոնիկա Մանվելյանի միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն` Ռուդոլֆ Տեր-Մանվելյանը Երևանի Մարգարյան նրբանցք, թիվ 5 շենքի 519-րդ բնակարանը նվիրել է աղջկան` Վերոնիկա Մանվելյանին: Վերջինիս սեփականության իրավունքը ստացել է պետական գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 9, գ.թ.10-11):
2. 14.01.2009 թվականի փոխառության պայմանագրով Աիդա Խաչատրյանը Վերոնիկա Մանվելյանին է հանձնել 3.600.000 ՀՀ դրամ` մինչև 14.05.2009 թվականը վերադարձնելու պայմանով: Նույն օրը նրանց միջև կնքվել է նոտարական կարգով վավերացված մեկ այլ` թիվ 99 անշարժ գույքի (բնակարան) գրավի (հիփոթեքի) պայմանագիր, որի համաձայն` Վերոնիկա Մանվելյանը գրավ է դրել Երևանի Մարգարյան նրբանցք, թիվ 5 շենքի 519-րդ բնակարանը: Պայմանագրի հիման վրա գրանցվել է Աիդա Խաչատրյանի գրավի իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 10-11, գ.թ. 12):
3. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 08.10.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Աիդա Խաչատրյանի հայցն ընդդեմ Վերոնիկա Մանվելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին բավարարվել է, որի հիման վրա 02.12.2009 թվականին հարուցվել է կատարողական վարույթ։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
Սույն գործի փաստերի համաձայն` 19.04.2007 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Ռուդոլֆ Տեր-Մանվելյանը Երևանի Մարգարյան նրբանցք, թիվ 5 շենքի 519-րդ բնակարանը նվիրել է աղջկան` Վերոնիկա Մանվելյանին, որի սեփականության իրավունքը գրանցվել է: 14.01.2009 թվականին Աիդա Խաչատրյանի և Վերոնիկա Մանվելյանի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որով Աիդա Խաչատրյանը Վերոնիկա Մանվելյանին հանձնել է 3.600.000 ՀՀ դրամ` մինչև 14.05.2009 թվականը վերադարձնելու պայմանով: Նույն օրը նրանց միջև կնքվել է Երևանի Մարգարյան նրբանցք, թիվ 5 շենքի 519-րդ բնակարանի գրավի թիվ 99 պայմանագիրը` նոտարական կարգով վավերացված, որից ծագող իրավունքը ստացել է պետական գրանցում: Սահմանված ժամկետում` մինչև 14.05.2009 թվականը, Վերոնիկա Մանվելյանն Աիդա Խաչատրյանին չի վերադարձրել փոխառության գումարը, ինչի հիմքով Աիդա Խաչատրյանը դիմել է դատարան ընդդեմ Վերոնիկա Մանվելյանի` գումարի բռնագանձման պահանջով, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Աիդա Խաչատրյանի հայցը բավարարվել է, ու հարուցվել է կատարողական վարույթ:
Սույն գործով Դատարանի 24.12.2009 թվականի վճռով Ռուդոլֆ Տեր-Մանվելյանի և Վերոնիկա Մանվելյանի միջև 19.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառվել են առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ցմահ ռենտայի պայմանագրին վերաբերող կանոնները:
Վերաքննիչ դատարանը Աիդա Խաչատրյանի վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Դատարանի վճռով լուծվել է Ռուդոլֆ Տեր-Մանվելյանի և Վերոնիկա Մանվելյանի միջև նվիրատվության գործարքից ծագող վեճը», հետևաբար «դատարանի վճիռը չի վերաբերում բողոքաբերի իրավունքներին»:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն` սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները` 1) կառուցապատման 2) գույքի օգտագործման 3) սերվիտուտի 4) գրավի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` գրավի իրավունքը (այսուհետ գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 229-րդ հոդվածի համաձայն` գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով` գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք)` ի ապահովումն իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 576-րդ հոդվածի համաձայն` հողամասը կամ այլ անշարժ գույքը ռենտայի դիմաց հանձնելու դեպքում ռենտա ստացողն այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում գրավի իրավունք` ի ապահովումն իր հանդեպ ռենտա վճարողի պարտավորության կատարման:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աիդա Խաչատրյանը սույն գործով վեճի առարկա բնակարանի նկատմամբ ձեռք է բերել գույքային իրավունք, այն է` գրավի իրավունք` ի ապահովումն իր հանդեպ Վերոնիկա Մանվելյանի դրամ վճարելու պարտավորության կատարման: Այսինքն` Դատարանի վճռով նշված բնակարանի նկատմամբ ճանաչվել է ևս մեկ գույքային իրավունք, հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է գրավառու Աիդա Խաչատրյանի իրավունքներին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Այսինքն` Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքի համար էական նշանակություն ունեցող, գործում առկա այնպիսի փաստեր, ինչպիսիք են Աիդա Խաչատրյանի և Վերոնիկա Մանվելյանի միջև 14.01.2009 թվականին կնքված փոխառության պայմանագիրը, դրա հիման վրա տրված թիվ 99 անշարժ գույքի (բնակարան) գրավի (հիփոթեքի) պայմանագիրը և հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը, ինչպես նաև Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 08.10.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Աիդա Խաչատրյանի հայցն ընդդեմ Վերոնիկա Մանվելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասով բավարարվել է, և բռնագանձումը տարածվել է գրավ դրված բնակարանի վրա:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աիդա Խաչատրյանին սույն գործի քննությանը մասնակից չդարձնելու արդյունքում վերջինս զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է Աիդա Խաչատրյանի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:
Բողոքի այլ հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները ստորադաս դատարանի քննության առարկա չեն դարձվել, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
|
Վ. աբելյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |