ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3494/02/09 Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3494/02/09 2011 թ. Դատավորներ՝ Ա. Խառատյան Ա. Պետրոսյան
դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Ա. Բարսեղյանի Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Է. Հայրիյանի Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Ե. Սողոմոնյանի
2011 թվականի ապրիլի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Լուլիար» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ «Լուլիար» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գործարքներն անվավեր ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության հետ 08.07.2009 թվականին, 28.07.2009 թվականին ու 16.09.2009 թվականին ստորագրված հարգորոշիչ հետազոտման աշխատանքների հանձնման-ընդունման գործարքները և Կազմակերպությունից բռնագանձել 24.039.978 ՀՀ դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 10.03.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.10.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.03.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ հոդվածի 5-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը, 39-րդ հոդվածի 2-րդ կետը, 52-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 219-րդ հոդվածի 1-ին կետը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, 227-րդ հոդվածի 2-րդ կետը, 228-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:
Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքում մատնանշված իրավական և փաստական հիմքերին, դրանց հիմնավորվածության վերլուծությանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում եղած ապացույցները, փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մերժումը դիտարկել է այլ տեսանկյունից:
Վերաքննիչ դատարանն անհիմն եզրահանգումներ է կատարել հատուկ գիտելիքներ պահանջող այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնց մասին եզրակացություն կարելի էր ակնկալել միայն փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության բավարարման արդյունքում` մասնագիտացված փորձագիտական հաստատության աշխատողի կամ որպես փորձագետ նշանակված այլ մասնագետի կողմից այն դեպքում, երբ նման եզրահանգման համար գործում բացակայում է որևէ ապացույց, ավելին` նման փաստարկում չկա ոչ Դատարանի վճռում, ոչ էլ բողոքի դեմ ներկայացված պատասխանում, և ոչ էլ նման հարցը քննարկման առարկա է դարձել:
Քննության առարկա չդարձնելով վերաքննիչ բողոքում մատնանշված իրավական և փաստական հիմքերն ու դրանց հիմնավորումները՝ բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է այնպիսի հանգամանքների ապացուցողական նշանակությանը, որոնց գոյությունը կամ տվյալ քաղաքացիական գործի ելքի համար նշանակություն ունենալու հանգամանքը չի վիճարկվել առաջին ատյանի դատարանում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը մերժել է էապես այլ հիմքերով, մերժման հիմքում չի դրել Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված՝ փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ նմուշների առկայության կամ բացակայության հարցը, քանի որ հիշյալ հարցի վերաբերյալ բողոքաբերի ներկայացրած պարզաբանումների արդյունքում առարկություն չի եղել փորձաքննության համար անհրաժեշտ փորձանմուշների առկայության և դրանց հասանելիության վերաբերյալ:
Քննարկելով փորձաքննություն նշանակելու մասին Ընկերության միջնորդության մերժման հարցը՝ Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «Դատարանին վերագրված խախտումների առկայությունը պայմանականորեն հաստատված համարելու պարագայում անգամ դրանցից ոչ մեկը չի կարող հիմք ծառայել վճռի բեկանման համար, որպիսի եզրակացությունը վերացնում է դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ բողոքում բերված փաստարկների գնահատման դատավարական անհրաժեշտությունը»:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Կազմակեպության և Ընկերության միջև 04.03.2009 թվականին կնքվել է թիվ 090304 ՀԼ պայմանագիրը, որի համաձայն` Կազմակերպությունը պարտավորվել է Ընկերության առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք՝ «ներկայացված նմուշների նախապատրաստում և մետաղների պարունակության որոշման անալիզներ», և դրա արդյունքը պայմանագրով սահմանված ժամկետում հանձնել Ընկերությանը, իսկ Ընկերությունը պարտավորվել է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար (հատոր 1, գ. թ. 10.
2) նշված պայմանագրի 3.1. կետի համաձայն՝ աշխատանքի ընդունումն իրականացվում է Կազմակերպության կողմից Ընկերությանը ներկայացված ակտի, հաշիվ-ապրանքագրի և ուղեկցող փաստաթղթերի հիման վրա (հատոր 1, գ. թ. 10).
3) Ընկերության կողմից Կազմակերպությունից ընդունված աշխատանքների արժեքը կազմել է 45.214.808 ՀՀ դրամ, որից 24.039.978 ՀՀ դրամն Ընկերությունը Կազմակերպությանը վճարել է.
4) Ընկերության և Կազմակերպության միջև աշխատանքի թերությունների հետ կապված վեճ է առաջացել, որի հետևանքով Ընկերությունը 28.12.2009 թվականին ընդդեմ Կազմակերպության հայց է ներկայացրել Դատարան՝ դրա հիմքում դնելով Կազմակերպության կողմից աշխատանքները թերություններով կատարված լինելու հանգամանքը.
5) դատաքննության նախապատրաստական փուլում Ընկերությունը միջնորդել է նշանակել փորձաքննություն` Կազմակերպության կատարած աշխատանքի արդյունքների համապատասխանությունն իրականությանը, նմուշներում նյութերի պարունակությունը ստուգելու նպատակով: Նշված միջնորդությունը Դատարանը մերժել է:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով՝ դատարանը կարող է կողմի /կողմերի/ միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է փորձաքննություն նշանակելու միջնորդության քննարկման հարցին և նշել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս՝ Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի՝ առուվաճառքի պայմանագիրը լուծելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-259 (ՎԴ) որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանն իր դիրքորոշումը հաստատել է նաև այլ գործերով` հիմք ընդունելով, որ փորձաքննության նշանակման միջնորդության բավարարումը կամ մերժումը դատարանը լուծում է` ելնելով նաև արդարադատության արդյունավետության շահերի ապահովման սկզբունքից` հատկապես, եթե այդ դեպքերը կապված են տրամադրման ենթակա փաստաթղթերի բացակայության հետ (տե՛ս՝ «Դիդի Գրուպ» ՍՊԸ-ն ընդդեմ Արշակ Աբրահամյանի և Աստղիկ Սիմոնյանի՝ վարձակալության պայմանագիրը, վարձակալության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, թիվ 3-459 (ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):
Դատարանը, սույն գործով մերժել է փորձաքննություն նշանակելու մասին Ընկերության միջնորդությունը, իսկ 10.03.2010 թվականին հայցը մերժելու մասին վճիռ կայացնելիս դրա հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը Դատարան չի ներկայացրել իր վկայակոչած փաստերը հաստատող ապացույցներ:
Վերաքննիչ դատարանը բողոքի մերժման հիմքում դրել է այն պատճառաբանությունները, որ «անհրաժեշտ է պարզել պատասխանողի կատարած աշխատանքների որակը որևէ տեսակի փորձաքննությամբ պարզելու հնարավորության հարցն ընդհանրապես», «Վերը շարադրված առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հայցվորի կողմից պատասխանողին տրամադրված նմուշները կատարված աշխատանքների` նմուշների նախապատրաստման և դրանցում մետաղների պարունակության որոշման անալիզների ընթացքում անհրաժեշտաբար ենթարկվել են ֆիզիկա-քիմիական այնպիսի ազդեցությունների և փոփոխությունների, որոնց արդյունքում նմուշներից յուրաքանչյուրը դադարել է իր սկզբնական տեսքով և բաղադրությամբ գոյություն ունենալուց», ««նմուշների ստուգողական մասերի բացակայությունն ինքնին բացառել է ստուգողական անալիզների իրականացման, հետևաբար` նաև պատասխանողի կատարած աշխատանքների որակը փորձաքննությամբ պարզելու օբյեկտիվ հնարավորությունը, ինչը նշանակում է, որ փորձաքննություն նշանակելու մասին հայցվորի ներկայացուցչի միջնորդության մերժումը, անկախ այդ մերժման պատճառաբանություններից, չի ազդել և չէր էլ կարող ազդել գործի ելքի վրա։ Հետևաբար, փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մերժման առնչությամբ Դատարանին վերագրված խախտումների առկայությունը պայմանականորեն հաստատված համարելու պարագայում անգամ դրանցից ոչ մեկը չի կարող հիմք ծառայել վճռի բեկանման համար, որպիսի եզրակացությունը վերացնում է դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ բողոքում բերված փաստարկների գնահատման դատավարական անհրաժեշտությունը»։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձաքննություն նշանակելու միջնորդությունը լուծելու ժամանակ Դատարանը պետք է հաշվի առներ հետևյալ հանգամանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատվիրատուի և կապալառուի միջև աշխատանքի թերությունների կամ դրանց պատճառների հետ կապված վեճ առաջանալու դեպքում ցանկացած կողմի պահանջով նշանակվում է փորձաքննություն:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից նաև հետևում է, որ նմանատիպ գործերի քննության ժամանակ դատարանը կողմի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելու հարցը որոշելիս պետք է հաշվի առնի նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջը, քանի որ օրենսդիրը նմանատիպ դեպքերում հստակ սահմանում է այն գործողությունները, ինչպես նաև ապացույցի այն տեսակը, որով վեճի դեպքում պետք է հաստատվի տվյալ փաստը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար օրենքը նախատեսում է կողմի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելու պահանջ, որը դատարանը պարտավոր էր ապահովել:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցերը հնարավոր է պարզել նույն փորձաքննության շրջանակներում, իսկ մինչ փորձաքննություն նշանակելը Վերաքննիչ դատարանի կողմից հատուկ գիտելիքներ պահանջող հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ հոդվածից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:
Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը զուրկ է իրավական հիմնավորումներից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
2. Վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
Դատավորներ` |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
|
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|