Գլխավոր տեղեկություն
Номер
N 835-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.06.2011-07.01.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.09/70(442) Հոդ.1314
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.10.2005
Дата вступления в силу
10.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.01.2013


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2005 թվականի N 835-Ն

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 899-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան`

1. Ստեղծել երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով:

2. Հաստատել`

ա) երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի «Անչափահաս երեխաների հետ տարվող աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողով ստեղծելու մասին» N 42, 1999 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի N 42 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 247, 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի N 42 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 148, 2001 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի N 42 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 593 և 2002 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի N 42 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 305 որոշումները։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 28
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2005 թ.
հոկտեմբերի 28-ի N 835-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական նպատակը երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության միասնական պետական քաղաքականության ապահովմանն աջակցելն է:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության հիմնական երաշխիքների ապահովմանն աջակցելը.

բ) երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրները վերլուծելը և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ մշակելը.

գ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական հիմնախնդիրների լուծմանն աջակցելը.

դ) երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնող պետական կառավարման մարմինների, հասարակական, քաղաքական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությանն աջակցելը:

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար`

ա) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրի իրականացման վերաբերյալ.

բ) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերի իրականացման վերաբերյալ.

գ) քննարկում և առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժինների գործունեությանն ուղղված քաղաքացիների դիմումների և բողոքների վերաբերյալ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

դ) առաջարկություններ է ներկայացնում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ.

ե) քննարկում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը և տալիս առաջարկություններ դրանց արդյունավետ իրականացման համար.

զ) քննարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտի հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց մասին տալիս եզրակացություն.

է) ուսումնասիրում և վերլուծում է երեխայի իրավունքների խախտման պատճառներն ու ներկայացնում առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

ը) քննարկում է Հայաստանի Հանրապետության մարզպետների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետի երեխայի իրավունքների պաշտպանության բաժինների գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և ներկայացնում ամփոփ հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության վարչապետին.

թ) առաջարկություններ է ներկայացնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության պետական ծրագրերի իրականացման վերաբերյալ.

ժ) աջակցում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժինների աշխատողների վերապատրաստման գործընթացին:

(4-րդ կետը փոփ. 07.05.09 N 374-Ն)

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

5. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից:

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:

8. Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:

9. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են 3 ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստեր կարող են գումարվել հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:

10. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

11. Հանձնաժողովը պետական կառավարման մարմիններից կարող է ստանալ երեխաների պաշտպանության հարցերին առնչվող նյութեր, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Հանձնաժողովի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստն սկսվելուց մեկ շաբաթ առաջ:

Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում: Հանձնաժողովի ընդունած որոշումների մասին կազմվում է արձանագրություն:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը: Հավասար ձայների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։

14. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը,

գ) հրավիրում է հանձնաժողովի նիստերը,

դ) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված գրագրությունները,

ե) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում,

զ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

15. Հանձնաժողովի անդամը`

ա) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին,

բ) հարցեր է ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը,

գ) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի գործունեության և նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,

դ) ծանոթանում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններին,

ե) կատարում է հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

16. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին,

բ) հանձնաժողովի անդամներին է իրազեկում հանձնաժողովի նիստերի օրվա, տեղի և ժամի մասին,

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները,

դ) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:

(հավելվածը փոփ. 07.05.09 N 374-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2005 թ.
հոկտեմբերի 28-ի N 835-Ն որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Գրիգորյան  

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)


Հ. Դարբինյան
 


- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

 
Ֆ. Բերիկյան  

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 
Ա. Օրբելյան  

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 
Ս. Բարսեղյան  

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 
Ա. Միրզախանյան  

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնակատար

 
Ժ. Ասատրյան  

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

 
Ն. Հովհաննիսյան  

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթական վարչության պետ

 
Վ. Սուքիասյան  

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի կառավարման և մոնիթորինգի վարչության պետ

 
Ն. Դուրյան  

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության պետի տեղակալ

 
Լ. Ղազարյան  

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 (հավելվածը խմբ. 24.09.07 N 671-Ն, 23.06.09 N 509-Ն, 01.06.11 N 482-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան