Գլխավոր տեղեկություն
Տիպ
Լրացուցիչ արձանագրություն
Тип
Исходный акт (07.12.1993-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата вступления в силу
07.12.1993

Լ Ր Ա Ց Ո Ւ Ց Ի Չ   Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆևԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ

 

(Արձանագրություն 1)

 

Ներածություն

 

Բարձր պայմանավորվող կողմերը,

արտահայտելով իրենց անկեղծ ցանկությունը՝ տեսնելու խաղաղության մեջ ապրող ժողովուրդներին,

հիշեցնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության համաձայն, յուրաքանչյուր պետություն պարտավոր է միջազգային հարաբերություններում ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ինչպես ընդդեմ ցանկացած պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության, այնպես էլ Միավորված ազգերի կազմակերպության նպատակների հետ անհամատեղելի որևէ այլ կերպ,

այնուհանդերձ անհրաժեշտ համարելով վերահաստատել և զարգացնել այն դրույթները, որոնք պաշտպանում են զինված ընդհարումների զոհերին, և համալրել դրանք կիրառման առավել արդյունավետ միջոցներով,

համոզմունք հայտնելով, որ սույն արձանագրության կամ 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների դրույթներից ոչ մեկը չի կարող մեկնաբանվել ագրեսիայի ցանկացած ակտ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհարիր ուժի ցանկացած այլ կիրառում օրինականացնելու կամ թույլատրելու իմաստով,

հաստատելով, այնուհետև, որ 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների և սույն արձանագրության դրույթները պետք է բոլոր հանգամանքներում կիրառվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են այդ փաստաթղթերի պաշտպանության տակ, առանց որևէ աննպաստ տարբերակման՝ հիմնված զինված ընդհարման բնույթի կամ ծագման կամ ընդհարման մեջ գտնվող կողմերի առաջ քաշած կամ դրանց վերագրվող պատճառների վրա,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Մաս 1

 

Ընդհանուր դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Ընդհանուր դրույթները և կիրառման ոլորտը

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն արձանագրությունը:

2. Սույն արձանագրությամբ կամ միջազգային այլ համաձայնագրերով չնախատեսված դեպքերում քաղաքացիական անձինք և մարտիկները մնում են հաստատված սովորույթներից, մարդասիրության սկզբունքներից և հանրային խղճի պահանջներից բխող միջազգային իրավունքի սկզբունքների պաշտպանության և գործողության ներքո:

3. Սույն արձանագրությունը, որ լրացնում է 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաները` պատերազմի զոհերի պաշտպանության առումով, կիրառվում է այդ կոնվենցիաների համար ընդհանուր 2 հոդվածում հիշատակված իրադրությունների ժամանակ:

4. Նախորդ կետում հիշատակված իրադրությունները ներառում են այն զինված ընդհարումները, որոնցում Ժողովուրդները պայքար են մղում ընդդեմ գաղութային տիրապետության և օտարերկրյա գրավման և ընդդեմ ռասիստական վարչակարգերի՝ որպես իրականացում ինքնորոշման իրենց իրավունքի, որն ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն` պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Սահմանումները

 

Սույն արձանագրության իմաստով.

ա) «Առաջին կոնվենցիա», «Երկրորդ կոնվենցիա», «Երրորդ կոնվենցիա» և «Չորրորդ կոնվենցիա» նշանակում են համապատասխանաբար` «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան, «Ծովում զինված ուժերի կազմից վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան, «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան: «Կոնվենցիաներ»՝ նշանակում է պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի չորս կոնվենցիաները.

բ) «Զինված ընդհարումների ժամանակ կիրառվող միջազգային իրավունքի նորմեր» արտահայտությունը նշանակում է այն նորմերը, որոնք կիրառվում են զինված ընդհարումների ընթացքում, արտահայտված են այն միջազգային համաձայնագրերում, որոնց մասնակիցներ են հանդիսանում ընդհարման մեջ գտնվող կողմերը, ինչպես նաև` զինված ընդհարումների ժամանակ կիրառվող, ընդհանուր ճանաչում գտած միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը.

գ) «Հովանավոր տերություն»՝ նշանակում է չեզոք պետություն կամ ընդհարման կողմ չհանդիսացող այլ պետություն, որը նշանակված է ընդհարման մեջ գտնվող պետության կողմից և ճանաչված՝ հակառակորդ կողմից, և որը համաձայնել է իրականացնել կոնվենցիաներին և սույն արձանագրությանը համապատասխան՝ հովանավոր տերության վրա դրվող գործառույթները.

դ) «Փոխարինորդ»՝ նշանակում է այն կազմակերպությունը, որը փոխարինում է հովանավոր տերությանը` 5 հոդվածի համաձայն:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Կիրառման սկիզբը և դադարեցումը

 

Առանց վնասելու այն դրույթները, որոնք կիրառվում են ցանկացած ժամանակ.

ա) կոնվենցիաները և սույն արձանագրությունը կիրառվում են սույն արձանագրության 1 հոդվածում հիշատակված ցանկացած իրադրության հենց սկզբից.

բ) կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառումը ընդհարման մեջ գտնվող կողմերի տարածքում դադարում է ռազմական գործողությունների ընդհանուր ավարտի հետ մեկտեղ, իսկ գրավյալ տարածքներում` գրավման ավարտին: Երկու դեպքում էլ բացառություն են կազմում այն անձինք, որոնց վերջնական ազատումը, հայրենադարձությունը կամ տեղավորումը կկատարվեն ավելի ուշ: Այդ անձինք շարունակում են օգտվել կոնվենցիաների և սույն արձանագրության համապատասխան դրույթների հովանավորությունից՝ մինչև նրանց վերջնական ազատման, հայրենադարձության կամ տեղավորման պահը:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավական կարգավիճակը

 

Կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառումը, ինչպես նաև այդ փաստաթղթերով նախատեսված համաձայնագրերի կնքումը, չեն շոշափում ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավական կարգավիճակը: Ոչ որևէ տարածքի գրավումը, ոչ կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառումը չեն շոշափում այդ տարածքի իրավական կարգավիճակը:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Հովանավոր տերությունների և դրանց փոխարինորդի նշանակումը

 

1. Ընդհարման մեջ գտնվող կողմերի պարտականությունն է ընդհարման հենց սկզբից ապահովել կոնվենցիաների և սույն արձանագրության պահպանումը և կիրառումը՝ հովանավոր տերությունների համակարգի կիրառման միջոցով, ներառյալ, մասնավորապես, դրանց նշանակումը և դրանց ճանաչումը` ներքոհիշյալ կետերին համապատասխան: Հովանավոր տերությունների վրա դրվում է ընդհարման մեջ գտնվող կողմերի շահերի պաշտպանության պարտականությունը:

2. 1 հոդվածում նշված իրադրության առաջացման պահից սկսած՝ ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ անհապաղ նշանակում է հովանավոր տերություն՝ կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառման նպատակով և դարձյալ անհապաղ և նույն նպատակներով թույլատրում է հակառակորդ կողմից նշանակված և իր կողմից որպես այդպիսին ճանաչված հովանավոր տերության գործունեությունը:

3. Եթե 1 հոդվածում հիշատակված իրադրության առաջացման պահից նշանակված կամ ճանաչված չէ հովանավոր տերություն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, չշոշափելով այդ նույն ձևով վարվելու՝ ցանկացած այլ անկողմնակալ մարդասիրական կազմակերպության իրավունքները, ընդհարման մեջ գտնվող կողմերի համաձայնությամբ, առանց հապաղելու, իր բարի ծառայություններն է առաջարկում ընդհարման մեջ գտնվող կողմերին հովանավոր տերություն նշանակելու նպատակով: Այդ նպատակով նա կարող է, մասնավորապես, խնդրանքով դիմել յուրաքանչյուր կողմին` իրեն ներկայացնելու առնվազն հինգ այնպիսի պետությունների ցուցակ, որոնք այդ կողմն ընդունելի կհամարի, որպեսզի հակառակորդ կողմի վերաբերմամբ որպես հովանավոր տերություն գործեն իր անունից, և դիմել յուրաքանչյուր հակառակ կողմի` խնդրելով ներկայացնել առնվազն հինգ այնպիսի պետությունների ցուցակ, որոնք այդ կողմն ընդունելի կհամարի՝ որպես մյուս կողմի հովանավոր տերություն. այդ ցուցակները պետք է կոմիտեին ուղարկվեն նման խնդրանք ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում: Կոմիտեն դրանք համադրում է և խնդրում երկու ցուցակներով առաջարկվող ցանկացած պետության համաձայնությունը:

4. Եթե, չնայած վերը շարադրվածին, հովանավոր տերություն կամ չի նշանակված, կամ չի գործում, ընդհարման մեջ գտնվող կողմերն անհապաղ ընդունում են այն առաջարկությունը, որը կարող է արվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ անկողմնակալության և արդյունավետության բոլոր երաշխիքները ներկայացնող ցանկացած այլ կազմակերպության կողմից` վերոհիշյալ կողմերի հետ համապատասխան խորհրդակցություններից հետո, և այդ խորհրդակցությունների արդյունքների հաշվառմամբ՝ գործելու որպես փոխարինորդ: Այդպիսի փոխարինորդի գործունեությունը պայմանավորվում է ընդհարման մեջ գտնվող կողմերի համաձայնությամբ. ընդհարման մեջ գտնվող կողմերը բոլոր ջանքերը կգործադրեն՝ նպաստելու փոխարինորդի գործունեությանը` կոնվենցիաների և սույն արձանագրությանը համապատասխան նրա խնդիրները կատարելիս:

5. 4 հոդվածին համապատասխան՝ կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառման նպատակով հովանավոր տերությունների նշանակումը և ճանաչումը չեն առնչվում ընդհարման մեջ գտնվող կողմերի կամ ցանկացած տարածքի, ներառյալ՝ գրավյալ տարածքի, իրավական կարգավիճակին:

6. Ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների պահպանումը, կամ կողմերից մեկի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության հանձնարարումը երրորդ պետությանը միջազգային իրավունքի` դիվանագիտական հարաբերություններին վերաբերող նորմերին համապատասխան, խոչընդոտ չեն հանդիսանում կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառման նպատակով հովանավոր տերություններ նշանակելու համար:

7. Ամեն անգամ, երբ սույն արձանագրության մեջ հիշատակվում է հովանավոր տերություն, այդ հիշատակումը վերաբերում է նաև փոխարինորդին:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Հատուկ պատրաստված անձնակազմը

 

1. Դեռևս խաղաղ ժամանակ Բարձր պայմանավորվող կողմերը Կարմիր խաչի (Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի և արևի) ազգային ընկերությունների օգնությամբ ջանքեր կգործադրեն կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառմանը և, մասնավորապես, հովանավոր տերությունների գործունեությանը նպաստելու նպատակով հատուկ անձնակազմ պատրաստելու համար:

2. Այդպիսի անձնակազմի ընտրությունը և պատրաստումը մտնում են պետությունների իրավասությունների մեջ:

3. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բարձր պայմանավորվող կողմերին ներկայացնելու համար կպահի այդ կերպ պատրաստված անձանց ցուցակները, որոնք Բարձր պայմանավորվող կողմերը կկազմեն և այդ նպատակով նրան կուղարկեն:

4. Ազգային տարածքի սահմաններից դուրս այդ անձանց օգտագործման պայմանները յուրաքանչյուր դեպքում շահագրգիռ կողմերի միջև հատուկ համաձայնագրերի առարկա կհանդիսանան:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Խորհրդակցությունները

 

Սույն արձանագրության ավանդապահը մեկ կամ մի քանի Բարձր պայմանավորվող կողմերի խնդրանքով և Բարձր պայմանավորվող կողմերի մեծամասնության համաձայնությամբ կհրավիրի Բարձր պայմանավորվող կողմերի խորհրդակցություն` կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառմանը վերաբերող ընդհանուր խնդիրները քննության առնելու նպատակով:

 

Մաս 2

 

Վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները

 

Բաժին 1

 

Ընդհանուր պաշտպանությունը

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Տերմինաբանությունը

 

Սույն արձանագրության իմաստով.

ա) «վիրավորներ» և «հիվանդներ» նշանակում են այն զինծառայող, ինչպես և քաղաքացիական անձինք, ովքեր վնասվածքի, հիվանդության կամ ֆիզիկական կամ հոգեկան խանգարման կամ հաշմության հետևանքով բժշկական օգնության կամ խնամքի կարիք են զգում, և որոնք ձեռնպահ են մնում ցանկացած թշնամական գործողություններից: Այդ բնութագրումները վերաբերում են նաև ծննդկան կանանց, նորածին երեխաներին և այլ անձանց, որոնք տվյալ ժամանակ կզգան բժշկական օգնության կամ խնամքի կարիք, օրինակ` հղի կանայք և տկարները, և որոնք ձեռնպահ են մնում ցանկացած թշնամական գործողություններից.

բ) «նավաբեկյալներ» նշանակում են ինչպես զինծառայող, այնպես էլ քաղաքացիական այն անձինք, որոնք վտանգի են ենթարկվում ծովում կամ այլ ջրային տարածքներում կամ նրանց հետ կատարված, կամ նրանց փոխադրող նավի կամ թռչող ապարատի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով, և որոնք ձեռնպահ են մնում ցանկացած թշնամական գործողություններից: Այդ անձինք իրենց փրկության ժամանակ շարունակում են համարվել նավաբեկյալներ, քանի դեռ կոնվենցիաներին և սույն արձանագրությանը համապատասխան՝ չեն ստացել այլ կարգավիճակ, պայմանով, որ շարունակեն ձեռնպահ մնալ ցանկացած թշնամական գործողություններից.

գ) «բուժանձնակազմ» նշանակում է այն անձինք, որոնք ընդհարման մեջ գտնվող պետության կողմից նշանակված են բացառապես ե/ կետում թվարկված կամ բժշկական նպատակների կամ բժշկական կազմավորումների վարչատնտեսական ապահովման կամ սանիտարատրանսպորտային միջոցների վրա աշխատելու կամ դրանց վարչատեխնիկական ապահովման համար: Այդպիսի նշանակումները կարող են լինել մշտական կամ ժամանակավոր: Այդ տերմինը ներառում է.

i) ընդհարման մեջ գտնվող կողմի ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բուժանձնակազմը, ներառյալ՝ առաջին և երկրորդ կոնվենցիաներում նշված անձնակազմը, և այն անձնակազմը, որը կցված է քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին.

ii) Կարմիր խաչի (Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի և արևի) ազգային ընկերությունների և օգնության ազգային այլ կամավոր այն ընկերությունների բուժանձնակազմը, որոնք պատշաճ ձևով ճանաչվել և լիազորվել են ընդհարման մեջ գտնվող պետության կողմից.

iii) 9 հոդվածի 2 կետում նշված բժշկական կազմավորումների և սանիտարատրանսպորտային միջոցների բուժանձնակազմը.

դ) «հոգևոր անձնակազմ» նշանակում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական այն անձինք, ինչպես, օրինակ, հոգևորականները, որոնք զբաղված են բացառապես իրենց հոգևոր գործառույթները կատարելով և կցված են.

i) կամ ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերին.

ii) կամ ընդհարման մեջ գտնվող կողմի բժշկական կազմավորումներին և սանիտարատրանսպորտային միջոցներին.

iii) կամ այն բժշկական կազմավորումներին և սանիտարատրանսպորտային միջոցներին, որոնք նշված են 9 հոդվածի 2 կետում,

iv) կամ ընդհարման մեջ գտնվող կողմի քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին:

Հոգևոր անձնակազմը կարող է կցվել մշտապես կամ ժամանակավորապես, և նրա վրա տարածվում են ժա/ կետի համապատասխան դրույթները.

ե) «բժշկական կազմավորումներ» նշանակում են այն հիմնարկները և մյուս կազմավորումները` ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական, որոնք ստեղծվել են բժշկական նպատակների համար, այսինքն` վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների որոնման, հավաքման, փոխադրման, ախտորոշման և բուժման, ներառյալ՝ առաջին օգնություն ցույց տալը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման համար: Այդ տերմինը վերաբերում է, օրինակ, հոսպիտալներին և այլ համանման հաստատություններին, արյան փոխներարկման կենտրոններին, կանխարգելիչ բժշկության կենտրոններին և ինստիտուտներին, բժշկական գույքի պահեստներին և բժշկադեղագործական պահեստներին: Բժշկական կազմավորումները կարող են լինել անշարժ կամ շարժական, մշտական կամ ժամանակավոր.

զ) «սանիտարական փոխադրում» նշանակում է կոնվենցիաների և սույն արձանագրության պաշտպանության տակ գտնվող վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների, բժշկական և հոգևոր անձնակազմի, բժշկական սարքավորման և պահուստի փոխադրումը ցամաքով, ջրով և օդով.

է) «սանիտարատրանսպորտային միջոցներ» նշանակում են ցանկացած փոխադրամիջոցները` ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական, մշտական կամ ժամանակավոր, որոնք նախատեսված են բացառապես սանիտարական փոխադրման համար և գտնվում են ընդհարման մեջ գտնվող կողմի իշխանության իրավասու մարմնի հսկողության տակ.

ը) «ցամաքային սանիտարատրանսպորտային միջոցներ» նշանակում են ցամաքով սանիտարական փոխադրման ցանկացած միջոցները.

թ) «սանիտարական նավեր և նավակներ» նշանակում են ջրով սանիտարական փոխադրման ցանկացած միջոցները.

ժ) «սանիտարական թռչող ապարատներ» նշանակում են օդով սանիտարական փոխադրման ցանկացած միջոցները.

ժա) «մշտական» են հանդիսանում այն բժշկական կազմավորումները, բուժանձնակազմը և սանիտարատրանսպորտային միջոցները, որոնք նախատեսվում են բացառապես բժշկական նպատակների համար՝ անորոշ ժամկետով: «Ժամանակավոր» են հանդիսանում այն բժշկական կազմավորումները, բուժանձնակազմը և սանիտարատրանսպորտային միջոցները, որոնք ներգրավվում են բացառապես բժշկական նպատակների համար` սահմանափակ ժամկետով, այդ ժամկետի ողջ ընթացքում: Այլ հատուկ սահմանման բացակայության դեպքում «բժշկական կազմավորումներ», «բուժանձնակազմ» և «սանիտարատրանսպորտային միջոցներ» տերմինները վերաբերում են ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր կատեգորիաներին.

ժբ) «տարբերանշան» նշանակում է սպիտակ ֆոնի վրա Կարմիր խաչի, Կարմիր մահիկի կամ Կարմիր առյուծի և արևի տարբերանշանը, երբ այն օգտագործվում է բժշկական կազմավորումների և սանիտարատրանսպորտային միջոցների, բժշկական և հոգևոր անձնակազմի և սարքավորման կամ պահուստի պաշտպանության համար.

ժգ) «տարբերիչ ազդանշան» նշանակում է ազդանշանի ցանկացած միջոց, որ նախատեսված է բացառապես բժշկական կազմավորումները կամ սանիտարատրանսպորտային միջոցները ճանաչելու համար` սույն արձանագրությանն առընթեր 1 հավելվածի 3-րդ գլխին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Կիրառման ոլորտը

 

1. Սույն մասը, որի դրույթներն ուղղված են վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավմանը, կիրառվում է այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք առնչվում են 1 հոդվածում հիշատակված իրադրությանը, առանց ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ հավատի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, ծննդյան կամ այլ կարգավիճակի, կամ ցանկացած համանման այլ չափանիշների պատճառներով աննպաստ տարբերակման:

2. Առաջին կոնվենցիայի 27 և 32 հոդվածների համապատասխան դրույթները կիրառվում են մշտական բժշկական կազմավորումների և սանիտարատրանսպորտային միջոցների (բացի նավ-հոսպիտալներից, որոնց նկատմամբ կիրառվում են երկրորդ կոնվենցիայի 25 հոդվածի դրույթները) և դրանց անձնակազմի նկատմամբ, որոնք մարդասիրական նպատակներով դրվել են ընդհարման մեջ գտնվող տերության տրամադրության տակ.

ա) չեզոք պետության կամ ընդհարման կողմ չհանդիսացող այլ պետության կողմից.

բ) այդ պետության կողմից ճանաչված և լիազորված օգնության ընկերության կողմից.

գ) անկողմնակալ միջազգային մարդասիրական կազմակերպության կողմից:

 

Հ ո դ վ ա ծ 10

 

Պաշտպանությունը և խնամքը

 

1. Բոլոր վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները, անկախ այն բանից, թե նրանք որ կողմին են պատկանում, օգտվում են հարգանքից և պաշտպանությունից:

2. Բոլոր հանգամանքներում նրանց հետ վարվում են մարդասիրաբար և առավելագույն չափով ու ամենակարճ ժամկետներում նրանց տրամադրում են բժշկական օգնություն և խնամք, ինչպիսիք պահանջում է նրանց վիճակը: Բացի բժշկական նկատառումներից, նրանց միջև ոչ մի տարբերակում չի կատարվում:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Առանձին մարդկանց պաշտպանությունը

 

1. Հակառակորդ կողմի իշխանության տակ գտնվող կամ ներկալված, կալանված կամ 1 հոդվածում հիշատակված իրադրության հետևանքով մեկ այլ կերպ ազատությունից զրկված անձանց առողջությանը և ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությանը չպետք է վնաս հասցվի որևէ չարդարացված գործողության կամ թերացման հետևանքով: Հետևաբար, արգելվում է սույն հոդվածում հիշատակված անձանց ենթարկել որևէ բժշկական գործողության, որը չի թելադրվում նրանց առողջական վիճակով և չի համապատասխանում համընդհանուր ընդունված բժշկական այն նորմերին, որ գործողությունը կատարող կողմը բժշկական տեսակետից համանման հանգամանքներում կկատարեր իր՝ ազատության մեջ գտնվող քաղաքացիների նկատմամբ:

2. Մասնավորապես, արգելվում է այդպիսի անձանց, անգամ նրանց համաձայնությամբ, ենթարկել.

ա) ֆիզիկական խեղումների.

բ) բժշկական կամ գիտական փորձերի.

գ) փոխպատվաստման նպատակով հյուսվածքների կամ օրգանների հեռացման, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի գործողություններն արդարացվում են 1 կետով նախատեսված պայմաններին համապատասխան:

3. 2գ կետում բովանդակված արգելքից բացառություններ կարող են լինել միայն փոխներարկման արյուն կամ փոխպատվաստման համար մաշկ վերցնելու պարագայում, պայմանով, որ դա արվում է կամավոր և առանց որևէ պարտադրանքի կամ ստիպողականության, ընդսմին՝ միայն թերապևտիկ նպատակներով, այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են համընդհանուր ընդունված բժշկական նորմերին և այնպիսի վերահսկողության ներքո, որն ուղղված է ինչպես դոնորի, այնպես էլ ընդունողի բարօրությանը:

4. Ցանկացած դիտավորյալ գործողություն կամ բացթողում, որը լրջորեն սպառնում է հակառակորդ կողմի իշխանության տակ գտնվող ցանկացած այն անձի առողջությանը կամ ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությանը, որն այդ կողմին չի պատկանում, և որը կամ խախտում է 1 և 2 կետերում պարունակված արգելքներից որևէ մեկը, կամ չի կատարում 3 կետի պահանջները, հանդիսանում է սույն արձանագրության լուրջ խախտում:

5. 1 կետում հիշատակված անձինք իրավունք ունեն հրաժարվել ցանկացած վիրահատական գործողությունից: Հրաժարման դեպքում բուժանձնակազմը պետք է ձգտի ստանալ համապատասխան գրավոր հայտարարություն` ստորագրված կամ հաստատված բուժվող հիվանդի կողմից:

6. Ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պետք է վարի բժշկական գրառում փոխներարկման համար արյուն կամ փոխպատվաստման համար մաշկ հանձնելու ամեն դեպքի մասին, որոնք կատարվում են 1 կետում հիշատակված անձանց կողմից, եթե հանձնումը կատարվել է այդ կողմի պատասխանատվությամբ: Դրանից բացի, ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պետք է ձգտի վարել բոլոր բժշկական այն գործողությունների գրառումը, որոնք ձեռնարկվում են ներկալված, կալանված կամ 1 հոդվածում հիշատակված իրադրության հետևանքով ազատությունից ինչ-որ այլ կերպ զրկված անձանց նկատմամբ: Այդպիսի գրառումները պետք է պատրաստ լինեն՝ ցանկացած ժամանակ հովանավոր տերությանը ստուգման ներկայացնելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Բժշկական կազմավորումների պաշտպանությունը

 

1. Բժշկական կազմավորումները մշտապես օգտվում են հարգանքից և պաշտպանությունից և չեն կարող հարձակման օբյեկտ լինել:

2. 1 կետը քաղաքացիական բժշկական կազմավորումների նկատմամբ կիրառվում է պայմանով, որ նրանք.

ա) պատկանեն ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկին.

բ) ճանաչված և լիազորված լինեն ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկի իրավասու իշխանությունների կողմից.

գ) լիազորված լինեն սույն արձանագրության 9 հոդվածի 2 կետին կամ առաջին կոնվենցիայի 27 հոդվածին համապատասխան:

3. Ընդհարման մեջ գտնվող կողմերին առաջարկվում է միմյանց ծանուցել իրենց մշտական բժշկական կազմավորումների տեղադրման մասին: Այդպիսի ծանուցման բացակայությունը կողմերից ոչ մեկին չի ազատում 1 կետի դրույթները կատարելու պարտականությունից:

4. Ոչ մի հանգամանքներում բժշկական կազմավորումները չպետք է օգտագործվեն ռազմական օբյեկտները հարձակումից պաշտպանելու փորձ կատարելու համար: Ընդհարման մեջ գտնվող կողմերն ապահովում են, երբ դա հնարավոր է, բժշկական կազմավորումների այնպիսի տեղադրում, որի դեպքում ռազմական օբյեկտների վրա հարձակումը դրանք սպառնալիքի տակ չդնի:

 

Հ ո դ վ ա ծ 13

 

Քաղաքացիական բժշկական կազմավորումների պաշտպանության դադարեցումը

 

1. Պաշտպանությունը, որի իրավունքն ունեն քաղաքացիական բժշկական կազմավորումները, դադարեցվում է այն դեպքում, եթե դրանք մարդասիրական գործառույթներից զատ, օգտագործվում են հակառակորդին վնաս պատճառող գործողությունների համար: Պաշտպանության տրամադրումը, սակայն, կարող է դադարեցվել, եթե զգուշացումը, որը համապատասխան դեպքերում ուղեկցվել է խելամիտ ժամկետի սահմանումով, ուշադրության չի արժանանում:

2. Որպես հակառակորդին վնաս պատճառող գործողություններ չեն դիտվում.

ա) ինքնապաշտպանության կամ իրենց խնամքի տակ գտնվող վիրավորների և հիվանդների պաշտպանության համար բժշկական կազմավորումների անձնակազմի մոտ անձնական զենքի առկայությունը.

բ) զինված պահակների, ժամապահների և ուղեկցող պահակախմբի կողմից բժշկական կազմավորումների պահպանությունը.

գ) բժշկական կազմավորումներում այն հրաձգային զենքի և ռազմամթերքի առկայությունը, որոնք վերցվել են հիվանդներից և վիրավորներից և դեռ չեն հանձնվել համապատասխան ծառայություններին.

դ) բժշկական բնույթի նկատառումներով բժշկական կազմավորումներում զինծառայողների կամ այլ մարտիկների գտնվելը:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Քաղաքացիական բժշկական կազմավորումների բռնագրավման սահմանափակումը

 

1. Գրավող տերությունը պարտավոր է ապահովել, որպեսզի քաղաքացիական բնակչության բժշկական պահանջմունքները գրավյալ տարածքում շարունակեն բավարարվել:

2. Այդ պատճառով գրավող տերությունը չի կարող բռնագրավել քաղաքացիական բժշկական կազմավորումները, դրանց սարքավորումները, նյութերը կամ հարկադրական կարգով դրանց անձնակազմը ներգրավել աշխատանքի, քանի դեռ այդ միջոցներն անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության բժշկական պատշաճ սպասարկումն ապահովելու և բուժում ստացող վիրավորների ու հիվանդների խնամքը շարունակելու համար:

3. Այն պայմանով, որ 2 կետը բովանդակող ընդհանուր կանոնը շարունակի կատարվել, գրավող տերությունը կարող է հիշատակված միջոցները բռնագրավել՝ պահպանելով հետևյալ կոնկրետ պայմանները.

ա) որ այդ միջոցներն անհրաժեշտ են գրավող տերության զինված ուժերի կազմից վիրավոր և հիվանդ անձանց կամ ռազմագերիներին պատշաճ և անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու համար.

բ) որ բռնագրավումը շարունակվում է միայն այնքան ժամանակ, քանի դեռ այդպիսի անհրաժեշտություն գոյություն ունի, և

գ) որ անմիջապես միջոցներ ձեռնարկվեն ապահովելու համար, որպեսզի այդպիսի բռնագրավումից տուժած քաղաքացիական բնակչության, ինչպես նաև բուժում անցնող վիրավորների և հիվանդների բժշկական կարիքները շարունակեն բավարարվել:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Քաղաքացիական բժշկական և հոգևոր անձնակազմի պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական բուժանձնակազմն օգտվում է հարգանքից և պաշտպանությունից:

2. Անհրաժեշտության դեպքում այն շրջանում, որտեղ քաղաքացիական բժշկական ծառայությունները խաթարված են ռազմական գործողությունների պատճառով, քաղաքացիական բուժանձնակազմին ամենայն հնարավոր օգնություն է ցույց տրվում:

3. Գրավող տերությունը գրավյալ տարածքներում քաղաքացիական բուժանձնակազմին ամենայն կերպ կաջակցի, որպեսզի նրան հնարավորություն տա լավագույնս կատարել իր մարդասիրական գործառույթները: Գրավող տերությունը չի կարող պահանջել, որ իր գործառույթները կատարելիս այդ անձնակազմը նախապատվություն տա որևէ անձի, բացի բժշկական բնույթի նկատառումներից: Այդ անձնակազմին չի պարտադրվի կատարելու իր մարդասիրական առաքելության հետ անհամատեղելի խնդիրներ:

4. Քաղաքացիական բուժանձնակազմն ունի ցանկացած տեղ մուտք գործելու իրավունք, որտեղ նրա ծառայություններն անհրաժեշտ են` վերահսկողության և անվտանգության այնպիսի միջոցառումների պահպանման պայմանով, որոնք ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմը կարող է անհրաժեշտ համարել:

5. Քաղաքացիական հոգևոր անձնակազմն օգտվում է հարգանքից և պաշտպանությունից: Կոնվենցիաների և սույն արձանագրության այն դրույթները, որոնք վերաբերում են բուժանձնակազմի պաշտպանությանը և ճանաչմանը, հավասարապես կիրառելի են այս անձանց նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Բժշկական գործառույթներ կատարող անձանց

ընդհանուր պաշտպանությունը

 

1. Ոչ մի պարագայում որևէ անձ չի կարող պատժի ենթարկվել նրա կողմից այնպիսի բժշկական գործառույթներ կատարելու համար, որոնք համատեղելի են բժշկական էթիկայի հետ, անկախ այն բանից, թե ի շահ ո՞ր անձի են կատարվում այդ գործառույթները:

2. Բժշկական գործառույթներ կատարող անձանց չի կարելի հարկադրել իրականացնելու գործողություններ կամ կատարելու աշխատանքներ, որոնք հակասում են բժշկական էթիկայի նորմերին կամ վիրավորների և հիվանդների շահերին ծառայող բժշկական այլ կանոնների կամ կոնվենցիաների և սույն արձանագրության դրույթներին, ինչպես նաև հարկադրել չկատարելու այդպիսի նորմերով և դրույթներով պահանջվող գործողություններ:

3. Բժշկական գործառույթներ կատարող ոչ մի անձի չի կարող պարտադրվել որևէ մեկին՝ հակառակորդ կողմից թե նրա սեփական կողմից, բացառությամբ վերջինիս օրենսդրությամբ նախատեսվող դեպքերի, տրամադրելու որևէ տեղեկատվություն այն հիվանդների և վիրավորների վերաբերյալ, որոնք գտնվում են կամ գտնվելիս են եղել նրա խնամքի տակ, եթե այդպիսի տեղեկատվությունը, նրա կարծիքով, վնաս կհասցնի հիշյալ բուժվողներին կամ նրանց ընտանիքներին: Սակայն պետք է կատարվեն վարակիչ հիվանդությունների մասին պարտադիր տեղեկացնելու վերաբերյալ բժշկական պահանջները:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Քաղաքացիական բնակչության և օգնության ընկերությունների դերը

 

1. Քաղաքացիական բնակչությունը պետք է հարգանքով վերաբերվի վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների նկատմամբ, եթե անգամ նրանք պատկանում են հակառակորդ կողմին, և նրանց նկատմամբ թույլ չտա բռնության գործողություններ: Քաղաքացիական բնակչությանը և օգնության ընկերություններին, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի (Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի և արևի) ազգային ընկերություններին, թույլատրվում է, նույնիսկ իրենց իսկ նախաձեռնությամբ, հավաքել վիրավորներին, հիվանդներին և նավաբեկյալներին և նրանց խնամել անգամ զավթված կամ գրավյալ տարածքներում: Ոչ ոք չի կարող ենթարկվել հալածանքների, հետապնդման, դատապարտման կամ պատժի՝ նման մարդասիրական գործողությունների համար:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են խնդրանքով դիմել քաղաքացիական բնակչությանը և 1 կետում նշված օգնության ընկերություններին՝ հավաքելու վիրավորներին, հիվանդներին և նավաբեկյալներին և խնամելու նրանց, ինչպես նաև փնտրելու մահացածներին և հայտնելու նրանց գտնվելու տեղի մասին. նրանք կապահովեն նրանց պաշտպանությունը և անհրաժեշտ աջակցությունը, ովքեր կարձագանքեն իրենց դիմումին: Եթե հակառակորդ կողմը վերականգնում կամ վերահսկողություն է սահմանում այդ տարածքի նկատմամբ, ապա այդ կողմը նույնպես նման պաշտպանություն և աջակցություն է տրամադրում այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ են:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Ճանաչումը

 

1. Ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պետք է ձգտի ապահովել բժշկական և հոգևոր անձնակազմի, ինչպես նաև բժշկական կազմավորումների և սանիտարատրանսպորտային միջոցների ճանաչումը:

2. Ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ ձգտում է նաև կիրառել և իրականացնել այնպիսի մեթոդներ և ընթացակարգեր, որոնք թույլ տան ճանաչելու այն բժշկական կազմավորումները և սանիտարատրանսպորտային միջոցները, որոնք օգտագործում են տարբերանշան և տարբերիչ ազդանշաններ:

3. Գրավյալ տարածքում և այն շրջաններում, որտեղ ընթանում են կամ կարող են ընթանալ մարտեր, բժշկական և հոգևոր անձնակազմերը ճանաչվում են տարբերանշանով, և իրենց կարգավիճակը հաստատող ինքնության վկայականով:

4. Իրավասու իշխանությունների համաձայնությամբ՝ բժշկական կազմավորումները և սանիտարա-տրանսպորտային միջոցները նշվում են տարբերանշանով: Սույն արձանագրության 22 հոդվածում հիշատակված նավերը և նավակները նշվում են երկրորդ կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

5. Բացի տարբերանշանից, ընդհարման մեջ գտնվող կողմը սույն արձանագրությանն առընթեր 1 հավելվածի 3-րդ գլխին համապատասխան՝ կարող է թույլ տալ տարբերիչ ազդանշանների օգտագործում՝ բժշկական կազմավորումների և սանիտարատրանսպորտային միջոցների ճանաչման համար: Որպես բացառություն, վերը նշված գլխում նախատեսված հատուկ դեպքերում, սանիտարատրանսպորտային միջոցները կարող են օգտվել տարբերիչ ազդանշաններից` չօգտագործելով տարբերանշան:

6. Սույն հոդվածի 1-5 կետերի դրույթների կիրառումը պայմանավորվում է սույն արձանագրությանն առընթեր 1 հավելվածի 1-3-րդ գլուխներով: Այդ հավելվածի 3-րդ գլխում նկարագրված և բացառապես բժշկական կազմավորումների և սանիտարատրանսպորտային միջոցների օգտագործման համար նախատեսված ազդանշանները, բացառությամբ այդ գլխում նշված դեպքերի, չպետք է օգտագործվեն որևէ այլ նպատակով, բացի այդ գլխում նշված բժշկական կազմավորումների և սանիտարատրանսպորտային միջոցների ճանաչումից:

7. Սույն հոդվածի դրույթները չեն թույլատրում խաղաղ ժամանակ տարբերանշանի ընդլայնված կիրառում այն սահմաններից դուրս, որ նախատեսված է առաջին կոնվենցիայի 44 հոդվածով:

8. Կոնվենցիաների և սույն արձանագրության` տարբերանշանի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը և դրա չարաշահումը կանխարգելելուն ու կասեցնելուն վերաբերող դրույթները կիրառվում են նաև տարբերիչ ազդանշանների նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ 19

 

Չեզոք պետությունները և ընդհարման կողմ չհանդիսացող այլ պետությունները

 

Չեզոք պետությունները և ընդհարման կողմ չհանդիսացող պետությունները սույն արձանագրության համապատասխան դրույթները կիրառում են այն անձանց վերաբերմամբ, ովքեր համաձայն սույն մասի, օգտվում են պաշտպանությունից, ովքեր կարող են ընդունվել կամ ներկալվել իրենց տարածքի սահմաններում, ինչպես նաև այն մահացածների նկատմամբ, որոնք պատկանում են ընդհարման մեջ գտնվող կողմերին, որոնց նրանք կարող են հավաքել:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Փոխճնշումների արգելումը

 

Փոխճնշումներն այն անձանց և օբյեկտների նկատմամբ, որոնց սույն մասին համապատասխան տրամադրվում է պաշտպանություն, արգելվում են:

 

Բաժին 2

 

Սանիտարական փոխադրումները

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Ցամաքային սանիտարատրանսպորտային միջոցները

 

Ցամաքային սանիտարատրանսպորտային միջոցներն օգտվում են նույնպիսի հարգանքից և պաշտպանությունից, ինչպես որ շարժական բժշկական կազմավորումները` կոնվենցիաներին և սույն արձանագրությանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Նավ-հոսպիտալները և առափնյա փրկարար նավակները

 

1. Կոնվենցիաների դրույթները, որոնք վերաբերում են.

ա) երկրորդ կոնվենցիայի 22, 24, 25 և 27 հոդվածներում նշված նավերին,

բ) դրանց փրկարար մակույկներին և նավակներին,

գ) դրանց անձնակազմին և անձնախմբին, և

դ) նավերի վրա գտնվող վիրավորներին, հիվանդներին և նավաբեկյալներին, կիրառվում են նաև այն դեպքերում, երբ այդ նավերը, մակույկներն ու նավակները փոխադրում են քաղաքացիական վիրավորներ, հիվանդներ և նավաբեկյալներ, որոնք չեն պատկանում երկրորդ կոնվենցիայի 13 հոդվածում նշված կատեգորիաներից և ոչ մեկին: Սակայն այդ քաղաքացիական անձինք ենթակա չեն հանձնման ցանկացած կողմի, որը չի հանդիսանում նրանց սեփական կողմը, կամ ծովում գերևարվելու: Եթե նրանք հայտնվում են ընդհարման մեջ գտնվող կողմի իշխանության տակ, որը չի հանդիսանում իրենց կողմը, նրանք ընկնում են չորրորդ կոնվենցիայի և սույն արձանագրության գործողության տակ:

2. Երկրորդ կոնվենցիայի 25 հոդվածում հիշատակված նավերի` կոնվենցիաներով նախատեսվող պաշտպանությունը տարածվում է նավ-հոսպիտալների վրա, որոնք մարդասիրական նպատակներով ընդհարման մեջ գտնվող կողմին են տրամադրվում՝

ա) չեզոք պետության կամ ընդհարման կողմ չհանդիսացող այլ պետության կողմից, կամ

բ) անկողմնակալ միջազգային մարդասիրական կազմակերպության կողմից, պայմանով, որ երկու դեպքում էլ կատարվում են վերոհիշյալ հոդվածում շարադրված պահանջները:

3. Երկրորդ կոնվենցիայի 27 հոդվածում նշված նավակներն օգտվում են պաշտպանությունից, եթե անգամ չի արված այդ հոդվածով նախատեսվող ծանուցումը: Այնուամենայնիվ, ընդհարման մեջ գտնվող կողմերին առաջարկվում է միմյանց տեղեկացնել այն բոլոր մանրամասների մասին, որոնք վերաբերում են այդպիսի նավակներին, որոնք կարող են դյուրացնել դրանք ճանաչելը և տարբերակելը:

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Սանիտարական այլ նավերը և նավակները

 

1. Սույն արձանագրության 22 հոդվածում և երկրորդ կոնվենցիայի 38 հոդվածում նշվածներից զատ այն սանիտարական նավերը և նավակները, որոնք գտնվում են ծովում կամ այլ ջրերում, օգտվում են նույնպիսի հարգանքից և պաշտպանությունից, ինչպես շարժական սանիտարական կազմավորումները` կոնվենցիաներին և սույն արձանագրությանը համապատասխան: Քանի որ այդ պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե դրանք կարողանան ճանաչվել և տարբերակվել որպես սանիտարական նավեր կամ նավակներ, դրանք պետք է նշվեն տարբերանշանով և, որքան հնարավոր է, պահպանեն երկրորդ կոնվենցիայի 43 հոդվածի 2 կետի դրույթները:

2. 1 կետում նշված նավերի և նավակների վրա շարունակում են տարածվել պատերազմի օրենքները: Մակերեսին գտնվող ցանկացած ռազմանավ, որն ի վիճակի է անմիջապես ստիպել դրանց կատարելու իր կարգադրությունը, կարող է նրանց հրաման տալ կանգ առնել, թողնել շրջանը կամ որոշակի ուղղություն բռնել, և դրանք պետք է ենթարկվեն այդպիսի հրամանի: Այդպիսի նավերը և նավակները չեն կարող որևէ ձևով շեղվել իրենց առաքելությունը կատարելուց այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ են այդ նավերում և նավակներում գտնվող վիրավորներին, հիվանդներին և նավաբեկյալներին:

3. 1 կետում նախատեսված պաշտպանությունը դադարեցվում է միայն այն պայմաններում, որոնք շարադրված են երկրորդ կոնվենցիայի 34 և 35 հոդվածներում: 2 կետին համապատասխան տրված հրամանին ենթարկվելուց բացահայտ հրաժարումը համարվում է երկրորդ կոնվենցիայի 34 հոդվածի համաձայն հակառակորդին վնաս հասցնելու գործողություն:

4. Ընդհարման մեջ գտնվող կողմը կարող է մինչև մեկնելը հակառակ կողմին որքան հնարավոր է շուտ ծանուցել սանիտարական նավի կամ նավակի անվան, տեխնիկական տվյալների, մեկնելու հավանական ժամանակի, ուղղության և ենթադրվող արագության մասին` հատկապես 2000 բրուտտո-տոննայից բարձր ջրատարողության նավերի վերաբերմամբ, և կարող է հաղորդել ցանկացած այլ տեղեկություններ, որոնք կդյուրացնեն ճանաչումը և տարբերակումը: Հակառակ կողմը հաստատում է այդպիսի տեղեկություններ ստանալը:

5. Երկրորդ կոնվենցիայի 37 հոդվածի դրույթները կիրառվում են այդպիսի նավերում և նավակներում գտնվող բժշկական և հոգևոր անձնակազմի նկատմամբ:

6. Երկրորդ կոնվենցիայի համապատասխան դրույթները կիրառվում են երկրորդ կոնվենցիայի 13 և սույն արձանագրության 44 հոդվածում նշված այն վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների նկատմամբ, ովքեր գտնվում են այդպիսի սանիտարական նավերում և նավակներում: Այն քաղաքացիական վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները, որոնք չեն պատկանում երկրորդ կոնվենցիայի 13 հոդվածում նշված կատեգորիաներից ոչ մեկին, քանի դեռ նրանք գտնվում են ծովում, ենթակա չեն ոչ հանձնման որևէ կողմի, որը չի հանդիսանում նրանց կողմը, ոչ էլ այդպիսի նավերից կամ նավակներից վայր իջեցվելու: Եթե, այնուամենայնիվ նրանք հայտնվում են ընդհարման մեջ գտնվող այն կողմի իշխանության տակ, որը չի հանդիսանում նրանց սեփական կողմը, նրանք ընկնում են չորրորդ կոնվենցիայի և սույն արձանագրության դրույթների գործողության տակ:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Սանիտարական թռչող ապարատների պաշտպանությունը

 

Սանիտարական թռչող ապարատներն օգտվում են հարգանքից և պաշտպանությունից` սույն մասի դրույթներին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  25

 

Սանիտարական թռչող ապարատները հակառակորդ կողմից չվերահսկվող շրջաններում

 

Ցամաքային շրջաններում և դրանց օդային տարածությունում, որոնց նկատմամբ ֆիզիկական վերահսկողությունն իրականացվում է բարեկամ ուժերի կողմից, կամ ծովային շրջաններում և դրանց օդային տարածությունում, որոնց նկատմամբ հակառակորդ կողմից ֆիզիկական վերահսկողություն չի իրականացվում, ընդհարման մեջ գտնվող կողմի սանիտարական թռչող ապարատների նկատմամբ հարգանքը և պաշտպանությունը կախում չունեն հակառակորդ կողմի հետ որևէ համաձայնությունից: Այնուամենայնիվ, ընդհարման մեջ գտնվող և այդ շրջաններում սանիտարական թռչող ապարատներ օգտագործող կողմը առավել ապահովության համար կարող է հակառակորդ կողմին, ինչպես նախատեսված է 29 հոդվածում, ծանուցել, մասնավորապես, եթե այդպիսի թռչող ապարատները թռիչքներ են կատարում հակառակորդ կողմի «երկիր-օդ» դասի զենքին հասանելի շրջաններում:

 

Հ ո դ վ ա ծ  26

 

Սանիտարական թռչող ապարատները շփման կամ համանման գոտիներում

 

1. Շփման գոտու այն մասերում, որոնց նկատմամբ ֆիզիկական վերահսկողությունն իրականացվում է բարեկամ ուժերի կողմից, և այն շրջաններում, որոնց նկատմամբ որևէ ուժի կողմից ֆիզիկական վերահսկողություն հստակորեն չի իրականացվում, ինչպես նաև դրանց համապատասխան օդային տարածությունում, սանիտարական թռչող ապարատների պաշտպանությունը կարող է լիակատար լինել միայն ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավասու զինվորական իշխանությունների միջև նախապես կնքված համաձայնության հիման վրա, ինչպես դա նախատեսված է 29 հոդվածով: Թեև նման համաձայնության բացակայության դեպքում թռչող ապարատները գործում են իրենց սեփական պատասխանատվությամբ, այնուամենայնիվ, դրանք օգտվում են հարգանքից այն բանից հետո, երբ ճանաչվում են որպես այդպիսիք:

2. «Շփման գոտի» նշանակում է ցամաքի ցանկացած շրջան, որտեղ հակամարտ ուժերի առաջապահ ստորաբաժանումները միմյանց հետ գտնվում են շփման մեջ և հատկապես այնտեղ, որտեղ նրանք գտնվում են երկրից ուղիղ նշանառությամբ կրակի հասանելիության սահմաններում:

 

Հ ո դ վ ա ծ  27

 

Սանիտարական թռչող ապարատները հակառակորդ կողմից վերահսկվող շրջաններում

 

1. Ընդհարման մեջ գտնվող կողմի սանիտարական թռչող ապարատներն օգտվում են պաշտպանությունից այն ցամաքային կամ ծովային շրջանների վրայով թռիչքների ժամանակ, որոնց նկատմամբ ֆիզիկական վերահսկողությունն իրականացվում է հակառակորդ կողմից, պայմանով, որ այդպիսի թռիչքների կատարման համար նախապես ստացվել է այդ հակառակորդ կողմի իրավասու իշխանությունների համաձայնությունը:

2. Սանիտարական թռչող ապարատը, որը հակառակորդ կողմից իրականացվող ֆիզիկական վերահսկողության շրջանի վրայով թռիչք է կատարում 1 կետում նախատեսված համաձայնության բացակայությամբ կամ այն պայմանների խախտումով, որոնց հիման վրա նման համաձայնություն ստացված է՝ օդագնացության սխալի, կամ արտակարգ հանգամանքների բերումով, որոնք սպառնում են թռիչքի անվտանգությանը, գործադրում է բոլոր ջանքերը իրեն ճանաչել տալու և այդ հանգամանքների մասին հակառակորդ կողմին տեղեկացնելու համար: Հենց որ հակառակորդ կողմը ճանաչի այդպիսի թռչող ապարատը, նա կձեռնարկի բոլոր խելամիտ ջանքերը, որպեսզի հրաման տա վայրէջք կատարել ցամաքում կամ ջրի վրա, ինչպես դա նախատեսված է 30 հոդվածով (կետ 1), կամ կձեռնարկի այլ միջոցներ՝ իր շահերի պաշտպանության համար՝ ամեն դեպքում թռչող ապարատին տալով ժամանակ՝ հրամանը կատարելու համար, նախքան նրա վրա հարձակման դիմելը:

 

Հ ո դ վ ա ծ  28

 

Սանիտարական թռչող ապարատների օգտագործման սահմանափակումները

 

1. Ընդհարման մեջ գտնվող կողմերին արգելվում է հակառակորդ կողմի նկատմամբ ռազմական առավելություն ստանալու նպատակով իրենց սանիտարական թռչող ապարատների օգտագործումը: Սանիտարական թռչող ապարատների առկայությունը չպետք է օգտագործվի ռազմական օբյեկտները հարձակումից պաշտպանելու նպատակով:

2. Սանիտարական թռչող ապարատները չպետք է օգտագործվեն հետախուզական տվյալներ հավաքելու կամ հաղորդելու համար և չպետք է կրեն այդ նպատակների համար նախատեսված սարքավորում: Դրանց արգելվում է իրականացնել ցանկացած անձանց կամ բեռների փոխադրումը, որոնք մտցված չեն 8 հոդվածի f/ կետում բովանդակվող բնորոշման մեջ: Սանիտարական թռչող ապարատներով դրանց մեջ գտնվող անձանց անհատական իրերի փոխադրումը, կամ բացառապես թռիչքի, կապի և ճանաչման դյուրացման համար նախատեսված սարքավորման առկայությունը չեն համարվում արգելված:

3. Սանիտարական թռչող ապարատները չպետք է փոխադրեն որևէ այլ զենք, բացի հրաձգային զենքից ու զինամթերքից, որոնք վերցված են այդ թռչող ապարատներում գտնվող վիրավորներից, հիվանդներից և նավաբեկյալներից և դեռ չեն հանձնված համապատասխան ծառայությանը, և բացի այնպիսի թեթև անձնական զենքից, որը կարող է անհրաժեշտ լինել թռչող ապարատներում գտնվող բուժանձնակազմին` ինքնապաշտպանության և նրա խնամքի տակ գտնվող վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների պաշտպանության համար:

4. 26 և 27 հոդվածներում հիշատակված թռիչքները կատարելիս սանիտարական թռչող ապարատները, բացառությամբ հակառակորդ կողմի հետ նախօրոք կնքված համաձայնությամբ նախատեսված դեպքերի, չպետք է օգտագործվեն վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների որոնման համար:

 

Հ ո դ վ ա ծ  29

 

Սանիտարական թռչող ապարատներին վերաբերող ծանուցումները և համաձայնագրերը

 

1. 25 հոդվածին համապատասխան ծանուցումները կամ 26, 27, 28 (4 կետին) և 31 հոդվածին համապատասխան նախնական համաձայնության մասին պահանջները պետք է նշեն տվյալներ սանիտարական թռչող ապարատների ենթադրվող թվի, դրանց թռիչքների պլանների և ճանաչման միջոցների մասին, և մեկնաբանվեն այնպես, որ յուրաքանչյուր թռիչք կկատարվի 28 հոդվածին համապատասխան:

2. Այն կողմը, որը 25 հոդվածին համապատասխան ծանուցում է ստանում, առանց ուշացնելու հաստատում է այդպիսի ծանուցման ստացումը:

3. 26, 27 կամ 31 հոդվածներին, կամ 28 հոդվածի 4 կետին համապատասխան նախնական համաձայնության մասին հարցում ստացող կողմը, որքան հնարավոր է արագորեն՝ հարցում անող կողմին ծանուցում է.

ա) հարցումը բավարարելու մասին,

բ) հարցումը մերժելու մասին,

գ) ի պատասխան հարցումի՝ խելամիտ այլընտրանքային առաջարկությունների մասին: Կողմը կարող է նաև առաջարկել արգելել կամ սահմանափակել տվյալ ժամանակահատվածում թռիչքներն այդ շրջանում: Եթե հարցում ուղարկող կողմն ընդունում է հանդիպակաց առաջարկությունները, ապա մյուս կողմին տեղեկացնում է այդ առաջարկություններն ընդունելու իր համաձայնության մասին:

4. Կողմերը նաև անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում՝ ապահովելու արագ ծանուցումը և համաձայնագրերի կնքումը:

5. Կողմերը նաև անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի ցանկացած այդպիսի ծանուցման կամ համաձայնության էությունը հնարավոր լինի արագորեն հասցնել համապատասխան զորամասերին, և որպեսզի դրանք տեղեկանան նաև ճանաչման այն միջոցների մասին, որոնք կօգտագործվեն տվյալ սանիտարական թռչող ապարատների կողմից:

 

Հ ո դ վ ա ծ  30

 

Սանիտարական թռչող ապարատների վայրէջքը և ստուգումը

 

1. Այն սանիտարական թռչող ապարատներին, որոնք թռիչքներ են կատարում հակառակորդ կողմից ֆիզիկական վերահսկողություն իրականացվող շրջանների, ինչպես նաև այնպիսի շրջանների վրայով, որոնց նկատմամբ ֆիզիկական վերահսկողություն հստակորեն չի կատարվում, հանգամանքների բերումով կարող է հրամայվել՝ վայրէջք կատարել կամ նստել ջրի վրա՝ ներքոհիշյալ կետերին համապատասխան ստուգում անցնելու համար: Սանիտարական թռչող ապարատները այդպիսի ցանկացած հրամանի պետք է ենթարկվեն:

2. Հրամանի համաձայն կամ ուրիշ պատճառներով վայրէջք կատարելու կամ ջրի վրա նստելու դեպքում թռչող ապարատը կարող է ստուգման ենթարկվել բացառապես պարզելու նպատակով այն, թե ապարատը համապատասխանո՞ւմ է 3 և 4 կետերում նշված պայմաններին: Ցանկացած այդպիսի ստուգում կատարվում է առանց ուշացնելու և կարճ ժամկետում: Ստուգում կատարող կողմը չպետք է պահանջի թռչող ապարատից իջեցնել վիրավորներին և հիվանդներին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց հեռացումն անհրաժեշտ է ստուգման համար: Ստուգում կատարող կողմը բոլոր դեպքերում պետք է հոգա, որպեսզի ստուգման կամ թռչող ապարատից հեռացնելու հետևանքով վիրավորների և հիվանդների վիճակը չվատթարանա:

3. Եթե ստուգումը ցույց տա, որ թռչող ապարատը.

ա) հանդիսանում է սանիտարական թռչող ապարատ 8 հոդվածի j կետի իմաստով,

բ) չի խախտում 28 հոդվածով նախատեսված պայմանները, և

գ) թռիչք չի կատարել առանց նախնական համաձայնության կամ ի խախտումն դրա, երբ պահանջվում է այդպիսի համաձայնություն, ապա թռչող ապարատին և այնտեղ գտնվող անձանց, որոնք պատկանում են հակառակորդ կողմին կամ չեզոք պետությանը կամ ընդհարման կողմ չհանդիսացող այլ պետության, թույլատրվում է շարունակել թռիչքն առանց ուշացման:

4. Եթե ստուգումը ցույց տա, որ թռչող ապարատը.

ա) չի հանդիսանում սանիտարական ապարատ 8 հոդվածի ժ կետի իմաստով,

բ) խախտում է 28 հոդվածում նախատեսված պայմանները, կամ

գ) թռիչքը կատարել է առանց նախնական համաձայնության կամ ի խախտումն դրա, երբ պահանջվում է այդպիսի համաձայնություն, այդպիսի թռչող ապարատը կարող է պահվել: Թռչող ապարատում գտնվող բոլոր անձանց հետ պետք է վարվեն կոնվենցիաների և սույն արձանագրության համապատասխան դրույթների համաձայն: Այն դեպքում, երբ պահված թռչող ապարատը նախատեսված է եղել օգտագործվելու որպես մշտական թռչող սանիտարական ապարատ, հետագայում այն կարող է օգտագործվել միայն որպես սանիտարական թռչող ապարատ:

 

Հ ո դ վ ա ծ  31

 

Չեզոք պետությունները կամ ընդհարման կողմ չհանդիսացող մյուս պետությունները

 

1. Սանիտարական թռչող ապարատները չպետք է թռիչքներ կատարեն չեզոք պետության կամ ընդհարման կողմ չհանդիսացող այլ պետության տարածքով և չպետք է վայրէջք կատարեն այնտեղ ցամաքում կամ ջրի վրա, բացի միայն նախապես ձեռք բերված համաձայնությամբ: Սակայն նման համաձայնության առկայության դեպքում ամբողջ թռիչքի ընթացքում, ինչպես նաև այդ տարածքում ցանկացած միջանկյալ վայրէջքի ժամանակ օգտվում են հարգանքից: Այնուամենայնիվ, դրանք պետք է ենթարկվեն դեպքի հանգամանքներից կախված վայրէջք կատարելու կամ ջրի վրա նստելու ցանկացած հրամանի:

2. Եթե սանիտարական թռչող ապարատը չեզոք պետության կամ ընդհարման կողմ չհանդիսացող այլ պետության տարածքով թռիչք է կատարում համաձայնության բացակայությամբ կամ օդագնացության սխալի հետևանքով, կամ թռիչքի անվտանգության վրա ազդող արտակարգ հանգամանքների բերումով համաձայնության պայմաններից շեղվելով, ապա այն պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ թռիչքի մասին ծանուցելու և իրեն ճանաչել տալու համար: Հենց որ այդպիսի սանիտարական թռչող ապարատը ճանաչվում է, այդ պետությունը գործադրում է բոլոր խելամիտ ջանքերը, որպեսզի հրաման տա վայրէջք կատարելու կամ ջրի վրա նստելու` 30 հոդվածի 1 կետին համապատասխան, կամ ձեռնարկի այլ միջոցներ՝ իր շահերը պաշտպանելու համար, և ամեն դեպքում, թռչող ապարատին հրամանը կատարելու համար ժամանակ է տրամադրում՝ նախքան նրա վրա հարձակման դիմելը:

3. Եթե սանիտարական թռչող ապարատը համաձայնությանը համապատասխան կամ 2 կետում հիշատակված հանգամանքներով թելադրված հրամանի համաձայն կամ որևէ այլ պատճառներով վայրէջք է կատարում կամ նստում է ջրի վրա չեզոք պետության կամ ընդհարման կողմ չհանդիսացող այլ պետության տարածքում, այն ստուգման է ենթարկվում՝ պարզելու համար, թե հանդիսանո՞ւմ է արդյոք սանիտարական թռչող ապարատ: Ստուգումը կատարվում է առանց ուշացնելու և կարճ ժամկետում: Ստուգում կատարող կողմը չի պահանջում թռչող ապարատն օգտագործող կողմի վիրավորների և հիվանդների դուրս բերումը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց հեռացումն անհրաժեշտ է ստուգման համար: Ստուգում կատարող կողմը բոլոր դեպքերում կհոգա, որպեսզի ստուգման կամ թռչող ապարատից դուրս բերման հետևանքով չվատթարանա վիրավորների և հիվանդների վիճակը: Եթե ստուգումը ցույց է տալիս, որ թռչող ապարատն իրոք հանդիսանում է սանիտարական թռչող ապարատ, ապա այդպիսի ապարատին, դրանում գտնվող անձանց հետ միասին, բացառությամբ նրանցից, ովքեր պետք է պահվեն միջազգային իրավունքի` զինված ընդհարումների ժամանակաշրջանում կիրառվող նորմերին համապատասխան, թույլատրվում է շարունակել թռիչքը, և ապարատին տրամադրվում են անհրաժեշտ պայմաններ՝ թռիչքը շարունակելու համար: Եթե ստուգմամբ պարզվում է, որ թռչող ապարատը չի հանդիսանում սանիտարական թռչող ապարատ, ապա այն պահվում է, իսկ նրանում գտնվող անձանց հետ վարվում են 4 կետին համապատասխան:

4. Բացառությամբ ժամանակավորապես իջեցվածների, վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները, որոնք սանիտարական թռչող ապարատից իջեցվել են չեզոք պետության կամ ընդհարման կողմ չհանդիսացող այլ պետության տարածքում տեղական իշխանությունների համաձայնությամբ, այդ պետության և ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև այլ բնույթի համաձայնության բացակայության դեպքում՝ այդ պետության կողմից պահվում են, եթե դա պահանջում են միջազգային իրավունքի` զինված ընդհարումների ժամանակ կիրառվող նորմերը, այնպես, որպեսզի չկարողանան վերստին մասնակցել ռազմական գործողություններին: Հոսպիտալացման և ներկալման հետ կապված ծախսերը կատարում է այն պետությունը, որին պատկանում են այդ անձինք:

5. Չեզոք պետությունները կամ ընդհարման կողմ չհանդիսացող մյուս պետությունները ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերի համար հավասար ձևով կկիրառեն իրենց տարածքով սանիտարական թռչող ապարատների թռիչքի կամ այդ տարածքում վայրէջքի վերաբերմամբ ցանկացած պայման և սահմանափակում:

 

Բաժին 3

 

Անհայտ կորած և մահացած անձինք

 

Հ ո դ վ ա ծ  32

 

Ընդհանուր սկզբունքը

 

Սույն բաժնի դրույթները կիրառելիս ընդհարման մեջ գտնվող Բարձր պայմանավորվող կողմերը և կոնվենցիաների ու սույն արձանագրության մեջ հիշատակված միջազգային մարդասիրական կազմակերպություններն իրենց գործունեության մեջ ելնում են իրենց հարազատների ճակատագրի մասին իմանալու՝ ընտանիքների իրավունքից:

 

Հ ո դ վ ա ծ  33

 

Անհայտ կորած անձինք

 

1. Հենց որ հանգամանքները թույլ տան, և ամենաուշը՝ ռազմական ակտիվ գործողությունների ավարտից հետո, ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ փնտրում է այն անձանց, որոնց մասին հակառակորդ կողմը հաղորդել է որպես անհայտ կորած անձինք: Հակառակորդ կողմը տրամադրում է բոլոր անհրաժեշտ տվյալներն այդ անձանց մասին նրանց որոնմանը նպաստելու նպատակով:

2. Նախորդ կետին համապատասխան տեղեկություններ հավաքելուն նպաստելու նպատակով ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ, այն անձանց վերաբերմամբ, որոնք չեն օգտվի առավել նպաստավոր վերաբերմունքից կոնվենցիաների և սույն արձանագրության համաձայն՝

ա) ինչպես դա նախատեսված է չորրորդ կոնվենցիայի 138 հոդվածով, տեղեկություններ է գրանցում այն անձանց մասին, որոնք պահվել են, բանտարկվել կամ ռազմական գործողությունների կամ գրավման հետևանքով որևէ այլ կերպ ազատազրկվել երկու շաբաթը գերազանցող ժամկետով կամ մահացել են այդպիսի կալանման ընթացքում.

բ) առավելագույն հնարավորության չափով նպաստում է այդպիսի անձանց որոնմանը և նրանց վերաբերյալ տեղեկությունների գրանցմանը, եթե նրանք մահացել են այլ հանգամանքներում ռազմական գործողությունների կամ գրավման հետևանքով և, անհրաժեշտության դեպքում, ինքն է կատարում այդպիսի որոնում և գրանցում:

3. Այն անձանց մասին տեղեկությունները, որոնց անհայտ կորած լինելու մասին 1 կետին համապատասխան հաղորդվել է, ինչպես նաև այդպիսի տեղեկությունների վերաբերյալ հարցումները հաղորդվում են կամ անմիջականորեն, կամ հովանավոր տերության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնական տեղեկատու գործակալության կամ Կարմիր խաչի (Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի և արևի) ազգային ընկերությունների միջոցով: Երբ տեղեկությունները հաղորդվում են ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և նրա կենտրոնական տեղեկատու գործակալության միջոցով, ապա ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ ապահովում է, որպեսզի այդ տեղեկություններն ուղարկվեն նաև կենտրոնական տեղեկատու գործակալություն:

4. Ընդհարման մեջ գտնվող կողմերը կձգտեն համաձայնության գալ՝ որոնման, ճանաչման և ռազմական գործողությունների շրջաններից մահացածներին դուրս բերելու համար խմբեր կազմելու մասին. այդ համաձայնություններն անհրաժեշտության դեպքում կարող են նախատեսել, որ հակառակորդ կողմից վերահսկվող շրջաններում իրենց խնդիրները կատարելիս այդպիսի խմբերին ուղեկցեն հակառակորդ կողմի անձնակազմի անդամներ: Այդպիսի խմբերի անձնակազմը՝ բացառապես նման պարտականություններ կատարելու ընթացքում, օգտվում է հարգանքից և պաշտպանությունից:

 

Հ ո դ վ ա ծ  34

 

Մահացածների աճյունները

 

1. Այն անձանց աճյունները, որոնք մահացել են գրավման հետ կապված պատճառներով կամ բանտարկության մեջ, որը հանդիսանում է գրավման կամ ռազմական գործողությունների հետևանք, և այն անձանց աճյունները, որոնք չեն հանդիսանում այն երկրի քաղաքացիները, որտեղ նրանք մահացել են ռազմական գործողությունների հետևանքով, օգտվում են հարգանքից և այդպիսի բոլոր անձանց թաղման վայրերն օգտվում են հարգանքից, պահպանվում են և նշվում, ինչպես դա նախատեսվում է չորրորդ կոնվենցիայի 130 հոդվածով, եթե այդպիսի անձանց աճյունները կամ նրանց թաղման վայրերը չեն օգտվում առավել նպաստավոր վերաբերմունքից` կոնվենցիաներին և սույն արձանագրությանը համապատասխան:

2. Հենց որ թույլ տան հանգամանքները և հակառակորդ կողմերի միջև հարաբերությունները, Բարձր պայմանավորվող կողմերը, որոնց տարածքում գտնվում են ռազմական գործողությունների հետևանքով կամ գրավման ժամանակ, կամ բանտարկության մեջ մահացած անձանց գերեզմանները, կամ աճյունների թաղման հնարավոր մյուս տեղերը, պայմանագրեր են կնքում՝ նպատակ ունենալով՝

ա) նպաստել մահացածների հարազատների և գերեզմանների գրանցման պաշտոնական ծառայությունների ներկայացուցիչների մուտքին թաղման այդ տեղերը, ինչպես նաև այդպիսի մուտքի ապահովման համար գործնական միջոցների ձեռնարկմանը,

բ) մշտապես պահպանել և խնամել թաղման այդպիսի տեղերը,

գ) նպաստել մահացածների աճյունների և անձնական գույքի վերադարձմանը հայրենիք` այդ կողմի խնդրանքով կամ, եթե այդ երկիրը չի առարկում, մահացածների մերձավոր հարազատների խնդրանքով:

3. 2բ) կամ 2գ) կետերում նախատեսված համաձայնագրերի բացակայության դեպքում, և եթե այն երկիրը, որը հանդիսանում է մահացածների հայրենիքը, համաձայն չէ իր հաշվին ապահովել թաղման այդպիսի տեղերի պահպանությունը, ապա այն Բարձր պայմանավորվող կողմը, որի տարածքում են գտնվում թաղման այդպիսի տեղերը, կարող է առաջարկել աջակցելու մահացածների աճյունների վերադարձմանը հայրենիք: Եթե այդ առաջարկությունը չի ընդունվել այն անելուց հինգ տարի անց, ապա Բարձր պայմանավորվող կողմը, մահացածների հայրենիք հանդիսացող երկրին պատշաճ ծանուցումից հետո, կարող է իր սեփական օրենսդրությամբ նախատեսվող միջոցներ ձեռնարկել գերեզմանատների և գերեզմանների վերաբերյալ:

4. Այն Բարձր պայմանավորվող կողմին, որի տարածքում գտնվում են սույն հոդվածում հիշատակված` թաղման վայրերը, թույլատրվում է դիակն արտաշիրմել միայն.

ա) 2գ) և 3 կետերին համապատասխան, կամ

բ) երբ դիակի արտաշիրմումը թելադրվում է հանրային բարձր անհրաժեշտությամբ, ներառյալ՝ բժշկական անհրաժեշտություն և հետաքննություն կատարելու անհրաժեշտություն առաջացնող դեպքերը, այդ դեպքում Բարձր պայմանավորվող կողմը մշտապես հարգանքով է վերաբերվում աճյունների նկատմամբ և մահացողների հայրենիք հանդիսացող երկրին ծանուցում է դիակն արտաշիրմելու իր մտադրության մասին, ինչպես նաև նրան մանրամասներ է հաղորդում նախատեսված վերաթաղման տեղի մասին:

 

Մաս 3

 

Պատերազմելու մեթոդները և միջոցները: Մարտիկների և ռազմագերիների կարգավիճակը

 

Բաժին 1

 

Պատերազմելու մեթոդները և միջոցները

 

Հ ո դ վ ա ծ  35

 

Հիմնական նորմերը

 

1. Ցանկացած զինված ընդհարման դեպքում ընդհարման մեջ գտնվող կողմերի՝ պատերազմելու մեթոդների և միջոցների ընտրության իրավունքն անսահմանափակ չէ:

2. Արգելվում է կիրառել այնպիսի զենքեր, արկեր, նյութեր, ինչպես նաև պատերազմելու այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելորդ վնասներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել:

3. Արգելվում է կիրառել պատերազմելու այնպիսի մեթոդներ կամ միջոցներ, որոնք նպատակ ունեն շրջակա միջավայրին պատճառել, կամ, կարելի է ենթադրել, որ կպատճառեն լայնածավալ, տևական և լուրջ վնաս:

 

Հ ո դ վ ա ծ  36

 

Զենքի նոր տեսակները

 

Զենքի նոր տեսակներ, պատերազմի միջոցներ կամ մեթոդներ ուսումնասիրելիս, մշակելիս, ձեռք բերելիս կամ գործողության մեջ դնելիս Բարձր պայմանավորվող կողմը պետք է որոշի, թե դրանց կիրառումը որոշ կամ բոլոր հանգամանքներում ընկնո՞ւմ է սույն արձանագրության դրույթներով կամ Բարձր պայմանավորվող կողմի նկատմամբ կիրառվող միջազգային իրավունքի որևէ ուրիշ նորմով սահմանված արգելքի տակ:

 

Հ ո դ վ ա ծ  37

 

Ուխտադրժության արգելումը

 

1. Արգելվում է հակառակորդին սպանել, վիրավորել կամ գերի վերցնել` ուխտադրժության դիմելով: Ուխտադրժություն են համարվում այն գործողությունները, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի վստահություն առաջացնեն հակառակորդի մոտ և ստիպեն նրան հավատալու, որ նա պաշտպանության իրավունք ունի կամ պարտավոր է նման պաշտպանություն ապահովել՝ զինված ընդհարումների ժամանակ կիրառվող միջազգային իրավունքի նորմերի համաձայն, նպատակ ունենալով խաբել՝ այդպիսի վստահությունից օգտվելով: Ուխտադրժության օրինակներ են հանդիսանում հետևյալ գործողությունները.

ա) հաշտության դրոշի ներքո բանակցություններ վարելու մտադրություն ձևացնելը կամ կապիտուլացում ձևացնելը,

բ) վիրավորվելու կամ հիվանդության հետևանքով շարքից դուրս գալ ձևացնելը,

գ) քաղաքացիական անձի կամ ոչ մարտիկի կարգավիճակ ունենալ ձևացնելը,

դ) Միավորված ազգերի կազմակերպության, չեզոք պետությունների կամ ընդհարման կողմ չհանդիսացող այլ պետությունների նշանների, խորհրդանշանների կամ համազգեստի օգտագործման միջոցով պաշտպանություն տրամադրող կարգավիճակ ունենալ ձևացնելը:

2. Ռազմական խորամանկությունները չեն արգելվում: Այդպիսի խորամանկություններ են հանդիսանում այն գործողությունները, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի հակառակորդին թյուրիմացության մեջ գցեն կամ հրահրեն անզգուշորեն գործելու, որոնք սակայն չեն խախտում միջազգային իրավունքի` զինված ընդհարումների ժամանակ կիրառվող որևէ նորմ, և որոնք չեն հանդիսանում ուխտադրուժ գործողություններ, քանի որ դրանք չեն խաբում հակառակորդ կողմի վստահությունն այդ իրավունքով տրամադրվող պաշտպանության նկատմամբ: Այդպիսի խորամանկությունների օրինակներ են հանդիսանում հետևյալ գործողությունները՝ քողարկման, ծուղակների, կեղծ գործողությունների և ապատեղեկատվության օգտագործումը:

 

Հ ո դ վ ա ծ  38

 

Ճանաչված խորհրդանշանները

 

1. Արգելվում է կարմիր խաչի, կարմիր մահիկի կամ կարմիր առյուծի և արևի տարբերանշանի կամ կոնվենցիաներով, կամ սույն արձանագրությամբ նախատեսված մյուս խորհրդանշանների, նշանների և ազդանշանների օգտագործումը ոչ իրենց նշանակությամբ: Նաև արգելվում է զինված ընդհարման ժամանակ միտումնավոր կերպով չարաշահել միջազգայնորեն ճանաչված խորհրդանշանները, նշանները և ազդանշանները, ներառյալ՝ հաշտության դրոշակը և մշակութային արժեքների պաշտպանական խորհրդանշանը:

2. Արգելվում է օգտագործել Միավորված ազգերի կազմակերպության տարբերանշանը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն թույլատրվում է կազմակերպության կողմից:

 

Հ ո դ վ ա ծ  39

 

Ազգային խորհրդանշանները

 

1. Զինված ընդհարման ժամանակ արգելվում է օգտագործել չեզոք պետությունների կամ ընդհարման կողմ չհանդիսացող այլ պետությունների դրոշները, զինվորական խորհրդանշանները, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը:

2. Արգելվում է օգտագործել հակառակորդ կողմերի դրոշները, զինվորական խորհրդանշանները, զինվորական տարբերանշանները կամ համազգեստը հարձակումների ժամանակ կամ ռազմական գործողությունները քողարկելու, դրանց նպաստելու, պաշտպանելու կամ դրանք դժվարացնելու համար:

3. Սույն հոդվածի կամ 37 հոդվածի 1.դ կետի ոչ մի դրույթ չի շոշափում միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչմանն արժանացած այն նորմերը, որոնք կիրառվում են լրտեսության կամ ծովում զինված ընդհարումների ժամանակ դրոշների օգտագործման նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  40

 

Գթությունը

 

Արգելվում է ոչ մեկին կենդանի չթողնելու հրաման տալը, դրանով հակառակորդին սպառնալը կամ դրա հիման վրա ռազմական գործողություններ վարելը:

 

Հոդված 41

 

Հակառակորդ կողմի` շարքից դուրս եկած անձանց պաշտպանությունը

 

1. Արգելվում է հարձակման ենթարկել այն անձին, որը ճանաչված է կամ որին տվյալ հանգամանքներում հարկ է ճանաչել որպես շարքից դուրս եկած անձ:

2. Շարքից դուրս եկած է համարվում ցանկացած անձ, որը.

ա) գտնվում է հակառակորդ կողմի իշխանության տակ,

բ) բացահայտորեն գերի հանձնվելու մտադրություն է արտահայտում, կամ

գ) գտնվում է գիտակցությունը կորցրած վիճակում կամ որևէ ձևով շարքից դուրս է եկել վիրավորվելու կամ հիվանդության հետևանքով և այդ պատճառով ընդունակ չէ պաշտպանվելու, պայմանով, որ ցանկացած այդպիսի դեպքում այդ անձը ձեռնպահ է մնում որևէ թշնամական գործողությունից և չի փորձում փախչել:

3. Երբ որպես ռազմագերիներ պաշտպանության իրավունք ունեցող անձինք հակառակորդ կողմի իշխանության տակ են ընկնում ռազմական գործողությունների անսովոր պայմաններում, որոնց ժամանակ հնարավոր չէ նրանց տարահանումը, ինչպես դա նախատեսված է երրորդ կոնվենցիայի 3 մասի 1 բաժնում, ապա նրանք պետք է ազատվեն, և նրանց անվտանգության ապահովման համար ձեռնարկվեն նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները:

 

Հ ո դ վ ա ծ  42

 

Թռչող ապարատներում գտնվող անձինք

 

1. Աղետի ենթարկվող թռչող ապարատից անկարգելով թռչող ոչ մի անձ հարձակման չի ենթարկվի իր վայրէջքի ընթացքում:

2. Աղետի ենթարկվող թռչող ապարատից անկարգելով թռչող, հակառակորդ կողմից վերահսկվող տարածքում վայրէջք կատարած անձին հնարավորություն է տրվում գերի հանձնվել՝ մինչ նա հարձակման օբյեկտ կդառնա, եթե ակնառու չի երևում, որ նա թշնամական գործողություն է կատարում:

3. Ռազմադեսանտային զորքերը չեն ընկնում սույն հոդվածի պաշտպանության տակ:

 

Բաժին 2

 

Մարտիկի և ռազմագերու կարգավիճակը

 

Հ ո դ վ ա ծ  43

 

Զինված ուժերը

 

1. Ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերը բաղկացած են բոլոր կազմակերպված զինված ուժերից, խմբերից և ստորաբաժանումներից, որոնք գտնվում են այդ կողմի առջև իր ենթակաների վարքագծի համար պատասխանատու անձի հրամանատարության ներքո, եթե անգամ այդ կողմը ներկայացված է հակառակորդի կողմից չճանաչված կառավարությամբ կամ իշխանությամբ: Այդ զինված ուժերը ենթարկվում են ներքին կարգապահական համակարգի, որն ապահովում է, մասնավորապես, զինված ընդհարումների ժամանակ կիրառվող միջազգային իրավունքի նորմերի պահպանումը:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի մեջ մտնող անձինք (բացի բժշկական և հոգևոր անձնակազմից, որի մասին խոսվում է երրորդ կոնվենցիայի 33 հոդվածում), հանդիսանում են մարտիկներ, այսինքն՝ իրավունք ունեն անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին:

3. Ամեն անգամ, երբ ընդհարման մեջ գտնվող կողմն իր զինված ուժերի կազմի մեջ մտցնում է կիսառազմական կազմակերպություն կամ զինված կազմակերպություն, որն ապահովում է կարգի պահպանությունը, այդ մասին պետք է ծանուցի ընդհարման մեջ գտնվող մյուս կողմերին:

 

Հ ո դ վ ա ծ  44

 

Մարտիկները և ռազմագերիները

 

1. Ցանկացած մարտիկ, ինչպես դա սահմանված է 43 հոդվածով, որն ընկնում է հակառակորդ կողմի իշխանության տակ, հանդիսանում է ռազմագերի:

2. Թեև բոլոր մարտիկները պարտավոր են պահպանել զինված ընդհարումների ժամանակ կիրառվող միջազգային իրավունքի նորմերը, այդ նորմերի խախտումները նրանց չեն զրկում մարտիկ համարվելու իրավունքից կամ, եթե նրանք ընկնում են հակառակորդ կողմի իշխանության տակ՝ ռազմագերի համարվելու իրավունքից, բացառությամբ 3 և 4 կետերում նախատեսված դեպքերի:

3. Ռազմական գործողությունների հետևանքներից քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ուժեղացնելու համար մարտիկները պարտավոր են քաղաքացիական բնակչությունից տարբերվել, երբ մասնակցում են հարձակման կամ հարձակման նախապատրաստություն հանդիսացող ռազմական գործողության: Սակայն հաշվի առնելով, որ զինված ընդհարումների ժամանակ լինում են այնպիսի իրավիճակներ, երբ ռազմական գործողությունների բնույթից ելնելով՝ զինված մարտիկը չի կարող տարբերվել քաղաքացիական բնակչությունից, նա պահպանում է մարտիկի իր կարգավիճակը՝ պայմանով, որ այդպիսի իրավիճակներում նա իր զենքը կրի բացեիբաց՝

ա) յուրաքանչյուր ռազմական բախման ժամանակ, և

բ) այն ժամանակ, երբ նա գտնվում է հակառակորդի աչքի առաջ՝ հարձակման սկզբին նախորդող մարտակարգերի ծավալման ընթացքում, որին նա պետք է մասնակցի:

Սույն կետի պահանջներին համապատասխանող գործողությունները չեն դիտվում որպես ուխտադրուժ գործողություններ 37 հոդվածի 1 գ կետի նշանակությամբ:

4. Յուրաքանչյուր մարտիկ, որ հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկնում այն ժամանակ, երբ նա չի բավարարում 3 կետի երկրորդ նախադասության մեջ շարադրված պահանջները, զրկվում է ռազմագերի համարվելու իրավունքից, բայց և այնպես նրան տրամադրվում է այն պաշտպանությանը բոլոր տեսակետներից հավասարազոր պաշտպանություն, որը տրամադրվում է ռազմագերիներին` երրորդ կոնվենցիային և սույն արձանագրությանը համապատասխան: Այդպիսի պաշտպանությունը հավասարազոր է այն պաշտպանությանը, որ տրամադրվում է ռազմագերիներին երրորդ կոնվենցիայի համաձայն այն դեպքում, երբ այդպիսի անձը դատի է տրվում և պատիժ կրում իր կատարած իրավախախտումների համար:

5. Հակառակորդ կողմի իշխանության տակ ընկած մարտիկը, եթե նա չի մասնակցում հարձակմանը կամ հարձակման նախապատրաստություն հանդիսացող ռազմական գործողությանը, չի կորցնում մարտիկ և ռազմագերի համարվելու իր իրավունքը` նախկինում նրա կողմից կատարված գործողությունների պատճառով:

6. Սույն հոդվածը ոչ ոքի չի զրկում երրորդ կոնվենցիայի 4 հոդվածին համապատասխան ռազմագերի համարվելու իրավունքից:

7. Սույն հոդվածը նպատակ չունի փոխելու համազգեստ կրելու վերաբերմամբ պետությունների համընդհանուր ընդունված պրակտիկան այն մարտիկների կողմից, որոնք մտցված են ընդհարման մեջ գտնվող կողմի կանոնավոր զորքերի համազգեստ հագած զինված ստորաբաժանումների կազմի մեջ:

8. Ի լրումն առաջին և երկրորդ կոնվենցիաների 13 հոդվածում հիշատակված անձանց կատեգորիաների, սույն արձանագրության 43 հոդվածով սահմանված ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմից բոլոր անձինք այդ կոնվենցիաներին համապատասխան պաշտպանության իրավունք ունեն, եթե նրանք վիրավոր են կամ հիվանդ, կամ երկրորդ կոնվենցիայի դեպքում, եթե նրանք նավաբեկության են ենթարկվել ծովում կամ այլ ջրերում:

 

Հ ո դ վ ա ծ  45

 

Ռազմական գործողություններին մասնակցած անձանց պաշտպանությունը

 

1. Ռազմական գործողություններին մասնակցած և հակառակորդ կողմի իշխանության տակ ընկած անձը համարվում է ռազմագերի և դրա հետևանքով օգտվում է երրորդ կոնվենցիայի պաշտպանությունից, եթե նա հավակնում է ռազմագերու կարգավիճակի, եթե ենթադրվում է, որ նա այդպիսի կարգավիճակի իրավունք ունի, կամ եթե այն կողմը, որից նա կախված է, նրա համար պահանջում է այդպիսի կարգավիճակ` նրան պահող տերությանը կամ հովանավոր տերությանը ծանուցելու միջոցով: Տվյալ անձի՝ ռազմագերու կարգավիճակի իրավունքի վերաբերյալ որևէ տարակուսանք առաջանալու դեպքում անձը շարունակում է պահպանել այդ կարգավիճակը և, հետևաբար, երրորդ կոնվենցիայի և սույն արձանագրության պաշտպանությունից օգտվել այնքան ժամանակ, քանի դեռ նրա կարգավիճակը չի որոշվել իրավասու դատական ատյանի կողմից:

2. Եթե անձը, որը հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկել, չի պահվում որպես ռազմագերի և պետք է դատվի նրա կողմից՝ ռազմական գործողությունների հետ կապված իրավախախտման համար, նա դատական մարմինների առջև ռազմագերու կարգավիճակի և այդ հարցով որոշման իրավունք ունի: Այն դեպքում, երբ դա թույլ է տալիս կիրառվող ընթացակարգը, այդ որոշումը կայացվում է մինչև իրավախախտման համար դատը: Հովանավոր տերության ներկայացուցիչներն իրավունք ունեն ներկա լինելու այն դատավարությանը, որտեղ վճիռ է կայացվելու այդ հարցի առթիվ, եթե միայն, որպես բացառություն՝ ի շահ պետական անվտանգության, այն տեղի չի ունենում դռնփակ դատական նիստում: Նման դեպքում պահող տերությունը համապատասխան ձևով ծանուցում է հովանավոր տերությանը:

3. Ռազմական գործողությունների մասնակցած ցանկացած անձ, որը ռազմագերու կարգավիճակի իրավունք չունի և չի օգտվում չորրորդ կոնվենցիային համապատասխան առավել նպաստավոր վերաբերմունքից, բոլոր դեպքերում իրավունք ունի սույն արձանագրության 75 հոդվածով նախատեսված պաշտպանության: Գրավյալ տարածքում ցանկացած այդպիսի անձ, եթե միայն նա չի պահված որպես լրտես, անկախ չորրորդ կոնվենցիայի 5 հոդվածից, ունի նաև տվյալ կոնվենցիայի կողմից հատկացվող կապի իրավունք:

 

Հ ո դ վ ա ծ  46

 

Լրտեսները

 

1. Անկախ կոնվենցիաների և սույն արձանագրության ցանկացած այլ դրույթից, ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի ցանկացած անձ, որը հակառակորդ կողմի իշխանության տակ է ընկնում այն ժամանակ, երբ նա զբաղվում է լրտեսությամբ, չունի ռազմագերու կարգավիճակի իրավունք, և նրա հետ կարող են վերաբերվել որպես լրտեսի:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի անդամը, որը հօգուտ այդ կողմի հավաքում կամ փորձում է հավաքել տեղեկատվություն հակառակորդ պետության կողմից վերահսկվող տարածքում, չի համարվի լրտեսությամբ զբաղվող անձ, եթե, գործելով այդ ձևով, նա կրում է իրենց զինված ուժերի համազգեստը:

3. Ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի անդամը, որը բնակվում է հակառակորդ կողմից գրավված տարածքում, և որը հօգուտ այն կողմի, որից նա կախում ունի, հավաքում կամ փորձում է այդ տարածքում հավաքել ռազմական նշանակություն ունեցող տեղեկատվություն, չի համարվի լրտեսությամբ զբաղվող անձ, եթե նա չի գործում խաբեությամբ կամ գիտակցաբար չի դիմում գաղտնի մեթոդների: Ավելին, այդ անձը չի կորցնում ռազմագերու կարգավիճակի իր իրավունքը, և նրա հետ չեն կարող վարվել որպես լրտեսի, եթե նա չի բռնվել այն ժամանակ, երբ զբաղվում էր լրտեսությամբ:

4. Ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի անդամը, որը չի բնակվում հակառակորդ կողմից գրավյալ տարածքում, և որը զբաղվել է լրտեսությամբ այդ տարածքում, չի կորցնում ռազմագերու կարգավիճակի իր իրավունքը, և նրա հետ չեն կարող վարվել որպես լրտեսի, բացառությամբ այն դեպքի, երբ նա բռնվել է մինչև վերստին այն զինված ուժերին միանալը, որոնց նա պատկանում է:

 

Հ ո դ վ ա ծ  47

 

Վարձկանները

 

1. Վարձկանը չունի մարտիկի կամ ռազմագերու կարգավիճակ ստանալու իրավունք:

2. Վարձկան համարվում է ցանկացած անձ, որը.

ա) տեղում կամ արտասահմանում հատուկ հավաքագրվել է, որպեսզի կռվի զինված ընդհարման ժամանակ.

բ) փաստացի մասնակցում է ռազմական գործողություններին.

գ) ռազմական գործողություններին մասնակցում է՝ ղեկավարվելով անձնական շահ ստանալու ցանկությամբ, որին ընդհարման մեջ գտնվող կողմից կամ այդ կողմի անունից տրվել է այնպիսի նյութական վարձատրության խոստում, որն էապես գերազանցում է այն վարձատրությունը, որը խոստացվում կամ վճարվում է տվյալ կողմի զինված ուժերի կազմի մեջ մտնող` այդ նույն դասի մարտիկներին.

դ) չի հանդիսանում ոչ ընդհարման մեջ գտնվող կողմի քաղաքացին, ոչ ընդհարման մեջ գտնվող կողմից վերահսկվող տարածքում մշտապես բնակվող անձ.

ե) չի մտնում ընդհարման մեջ գտնվող կողմի զինված ուժերի կազմի մեջ.

զ) չի ուղարկվել այն պետության կողմից, որը չի հանդիսանում ընդհարման մեջ գտնվող կողմ, որպես նրա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձ` պաշտոնական պարտականություններ կատարելու համար:

 

Մաս 4

 

Քաղաքացիական բնակչությունը

 

Բաժին 1

 

Ռազմական գործողությունների հետևանքներից ընդհանուր պաշտպանությունը

 

Գլուխ 1

 

Հիմնական նորմը և կիրառման ոլորտը

 

Հ ո դ վ ա ծ  48

 

Հիմնական նորմը

 

Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով, ընդհարման մեջ գտնվող կողմերը մշտապես պետք է տարբերակեն քաղաքացիական բնակչությունը և մարտիկներին, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտները՝ ռազմական օբյեկտներից, և համապատասխանաբար իրենց գործողություններն ուղղեն միայն ռազմական օբյեկտների դեմ:

 

Հ ո դ վ ա ծ  49

 

Հարձակումների սահմանումը և կիրառման ոլորտը

 

1. «Հարձակումներ» նշանակում են հակառակորդի նկատմամբ բռնության գործողությունները, անկախ այն բանից՝ դրանք կատարվում են հարձակման, թե պաշտպանության ժամանակ:

2. Հարձակումներին վերաբերող սույն արձանագրության դրույթները կիրառվում են բոլոր հարձակումների նկատմամբ, անկախ այն բանից, թե դրանք որ տարածքում են կատարվում, ներառյալ՝ ընդհարման մեջ գտնվող կողմին պատկանող, բայց հակառակորդ կողմի վերահսկողության տակ գտնվող ազգային տարածքը:

3. Սույն բաժնի դրույթները կիրառվում են ցամաքում, օդում կամ ծովում ընթացող ցանկացած ռազմական գործողությունների նկատմամբ, որոնք կարող են վնաս պատճառել ցամաքում գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց կամ քաղաքացիական օբյեկտներին: Դրանք նաև կիրառվում են ցամաքում գտնվող այն օբյեկտների վրա ծովից կամ օդից կատարվող բոլոր հարձակումների նկատմամբ, որոնք, սակայն, որևէ այլ կերպ չեն շոշափում միջազգային իրավունքի` ծովում և օդում զինված ընդհարումների ժամանակ կիրառվող նորմերը:

4. Սույն բաժնի դրույթները լրացնում են մարդասիրական պաշտպանությանը վերաբերող` չորրորդ կոնվենցիայում, մասնավորապես այդ կոնվենցիայի երկրորդ մասում, և Բարձր պայմանավորվող կողմերի համար պարտադիր մյուս միջազգային համաձայնագրերում բովանդակվող, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքներից ցամաքում, ծովում և օդում քաղաքացիական անձանց ու քաղաքացիական օբյեկտների պաշտպանությանը վերաբերող միջազգային իրավունքի մյուս նորմերը:

 

Գլուխ 2

 

Քաղաքացիական անձինք և քաղաքացիական բնակչությունը

 

Հ ո դ վ ա ծ  50

 

Քաղաքացիական անձանց և քաղաքացիական բնակչության սահմանումը

 

1. Քաղաքացիական անձ է հանդիսանում ցանկացած անձ, որը չի պատկանում երրորդ կոնվենցիայի 4 A.1), 2), 3) և 6) հոդվածում և սույն արձանագրության 43 հոդվածում նշված անձանց կատեգորիաներից ոչ մեկին: Կասկած առաջանալու դեպքում տվյալ անձը համարվում է քաղաքացիական անձ:

2. Քաղաքացիական բնակչությունը բաղկացած է քաղաքացիական անձ հանդիսացող բոլոր անձանցից:

3. Քաղաքացիական անձանց սահմանման տակ չընկնող առանձին անձանց առկայությունը քաղաքացիական բնակչության մեջ այդ բնակչությանը չի զրկում նրա քաղաքացիական բնույթից:

 

Հ ո դ վ ա ծ   51

 

Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական անձինք օգտվում են ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վտանգների ընդհանուր պաշտպանությունից: Այդ պաշտպանությունն արդյունավետ դարձնելու նպատակով, ի լրումն միջազգային իրավունքի կիրառվող մյուս նորմերի, բոլոր հանգամանքներում պահպանվում են հետևյալ նորմերը.

2. Քաղաքացիական բնակչությունը, որպես այդպիսին, ինչպես նաև քաղաքացիական առանձին անձինք չպետք է հարձակումների օբյեկտ հանդիսանան: Արգելվում են բռնության գործողությունները կամ բռնության սպառնալիքները, որոնց հիմնական նպատակն է ահաբեկել քաղաքացիական բնակչությանը:

3. Քաղաքացիական անձինք օգտվում են սույն բաժնով նախատեսված պաշտպանությունից, բացառությամբ այն դեպքերի և այն ընթացքում, քանի դեռ նրանք անմիջական մասնակցություն են ունենում ռազմական գործողություններին:

4. Ոչ ընտրողական բնույթի հարձակումներն արգելվում են: Ոչ ընտրողական բնույթի հարձակումների թվին են պատկանում.

ա) այն հարձակումները, որոնք ուղղված չեն ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ,

բ) այն հարձակումները, որոնց ժամանակ կիրառվում են ռազմական գործողությունների վարման մեթոդներ կամ միջոցներ, որոնք չեն կարող ուղղված լինել ռազմական կոնկրետ օբյեկտների դեմ, կամ

գ) այն հարձակումները, որոնց ժամանակ կիրառվում են ռազմական գործողությունների վարման մեթոդներ և միջոցներ, որոնց հետևանքները չեն կարող սահմանափակված լինել, ինչպես դա պահանջում է սույն արձանագրությունը, և որոնք, հետևաբար, այդպիսի յուրաքանչյուր դեպքում ռազմական օբյեկտներին և քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտներին վնաս են հասցնում առանց խտրության:

5. Հարձակումների այլ տեսակների շարքում հարկ է ոչ ընտրողական բնույթի հարձակումներ համարել.

ա) ցանկացած մեթոդներով կամ միջոցներով կատարված ռմբակոծմամբ հարձակումները, որոնց ժամանակ որպես մեկ միասնական օբյեկտ է դիտվում միմյանցից պարզորոշ զատ-զատ գտնվող և տարբերվող այն ռազմական օբյեկտների շարքը, որոնք տեղավորված են քաղաքում, գյուղում կամ այլ շրջանում, որտեղ կենտրոնացված են քաղաքացիական անձինք կամ քաղաքացիական օբյեկտներ, և

բ) այն հարձակումը, որը, ինչպես կարելի է սպասել, զուգահեռաբար կառաջացնի զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, վիրավորներ՝ քաղաքացիական անձանց թվից, և վնաս կպատճառի քաղաքացիական օբյեկտներին, կամ երկուսը միասին, որոնք չափազանց մեծ կլինեն համեմատած այն կոնկրետ և անմիջական ռազմական առավելությանը, որին ենթադրվում է այդ ձևով հասնել:

6. Արգելվում են փոխճնշումների ձևով հարձակումները քաղաքացիական բնակչության կամ քաղաքացիական առանձին անձանց վրա:

7. Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական առանձին անձանց ներկայությունը կամ տեղափոխությունը չպետք է օգտագործվեն ռազմական գործողություններից որոշակի կետերի կամ շրջանների պաշտպանության համար, մասնավորապես, փորձելու պաշտպանել ռազմական օբյեկտները հարձակումից կամ պաշտպանել ռազմական գործողությունները, դրանց նպաստել կամ խոչընդոտել: Ընդհարման մեջ գտնվող կողմերը չպետք է ուղղություն տան քաղաքացիական բնակչության կամ քաղաքացիական առանձին անձանց տեղափոխմանը` նպատակ ունենալով փորձել ռազմական օբյեկտները պաշտպանել հարձակումից կամ պաշտպանել ռազմական գործողությունները:

8. Այս արգելքների ոչ մի խախտում ընդհարման մեջ գտնվող կողմերին չի ազատում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական անձանց հանդեպ նրանց իրավական պարտականություններից, այդ թվում՝ 57 հոդվածով նախատեսված նախազգուշական միջոցներ ձեռնարկելու պարտականությունից:

 

Գլուխ 3

 

Քաղաքացիական օբյեկտները

 

Հ ո դ վ ա ծ  52

 

Քաղաքացիական օբյեկտների ընդհանուր պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական օբյեկտները չպետք է հանդիսանան հարձակման կամ փոխճնշումների օբյեկտ: Քաղաքացիական օբյեկտներ են հանդիսանում բոլոր այն օբյեկտները, որոնք չեն հանդիսանում ռազմական օբյեկտներ, ինչպես դրանք սահմանված են 2 կետում:

2. Հարձակումները պետք է խստագույնս սահմանափակվեն ռազմական օբյեկտներով: Ինչ վերաբերում է օբյեկտներին, ապա ռազմական օբյեկտները սահմանափակվում են այն օբյեկտներով, որոնք իրենց բնույթով, տեղադրությամբ, նշանակությամբ կամ գործածությամբ արդյունավետ ներդրում են կատարում ռազմական գործողություններում, և որոնց լիակատար կամ մասնակի ոչնչացումը, զավթումը կամ չեզոքացումը տվյալ պահին առկա հանգամանքներում տալիս է բացահայտ ռազմական առավելություն:

3. Կասկած առաջանալու դեպքում, այն օբյեկտը, որը սովորաբար նախատեսված է քաղաքացիական նպատակների համար, օրինակ, պաշտամունքի վայր, բնակելի տուն կամ այլ բնակելի շինություններ, կամ դպրոց, ենթադրվում է, որ այն չի օգտագործվում ռազմական գործողություններին արդյունավետ աջակցելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  53

 

Մշակութային արժեքների և պաշտամունքի վայրերի պաշտպանությունը

 

Առանց դիպչելու զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի մայիսի 14-ի Հաագայի կոնվենցիայի և համապատասխան միջազգային այլ փաստաթղթերի դրույթներին՝ արգելվում է.

ա) որևէ թշնամական գործողություն կատարել ժողովուրդների մշակութային կամ հոգևոր ժառանգությունը հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների կամ պաշտամունքի վայրերի դեմ,

բ) այդպիսի օբյեկտներն օգտագործել ռազմական ջանքերին աջակցելու համար,

գ) այդպիսի օբյեկտները դարձնել փոխճնշումների օբյեկտներ:

 

Հ ո դ վ ա ծ  54

 

Քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ օբյեկտների պաշտպանությունը

 

1. Արգելվում է քաղաքացիական բնակչության շրջանում սովն օգտագործել որպես պատերազմելու մեթոդ:

2. Արգելվում է հարձակման ենթարկել, ոչնչացնել, դուրս տանել կամ շարքից հանել այն արժեքները և օբյեկտները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության գոյատևման համար, ինչպիսիք են՝ պարենի պաշարները, պարեն արտադրող գյուղատնտեսական շրջանները, ցանքերը, անասունները, խմելու ջրի մատակարարման կառույցները և ջրի պահուստները, ինչպես նաև ոռոգման կառույցները` հատուկ նպատակ ունենալով թույլ չտալ դրանց օգտագործումը քաղաքացիական բնակչության կամ հակառակորդ պետության կողմից, որպես գոյության պահպանման միջոց, անկախ դրդապատճառներից, լինի դա քաղաքացիական անձանց մեջ սով առաջացնելու, նրանց մեկնել հարկադրելու նպատակով կամ որևէ այլ պատճառով:

3. 2 կետում նախատեսված արգելքները չեն կիրառվում այդ կետում նշված այնպիսի օբյեկտների նկատմամբ, որոնք հակառակորդ պետության կողմից օգտագործվում են.

ա) բացառապես նրա զինված ուժերի անձնակազմի գոյության պահպանման համար,

բ) այլ նպատակների համար, քան գոյության պահպանումը՝ ռազմական գործողությունների ուղղակի պաշտպանության համար, պայմանով սակայն, որ այդ օբյեկտների դեմ ոչ մի դեպքում չեն ձեռնարկվի գործողություններ, որոնց հետևանքով կարելի է սպասել, որ քաղաքացիական բնակչությունը մնա առանց պարենի կամ ջրի բավարար քանակության, ինչը բնակչության շրջանում սով կառաջացնի կամ կհարկադրի նրան մեկնել:

4. Այդ օբյեկտները չպետք է դառնան փոխճնշումների օբյեկտ:

5. Ներխուժումից իր ազգային տարածքը պաշտպանելու՝ ընդհարման մեջ գտնվող ցանկացած կողմի կենսական պահանջներից ելնելով՝ թույլատրվում է նահանջ 2 կետում նախատեսված արգելքներից ընդհարման մեջ գտնվող պետության կողմից նրա վերահսկած այնպիսի տարածքում, որտեղ դա հրամայաբար պահանջում է ռազմական անհրաժեշտությունը:

 

Հ ո դ վ ա ծ  55

 

Բնական միջավայրի պաշտպանությունը

 

1. Ռազմական գործողություններ վարելիս հոգատարություն է ցուցաբերվում՝ բնական միջավայրը լայնածավալ, երկարատև և լուրջ վնասներից պաշտպանելու համար: Այդպիսի պաշտպանությունն իր մեջ ներառում է պատերազմելու այնպիսի մեթոդների և միջոցների օգտագործման արգելում, որոնք նպատակ ունեն վնաս հասցնել կամ, կարելի է ենթադրել, որ այդպիսի վնաս կհասցնեն բնական միջավայրին՝ դրանով իսկ վտանգելով բնակչության առողջությունը կամ գոյատևումը:

2. Բնական միջավայրին փոխճնշումների միջոցով վնաս հասցնելն արգելվում է:

 

Հ ո դ վ ա ծ  56

 

Վտանգավոր ուժեր պարունակող կառույցների և կայանքների պաշտպանությունը

 

1. Վտանգավոր ուժեր պարունակող կառույցներն ու կայանքները, ինչպիսիք են՝ պատնեշները, ամբարտակները և ատոմային էլեկտրակայանները, չպետք է դառնան հարձակման օբյեկտ անգամ այն դեպքում, երբ այդպիսի օբյեկտները հանդիսանում են ռազմական օբյեկտներ, եթե այդպիսի հարձակումը կարող է հանգեցնել վտանգավոր ուժերի ազատման և հետագա ծանր կորուստների քաղաքացիական բնակչության շրջանում: Այդ կառույցներում և կայանքներում կամ դրանց մերձակայքում տեղավորված մյուս ռազմական օբյեկտները չպետք է դառնան հարձակման օբյեկտ, եթե այդպիսի հարձակումը կարող է առաջացնել վտանգավոր ուժերի ազատում և հետագա ծանր կորուստներ քաղաքացիական բնակչության շրջանում:

2. Հարձակումից` 1 կետում նախատեսված հատուկ պաշտպանությունը դադարում է՝

ա) պատնեշների և ամբարտակների նկատմամբ միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են մեկ այլ, իրենց նորմալ գործառույթից տարբեր նպատակներով, և ռազմական գործողությունների կանոնավոր, էական և անմիջական աջակցության համար, և եթե այդպիսի հարձակումն այդ աջակցությունը դադարեցնելու գործնականորեն միակ հնարավոր եղանակն է.

բ) ատոմային էլեկտրակայանների նկատմամբ միայն այն դեպքում, եթե դրանք էլեկտրական հոսանք են արտադրում ռազմական գործողությունների կանոնավոր, էական և անմիջական աջակցության համար, և եթե այդպիսի հարձակումն այդ աջակցությունը դադարեցնելու գործնականորեն միակ հնարավոր եղանակն է.

գ) այդ կառույցներում և կայանքներում կամ դրանց մերձակայքում տեղավորված մյուս ռազմական օբյեկտների նկատմամբ միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են ռազմական գործողությունների կանոնավոր, էական և անմիջական աջակցության համար, և եթե այդպիսի հարձակումն այդ աջակցությունը դադարեցնելու գործնականորեն միակ հնարավոր եղանակն է:

3. Բոլոր դեպքերում քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական առանձին անձինք շարունակում են օգտվել միջազգային իրավունքով նրանց տրամադրված լիակատար պաշտպանությունից, ներառյալ՝ 57 հոդվածով նախատեսված նախազգուշական միջոցները: Եթե պաշտպանությունը դադարեցվում է, և 1 կետում հիշատակված որևէ կառույց, կայանք կամ ռազմական օբյեկտ ենթարկվում է հարձակման, ապա ձեռնարկվում են գործնականում հնարավոր բոլոր նախազգուշական միջոցները՝ խուսափելու համար վտանգավոր ուժերի ազատումից:

4. Արգելվում է 1 կետում նշված կառույցները, կայանքները կամ ռազմական օբյեկտները դարձնել փոխճնշումների օբյեկտ:

5. Ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է ձգտեն խուսափել 1 կետում նշված կառույցների և կայանքների մերձակայքում որևէ ռազմական օբյեկտ տեղավորելուց: Սակայն թույլատրվում են այնպիսի շինություններ, որոնք կառուցված են զուտ պաշտպանությունից օգտվող կառույցները և կայանքները հարձակումից պաշտպանելու նպատակով, և դրանք իրենք չպետք է դառնան հարձակման առարկա, պայմանով, որ չեն օգտագործվի ռազմական գործողությունների ընթացքում, բացառությամբ պաշտպանական գործողությունների, որոնք անհրաժեշտ են պաշտպանությունից օգտվող կառույցների կամ կայանքների վրա հարձակումները հետ մղելու համար, և որ դրանց սպառազինությունը սահմանափակվի զենքով, որն ընդունակ է միայն հետ մղելու պաշտպանությունից օգտվող կառույցների և կայանքների վրա հակառակորդի հարձակումը:

6. Բարձր պայմանավորվող կողմերին և ընդհարման մեջ գտնվող կողմերին կոչ է արվում միմյանց միջև կնքել այլ համաձայնագրեր վտանգավոր ուժեր պարունակող օբյեկտների լրացուցիչ պաշտպանությունն ապահովելու համար:

7. Դյուրացնելու համար այն օբյեկտների ճանաչումը, որոնք օգտվում են սույն հոդվածի պաշտպանությունից, ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են դրանք նշել հատուկ նշանով` վառ նարնջագույն շրջանակների խմբի տեսքով, որոնք տեղադրվում են միևնույն առանցքի վրա, ինչպես ցույց է տրված արձանագրությանն առընթեր 1 հավելվածի 16 հոդվածում: Այդպիսի նշանացույցի բացակայությունն ընդհարման մեջ գտնվող կողմերին ոչ մի կերպ չի ազատում սույն հոդվածով նրա վրա դրված պարտականություններից:

 

Գլուխ 4

 

Նախազգուշական միջոցները

 

Հ ո դ վ ա ծ  57

 

Նախազգուշական միջոցները հարձակման ժամանակ

 

1. Ռազմական գործողություններ անցկացնելիս մշտապես պետք է հոգ տարվի խնայելու քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտները:

2. Հարձակումների վերաբերմամբ ձեռնարկվում են նախազգուշական հետևյալ միջոցները.

ա) նրանք, ովքեր հարձակում են ծրագրում կամ նրա իրականացման մասին որոշում են կայացնում պետք է.

i) անեն գործնականորեն ամեն հնարավորը, որպեսզի համոզվեն, որ հարձակման օբյեկտները ոչ քաղաքացիական անձինք են, ոչ քաղաքացիական օբյեկտներ և ենթակա չեն հատուկ պաշտպանության, այլ հանդիսանում են ռազմական օբյեկտներ 52 հոդվածի 2 կետի նշանակությամբ և, որ սույն արձանագրության դրույթներին համապատասխան՝ դրանց վրա հարձակումը չի արգելվում.

ii) հարձակման միջոցները և մեթոդներն ընտրելիս ձեռնարկեն գործնականորեն բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները, որպեսզի խուսափեն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից, քաղաքացիական անձանց վիրավորվելուց և քաղաքացիական օբյեկտներին պատահական վնաս հասցնելուց և, համենայն դեպս, դրանք նվազագույնի հասցնեն.

iii) ձեռնպահ մնան այնպիսի հարձակում իրականացնելուց, որը, ինչպես կարելի է սպասել, կառաջացնի պատահական զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, քաղաքացիական անձանց մեջ վիրավորներ, և պատահական վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, կամ կպատճառի թե մեկը և թե մյուսը, որոնք չափից ավելի մեծ կլինեն կոնկրետ և ուղղակի ակնկալվող ռազմական առավելության համեմատ.

բ) հարձակումը վերացվում կամ դադարեցվում է, եթե ակնհայտ է դառնում, որ օբյեկտը ռազմական չէ, որ այն ենթակա է հատուկ պաշտպանության, կամ որ հարձակումը, ինչպես կարելի է սպասել, քաղաքացիական բնակչության շրջանում պատահական զոհեր, քաղաքացիական անձանց մեջ վիրավորներ կառաջացնի և պատահական վնասներ կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, կամ կպատճառի թե մեկը, թե մյուսը, որոնք չափից ավելի մեծ կլինեն, քան ակնկալվող կոնկրետ և ուղղակի ռազմական առավելությունը.

գ) արվում է նախնական արդյունավետ զգուշացում այն հարձակումների մասին, որոնք կարող են դիպչել քաղաքացիական բնակչությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանգամանքները թույլ չեն տալիս այդ բանն անել:

3. Երբ մի քանի ռազմական օբյեկտների միջև հնարավոր է ընտրություն՝ հավասարազոր ռազմական առավելություն ստանալու համար, ընտրվում է այն օբյեկտը, որի վրա հարձակումը, ինչպես կարելի է սպասել, քաղաքացիական անձանց կյանքի և քաղաքացիական օբյեկտների համար կստեղծի ամենանվազ վտանգը:

4. Ծովում կամ օդում ռազմական գործողություններ անցկացնելիս ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ միջազգային իրավունքի՝ զինված ընդհարումների ժամանակ կիրառվող նորմերից բխող իր իրավունքներին և պարտականություններին համապատասխան, ձեռնարկում է նախազգուշական բոլոր խելամիտ միջոցները, այն հաշվով, որպեսզի խուսափի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից և քաղաքացիական օբյեկտներին պատճառվող վնասից:

5. Սույն հոդվածի դրույթներից ոչ մեկը չի կարող մեկնաբանվել որպես քաղաքացիական բնակչության, քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակում թույլատրող դրույթ:

 

Հ ո դ վ ա ծ  58

 

Նախազգուշական միջոցները հարձակումների հետևանքների դեմ

 

Ընդհարման մեջ գտնվող կողմերը գործնականորեն հնարավոր առավելագույն չափով.

ա) կձգտեն, առանց չորրորդ կոնվենցիայի 49 հոդվածը վնասելու, իրենց վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց և քաղաքացիական օբյեկտները հեռացնել ռազմական օբյեկտների մերձակայքից,

բ) կխուսափեն խիտ բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղադրելուց,

գ) կձեռնարկեն նախազգուշական այլ անհրաժեշտ միջոցներ՝ իրենց վերահսկողության տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական առանձին անձանց և քաղաքացիական օբյեկտները ռազմական գործողությունների հետևանքով առաջացող վտանգներից պաշտպանելու համար:

 

Գլուխ 5

 

Հատուկ պաշտպանության տակ գտնվող վայրերը և գոտիները

 

Հ ո դ վ ա ծ  59

 

Չպաշտպանվող վայրերը

 

1. Ընդհարման մեջ գտնվող կողմերին արգելվում է չպաշտպանվող վայրերը որևէ եղանակով ենթարկել հարձակման:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմի համապատասխան իշխանությունները կարող են չպաշտպանվող վայր հայտարարել ցանկացած բնակելի կետ, որը գտնվում է զինված ուժերի շփման գոտում կամ դրան մոտ, որը գրավման համար բաց է նրա հակառակորդ կողմի առջև: Այդպիսի վայրը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին.

ա) բոլոր մարտիկները, ինչպես նաև շարժունակ մարտական միջոցները և ռազմական հանդերձանքը պետք է տարահանված լինեն.

բ) մշտական ռազմական սարքավորումները կամ կառույցները չպետք է օգտագործվեն թշնամական նպատակներով.

գ) ոչ իշխանությունները, ոչ բնակչությունը չպետք է կատարեն թշնամական գործողություններ.

դ) չպետք է ձեռնարկվի ոչ մի գործողություն՝ ի պաշտպանություն ռազմական գործողությունների:

3. Այդ վայրում կոնվենցիաների և սույն արձանագրության հատուկ պաշտպանությունից օգտվող անձանց և օրինականությունն ու կարգուկանոնը պահպանելու միակ նպատակով այստեղ թողնված ոստիկանական ուժերի ներկայությունը չի հակասում 2 կետում շարադրված պայմաններին:

4. 2 կետով նախատեսված հակառակորդ կողմին արված հայտարարության մեջ տրվում է չպաշտպանվող վայրի սահմանների հնարավորին չափ ճշգրիտ բնորոշումը և նկարագրությունը: Ընդհարման մեջ գտնվող կողմը, որին ուղղված է այդպիսի հայտարարությունը, հաստատում է դրա ստացումը և այդ վայրի նկատմամբ վերաբերում է որպես չպաշտպանվող վայրի, բացառությամբ այն դեպքերի, երբ 2 կետում նախատեսված պայմանները փաստորեն չեն պահպանվել. այդ դեպքում նշված կողմը այդ մասին անմիջապես տեղյակ է պահում հայտարարություն անող կողմին: Անգամ այն դեպքում, երբ 2 կետում շարադրված պայմանները չեն պահպանվել, այդպիսի վայրը շարունակում է օգտվել սույն արձանագրության մյուս դրույթներով և միջազգային իրավունքի` զինված ընդհարումների ժամանակ կիրառվող մյուս նորմերով նախատեսված պաշտպանությունից:

5. Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են համաձայնության գալ վայրերը չպաշտպանվող հայտարարելուն, անգամ եթե այդ վայրերը չեն համապատասխանում 2 կետի պայմաններին: Համաձայնագրի մեջ պետք է հնարավորին չափ առավել ճշգրիտ տրվեն չպաշտպանվող վայրի սահմանների բնորոշումը և նկարագրությունը. անհրաժեշտության դեպքում այն կարող է սահմանել վերահսկողության եղանակները:

6. Կողմը, որի վերահսկողության տակ է գտնվում այդպիսի համաձայնագրի առարկա հանդիսացող վայրը, այն նշում է, որքան հնարավոր է, այնպիսի նշաններով, որոնք կարող են համաձայնեցվել մյուս կողմի հետ, և որոնք տեղադրվում են այնտեղ, որտեղ հստակ երևում են, հատկապես ըստ վայրի պարագծի, նրա սահմաններում և խճուղային ճանապարհներին:

7. Վայրը կորցնում է չպաշտպանվող վայրի իր կարգավիճակը, երբ դադարում է համապատասխանել 2 կետում կամ 5 կետում հիշատակված համաձայնագրում շարադրված պայմաններին: Այդ դեպքում այդ վայրը շարունակում է օգտվել սույն արձանագրության մյուս դրույթներով և միջազգային իրավունքի` զինված ընդհարումների ժամանակ կիրառվող մյուս նորմերով նախատեսված պաշտպանությունից:

 

Հ ո դ վ ա ծ  60

 

Ապառազմականացված գոտիները

 

1. Ընդհարման մեջ գտնվող կողմերին արգելվում է իրենց ռազմական գործողությունները տարածել այն գոտիների վրա, որոնց նրանք համաձայնագրով տրամադրել են ապառազմականացված գոտիների կարգավիճակ, եթե այդ տարածումը հակասում է այդ համաձայնագրի դրույթներին:

2. Այդպիսի համաձայնագիրը պետք է լինի հստակ արտահայտված. այն կարող է կնքվել բանավոր կամ գրավոր, անմիջականորեն կամ հովանավոր տերության կամ ցանկացած անկողմնակալ մարդասիրական կազմակերպության միջնորդությամբ, և կարող է բովանդակել փոխադարձ և համաձայնեցված հայտարարություններ: Համաձայնագիրը կարող է կնքվել խաղաղ ժամանակ, ինչպես նաև ռազմական գործողություններն սկսելուց հետո, և դրա մեջ պետք է տրված լինեն ապառազմականացված գոտու հնարավորին չափ առավել ճշգրիտ բնորոշումը և նկարագրությունը. անհրաժեշտության դեպքում այն կարող է սահմանել վերահսկողության եղանակները:

3. Այդպիսի համաձայնագրի առարկան սովորաբար հանդիսանում է այն գոտին, որը համապատասխանում է հետևյալ պայմաններին.

ա) բոլոր մարտիկները, ինչպես նաև շարժունակ մարտական միջոցները և ռազմական հանդերձանքը պետք է տարահանված լինեն,

բ) մշտական ռազմական սարքավորումները կամ կառույցները չպետք է օգտագործվեն թշնամական նպատակներով,

գ) ո՛չ իշխանությունները, ո՛չ բնակչությունը չպետք է կատարեն թշնամական գործողություններ,

դ) ռազմական ջանքերի հետ կապված ամեն մի գործունեություն պետք է դադարեցվի: Ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է համաձայնության գան այն մեկնաբանման վերաբերյալ, որ պետք է տալ d) ենթակետում շարադրված պայմաններին և այն անձանց վերաբերյալ, որոնց պետք է թույլատրվի մուտք գործել ապառազմականացված գոտի, բացի 4 կետում հիշատակված անձանցից:

4. Այդ գոտում կոնվենցիաներին և սույն արձանագրությանը համապատասխան հատուկ պաշտպանությունից օգտվող ոստիկանական ուժերի ներկայությունը, որոնք այստեղ են թողնվել օրինականություն և կարգ ու կանոն պահպանելու միակ նպատակով, չի հակասում 3 կետում շարադրված պայմաններին:

5. Կողմը, որի վերահսկողության տակ է գտնվում այդպիսի գոտին, այն նշում է, որքան հնարավոր է, այնպիսի նշաններով, որոնք կարող են համաձայնեցվել մյուս կողմի հետ, և որոնք տեղադրվում են այնտեղ, որտեղ հստակ են երևում, հատկապես ըստ գոտու պարագծի, դրա սահմաններում և խճուղային ճանապարհներին:

6. Եթե ռազմական գործողությունները մոտենում են ապառազմականացված գոտուն, և եթե ընդհարման մեջ գտնվող կողմերը եկել են այդպիսի համաձայնության, դրանցից ոչ մեկը չի կարող այդ գոտին օգտագործել այնպիսի նպատակներով, որոնք առնչություն ունեն ռազմական գործողությունների վարման հետ, կամ միակողմանիորեն վերացնել այդ գոտու կարգավիճակը:

7. Եթե ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկը թույլ տա 3 և 6 կետերի դրույթների էական խախտում, մյուս կողմն ազատվում է այդ գոտուն ապառազմականացված գոտու կարգավիճակ տրամադրելու մասին համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից: Այդպիսի դեպքում գոտին կորցնում է իր կարգավիճակը, բայց շարունակում է օգտվել սույն արձանագրության մյուս դրույթներով և միջազգային իրավունքի` զինված ընդհարումների ժամանակ կիրառվող մյուս նորմերով նախատեսված պաշտպանությունից:

 

Գլուխ 6

 

Քաղաքացիական պաշտպանությունը

 

Հ ո դ վ ա ծ  61

 

Սահմանումը և կիրառման ոլորտը

 

Սույն արձանագրության իմաստով.

ա) «քաղաքացիական պաշտպանություն» արտահայտությունը բոլոր կամ ստորև հիշատակված մի քանի մարդասիրական այն խնդիրների կատարումն է, որոնք կոչված են պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը վտանգներից և օգնելու նրան վերացնել ռազմական գործողությունների կամ աղետների անմիջական հետևանքները, ինչպես նաև նրա գոյատևման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու: Այդ խնդիրներն են.

i) տագնապի ծանուցումը,

ii) տարահանումը,

iii) պատսպարանների տրամադրումը և դրանց կազմակերպումը,

iv) լուսաքողարկման միջոցառումների անցկացումը,

v) փրկարար աշխատանքները,

vi) բժշկական սպասարկումը, ներառյալ՝ առաջին օգնությունը, ինչպես նաև կրոնական օգնությունը,

vii) պայքարը հրդեհների դեմ,

viii) վտանգավոր շրջանների հայտնաբերումը և նշումը,

ix) վարակազերծումը և պաշտպանության մյուս համանման միջոցառումները,

x) ապաստանի շտապ տրամադրումը և մատակարարումը,

xi) աղետի շրջաններում կարգ ու կանոնի վերականգնմանն ու պահպանմանն ուղղված շտապ օգնությունը,

xii) անհրաժեշտ կոմունալ ծառայությունների վերականգնումը,

xiii) դիակների արագ թաղումը,

xiv) կենսագործունեության համար էապես անհրաժեշտ օբյեկտների պահպանման օժանդակությունը,

xv) վերը շարադրված ցանկացած խնդրի իրականացման համար անհրաժեշտ լրացուցիչ գործունեությունը, ներառյալ՝ պլանավորումը և կազմակերպումը, բայց դրանով չսահմանափակվող գործունեությունը.

բ) «քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններ» նշանակում են այն հիմնարկներն ու մյուս միավորները, որոնք ընդհարման մեջ գտնվող կողմի իշխանությունների կողմից կազմակերպվել կամ լիազորվել են կատարելու a) կետում հիշատակված խնդիրներից որևէ մեկը, և որոնք նախատեսված են և օգտագործվում են բացառապես այդ խնդիրները կատարելու համար.

գ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների «անձնակազմ» նշանակում են այն անձինք, որոնք ընդհարման մեջ գտնվող պետության կողմից նշանակված են բացառապես a) կետում հիշատակված խնդիրների կատարման համար, ներառյալ՝ այն անձնակազմը, որն ընդհարման մեջ գտնվող պետության կողմից նշանակված է այդ կազմակերպությունները կառավարելու համար.

դ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների «նյութական մաս» նշանակում են քաղաքացիական պաշտպանության` a) կետում հիշատակված խնդիրների կատարման համար այդ կազմակերպությունների կողմից օգտագործվող սարքավորումը, նյութերը և փոխադրամիջոցները:

 

Հ ո դ վ ա ծ  62

 

Ընդհանուր պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունները և դրանց անձնակազմն օգտվում են հարգանքից և պաշտպանությունից` սույն արձանագրության դրույթներին, հատկապես սույն բաժնի դրույթներին համապատասխան: Նրանք իրավունք ունեն կատարելու քաղաքացիական պաշտպանության գծով իրենց հանձնարարված խնդիրները, բացառությամբ ռազմական անհրաժեշտության հրատապ դեպքերի:

2. 1 կետի դրույթները կիրառվում են նաև այն քաղաքացիական անձանց նկատմամբ, ովքեր թեև չեն հանդիսանում քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների անդամներ, սակայն իրավասու իշխանությունների կոչով և դրանց վերահսկողության ներքո կատարում են քաղաքացիական պաշտպանության խնդիրներ:

3. Սույն արձանագրության 52 հոդվածը տարածվում է քաղաքացիական պաշտպանության նպատակներով օգտագործվող շենքերի և նյութական մասի, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը տրամադրվող պատսպարանների վրա: Քաղաքացիական պաշտպանության նպատակներով օգտագործվող օբյեկտները չեն կարող ոչնչացվել կամ օգտագործվել իրենց ոչ ուղղակի նշանակությամբ, բացի այն պետության կողմից, որին նրանք պատկանում են:

 

Հ ո դ վ ա ծ  63

 

Քաղաքացիական պաշտպանությունը գրավյալ տարածքներում

 

1. Գրավյալ տարածքներում քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպություններն իրենց խնդիրների կատարման համար իշխանություններից անհրաժեշտ աջակցություն կստանան: Ոչ մի հանգամանքներում դրանց անձնակազմին չեն պարտադրի մի գործունեություն, որը կդժվարացներ այդ խնդիրների պատշաճ կատարումը: Գրավող տերությունը ոչ մի փոփոխություն չի կարող մտցնել այդ կազմակերպությունների կառուցվածքի կամ անձնակազմի մեջ, որը վնասի այդ խնդիրների արդյունավետ կատարմանը: Այդ կազմակերպություններից չի պահանջվի գերապատվություն տալ այդ տերության քաղաքացիներին կամ շահերին:

2. Գրավող տերությունը չպետք է քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպություններին ստիպի, հարկադրի կամ դրդի իրենց խնդիրները կատարել այնպես, որպեսզի դա որևէ կերպ կործանարար ազդեցություն ունենա քաղաքացիական բնակչության շահերի վրա:

3. Գրավող տերությունը կարող է, անվտանգության նկատառումներով զինաթափել քաղաքացիական պաշտպանության անձնակազմը:

4. Գրավող տերությունը չպետք է փոխի քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին պատկանող կամ դրանց կողմից օգտագործվող շենքերի կամ նյութական մասի ուղղակի նշանակությունը, ոչ էլ բռնագրավի դրանք, եթե նշանակության այդպիսի փոփոխությունը կամ բռնագրավումը վնաս են հասցնում քաղաքացիական բնակչությանը:

5. Այն պայմանով, որ 4 կետում բովանդակված ընդհանուր կանոնը շարունակի պահպանել, գրավող տերությունը կարող է բռնագրավել կամ փոխել այդ միջոցների նշանակությունը հետևյալ կոնկրետ պայմանների առկայության դեպքում.

ա) եթե այդ շենքերը և նյութական մասը անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության այլ կարիքների համար, և

բ) եթե բռնագրավումը և նշանակության փոփոխությունը կատարվում են այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այդպիսի անհրաժեշտություն:

6. Գրավող տերությունը չպետք է փոխի պատսպարանների նշանակությունը, կամ բռնագրավի պատսպարանները, որոնք դրված են քաղաքացիական բնակչության տրամադրության տակ կամ անհրաժեշտ են այդ բնակչության կարիքների համար:

 

Հ ո դ վ ա ծ  64

 

Չեզոք պետությունների կամ ընդհարման կողմ չհանդիսացող մյուս պետությունների քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունները և միջազգային կոորդինացնող կազմակերպությունները

 

1. 62, 63, 65 և 66 հոդվածների դրույթները կիրառվում են նաև չեզոք պետությունների կամ ընդհարման կողմ չհանդիսացող մյուս պետությունների քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների անձնակազմի և նյութական մասի նկատմամբ, որոնք քաղաքացիական պաշտպանության 61 հոդվածում հիշատակված խնդիրները կատարում են ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում` այդ կողմի համաձայնությամբ և վերահսկողության ներքո: Ցանկացած շահագրգիռ հակառակորդ կողմ այդպիսի օգնության մասին ծանուցվում է հնարավորին չափ արագ: Ոչ մի պարագայում այդ գործունեությունը չի դիտվի որպես միջամտություն ընդհարմանը: Սակայն այդ գործունեությունն անհրաժեշտ է իրականացնել ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերի անվտանգության պատշաճ հաշվառմամբ:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմերը, որոնք ստանում են 1 կետում նշված օգնություն, և այդպիսի օգնություն տրամադրող Բարձր պայմանավորվող կողմերը պետք է, երբ դա անհրաժեշտ է, աջակցեն քաղաքացիական պաշտպանության բնագավառում այդպիսի գործունեության միջազգային կոորդինացմանը: Այդ դեպքերում համապատասխան միջազգային կազմակերպությունների վրա տարածվում են սույն գլխի դրույթները:

3. Գրավյալ տարածքներում գրավող տերությունը կարող է չեզոք պետությունների կամ ընդհարման կողմ չհանդիսացող մյուս պետությունների քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների և միջազգային կոորդինացնող կազմակերպությունների գործունեությունն արգելել կամ սահմանափակել միայն այն դեպքում, երբ ինքը կարող է ապահովել քաղաքացիական պաշտպանության խնդիրների պատշաճ կատարումը սեփական միջոցներով կամ գրավյալ տարածքում եղած միջոցներով:

 

Հ ո դ վ ա ծ  65

 

Պաշտպանության դադարեցումը

 

1. Պաշտպանությունը, որի իրավունքն ունեն քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունները, դրանց անձնակազմը, շենքերը, պատսպարանները և նյութական մասը, դադարեցվում է միայն այն դեպքում, եթե դրանք, իրենց սեփական խնդիրներից բացի, կատարում են հակառակորդին վնաս հասցնող գործողություններ կամ օգտագործվում են այդպիսի գործողություններ կատարելու համար: Սակայն պաշտպանությունը կարող է դադարեցվել միայն այն բանից հետո, երբ արվել է նախազգուշացում և սահմանվել ամեն անգամ, երբ անհրաժեշտ է, խելամիտ ժամկետ, և այն բանից հետո, երբ այդպիսի նախազգուշացումը ուշադրության չի արժանանում:

2. Հետևյալ գործողությունները չեն համարվում հակառակորդին վնաս հասցնող գործողություններ՝

ա) քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարումը զինվորական իշխանությունների ղեկավարության կամ հսկողության ներքո,

բ) զինվորական անձնակազմի հետ քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական անձնակազմի համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարման գործում կամ որոշ թվով զինծառայողների կցումը քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպություններին,

գ) այն հանգամանքը, որ քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարումը կարող է զուգընթացաբար օգուտ բերել զինվորականների թվից տուժածներին, մասնավորապես նրանց, ովքեր շարքից դուրս են եկել:

3. Կարգուկանոնի պահպանման կամ ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական անձնակազմի կողմից անձնական թեթև զենքի կրումը ևս չի համարվում հակառակորդին վնաս հասցնող գործողություն: Սակայն, ցամաքի այն շրջաններում, որտեղ տեղի են ունենում, կամ, հավանաբար, կարող են տեղի ունենալ մարտեր, ընդհարման մեջ գտնվող կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` այդ զենքը սահմանափակելու այնպիսի ձեռքի զենքով, ինչպիսիք են ատրճանակները, որպեսզի հեշտ լինի քաղաքացիական պաշտպանության անձնակազմը տարբերել մարտիկներից: Անգամ եթե այդպիսի շրջաններում քաղաքացիական պաշտպանության անձնակազմը կրում է անձնական թեթև զենքի այլ տեսակներ, նա, այնուամենայնիվ, օգտվում է հարգանքից և պաշտպանությունից, հենց որ ճանաչվում է որպես այդպիսին:

4. Քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական կազմակերպությունների կազմավորումը զինվորական ձևով և դրանցում պարտադիր ծառայությունը ևս դրանց չեն զրկում սույն գլխով տրամադրվող պաշտպանությունից:

 

Հ ո դ վ ա ծ  66

 

Ճանաչումը

 

1. Ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պետք է ձգտի միջոցներ ձեռնարկել, որպեսզի քաղաքացիական պաշտպանության իր կազմակերպությունները, դրանց անձնակազմը, շենքերը և նյութական մասը կարողանան ճանաչվել այն ժամանակ, երբ դրանք օգտագործվում են բացառապես քաղաքացիական պաշտպանության խնդիրներ կատարելու համար: Հարկ է նույն ձևով ապահովել քաղաքացիական բնակչության համար նախատեսված պատսպարանների ճանաչելիությունը:

2. Ընդհարման մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պետք է ձգտի նաև ընդունել և կիրառել այնպիսի մեթոդներ և ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս ճանաչել քաղաքացիական պատսպարանները, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության անձնակազմը, շենքերը և նյութական մասը, որոնք կրում են կամ որոնց վրա տեղադրվում է քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանը:

3. Գրավյալ տարածքներում և շրջաններում, որտեղ մարտեր են տեղի ունենում կամ կարող են տեղի ունենալ, քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական անձնակազմը ճանաչվում է քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանի և կարգավիճակը հաստատող ինքնության վկայականի օգնությամբ:

4. Քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշան է հանդիսանում նարնջագույն ֆոնի վրա կապույտ հավասարակողմ եռանկյունը, երբ այն օգտագործվում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների, դրանց անձնակազմի, շենքերի և նյութական մասի, ինչպես նաև քաղաքացիական պատսպարանների պաշտպանության համար:

5. Տարբերանշանից բացի, քաղաքացիական պաշտպանության ճանաչման նպատակով, ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են պայմանավորվել տարբերիչ ազդանշանների օգտագործման վերաբերյալ:

6. Սույն հոդվածի 1-4 կետերի դրույթների կիրառումը կանոնակարգվում է սույն արձանագրությանն առընթեր 1 հավելվածի 5-րդ գլխով:

7. Խաղաղ ժամանակ, 4 կետում նկարագրված տարբերանշանից պետական իրավասու իշխանությունների համաձայնությամբ կարելի է օգտվել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ճանաչման նպատակով:

8. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանի օգտագործման նկատմամբ վերահսկողություն ապահովելու և դրա որևէ չարաշահում կանխելու և կասեցնելու համար:

9. Քաղաքացիական պաշտպանության բժշկական և հոգևոր անձնակազմի, բժշկական կազմավորումների և սանիտարատրանսպորտային միջոցների ճանաչումը ևս կանոնակարգվում է 18 հոդվածով:

 

Հ ո դ վ ա ծ  67

 

Քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին հատկացված զինված ուժերի անձնակազմը և զինվորական ստորաբաժանումները

 

1. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին հատկացված զինված ուժերի անձնակազմը և զինվորական ստորաբաժանումները հարգանքից և պաշտպանությունից օգտվում են պայմանով, որ

ա) այդ անձնակազմը և զինվորական ստորաբաժանումները նշանակված են մշտական և զբաղվում են բացառապես 61 հոդվածում հիշատակված խնդիրներից որևէ մեկի կատարմամբ,

բ) այդ նշանակումը ստացած անձնակազմն ընդհարման ժամանակ չի կատարում ռազմական որևէ պարտականություն,

գ) այդ անձնակազմը զինված ուժերի կազմի մեջ մտնող մյուս անձանցից տարբերվում է աչքի ընկնող տեղում կրվող քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանով, որը պետք է լինի հնարավորին չափ խոշոր, և նա ապահովվում է սույն արձանագրությանն առընթեր 1 հավելվածի 5-րդ գլխում հիշատակված ինքնության վկայականով, որը հաստատում է նրա կարգավիճակը,

դ) այդ անձնակազմը և զինվորական ստորաբաժանումները զինված են միայն անձնական թեթև զենքով` կարգուկանոնը պահպանելու և ինքնապաշտպանության համար: 65 հոդվածի 3 կետի դրույթները կիրառվում են նաև այս դեպքում,

ե) այդ անձնակազմն անմիջականորեն չի մասնակցում ռազմական գործողություններին և չի կատարում կամ չի օգտագործվում, բացի քաղաքացիական պաշտպանության իր խնդիրներից, հակառակորդ կողմին վնաս հասցնող գործողություններում,

զ) այդ անձնակազմը և զինվորական ստորաբաժանումները քաղաքացիական պաշտպանության խնդիրները կատարում են միայն իրենց երկրի ազգային տարածքի սահմաններում:

Զինված ուժերի կազմի մեջ մտնող ցանկացած անձի կողմից, որը կապված է ա) և բ) կետերում նախատեսված պայմաններով, վերը շարադրված ե) կետի պայմանները չպահպանելն արգելվում է:

2. Զինված ուժերի կազմի մեջ մտնող և քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններում ծառայող անձինք, եթե նրանք ընկնեն հակառակորդ կողմի իշխանության տակ, հանդիսանում են ռազմագերիներ: Գրավյալ տարածքում, եթե առաջանում է դրա անհրաժեշտությունը, նրանք կարող են օգտագործվել քաղաքացիական պաշտպանության խնդիրներ կատարելու համար, բայց միայն ի շահ այդ տարածքի քաղաքացիական բնակչության և պայմանով, որ, եթե այդպիսի աշխատանքը վտանգավոր է, նրանք կամավոր են համաձայնում այն կատարել:

3. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին հատկացված զինվորական ստորաբաժանումների շենքերը, խոշոր սարքավորումը և տրանսպորտային միջոցները պետք է հստակ նշվեն քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանով: Այդ տարբերանշանը պետք է լինի հնարավորին չափ խոշոր:

4. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններին մշտապես հատկացված և բացառապես քաղաքացիական պաշտպանության խնդիրներ կատարելու համար նախատեսված զինվորական ստորաբաժանումների նյութական մասը և շենքերը, այն դեպքում, եթե ընկնեն հակառակորդ կողմի իշխանության տակ, շարունակում են ենթարկվել պատերազմի օրենքներին: Դրանք չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քանի դեռ դրանք պահանջվում են քաղաքացիական պաշտպանության խնդիրները կատարելու համար, բացառությամբ պարտադիր ռազմական անհրաժեշտության դեպքերի, եթե միայն նախօրոք չեն ձեռնարկվել միջոցներ՝ քաղաքացիական բնակչության կարիքների բավարար ապահովման համար:

 

Բաժին 2

 

Օգնությունը քաղաքացիական բնակչությանը

 

Հ ո դ վ ա ծ  68

 

Կիրառման ոլորտը

 

Սույն բաժնի դրույթները կիրառվում են քաղաքացիական բնակչության նկատմամբ, ինչպես դա սահմանված է սույն արձանագրությամբ, և հանդիսանում են չորրորդ կոնվենցիայի 23, 55, 59, 60, 61, 62 և մյուս համապատասխան դրույթների լրացումը:

 

Հ ո դ վ ա ծ  69

 

Հիմնական պահանջմունքները գրավյալ տարածքներում

 

1. Ի լրումն չորրորդ կոնվենցիայի 55 հոդվածում թվարկված պարտավորությունների, որոնք վերաբերում են պարենով ու դեղամիջոցներով ապահովելուն, գրավող տերությունը ևս իր միջոցների առավելագույն չափով, և առանց որևէ աննպաստ տարբերության, կապահովի հագուստի, անկողնային պարագաների, ապաստանի միջոցների և այլ այն պահուստների մատակարարումը, որոնք կենսականորեն կարևոր են գրավյալ տարածքում քաղաքացիական բնակչության գոյատևման համար, ինչպես նաև կտրամադրի կրոնական արարողությունների համար անհրաժեշտ պարագաներ:

2. Գրավյալ տարածքի քաղաքացիական բնակչությանը ցույց տրվող օգնության միջոցառումները կարգավորվում են չորրորդ կոնվենցիայի 59, 60, 61, 62, 108, 109, 110 և 111 հոդվածներով, ինչպես նաև սույն արձանագրության 71 հոդվածով և իրականացվում են առանց ուշացվելու:

 

Հ ո դ վ ա ծ  70

 

Օգնության գործողությունները

 

1. Եթե ընդհարման մեջ գտնվող կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքի քաղաքացիական բնակչությունը, բացի գրավյալ տարածքից, անբավարար է ապահովված 69 հոդվածում հիշատակված պահուստներով, ապա անցկացվում են օգնություն ցուցաբերելու գործողություններ, որոնք կրում են մարդասիրական և անկողմնակալ բնույթ և իրականացվում են ըստ օգնության այդպիսի գործողությունների նկատմամբ շահագրգիռ կողմերի միջև կնքված պայմանագրի` առանց որևէ աննպաստ տարբերության: Օգնություն ցուցաբերելու մասին վերը նշված պայմաններին համապատասխանող առաջարկությունները չեն դիտվում որպես միջամտություն զինված ընդհարմանը կամ որպես թշնամական գործողություններ: Օգնության ծանրոցները բաշխելիս գերապատվությունը տրվում է այնպիսի անձանց, ինչպես երեխաներն են, հղի, ծննդկան կանայք և կերակրող մայրերը, որոնք չորրորդ կոնվենցիային կամ սույն արձանագրությանը համապատասխան օգտվում են հատուկ արտոնություններից և հատուկ պաշտպանությունից:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմերը և յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ թույլ կտան սույն բաժնին համապատասխան կատարված օգնության բոլոր մատակարարումների, սարքավորումների և անձնակազմի արագ և անարգել փոխադրումը, և կնպաստեն դրան, եթե անգամ նման օգնությունը նախատեսվում է հակառակորդ կողմի քաղաքացիական բնակչության համար:

3. Ընդհարման մեջ գտնվող կողմերը և յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ, որոնք թույլատրում են օգնության նպատակով մատակարարումների, սարքավորման և անձնակազմի փոխադրումը, 2 կետին համապատասխան՝

ա) իրավունք ունեն նշանակել տեխնիկական կարգավորման միջոցներ, ներառյալ ստուգումները, որոնց պետք է ենթարկվի այդպիսի փոխադրումը,

բ) կարող են այդպիսի թույլտվությունը պայմանավորել նրանով, որպեսզի այդ օգնության բաշխումը կատարվի հովանավոր տերության վերահսկողության ներքո,

գ) ոչ մի ձևով չեն փոխի օգնության առաքումների սկզբնական նշանակումը և չեն ուշացնի դրանց փոխադրումը, բացառությամբ պարտադրված շտապ անհրաժեշտության` ի շահ համապատասխան քաղաքացիական բնակչության:

4. Ընդհարման մեջ գտնվող կողմերը կապահովեն օգնության առաքումների պաշտպանությունը և կաջակցեն դրանց արագ բաշխմանը:

5. Ընդհարման մեջ գտնվող կողմերը և յուրաքանչյուր շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմ կխրախուսեն օգնություն ցուցաբերելու` 1 կետում նշված գործողությունների միջազգային արդյունավետ կոորդինացումը և կնպաստեն դրան:

 

Հ ո դ վ ա ծ  71

 

Օգնության գործողություններին մասնակցող անձնակազմը

 

1. Անհրաժեշտության դեպքում օգնության գործողությունների կատարման համար անձնակազմի առանձնացումը, հատկապես օգնության մատակարարումների փոխադրման և բաշխման համար, կարող է կազմել այդ գործողությունների մասը. այդպիսի անձնակազմի մասնակցության առթիվ պետք է ստացվի այն կողմի համաձայնությունը, որի տարածքում այն պետք է կատարի իր պարտականությունները:

2. Այդպիսի անձնակազմն օգտվում է հարգանքից և պաշտպանությունից:

3. Օգնության մատակարարումներ ստացող յուրաքանչյուր կողմ առավելագույն հնարավորության չափով կօգնի 1 կետում հիշատակված անձնակազմին՝ կատարելու օգնության իր առաքելությունը: Միայն պարտադրված ռազմական անհրաժեշտության դեպքում այդպիսի անձնակազմի գործունեությունը և նրա տեղաշարժերը կարող են ժամանակավորապես սահմանափակվել:

4. Ոչ մի հանգամանքներում օգնություն ցուցաբերող անձնակազմը չպետք է դուրս գա սույն արձանագրությանը համապատասխան իր առաքելության սահմաններից: Մասնավորապես, այդ անձնակազմը պետք է ուշադրության առնի այն երկրի անվտանգության պահանջները, որի տարածքում կատարում է իր պարտականությունները: Տվյալ անձնակազմի մեջ մտնող ցանկացած այն անձի գործունեությունը, որը չի պահպանում այդ պայմանները, կարող է դադարեցվել:

 

Բաժին 3

 

Ընդհարման մեջ գտնվող Կողմի իշխանության տակ գտնվող անձանց հետ վարվելակերպը

 

Գլուխ 1

 

Կիրառման ոլորտը և անձանց ու օբյեկտների պաշտպանությունը

 

Հ ո դ վ ա ծ  72

 

Կիրառման ոլորտը

 

Սույն բաժնի դրույթները լրացնում են ընդհարմանը մասնակցող կողմի իշխանության տակ գտնվող քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների մարդասիրական պաշտպանությանը վերաբերող այն նորմերը, որոնք բովանդակվում են չորրորդ կոնվենցիայում, մասնավորապես, դրա 1-ին և 3-րդ մասերում, ինչպես նաև միջազգային իրավունքի` միջազգային զինված ընդհարումների ժամանակ կիրառվող մարդու հիմնական իրավունքների պաշտպանությանը վերաբերող մյուս նորմերը:

 

Հ ո դ վ ա ծ  73

 

Փախստականները և ապատրիդները

 

Այն անձինք, որոնք շահագրգիռ պետությունների կողմից ընդունված համապատասխան միջազգային ակտերի կամ ապաստան տրամադրած պետության կամ բնակության պետության ազգային օրենսդրության համաձայն՝ մինչև պատերազմական գործողությունների սկիզբը դիտվել են որպես ապատրիդներ կամ փախստականներ, չորրորդ կոնվենցիայի 1-ին և 3-րդ մասերի իմաստով հանդիսանում են հովանավորվող անձինք` բոլոր հանգամանքներում և առանց որևէ աննպաստ տարբերակման:

 

Հ ո դ վ ա ծ  74

 

Անջատված ընտանիքների վերամիացումը

 

Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը ցանկացած հնարավոր ուղիներով նպաստում են այն ընտանիքների վերամիացմանը, որոնք անջատվել են զինված ընդհարումների հետևանքով և, մասնավորապես, խրախուսում են այդ խնդիրն իրականացնող մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը` կոնվենցիաների և սույն արձանագրության դրույթների և իրենց անվտանգության համապատասխան կանոնների համաձայն:

 

Հ ո դ վ ա ծ  75

 

Հիմնական երաշխիքները

 

1. Այն չափով, որչափ որ նրանց առնչվում է սույն արձանագրության 1 հոդվածում նշված իրադրությունը, ընդհարմանը մասնակցող կողմի իշխանության տակ գտնվող և կոնվենցիաների կամ սույն արձանագրության համաձայն՝ առավել նպաստավոր վարվելակերպից չօգտվող անձանց բոլոր հանգամանքներում վերաբերվում են մարդասիրաբար, և նրանք առնվազն օգտվում են սույն հոդվածով նախատեսվող պաշտպանությունից, առանց որևէ աննպաստ տարբերակման` հիմնված ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ դավանանքի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, ծննդի կամ այլ կարգավիճակի հատկանիշների, կամ այլ համանման չափանիշների վրա: Յուրաքանչյուր կողմ պետք է հարգանքով վերաբերվի այդպիսի բոլոր անձանց անհատականության, պատվի, համոզմունքների և կրոնական ծեսերի նկատմամբ:

2. Արգելված են և ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում արգելված կմնան հետևյալ գործողությունները, անկախ այն բանից՝ դրանք կատարում են քաղաքացիակա՞ն, թե՞ զինվորական մարմինների ներկայացուցիչները.

ա) բռնությունն անձանց կյանքի, առողջության և ֆիզիկական կամ հոգեկան վիճակի նկատմամբ, մասնավորապես՝

i) սպանությունը,

ii) բոլոր տեսակի խոշտանգումները՝ ֆիզիկական թե հոգեկան,

iii) մարմնական պատիժները, և

iv) խեղումները,

բ) ոտնձգությունը մարդկային արժանապատվության նկատմամբ, մասնավորապես, նվաստացուցիչ և վիրավորական վերաբերմունքը, պոռնկության հարկադրելը կամ ցանկացած ձևի անպարկեշտ ոտնձգությունը,

գ) պատանդ վերցնելը,

դ) կոլեկտիվ պատիժները, և

ե) վերը նշված գործողություններից որևէ մեկով սպառնալը:

3. Ռազմական ընդհարման հետ կապված գործողությունների համար ձերբակալման, կալանման կամ ներկալման ենթարկվող ցանկացած անձ իր համար հասկանալի լեզվով պետք է անհապաղ տեղեկացվի այդպիսի միջոցների ձեռնարկման պատճառների մասին: Բացառությամբ քրեական իրավախախտումների համար ձերբակալման կամ կալանման դեպքերի, այդպիսի անձինք պետք է ազատվեն հնարավորին չափ արագ, հանենայն դեպս հենց որ ձերբակալումը, կալանումը կամ ներկալումն արդարացնող հանգամանքները դադարեն գոյություն ունենալ:

4. Զինված ընդհարման հետ կապված քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ չի կարող կայացվել ոչ մի վճիռ, և կամ ի կատար ածվել ոչ մի պատիժ, առանց անկողմնակալ և հարկ եղածին պես կազմված այնպիսի դատարանի նախնական որոշման, որը պահպանում է սովորական դատավարության համընդհանուր ճանաչված սկզբունքները, որոնք իրենց մեջ ներառում են հետևյալը.

ա) ընթացակարգը պետք է նախատեսի, որպեսզի մեղադրյալն առանց ուշացման տեղեկացվի իրեն մեղսագրվող իրավախախտման մանրամասների մասին, և նրան մինչև դատը և դատի ժամանակ տրամադրվեն պաշտպանության բոլոր անհրաժեշտ իրավունքները և միջոցները,

բ) ոչ ոք իրավախախտման համար չի կարող դատապարտվել այլ կերպ, բացի անհատական քրեական պատասխանատվության հիման վրա,

գ) ոչ ոք չի կարող մեղադրվել կամ դատապարտվել այնպիսի գործողությունների կամ բացթողումների համար, որոնք իրենցից քրեական իրավախախտում չեն ներկայացրել ազգային օրենսդրության կամ միջազգային իրավունքի այն նորմերի համաձայն, որոնց գործողությունը տարածվել է այդ անձի վրա դրանք կատարելու պահին: Չի կարող նաև առավել խիստ պատիժ նշանակվել, քան պատիժը, որը կիրառվել է այն ժամանակ, երբ կատարվել է տվյալ իրավախախտումը: Եթե իրավախախտում կատարելուց հետո օրենքով սահմանվում է առավել թեթև պատիժ, ապա այդ օրենքի գործողությունը տարածվում է և տվյալ իրավախախտողի վրա,

դ) յուրաքանչյուր ոք, որին իրավախախտում կատարելու համար մեղադրանք է ներկայացվում, համարվում է անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցված օրենքով,

ե) յուրաքանչյուր ոք, որի նկատմամբ մեղադրանք է ներկայացվում իրավախախտում կատարելու համար, իր ներկայությամբ դատվելու իրավունք ունի,

զ) ոչ ոքի չի կարելի հարկադրել իր դեմ ցուցմունք տալ կամ իրեն մեղավոր ճանաչել,

է) յուրաքանչյուր ոք, որի նկատմամբ մեղադրանք է ներկայացվում իրավախախտում կատարելու համար, ունի իր դեմ ցուցմունք տվող վկաներին հարցաքննելու իրավունք, կամ պահանջելու, որպեսզի այդ վկաները հարցաքննվեն, ինչպես նաև իր օգտին ցուցմունք տվող վկաներ կանչելու և հարցաքննելու իրավունք` այդ նույն պայմաններով, ինչ նրա դեմ ցուցմունքներ տվող վկաների համար,

ը) ոչ ոք չի կարող նույն կողմից հետապնդվել կամ պատժվել այն իրավախախտման համար, որի համար նույն օրենքի և դատական ընթացակարգի համաձայն նրա նկատմամբ ավելի վաղ արդեն կայացվել է արդարացնող կամ նրան դատապարտող վերջնական վճիռ,

թ) յուրաքանչյուր ոք, որը իրավախախտման համար հետապնդվում է դատական կարգով, իրավունք ունի, որպեսզի դատարանի վճիռը ընթերցվի հրապարակայնորեն,

ժ) վճիռ կայացնելիս դատապարտյալին պետք է տեղեկացվի դատական կամ այլ կարգով գանգատարկելու նրա իրավունքի, ինչպես և այն ժամկետի մասին, որի ընթացքում նա կարող է օգտվել այդ իրավունքից:

5. Կանայք, որոնք ազատազրկվել են զինված ընդհարումների հետ կապված պատճառներով, պահվում են տղամարդկանց շենքերից առանձին շենքերում: Նրանք գտնվում են կանանց անմիջական հսկողության ներքո: Սակայն այն դեպքերում, երբ ձերբակալման, կալանման կամ ներկալման են ենթարկվում ընտանիքներ, դրանք, հնարավորության սահմաններում, տեղավորվում են միևնույն տեղում և պահվում են որպես առանձին ընտանիքներ:

6. Զինված ընդհարումների հետ կապված պատճառներով ձերբակալման, կալանման կամ ներկալման ենթարկված անձինք օգտվում են սույն հոդվածով նախատեսված պաշտպանությունից՝ մինչև նրանց վերջնական ազատումը, հայրենադարձությունը կամ նրանց տեղավորումը` նույնիսկ զինված ընդհարման ավարտից հետո:

7. Ռազմական հանցագործությունների կամ մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հետապնդման և նրանց դատելու վերաբերմամբ ցանկացած տարակուսանքից խուսափելու նպատակով կիրառվում են հետևյալ սկզբունքները.

ա) այդպիսի հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք պետք է հետապնդվեն և դատի տրվեն միջազգային իրավունքի կիրառվող նորմերին համապատասխան, և

բ) ցանկացած անձ, ով կոնվենցիաների կամ սույն արձանագրության համաձայն չի օգտվում առավել նպաստավոր վարվելակերպից, օգտվում է սույն հոդվածով նախատեսված վարվելակերպից, անկախ այն բանից` հանցագործությունները, որոնց մեջ նա մեղադրվում է, հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ կոնվենցիաների և սույն արձանագրության լուրջ խախտումներ:

8. Սույն հոդվածի դրույթներից ոչ մեկը չի կարող մեկնաբանվել որպես ավելի նպաստավոր ցանկացած այլ դրույթի սահմանափակում կամ խախտում, որը 1 կետում նշված անձանց առավել մեծ պաշտպանություն է տալիս՝ միջազգային իրավունքի կիրառվող նորմերի համաձայն:

 

Գլուխ 2

 

Կանանց և երեխաների պաշտպանության միջոցները

 

Հ ո դ վ ա ծ  76

 

Կանանց պաշտպանությունը

 

1. Կանայք օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը, մասնավորապես, բռնաբարությունից, պոռնկության հարկադրելուց և անպարկեշտ ոտնձգությունների ցանկացած այլ ձևերից:

2. Հղի կանանց և փոքրահասակ երեխաներ ունեցող այն մայրերի գործերը, որոնցից կախված են այդ երեխաները, և որոնք ռազմական ընդհարման հետ կապված պատճառներով ենթարկվում են ձերբակալման, կալանման կամ ներկալման, քննարկվում են առաջնահերթ կարգով:

3. Ընդհարման մեջ գտնվող կողմերը առավելագույն հնարավորության չափով կձգտեն խուսափել ռազմական ընդհարման հետ կապված իրավախախտումների համար հղի կանանց կամ փոքրահասակ երեխաների այն մայրերի նկատմամբ մահվան դատավճիռ կայացնելուց, որոնցից կախված են այդ երեխաները: Այդ կանանց նկատմամբ այդպիսի իրավախախտումների համար մահվան դատավճիռն ի կատար չի ածվի:

 

Հ ո դ վ ա ծ  77

 

Երեխաների պաշտպանությունը

 

1. Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունն ամեն կարգի անպարկեշտ ոտնձգություններից: Ընդհարման մեջ գտնվող կողմերը կապահովեն նրանց անհրաժեշտ խնամքը և օգնությունը, որոնք բխում են նրանց տարիքից կամ ցանկացած այլ պատճառով:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմերը կձեռնարկեն գործնականում բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի տասնհինգ տարին չլրացրած երեխաներն անմիջական մասնակցություն չունենան ռազմական գործողություններին, և մասնավորապես, կողմերը ձեռնպահ կմնան իրենց զինված ուժերի մեջ նրանց հավաքագրումից: Տասնհինգ տարեկանից բարձր, բայց դեռ տասնութ տարին չլրացրած անձանց թվից հավաքագրելիս, ընդհարման մեջ գտնվող կողմերը կձգտեն նախապատվությունը տալ առավել ավագ տարիքի անձանց:

3. Եթե, բացառիկ դեպքերում, հակառակ 2 կետի դրույթների, տասնհինգ տարին չլրացրած երեխաներն անմիջական մասնակցություն են ունենում ռազմական գործողություններին և ընկնում հակառակ կողմի իշխանության տակ, նրանք շարունակում են օգտվել սույն հոդվածով հատկացվող հատուկ պաշտպանությունից, անկախ այն բանից` հանդիսանո՞ւմ են ռազմագերիներ, թե՞ ոչ:

4. Զինված ընդհարման հետ կապված պատճառներով ձերբակալման, կալանման կամ ներկալման դեպքում երեխաները պահվում են մեծահասակների շենքերից առանձին շենքերում, բացի այն դեպքերից, երբ ընտանիքները տեղավորվում են առանձին, ինչպես դա նախատեսված է 75 հոդվածի 5 կետով:

5. Զինված ընդհարման հետ կապված իրավախախտման համար մահվան դատավճիռն ի կատար չի ածվում այն անձանց նկատմամբ, ում տասնութ տարին չի լրացել իրավախախտումը կատարելու պահին:

 

Հ ո դ վ ա ծ  78

 

Երեխաների տարահանումը

 

1. Ընդհարման մեջ գտնվող ոչ մի կողմ միջոցներ չի ձեռնարկի օտարերկրյա պետություն տարահանելու երեխաներին, բացի միայն իր սեփական քաղաքացիներից, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է ժամանակավոր տարահանմանը, որն անհրաժեշտ է երեխաների առողջական վիճակի կամ նրանց բուժման կամ, եթե նրանք չեն գտնվում գրավյալ տարածքում` նրանց անվտանգության հետ կապված անհետաձգելի պատճառներով: Այն դեպքում, եթե կարող են գտնվել ծնողները կամ օրինական խնամակալները, այդպիսի տարահանման համար պահանջվում է նրանց գրավոր համաձայնությունը: Եթե այդպիսի անձինք չեն կարող գտնվել, ապա տարահանման համար պահանջվում է այն անձանց գրավոր համաձայնությունը, որոնք օրենքով կամ ավանդույթի համաձայն կրում են երեխաների խնամքի գլխավոր պատասխանատվությունը: Ցանկացած այդպիսի տարահանում անցկացվում է հովանավոր տերության հսկողությամբ` շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցնելով, այսինքն՝ տարահանումն իրականացնող կողմի, երեխաներին ընդունող կողմի և ցանկացած այն կողմերի հետ, որոնց քաղաքացիները տարահանվում են: Ամեն դեպքում ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերը կձեռնարկեն նախազգուշության գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները` խուսափելու տարահանման համար սպառնալիք առաջացնելուց:

2. 1 կետին համապատասխան տարահանման իրականացման դեպքերում յուրաքանչյուր երեխայի ուսումը, ներառյալ՝ նրա կրոնական և բարոյական դաստիարակությունը, նրա ծնողների ցանկության համաձայն, ապահովվում է, քանի դեռ նա գտնվում է տարահանման մեջ, առավելագույն հնարավոր չափով անընդհատ:

3. Սույն հոդվածին համապատասխան տարահանված երեխաների վերադարձն իրենց ընտանիքները և իրենց երկիրը դյուրացնելու նպատակով, տարահանումն իրականացնող կողմի իշխանությունները, և երբ դա նպատակահարմար է` ընդունող կողմի իշխանությունները, յուրաքանչյուր երեխայի համար լրացնում են քարտ՝ լուսանկարներով հանդերձ, որը նրանք ուղարկում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնական տեղեկատու գործակալություն: Յուրաքանչյուր քարտ պետք է բովանդակի, հնարավորության սահմաններում և երեխային վնաս հասցնելու վտանգի բացակայության դեպքում, հետևյալ տեղեկատվությունը.

ա) երեխայի ազգանունը (ազգանունները).

բ) երեխայի անունը (անունները).

գ) երեխայի սեռը.

դ) ծննդյան տեղը և տարեթիվը (կամ, եթե ծննդյան տարեթիվն անհայտ է, մոտավոր տարիքը).

ե) հոր անուն-ազգանունը.

զ) մոր անուն-ազգանունը և աղջկական ազգանունը, եթե այդպիսին պահպանվում է.

է) երեխայի մերձավոր հարազատները.

ը) երեխայի ազգությունը.

թ) երեխայի մայրենի լեզուն և ցանկացած այլ լեզու, որ նա տիրապետում է.

ժ) երեխայի ընտանիքի հասցեն.

ժա) երեխայի ցանկացած անձնական համարը.

ժբ) երեխայի առողջական վիճակը.

ժգ) երեխայի արյան խումբը.

ժդ) տարբերիչ նշանները.

ժե) տարեթիվը և տեղը, որտեղ գտնվել է երեխան.

ժզ) իր երկրից երեխայի մեկնելու տարեթիվը և այն տեղի անվանումը, որտեղից նա մեկնել է.

ժէ) երեխայի կրոնը, եթե այդպիսին գոյություն ունի.

ժը) երեխայի ներկա հասցեն ընդունող երկրում.

ժթ) մինչև վերադարձը երեխայի մահվան դեպքում` մահվան տարեթիվը, տեղը և հանգամանքները, և նրա թաղման վայրը:

 

Գլուխ 3

 

Լրագրողները

 

Հ ո դ վ ա ծ  79

 

Լրագրողների պաշտպանության միջոցները

 

1. Զինված ընդհարման շրջաններում վտանգավոր մասնագիտական գործուղումների մեջ գտնվող լրագրողները դիտվում են որպես քաղաքացիական անձինք 50 հոդվածի 1 կետի նշանակությամբ:

2. Որպես այդպիսիք՝ նրանք օգտվում են պաշտպանությունից կոնվենցիաներին և սույն արձանագրությանը համապատասխան, պայմանով, որ ոչ մի այնպիսի գործողություն չեն կատարի, որն անհամատեղելի է քաղաքացիական անձանց նրանց կարգավիճակի հետ, և կգործեն առանց վնաս հասցնելու զինված ուժերում հավատարմագրված զինվորական թղթակիցների` երրորդ կոնվենցիայի 4 A.4 հոդվածով նախատեսված կարգավիճակի իրավունքին:

3. Նրանք կարող են ստանալ այն նմուշի անձնական վկայական, որը կցված է սույն արձանագրությանն առընթեր 2-րդ հավելվածում: Այդ վկայականը, որը տրվում է այն պետության կառավարության կողմից, որի քաղաքացին է հանդիսանում լրագրողը, կամ որի տարածքում նա բնակվում է մշտապես, կամ որտեղ գտնվում է տեղեկատվական գործակալությունը, որտեղ նա աշխատում է, հավաստում է այն ներկայացնողի կարգավիճակը, որպես լրագրող:

 

Մաս 5

 

Կոնվենցիաների և սույն Արձանագրության կատարումը

 

Բաժին 1

 

Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 80

 

Կատարման միջոցները

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը անհապաղ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կոնվենցիաներով և սույն արձանագրությամբ իրենց վրա դրված պարտականությունները կատարելու համար:

2. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը հրամաններ և կարգադրություններ կանեն կոնվենցիաների և սույն արձանագրության իրագործման ապահովման նպատակով և վերահսկողություն կիրականացնեն դրանց կատարման նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  81

 

Կարմիր խաչի և մարդասիրական մյուս կազմակերպությունների գործունեությունը

 

1. Ընդհարման մեջ գտնվող կողմերն իրենց հնարավորությունների սահմաններում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կտրամադրեն բոլոր միջոցները, որոնք թույլ տան կոմիտեին կատարելու ընդհարումներից տուժածների պաշտպանության և օգնության ապահովման նպատակով կոնվենցիաներով և սույն արձանագրությամբ իր վրա դրված մարդասիրական գործառույթները: Ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ կողմերի համաձայնությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարող է նաև իրականացնել ցանկացած այլ մարդասիրական գործունեություն՝ հօգուտ այդ տուժածների:

2. Ընդհարման մեջ գտնվող կողմերը Կարմիր խաչի (Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի և արևի) իրենց համապատասխան կազմակերպություններին կտրամադրեն հօգուտ տվյալ ընդհարման տուժածների իրենց մարդասիրական գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներ՝ կոնվենցիաների և սույն արձանագրության դրույթներին և Կարմիր խաչի այն հիմնարար սկզբունքներին համապատասխան, որոնք ձևակերպված են Կարմիր խաչի միջազգային համաժողովների կողմից:

3. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը հնարավոր բոլոր միջոցներով կնպաստեն այն օգնությունը ցուցաբերելուն, որը Կարմիր խաչի (Կարմիր մահիկի, Կարմիր առյուծի և արևի) և Կարմիր խաչի ընկերությունների լիգայի կազմակերպությունները տրամադրում են ընդհարումներից տուժածներին` կոնվենցիաների և սույն արձանագրության դրույթներին և Կարմիր խաչի այն հիմնարար սկզբունքներին համապատասխան, որոնք ձևակերպված են Կարմիր խաչի միջազգային համաժողովների կողմից:

4. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը հնարավորության սահմաններում կտրամադրեն 2 և 3 կետերում նշված միջոցներին համանման միջոցներ՝ կոնվենցիաներում և սույն արձանագրության մեջ հիշատակված մյուս մարդասիրական կազմակերպություններին, որոնք պատշաճ ձևով լիազորված են ընդհարման մեջ գտնվող շահագրգիռ պետությունների կողմից, և իրենց մարդասիրական գործունեությունը ծավալում են կոնվենցիաների և սույն արձանագրության դրույթներին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  82

 

Զինված ուժերի իրավախորհրդատուները

 

Բարձր պայմանավորվող կողմերը՝ ցանկացած ժամանակ և ընդհարման մեջ գտնվող կողմերը՝ զինված ընդհարման ժամանակաշրջանում կապահովեն իրավախորհրդատուների առկայությունը, որոնք, երբ դա անհրաժեշտ է, զինվորական հրամանատարներին համապատասխան մակարդակով խորհուրդներ կտան կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառման մասին և այդ հարցի առթիվ զինված ուժերում համապատասխան ուսուցում կանցկացնեն:

 

Հ ո դ վ ա ծ  83

 

Տարածումը

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ինչպես խաղաղ, այնպես էլ զինված ընդհարումների ժամանակ հնարավորին չափ լայնորեն տարածել կոնվենցիաները և սույն արձանագրությունն իրենց երկրներում և, մասնավորապես, դրանց ուսումնասիրումը մտցնել զինվորական պատրաստության ծրագրերի մեջ և քաջալերել դրանց ուսումնասիրումը քաղաքացիական բնակչության կողմից, որպեսզի այդ փաստաթղթերը ծանոթ լինեն զինված ուժերին և քաղաքացիական բնակչությանը:

2. Զինվորական կամ քաղաքացիական այն իշխանությունները, որոնք զինված ընդհարումների ժամանակ իրենց վրա են վերցնում կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառման պատասխանատվությունը, պետք է լրիվ ծանոթ լինեն դրանց տեքստերին:

 

Հ ո դ վ ա ծ  84

 

Կիրառման կանոնները

 

Բարձր պայմանավորվող կողմերը ամենաարագ կերպով ավանդապահի և, անհրաժեշտության դեպքում, հովանավոր տերության միջնորդությամբ, միմյանց կուղարկեն սույն արձանագրության իրենց պաշտոնական թարգմանությունները, ինչպես նաև այն օրենքները և կանոնադրությունները, որոնք կարող են ընդունվել արձանագրության կիրառումն ապահովելու համար:

 

Բաժին 2

 

Կոնվենցիաների և սույն Արձանագրության խախտումների կանխումը

 

Հ ո դ վ ա ծ  85

 

Սույն արձանագրության խախտումների կանխումը

 

1. Խախտումների և լուրջ խախտումների կանխմանը վերաբերող կոնվենցիաների դրույթները, որոնք լրացվել են սույն բաժնով, կիրառվում են սույն արձանագրության խախտումների և լուրջ խախտումների կանխման նկատմամբ:

2. Այն գործողությունները, որոնք կոնվենցիաներում բնութագրվում են որպես լուրջ խախտումներ, հանդիսանում են սույն արձանագրության լուրջ խախտումներ, եթե դրանք կատարվում են հակառակորդ կողմի իշխանության տակ գտնվող և սույն արձանագրության 44, 45 և 73 հոդվածների պաշտպանությունից օգտվող անձանց նկատմամբ, կամ հակառակորդ կողմին պատկանող հիվանդների, վիրավորների և նավաբեկյալների և սույն արձանագրության պաշտպանությունից օգտվող անձանց նկատմամբ, կամ հակառակորդ կողմի վերահսկողության տակ գտնվող և սույն արձանագրության պաշտպանությունից օգտվող բժշկական կամ հոգևոր անձնակազմի, բժշկական կազմավորումների կամ սանիտարատրանսպորտային միջոցների նկատմամբ:

3. Բացի 11 հոդվածով սահմանված լուրջ խախտումներից, հետևյալ գործողությունները, երբ դրանք կատարվել են կանխամտածված, ի խախտումն սույն արձանագրության համապատասխան դրույթների և հանդիսանում են մահվան կամ մարմնական լուրջ վնասվածքների կամ առողջությանը հասցված վնասի պատճառ, դիտվում են որպես սույն արձանագրության լուրջ խախտումներ.

ա) քաղաքացիական բնակչության կամ քաղաքացիական առանձին անձանց վերածումը հարձակման օբյեկտի,

բ) ոչ ընտրողական բնույթի այնպիսի հարձակման իրագործումը, որը հարվածում է քաղաքացիական բնակչությանը կամ քաղաքացիական օբյեկտներին, երբ հայտնի է, որ այդպիսի հարձակումը կդառնա չափից ավելի մեծ թվով զոհերի, քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների պատճառ կամ վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, ինչպես դա սահմանված է 57 հոդվածի 2 a iii կետում,

գ) վտանգավոր ուժեր պարունակող կառույցների և կայանքների վրա հարձակման իրագործումը, երբ հայտնի է, որ այդպիսի հարձակումը կդառնա չափից ավելի մեծ թվով զոհերի, քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների պատճառ կամ վնաս կհասցնի քաղաքացիական օբյեկտներին, ինչպես դա սահմանված է 57 հոդվածի 2 a iii կետում,

դ) չպաշտպանվող վայրերի և ապառազմականացված գոտիների վերածումը հարձակման օբյեկտի,

ե) հարձակում կատարելն անձի վրա, երբ հայտնի է, որ նա դադարել է մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին,

զ) ի խախտումն 37 հոդվածի, Կարմիր խաչի, Կարմիր մահիկի կամ Կարմիր առյուծի և արևի` կոնվենցիաներով և սույն արձանագրությամբ ճանաչված տարբերանշանի կամ պաշտպանական մյուս նշանների ուխտադրուժ օգտագործումը:

4. Ի լրումն նախորդ կետերում և կոնվենցիաներում նշված լուրջ խախտումների, հետևյալ գործողություններն են դիտվում որպես սույն արձանագրության լուրջ խախտումներ, երբ դրանք կատարվում են կանխամտածված և ի խախտումն կոնվենցիաների կամ սույն արձանագրության.

ա) գրավող տերության կողմից սեփական բնակչության մի մասի տեղափոխումը իր կողմից գրավված տարածք կամ գրավյալ տարածքի ամբողջ բնակչության կամ դրա մի մասի բռնագաղթը կամ տեղափոխումը այդ տարածքի սահմաններում կամ դրա սահմաններից դուրս` ի խախտումն չորրորդ կոնվենցիայի 49 հոդվածի,

բ) ռազմագերիների կամ քաղաքացիական անձանց հայրենադարձության չարդարացված ձգձգումը,

գ) ապարտեիդի և մյուս անմարդկային ու նվաստացուցիչ այնպիսի գործողությունների կիրառումը, որոնք հիմնված են անձի արժանապատվությունը նվաստացնող ռասայական խտրականության վրա,

դ) պարզորոշ ճանաչվող և ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգությունը հանդիսացող այնպիսի պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված հարձակումը, որոնց հատուկ համաձայնագրով, կնքված, օրինակ, իրավասու միջազգային կազմակերպության շրջանակներում, տրամադրվել է հատուկ պաշտպանություն, և որի հետևանքով դրանց հասցվում են մեծ ավերումներ, մինչդեռ չկա որևէ ապացույց հակառակորդ կողմից 53 հոդվածի b) կետի խախտման մասին և, երբ հիշյալ պատմական հուշարձանները, արվեստի ստեղծագործությունները և պաշտամունքի վայրերը չեն գտնվում ռազմական օբյեկտների անմիջական մերձակայքում,

ե) կոնվենցիաների պաշտպանությունից օգտվող կամ սույն հոդվածի 2 կետում հիշատակված անձին անկողմնակալ և կանոնավոր դատավարության իրավունքից զրկելը:

5. Առանց կոնվենցիաների և սույն արձանագրության կիրառմանը վնաս հասցնելու, այդ փաստաթղթերի լուրջ խախտումները դիտվում են որպես պատերազմի հանցագործություններ:

 

Հ ո դ վ ա ծ  86

 

Միջոցներ չձեռնարկելը

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է կանխեն լուրջ խախտումները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն կոնվենցիաների կամ սույն արձանագրության բոլոր մյուս այն խախտումների կասեցման համար, որոնք հանդիսանում են այնպիսի միջոցներ չձեռնարկելու հետևանք, որոնք պետք է ձեռնարկվեին:

2. Այն փաստը, որ կոնվենցիաների կամ սույն արձանագրության խախտումը կատարվել է ենթակա անձի կողմից, նրա պետերին չի ազատում քրեական կամ կարգապահական պատասխանատվությունից` նայած հանգամանքների, եթե նրանք իմացել կամ իրենց տրամադրության տակ ունեցել են տեղեկատվություն, որը պետք է նրանց թույլ տար եզրակացնել այդ պահին եղած իրադրության պայմաններում, որ տվյալ ենթակա անձը կատարում կամ մտադրվում է կատարել նման խախտում, և եթե իրենց իրավասությունների սահմաններում նրանք չեն ձեռնարկել գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները՝ այդպիսի խախտումը թույլ չտալու կամ կասեցնելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  87

 

Հրամանատարների պարտականությունները

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է զինվորական հրամանատարներից պահանջեն, որպեսզի նրանք իրավասության սահմաններում իրենց ենթակա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձանց և իրենց ենթակայության տակ գտնվող մյուս անձանց թույլ չտան կոնվենցիաների և սույն արձանագրության խախտումներ և անհրաժեշտության դեպքում կասեցնեն այդ խախտումները և դրանց մասին տեղյակ պահեն իրավասու իշխանություններին:

2. Խախտումներ թույլ չտալու և կասեցնելու նպատակով Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է պահանջեն, որպեսզի հրամանատարները, նրանց վրա դրված պատասխանատվության սահմաններում, միջոցներ ձեռնարկեն այն բանի համար, որպեսզի նրանց ենթակա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձինք իմանան այն պարտականությունները, որոնք նրանց վրա դրվում են կոնվենցիաներով և սույն արձանագրությամբ:

3. Բարձր պայմանավորվող կողմերը և ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է պահանջեն յուրաքանչյուր հրամանատարից, որը տեղյակ է այն մասին, որ նրա վերահսկողության տակ գտնվող ենթակաները կամ այլ անձինք մտադրվում են կատարել կամ կատարել են կոնվենցիաների կամ սույն արձանագրության խախտում, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` թույլ չտալու կոնվենցիաների կամ սույն արձանագրության նման խախտումները և, անհրաժեշտության դեպքում, կարգապահական կամ քրեական հետապնդում հարուցեն նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել նշված խախտումները:

 

Հ ո դ վ ա ծ  88

 

Փոխադարձ դատական օգնությունը քրեական հետապնդման հարցում

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց առավելագույն դատական աջակցություն ցույց կտան կոնվենցիաների և սույն արձանագրության լուրջ խախտումների դեպքում հարուցվող քրեական հետապնդման կապակցությամբ:

2. Անկախ կոնվենցիաներով և սույն արձանագրության 85 հոդվածի 1 կետով սահմանված իրավունքներից և պարտականություններից, և երբ հանգամանքները թույլ են տալիս, Բարձր պայմանավորվող կողմերը կհամագործակցեն հանձնելու հետ կապված դեպքերում: Նրանք պատշաճ ձևով հաշվի կառնեն այն պետության խնդրանքը, որի տարածքում իբրև թե կատարվել է տվյալ հանցագործությունը:

3. Բոլոր դեպքերում կիրառվում է հանձնման մասին խնդրանք ստացած Բարձր պայմանավորվող կողմի օրենսդրությունը: Սակայն նախորդ կետերում բերված դրույթները չեն շոշափում ցանկացած այլ երկկողմ կամ բազմակողմ այն համաձայնագրից բխող պարտավորությունները, որը լրիվ կամ մասնակիորեն սահմանում է, կամ կսահմանի քրեական հետապնդման հարցերում փոխադարձ դատական օգնություն ցուցաբերելու ոլորտը:

 

Հ ո դ վ ա ծ  89

 

Համագործակցությունը

 

Կոնվենցիաների կամ սույն արձանագրության լուրջ խախտումների դեպքերում Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել ինչպես համատեղ, այնպես էլ ինքնուրույն միջոցներ` Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցության ասպարեզում և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  90

 

Փաստերի բացահայտման միջազգային հանձնաժողովը

 

1. ա) Հիմնվում է փաստերի բացահայտման միջազգային հանձնաժողով՝ այսուհետ՝ «Հանձնաժողով», բաղկացած բարձր բարոյական հատկանիշներ ունեցող և իրենց անաչառությամբ հայտնի տասնհինգ անդամից:

բ) Այն բանից հետո, երբ առնվազն քսան Բարձր պայմանավորվող կողմ կհամաձայնեն ընդունել Հանձնաժողովի իրավասությունը` 2 կետին համապատասխան, ավանդապահն այդ ժամանակ, իսկ հետագայում՝ ամեն հինգ տարին մեկ, հրավիրում է այդ Բարձր պայմանավորվող կողմերի հավաք՝ Հանձնաժողովի անդամներ ընտրելու նպատակով: Հավաքի ընթացքում ներկայացուցիչները գաղտնի քվեարկությամբ ընտրում են Հանձնաժողովի անդամներ այն ցուցակում եղած անձանցից, որի մեջ Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է մտցնել մեկ թեկնածություն:

գ) Հանձնաժողովի անդամները հանդես են գալիս իրենց անունից և իրենց գործառույթները կատարում ընդհուպ մինչև հաջորդ հավաքում նոր անդամների ընտրությունը:

դ) Ընտրությունների ժամանակ Բարձր պայմանավորվող կողմերը հետևում են, որպեսզի Հանձնաժողովում ընտրվող յուրաքանչյուր անձ օժտված լինի անհրաժեշտ հատկանիշներով և որպեսզի Հանձնաժողովում ընդհանուր առմամբ ապահովվի աշխարհագրական արդարացի ներկայացուցչություն:

ե) Թափուր տեղ առաջանալու դեպքում ինքը` Հանձնաժողովն է լրացնում այն, ընդսմին՝ հարկ եղածին պես հաշվի առնելով նախորդ ենթակետերի դրույթները:

զ) Ավանդապահը Հանձնաժողովին ցույց է տալիս անհրաժեշտ վարչական օգնություն` նրա գործառույթներն իրագործելու ասպարեզում:

2. ա) Արձանագրության ստորագրման, վավերացման կամ դրան միանալու ժամանակ կամ հետագայում ցանկացած այլ ժամանակ Բարձր պայմանավորվող կողմերը կարող են հայտարարել, որ իրենք ipso facto և առանց հատուկ համաձայնության համանման պարտավորություն ստանձնող ցանկացած այլ Բարձր պայմանավորվող կողմի վերաբերմամբ ճանաչում են Հանձնաժողովի իրավասությունը՝ այդպիսի կողմի դիմումների հետաքննության նկատմամբ, ինչպես դա թույլատրվում է սույն հոդվածով:

բ) Վերը հիշատակված դիմումները հանձնվում են ավանդապահին, որն այդ դիմումների պատճեններն ուղարկում է Բարձր պայմանավորվող կողմերին:

գ) Հանձնաժողովն իրավասու է.

i) հետաքննել ցանկացած փաստեր, որոնք, ինչպես ենթադրվում է, հանդիսանում են լուրջ խախտումներ, ինչպես դա բնորոշվում է կոնվենցիաներով և սույն արձանագրությամբ, կամ կոնվենցիաների կամ սույն արձանագրության այլ լուրջ խախտում,

ii) իր բարի ծառայություններն առաջարկելու միջոցով նպաստել կոնվենցիաների և սույն արձանագրության հանդեպ հարգալից վերաբերմունքի վերականգնմանը:

դ) Այլ իրադրություններում Հանձնաժողովն ընդհարման մեջ գտնվող կողմի խնդրանքով հետաքննություն է նշանակում միայն մյուս շահագրգիռ կողմի կամ կողմերի համաձայնությամբ:

ե) Սույն կետի վերոհիշյալ դրույթների հաշվառմամբ, առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կոնվենցիաների համապատասխանաբար 52, 53, 132 և 149 հոդվածների դրույթները շարունակում են կիրառվել կոնվենցիաների ցանկացած ենթադրվող խախտման նկատմամբ և տարածվում են սույն արձանագրության ցանկացած ենթադրվող խախտման վրա:

3. ա) Եթե շահագրգիռ կողմերի միջև ձեռք չբերվի այլ համաձայնություն, ապա բոլոր հետաքննությունները կատարվում են յոթ անդամից կազմված պալատի կողմից, որոնք նշանակվում են հետևյալ կերպ.

i) ընդհարման մեջ գտնվող կողմերից ոչ մեկի քաղաքացիներ չհանդիսացող Հանձնաժողովի հինգ անդամները նշանակվում են Հանձնաժողովի նախագահի կողմից` աշխարհագրական արդարացի ներկայացուցչության հիման վրա և ընդհարման մեջ գտնվող կողմերի հետ անցկացված խորհրդակցությունից հետո.

ii) ընդհարման մեջ գտնվող կողմերից ոչ մեկի քաղաքացիներ չհանդիսացող երկու հատուկ անդամները նշանակվում են կողմերից յուրաքանչյուրի անունից՝ մեկական:

բ) Հետաքննություն կատարելու մասին խնդրանք ստանալուն պես Հանձնաժողովի նախագահը սահմանում է պալատի հիմնման համապատասխան ժամկետ: Եթե սահմանված ժամկետի ընթացքում երկու հատուկ անդամներից առնվազն մեկը չի նշանակվել, նախագահն անհապաղ ձեռնամուխ է լինում Հանձնաժողովի այդպիսի անդամի կամ անդամների նշանակմանը՝ պալատի կազմը համալրելու նպատակով:

4. ա) Հետաքննություն անցկացնելու համար 3 կետին համապատասխան հիմնված պալատը ընդհարման մեջ գտնվող կողմերին առաջարկում է իրեն աջակցել և ապացույցներ ներկայացնել: Պալատը նաև կարող է փնտրել այդպիսի ուրիշ ապացույցներ, որոնք նա անհրաժեշտ համարի, և իրավիճակի հետաքննություն կատարել տեղում:

բ) Բոլոր ապացույցների մասին տեղյակ են պահվում շահագրգիռ կողմերը, որոնք իրավունք ունեն Հանձնաժողովին դիտողություններ ներկայացնել այդ ապացույցների առթիվ:

գ) Յուրաքանչյուր շահագրգիռ կողմ իրավունք ունի վիճարկել այդ ապացույցները:

5. ա) Հանձնաժողովը շահագրգիռ կողմերին ներկայացնում է զեկուցագիր՝ պալատի կատարած հետաքննության արդյունքների մասին` իր այն հանձնարարականներով հանդերձ, որոնք նա անհրաժեշտ կհամարի:

բ) Եթե պալատը հնարավորություն չունի բավարար ապացույցներ ստանալ արդարամիտ և անաչառ եզրակացություններ մշակելու համար, ապա Հանձնաժողովը հաղորդում է այն պատճառները, որոնց հետևանքով նա չի կարողացել այդ բանն անել:

գ) Հանձնաժողովն իր եզրակացությունները չի հրապարակում, եթե միայն ընդհարման մեջ գտնվող կողմերը Հանձնաժողովին չխնդրեն այդ բանն անել:

6. Հանձնաժողովը սահմանում է իր ներքին կանոնակարգը, ներառյալ՝ այն կանոնները, որոնք վերաբերում են Հանձնաժողովում նախագահելուն և պալատում նախագահելուն: Այդ կանոններն ապահովում են Հանձնաժողովի նախագահի կողմից իր գործառույթների կատարումը ցանկացած ժամանակ, իսկ հետաքննության կատարման դեպքում` դրանց կատարումը այնպիսի անձի կողմից, որը չի հանդիսանում ընդհարման մեջ գտնվող որևէ կողմի քաղաքացի:

7. Հանձնաժողովի վարչական ծախսերը փակվում են Բարձր պայմանավորվող այն կողմերի անդամավճարների հաշվին, որոնք հայտարարություն են անում 2 կետին համապատասխան, և կամավոր մուծումների հաշվին: Ընդհարման մեջ գտնվող կողմը կամ կողմերը, որոնք դիմում են հետաքննություն կատարելու մասին խնդրանքով, կանխավճարում են անհրաժեշտ միջոցներ՝ փակելու համար պալատի ծախսերը, որոնք պալատի ծախսերի հիսուն տոկոսի չափով նրան փոխհատուցվում են այն կողմից կամ կողմերից, որոնց նկատմամբ այդպիսի հայտարարություններ են արվել: Պալատին կողմերի հանդիպական հայտարարություններ ներկայացնելու դեպքում, յուրաքանչյուր կողմ վճարում է անհրաժեշտ միջոցների հիսուն տոկոսի չափով:

 

Հ ո դ վ ա ծ  91

 

Պատասխանատվությունը

 

Ընդհարման մեջ գտնվող կողմը, որը խախտում է կոնվենցիաների կամ սույն արձանագրության դրույթները, պետք է, եթե դրա համար հիմք կա, հատուցի հասցված վնասները: Այդ կողմը պատասխանատվություն է կրում բոլոր այն գործողությունների համար, որոնք կատարվել են նրա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձանց կողմից:

 

Մաս 6

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  92

 

Ստորագրումը

 

Սույն արձանագրությունը կոնվենցիաների մասնակիցների կողմից ստորագրվելու համար բաց կլինի Եզրափակիչ ակտի ստորագրումից վեց ամիս անց և բաց կմնա տասներկու ամսվա ընթացքում:

 

Հ ո դ վ ա ծ  93

 

Վավերացումը

 

Սույն արձանագրությունը պետք է վավերացվի հնարավորին չափ շուտ: Վավերագրերն ի պահ են հանձնվում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին՝ կոնվենցիաների ավանդապահին:

 

Հ ո դ վ ա ծ  94

 

Միանալը

 

Սույն արձանագրությունը միանալու համար բաց է այն չստորագրած կոնվենցիաների ցանկացած մասնակցի առջև: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:

 

Հ ո դ վ ա ծ  95

 

Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում երկու վավերագրեր կամ միանալու մասին երկու փաստաթղթեր ի պահ հանձնելուց վեց ամիս անց:

2. Սույն արձանագրությունը վավերացնող կոնվենցիաների յուրաքանչյուր մասնակցի կամ հետագայում դրան միացողի համար այն ուժի մեջ է մտնում այդպիսի մասնակցի կողմից վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց վեց ամիս անց:

 

Հ ո դ վ ա ծ  96

 

Պայմանագրային հարաբերությունները սույն արձանագրությունն ուժի մեջ մտցնելուց հետո

 

1. Եթե կոնվենցիաների մասնակիցները նաև հանդիսանում են սույն արձանագրության մասնակիցներ, կոնվենցիաները կիրառվում են՝ դրանցում սույն արձանագրությամբ մտցված լրացումներով հանդերձ:

2. Եթե ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկը կապված չէ սույն արձանագրությամբ, ապա վերջինս մնում է պարտադիր՝ արձանագրությանը մասնակից կողմերի փոխհարաբերություններում: Այդ կողմերը սույն արձանագրությամբ կապված կլինեն նաև արձանագրությամբ չկապված կողմի նկատմամբ, եթե այդ կողմը ճանաչում և կիրառում է դրա դրույթները:

3. Ժողովուրդ ներկայացնող իշխանությունը, որը պայքար է մղում Բարձր պայմանավորվող կողմերից մեկի դեմ զինված ընդհարման մեջ, ինչպես նշված է 1 հոդվածի 4 կետում, կարող է այդպիսի ընդհարման նկատմամբ պարտավորություն ստանձնել՝ կիրառելու կոնվենցիաները և սույն արձանագրությունը՝ ավանդապահին հղված միակողմանի հայտարարության միջոցով: Այդպիսի հայտարարությունը, ավանդապահի կողմից այն ստանալուց հետո, տվյալ ընդհարման վերաբերմամբ կարող է ունենալ հետևյալ գործողությունը.

ա) կոնվենցիաները և սույն արձանագրությունն անհապաղ ուժի մեջ են մտնում հիշատակված իշխանության՝ որպես ընդհարման մեջ գտնվող կողմի համար,

բ) հիշատակված իշխանությունն ստանում է միևնույն իրավունքները և ստանձնում միևնույն պարտականությունները, ինչ կոնվենցիաների և սույն արձանագրության Բարձր պայմանավորվող կողմը և,

գ) կոնվենցիաները և սույն արձանագրությունը հավասարապես պարտադիր են տվյալ ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերի համար:

 

Հ ո դ վ ա ծ  97

 

Ուղղումները

 

1. Բարձր պայմանավորվող յուրաքանչյուր կողմ կարող է սույն արձանագրության առթիվ ուղղումներ առաջարկել: Առաջարկված ցանկացած ուղղման տեքստը ուղարկվում է ավանդապահին, որը բոլոր Բարձր պայմանավորվող կողմերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ խորհրդատվություն անցկացնելուց հետո որոշում է, թե հարկ կա՞ արդյոք համաժողով գումարել առաջարկված ուղղումը կամ ուղղումները քննության առնելու համար:

2. Ավանդապահն այդ համաժողովին հրավիրում է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին, ինչպես նաև կոնվենցիաների մասնակիցներին, անկախ այն բանից, նրանք ստորագրե՞լ են, թե ոչ սույն արձանագրությունը:

 

Հ ո դ վ ա ծ  98

 

Հավելված 1-ի վերանայումը

 

1. Սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան չորս տարի անց, իսկ այնուհետև առնվազն չորս տարվա ընդմիջումներով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն խորհրդատվություն է անցկացնում Բարձր պայմանավորվող կողմերի հետ՝ սույն արձանագրությանն առընթեր 1 հավելվածի վերաբերյալ և եթե անհրաժեշտ է համարում, ապա կարող է առաջարկել հրավիրել տեխնիկական փորձագետների խորհրդակցություն՝ 1 հավելվածի վերանայման և դրա առթիվ այնպիսի ուղղումներ առաջարկելու համար, որոնք կարող են ցանկալի համարվել: Եթե այդպիսի խորհրդակցություն հրավիրելու առաջարկության մասին Բարձր պայմանավորվող կողմերին հաղորդելուց հետո վեց ամսվա ընթացքում առարկություններ չեն ստացվի կողմերի մեկ երրորդից, ապա Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գումարում է այդպիսի խորհրդակցություն և դիտորդներ հրավիրում նաև համապատասխան միջազգային կազմակերպություններից: Այդպիսի խորհրդակցություն կարող է հրավիրվել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ցանկացած ժամանակ, Բարձր պայմանավորվող կողմերի մեկ երրորդի խնդրանքով:

2. Ավանդապահը հրավիրում է Բարձր պայմանավորվող կողմերի և կոնվենցիաների մասնակից կողմերի համաժողով՝ տեխնիկական փորձագետների խորհրդակցության կողմից առաջարկված ուղղումները քննության առնելու համար, եթե խորհրդակցությունից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կամ Բարձր պայմանավորվող կողմերի մեկ երրորդը խնդրում է այդ մասին:

3. 1 հավելվածի ուղղումները կարող են այդպիսի համաժողովում ընդունվել ներկա և քվեարկությանը մասնակցող Բարձր պայմանավորվող կողմերի երկու երրորդով:

4. Ավանդապահը Բարձր պայմանավորվող կողմերին և կոնվենցիաների մասնակից կողմերին հաղորդում է այդ ձևով ընդունված ցանկացած ուղղման մասին: Ուղղումն ընդունված է համարվում դրա մասին այդպիսի հաղորդումից հետո մեկ տարին լրանալիս, եթե այդ ընթացքում ավանդապահը չի ստացել Բարձր պայմանավորվող կողմերի առնվազն մեկ երրորդի կողմից՝ ուղղումը չընդունելու մասին հայտարարություն:

5. 4 կետին համապատասխան ընդունված ուղղումը բոլոր Բարձր պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում դրա ընդունումից երեք ամիս անց, բացառությամբ այն կողմերի, որոնք այդ կետին համապատասխան հայտարարություն են արել՝ այն չընդունելու մասին: Այդպիսի հայտարարություն արած ցանկացած կողմ կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ հայտարարությունը, և այդ դեպքում ուղղումն այդ կողմի համար ուժի մեջ է մտնում հայտարարությունը հետ վերցնելուց երեք ամիս անց:

6. Ավանդապահը Բարձր պայմանավորվող կողմերին և կոնվենցիաների մասնակից կողմերին հաղորդում է ցանկացած ուղղումն ուժի մեջ մտնելու մասին, այն կողմերի մասին, որոնց վրա տարածվում է այդ ուղղումը, յուրաքանչյուր կողմի համար դրա ուժի մեջ մտնելու տարեթվի մասին, ուղղումը չընդունելու այն հայտարարությունների մասին, որոնք արվել են 4 կետին համապատասխան, և այդպիսի հայտարարությունները հետ վերցնելու մասին:

 

Հ ո դ վ ա ծ  99

 

Չեղյալ հայտարարելը

 

1. Այն դեպքում, երբ Բարձր պայմանավորվող կողմը չեղյալ է հայտարարում սույն արձանագրությունը, չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այդ մասին փաստաթուղթն ստանալուց մեկ տարի անց: Սակայն, եթե մեկ տարին լրանալիս չեղյալ հայտարարած կողմը հայտնվի 1 հոդվածում հիշատակված իրադրություններից մեկում, չեղյալ հայտարարվելն ուժի մեջ չի մտնի մինչև զինված ընդհարման կամ գրավման ավարտը և ցանկացած դեպքում այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտված կոնվենցիաների կամ սույն արձանագրության պաշտպանությունից օգտվող անձանց վերջնական ազատման, հայրենադարձության և նրանց տեղավորման հետ կապված գործողությունները:

2. Չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը գրավոր ձևով հղվում է ավանդապահին, որն այն ուղարկում է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին:

3. Չեղյալ հայտարարվելն ուժ ունի միայն այդ մասին հայտարարություն արած կողմի համար:

4. 1 կետին համապատասխան ոչ մի չեղյալ հայտարարել չի շոշափում այն պարտավորությունները, որոնք չեղյալ հայտարարած կողմը սույն արձանագրությանը համապատասխան արդեն ստանձնել է զինված ընդհարման կապակցությամբ` ցանկացած այն գործողության նկատմամբ, որ կատարվել է մինչ այդ չեղյալ հայտարարելն ուժի մեջ մտնելը:

 

Հ ո դ վ ա ծ  100

 

Ծանուցումները

 

Ավանդապահը Բարձր պայմանավորվող կողմերին, ինչպես նաև կոնվենցիաների մասնակիցներին հաղորդում է, անկախ այն բանից, նրանք ստորագրել են, թե ոչ արձանագրությունը.

ա) սույն արձանագրության տակ դրված ստորագրությունների և 93 և 94 հոդվածներին համապատասխան վավերագրերն ու միանալու մասին փաստաթղթերն ի պահ տալու մասին,

բ) 95 հոդվածին համապատասխան սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու տարեթվի մասին,

գ) 84, 90 և 97 հոդվածներին համապատասխան ստացված հայտարարությունների և հաղորդումների մասին,

դ) 96 հոդվածի 3 կետի համապատասխան ստացված հայտարարությունների մասին, որոնք հաղորդվում են ամենաարագ եղանակով,

ե) 99 հոդվածին համապատասխան չեղյալ հայտարարելու մասին:

 

Հ ո դ վ ա ծ  101

 

Գրանցումը

 

1. Ուժի մեջ մտնելուց հետո սույն արձանագրությունն ավանդապահի կողմից ուղարկվում է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարություն՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102 հոդվածին համապատասխան գրանցման և հրապարակման համար:

2. Ավանդապահը նաև Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությանը տեղեկացնում է սույն արձանագրության վերաբերմամբ իր կողմից ստացված բոլոր վավերագրերի, միանալու մասին փաստաթղթերի և չեղյալ հայտարարելու հայտարարությունների մասին:

 

Հ ո դ վ ա ծ  102

 

Նույնական տեքստերը

 

Սույն արձանագրության բնագիրը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ է հանձնվում ավանդապահին, որը հաստատված պատճեններն ուղարկում է կոնվենցիաների բոլոր մասնակիցներին:

 

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ  1

 

Ինքնության հաստատմանը վերաբերող կանոններ

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Այս հավելվածում ինքնության հաստատմանը վերաբերող կանոններով գործողության մեջ են դրվում Ժնևի կոնվենցիաների և արձանագրության համապատասխան դրույթները: Դրանց նպատակն է դյուրացնել Ժնևի կոնվենցիաներով և արձանագրությամբ պաշտպանվող անձնակազմի, գույքի, ստորաբաժանումների, փոխադրամիջոցների և օբյեկտների ճանաչումը:

2. Այս կանոնները, որպես այդպիսիք, չեն սահմանում պաշտպանված լինելու իրավունքը: Այդ իրավունքը կանոնակարգված է կոնվենցիաների և արձանագրության համապատասխան հոդվածներով:

3. Իրավասու մարմինները, հաշվի առնելով Ժնևի կոնվենցիաների և արձանագրության համապատասխան դրույթները, կարող են մշտապես կարգավորել տարբերանշանների և տարբերիչ ազդանշանների օգտագործումը, դրանց բացումը կամ լուսավորումը, ինչպես նաև դրանք բացահայտելու հնարավորությունը:

4. Բարձր պայմանավորվող կողմերը և, մասնավորապես, ընդհարման մեջ գտնվող կողմերը, պետք է մշտապես պայմանավորվեն այն ազդանշանների, միջոցների, լրացուցիչ կամ այլ համակարգերի վերաբերյալ, որոնք բարելավում են ճանաչման հնարավորությունը և լիովին օգտագործում են այդ բնագավառում եղած տեխնոլոգիական առաջընթացը:

 

Գլուխ 1

 

Ինքնության վկայականը

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Մշտական քաղաքացիական բժշկական և հոգևոր անձնակազմի ինքնության վկայականը

 

1. Արձանագրության 18 հոդվածի 3-րդ կետով նախատեսված մշտական քաղաքացիական բժշկական և հոգևոր անձնակազմի ինքնության վկայականը պետք է՝

ա) կրի տարբերանշան և լինի այնպիսի չափերի, որ հնարավոր լինի այն պահել գրպանում

բ) պատրաստված լինի հնարավորին չափ դիմացկուն նյութից

գ) գրված լինի ազգային կամ պաշտոնական լեզվով կամ, անհրաժեշտության դեպքում՝ տվյալ շրջանի տեղական լեզվով

դ) նշի փաստաթղթի տիրոջ ազգանունն ու ծննդյան տարեթիվը (կամ, տարեթիվը չլինելու դեպքում, վերջինիս տարիքը՝ վկայականը ստանալու պահին), ինչպես նաև նրա անձնական համարը, եթե այդպիսին կա

ե) նշի, թե վկայականի տերն ինչ կարգավիճակով իրավունք ունի օգտվել կոնվենցիաների և արձանագրության ընձեռած պաշտպանությունից

զ) կրի վկայականի տիրոջ լուսանկարը, ինչպես նաև ստորագրությունը կամ բութ մատի մատնահետքը, և կամ երկուսն էլ

է) կրի իրավասու մարմնի կնիքն ու ստորագրությունը

ը) նշի վկայականի տրման և ժամկետը լրանալու տարեթիվը

թ) հնարավորության դեպքում վկայականի հակառակ երեսին նշի վկայականի տիրոջ արյան խումբը:

2. Ինքնության վկայականը պետք է միատեսակ լինի յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի ողջ տարածքում և հնարավորին չափ նույնատիպ՝ ընդհարման մեջ գտնվող բոլոր կողմերի համար: Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են ղեկավարվել նկար 1-ում պատվերված միայն մեկ լեզվով կազմված նմուշով: Ռազմական գործողությունների սկզբում ընդհարման մեջ գտնվող կողմերը պետք է փոխանակեն իրենց օգտագործած ինքնության վկայականի նմուշները, եթե դրանք տարբերվում են նկար 1-ում պատկերված օրինակից: Հնարավորության դեպքում ինքնության վկայականը պետք է լինի երկու օրինակից, որից մեկը պահվի այն տված մարմնի մոտ, որը պետք է վերահսկողություն սահմանի իր կողմից տրված վկայականների նկատմամբ:

3. Ոչ մի պարագայում մշտական քաղաքացիական բժշկական և հոգևոր անձնակազմին չի կարելի զրկել ինքնության վկայականից: Վկայականի կորստի դեպքում դրա տերն իրավունք ունի ստանալու կրկնօրինակը:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Ժամանակավոր քաղաքացիական բժշկական և հոգևոր անձնակազմի ինքնության վկայականը

 

1. Ժամանակավոր քաղաքացիական բժշկական և հոգևոր անձնակազմի ինքնության վկայականը հնարավորության դեպքում պետք է նման լինի սույն կանոնների հոդված 2-ով նախատեսված վկայականին: Ընդհարման մեջ գտնվող կողմերը կարող են ղեկավարվել նկար 1-ում պատվերված նմուշով:

2. Այն դեպքում, երբ հանգամանքները թույլ չեն տալիս ժամանակավոր քաղաքացիական բժշկական և հոգևոր անձնակազմին տալ սույն կանոնների հոդված 2-ում նկարագրված տիպի ինքնության վկայականներ, այդ անձնակազմը կարող է ստանալ համապատասխան իրավասու մարմնի կողմից ստորագրված տեղեկանք, ըստ որի անձը, որին այն տրված է, ստացել է ժամանակավոր անձնակազմում գործելու նշանակում, հնարավորության դեպքում նշելով նշանակման տևողությունը և տարբերանշան կրելու՝ տեղեկանքի տիրոջ իրավունքը: Տեղեկանքում պետք է նշվի անձի ազգանունն ու ծննդյան տարեթիվը (կամ, վերջինս չլինելու դեպքում՝ տարիքը՝ տեղեկանքն ստանալու պահին), նրա գործառույթները, ինչպես նաև անձնական համարը, եթե այդպիսին կա: Տեղեկանքի վրա պետք է լինի ստացողի ստորագրությունը կամ բութ մատի մատնահետքը և կամ երկուսն էլ:

Երեսի կողմ

(նշվում են երկրի և իշխանության այն մարմնի անունները, որոնց կողմից տրված է վկայականը)

 

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

ՄՇՏԱԿԱՆ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ

քաղաքացիական բժշկական հոգևոր

անձնակազմի համար

 

Ազգանուն ………………………………………………………………

…………………………………………………………………………..

Ծննդյան թիվը (կամ տարիքը) ……………………………………..

Անձնական համարը (եթե այդպիսին կա)

Սույն ինքնության վկայականի տերը պաշտպանված է 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներով և «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությամբ (Արձանագրություն 1), որպես …………
…………………………………..……………………………………………………………………………

 

Տրված է ………………………………….Վկայականի N …………

 

Վկայականը տված իշխանության

մարմնի ստորագրությունը

 

Վկայականի ժամկետը լրանում է ………………………………

 

Նկ. 1. Ինքնության վկայականի նմուշ

(չափսը՝ 74x105 մմ)

 

Հակառակ կողմ

 

Հասակը ________ Աչքերը __________

Մազերը _________

 

Այլ հատուկ նշաններ կամ տվյալներ

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԻՐՈՋ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

 

Կնիք

Վկայականի տիրոջ ստորագրությունը կամ բութ

մատի մատնահետքը և կամ երկուսն էլ

 

Գլուխ 2

 

Տարբերանշանը

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Ձևը

 

Տարբերանշանը (կարմիր՝ սպիտակ ֆոնի վրա) պետք է լինի այնքան մեծ, որքան դա արդարացված է տվյալ հանգամանքներում: Բարձր պայմանավորվող կողմերը խաչի, մահիկի կամ առյուծի և արևի1  ձևերի առումով կարող են ղեկավարվել նկար 2-ի նմուշներով:

 

Ներմուծեք նկարագրությունը_2177

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Գործածությունը

 

1. Տարբերանշանը հնարավորության դեպքում պատկերվում է դրոշների, հարթ մակերեսների վրա կամ, տեղանքի բնութագրից ելնելով՝ ցանկացած այլ ձևով, այնպես, որ տեսանելի լինի հնարավոր բոլոր ուղղություններից և հնարավորին չափ հեռվից, մասնավորապես՝ օդից:

2. Գիշերը կամ սահմանափակ տեսանելիության դեպքում տարբերանշանը կարող է լուսավորվել կամ փայլող լինել:

3. Տարբերանշանը կարող է պատրաստված լինել այնպիսի նյութից, որ հնարավոր լինի ճանաչել դետեկտող տեխնիկական միջոցների օգնությամբ: Կարմիր մասը պետք է ներկվի սև գույնի հիմնաներկի վրա, որպեսզի դրա ճանաչումը դյուրացվի, մասնավորապես՝ ինֆրակարմիր սարքերի միջոցով:

4. Բժշկական և հոգևոր անձնակազմը, որ իր պարտականությունները կատարում է ռազմի դաշտում, հնարավորության դեպքում պետք է կրի տարբերանշանով գլխարկներ և հագուստ:

___________

1 Ծան. 1980-ից ի վեր ոչ մի պետություն այլևս չի գործածում առյուծի և արևի պատկերը:

 

 

 

Գլուխ 3

 

Տարբերիչ ազդանշանները

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Գործածությունը

 

1. Այս գլխում հիշատակված բոլոր տարբերիչ ազդանշանները կարող են օգտագործվել բժշկական կազմավորումների կամ փոխադրամիջոցների կողմից:

2. Այդ ազդանշանները, որոնք գտնվում են բժշկական կազմավորումների և փոխադրամիջոցների բացառիկ տրամադրության տակ, այլ նպատակներով չպետք է օգտագործվեն, բացի լուսային ազդանշանից (տես ստորև, կետ 3):

3. Ընդհարման մեջ գտնվող կողմերի միջև հատուկ պայմանավորվածության բացակայության դեպքում, որը սահմանի կապույտ առկայծող լույսերի օգտագործումը սանիտարական մեքենաների, նավերի և նավակների ճանաչման համար, այս ազդանշանների օգտագործումն այլ մեքենաների, նավերի և նավակների ճանաչման համար չի արգելվում:

4. Ժամանակավոր սանիտարական թռչող ապարատները, որոնք ժամանակ չլինելու կամ իրենց տեխնիկական առանձնահատկությունների պատճառով չեն կարող իրենց վրա ազդանշանները պատկերել, կարող են օգտագործել սույն գլխում թույլատրված տարբերիչ ազդանշանները:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Լուսային ազդանշանը

 

1. Լուսային ազդանշանը, որն ըստ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ) Նավագնացության տեխնիկական դասագրքի (փաստաթուղթ 9051) իրենից ներկայացնում է առկայծող կապույտ լույս, նախատեսված է սանիտարական թռչող ապարատների համար՝ իրենց ինքնությունը նշելու նպատակով: Ոչ մի այլ թռչող ապարատ չի կարող օգտագործել այդ ազդանշանը: Սանիտարական թռչող ապարատները, որոնք օգտագործում են կապույտ լուսարձակում, պետք է այն ցույց տան այնպես, որ այդ լուսային ազդանշանը տեսանելի լինի հնարավոր բոլոր ուղղություններով:

2. Համաձայն Միջազգային ծովային կազմակերպության /IMՕ/ «Ազդանշանների միջազգային կոդեքսի» գլուխ XIV, կետ 4 դրույթների, 1949 թ. Ժնևի կոնվենցիաներով և արձանագրությամբ պաշտպանված նավակները պետք է արձակեն ամբողջ հորիզոնի վրա երևացող մեկ կամ մի քանի կապույտ լուսարձակում:

3. Սանիտարական փոխադրամիջոցները պետք է արձակեն հնարավորին չափ հեռվից երևացող մեկ կամ մի քանի կապույտ լուսարձակում: Բարձր պայմանավորվող կողմերը և մասնավորապես՝ ընդհարման մեջ գտնվող կողմերը, որոնք օգտագործում են այլ գույնի ազդանշան, այդ մասին պետք է տեղյակ պահեն:

4. Հանձնարարվող կապույտ գույնը ստացվում է այն դեպքում, երբ նրա քրոմատիզմը գտնվում է Լուսավորության միջազգային հանձնաժողովի (CIE) քրոմատիկ դիագրամի սահմաններում, որ սահմանվում է հետևյալ հավասարումներով.

 

կանաչ գույնի սահմանը y = 0,065 + 0,805x
սպիտակ գույնի սահմանը y = 0,400 – x 
ալ կարմիրի սահմանը x = 0,133 + 0,600y

 

կանաչ գույնի սահմանըԿապույտ ցոլքերի հանձնարարվող հաճախականությունն է՝ րոպեում 60-ից 100 ցոլք:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Ռադիոազդանշանը

 

1. Ռադիոզդանշանը բաղկացած է առաջնահերթության ազդանշանից և տարբերիչ ազդանշանից, ինչպես դրանք ներկայացված են Միջազգային հեռահաղորդակցության միության (IՍT – RR հոդվածներ 40 և N40) Ռադիոկապի կանոններում:

2. Ռադիոհաղորդագրությունը, որին նախորդում են կետ 1-ում նշված առաջնահերթության ազդանշանները և տարբերիչ ազդանշանները, տրվում են անգլերեն՝ համապատասխան ընդմիջումներով, այդ նպատակով Ռադիոկապի կանոններում նախատեսված մեկ կամ մի քանի հաճախականությունների վրա, և պարունակում են սանիտարական փոխադրամիջոցներին վերաբերող հետևյալ տվյալները.

ա) կանչի ազդանշան կամ ճանաչման ընդունված մեկ այլ միջոց

բ) սանիտարական փոխադրամիջոցի գտնվելու վայրը

գ) սանիտարական փոխադրամիջոցների թիվը և տեսակը

դ) ընտրված երթուղին

ե) ճանապարհին գտնվելու ենթադրվող ժամանակը և մեկնելու ու ժամանելու ժամանակը՝ ըստ հանգամանքների

զ) ցանկացած այլ տեղեկություն, ինչպես օրինակ՝ թռիչքի բարձրությունը, հսկողության տակ գտնվող ռադիոտեխնիկական հաճախականությունները, օգտագործվող լեզուները, հսկողության երկրորդային ռադիոտեղորոշիչ համակարգերի աշխատանքի ռեժիմները և կոդերը:

3. Դյուրացնելու համար 1 և 2 կետերում, ինչպես նաև արձանագրության հոդված 22, 23 և 25-ից 31-ում նշված կապը, Բարձր պայմանավորվող կողմերը, ընդհարման մեջ գտնվող կողմերը կամ ընդհարման մեջ գտնվող կողմերից մեկը, գործելով համաձայնեցված կամ առանձին-առանձին, Հեռահաղորդակցության միջազգային կոնվենցիային կից Ռադիոկապի կանոնների մեջ նշված Հաճախականությունների բաշխման աղյուսակի համաձայն կարող են սահմանել և հրապարակել այդ հաղորդակցության համար իրենց ազգային հաճախականությունները: Այդ հաճախականությունների մասին պետք է տեղեկացվի Հեռահաղորդակցության միջազգային միությունը՝ համաձայն Ռադիոկապի համաշխարհային վարչական համաժողովի կողմից հավանության արժանացած ընթացակարգի:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Էլեկտրոնային միջոցներով ճանաչումը

 

1. Հսկողության երկրորդային ռադիոտեղորոշիչ համակարգը (SSR), որի նկարագրությունը տրված է Միջազգային քաղաքացիական ավիացիային վերաբերող 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի պարբերաբար նորացվող հավելված 10-ում, կարող է օգտագործվել սանիտարական թռչող ապարատի ճանաչման և նրա թռիչքի ուղուն հետևելու նպատակով: Սանիտարական թռչող ապարատների բացառիկ օգտագործմանը վերապահված աշխատանքի ռեժիմը և կոդը (SSR) պետք է սահմանվեն Բարձր պայմանավորվող կողմերի, ընդհարման մեջ գտնվող կողմերի կամ կողմերից մեկի կողմից, որոնք գործում են համաձայնեցված կամ առանձին-առանձին՝ համաձայն այն ընթացակարգերի, որ կառաջարկի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը:

Պաշտպանված սանիտարական փոխադրամիջոցները, ճանաչման և տեղայնացման նպատակով կարող են օգտագործել սովորական ավիացիոն ռադիոտեղորոշիչ պատասխանիչներ և/կամ SAR (search and rescue) ծովային պատասխանիչներ:

Պաշտպանված սանիտարական փոխադրամիջոցները պետք է հնարավոր լինի ճանաչել այլ նավերի կամ թռչող ապարատների կողմից, որոնք ունեն հսկող ռադիոտեղորոշիչներ (SSR), շնորհիվ ռադիոտեղորոշիչ պատասխանիչի արձակած կոդի, օրինակ՝ 3/A ռեժիմում, որոնք տեղադրված կլինեն վերը նշված սանիտարական փոխադրամիջոցներում:

Սանիտարական փոխադրամիջոցի ռադիոտեղորոշիչի արձակած կոդը պետք է տրված լինի իրավասու մարմինների կողմից և հաղորդվի ընդհարման մեջ գտնվող կողմերին:

3. Սանիտարական փոխադրամիջոցները կարող են ճանաչվել սուզանավերի կողմից՝ համապատասխան ստորջրյա ձայնային ազդանշանների հաղորդման շնորհիվ:

Ստորջրյա ձայնային ազդանշանը պետք է բաղկացած լինի ազդականչից (կամ սանիտարական փոխադրամիջոցների ճանաչման ընդունված ցանկացած այլ միջոցից), որին նախորդում է համապատասխան ձայնային հաճախականությամբ, օրինակ՝ 5kHz, Մորզեի կոդով հաղորդված YYY խումբը:

Այն ընդհարման մեջ գտնվող կողմերը, որոնք ուզում են օգտագործել վերը նշված ստորջրյա ձայնային ճանաչման ազդանշանը, առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է հայտնեն այդ մասին շահագրգիռ կողմերին և հաստատեն օգտագործվող հաճախականությունը, ծանուցելով իրենց նավ-հոսպիտալների կողմից գործածությունը:

4. Ընդհարման մեջ գտնվող կողմերը հատուկ համաձայնությամբ կարող են փոխադարձ օգտագործման համար ընդունել նույնանման էլեկտրոնային համակարգ՝ սանիտարական փոխադրամիջոցների, սանիտարական նավերի և նավակների ճանաչման համար:

 

Գլուխ 4

 

Կապը

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Ռադիոկապը

 

1. Հոդված 8-ում նշված առաջնահերթության ազդանշանը և տարբերիչ ազդանշանը կարող են նախորդել բժշկական կազմավորումների և սանիտարական փոխադրամիջոցների համապատասխան ռադիոկապին՝ 22, 23 և 25-31 հոդվածներում շարադրված ընթացակարգերի կիրառման նպատակով:

2. Սանիտարական փոխադրամիջոցները, որոնք նշված են Հեռահաղորդակցության միջազգային միության (ՍIT) Ռադիոկապի կանոնների հոդված 40-ում (բաժին II, N 3209) և հոդված N40-ում (բաժին III, N 3214), իրենց կապի համար կարող են գործածել նաև արբանյակային կապի համակարգեր, համաձայն այդ կանոնների հոդված 37, N 37 և 59-ի դրույթների՝ արբանյակային շարժական ծառայության համար:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Միջազգային կոդերի օգտագործումը

 

Բժշկական կազմավորումները և սանիտարական փոխադրամիջոցները կարող են գործածել նաև Հեռահաղորդակցության միջազգային միության, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության և Միջազգային ծովային կազմակերպության հաստատած կոդերն ու ազդանշանները: Այդ դեպքում այդ կոդերն ու ազդանշաններն օգտագործվում են համաձայն այդ կազմակերպությունների հաստատած ստանդարտների, գործելակերպի և ընթացակարգի:

Երեսի կողմ

(նշվում են երկրի և իշխանության այն մարմնի անունները, որոնց կողմից տրված է վկայականը)

 

 

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ2

 

քաղաքացիական պաշտպանության

անձնակազմի համար

 

Ազգանուն ………………………………………………………………

…………………………………………………………………………..

Ծննդյան թիվը (կամ տարիքը) ……………………………………..

Անձնական համարը (եթե այդպիսին կա)

 

Սույն ինքնության վկայականի տերը պաշտպանված է 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներով և «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությամբ (Արձանագրություն 1), որպես …………
…………………………………..……………………………………………………………………………

 

Տրված է ………………………………….Վկայականի N …………

 

Վկայականը տված իշխանության

մարմնի ստորագրությունը

 

Վկայականի ժամկետը լրանում է ………………………………

 

Հակառակ կողմ

 

Հասակը ________ Աչքերը __________

Մազերը _________

 

Այլ հատուկ նշաններ կամ տվյալներ

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԻՐՈՋ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

 

Կնիք

Վկայականի տիրոջ ստորագրությունը կամ բութ

մատի մատնահետքը և կամ երկուսն էլ

 

 

__________

2 Քաղաքացիական  պաշտպանության անձնակազմի ինքնության վկայականի նմուշը ( չափսը` 74 x 105 մմ)

 

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Կապի այլ միջոցները

 

Երբ երկկողմանի ռադիոկապը հնարավոր չէ, կարող են օգտագործվել Միջազգային ծովային կազմակերպության կողմից ընդունված «Ազդանշանների միջազգային կոդեքսի» կամ Միջազգային քաղաքացիական ավիացիայի 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի պարբերաբար նորացվող համապատասխան հավելվածով նախատեսված ազդանշանները:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Թռիչքի պլանները

 

Արձանագրության հոդված 29-ում նախատեսված թռիչքի պլաններին վերաբերող համաձայնություններն ու ծանուցումները հնարավորության սահմաններում պետք է ձևակերպվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հաստատած ընթացակարգերի համաձայն:

 

Հ ո դ վ ա ծ 14

 

Սանիտարական թռչող ապարատները որսալու ազդանշանները և ընթացակարգերը

 

Եթե որսացող թռչող ապարատը օգտագործվում է թռիչքում գտնվող սանիտարական թռչող ապարատը ճանաչելու նպատակով կամ ստիպելու նրան վայրէջք կատարել՝ արձանագրության 30 և 31 հոդվածների հիման վրա, ապա տեսաորսման և ռադիոորսման սովորական ընթացակարգերը, որ նախատեսված են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի պարբերաբար նորացվող հավելված 2-ում, պետք է կիրառվեն և որսացող, և սանիտարական թռչող ապարատների կողմից:

 

Գլուխ 5

 

Քաղաքացիական պաշտպանություն

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Ինքնության վկայականը

 

1. Արձանագրության հոդված 66 կետ 3-ում նախատեսված քաղաքացիական պաշտպանության անձնակազմի ինքնության վկայականը կարգավորվում է սույն կանոնների հոդված 2-ի համապատասխան դրույթներով:

2. Քաղաքացիական պաշտպանության անձնակազմի ինքնության վկայականը կարող է համապատասխանել նկար 3-ում պատկերված նմուշին:

3. Եթե քաղաքացիական պաշտպանության անձնակազմին թույլատրվել է կրել անհատական թեթև զենքեր, ինքնության վկայականում այդ մասին նշում պետք է կատարվի:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Միջազգային տարբերանշանը

 

1. Քաղաքացիական պաշտպանության միջազգային տարբերանշանը, որ նախատեսված է արձանագրության հոդված 66 կետ 4-ում, նարնջագույն ֆոնի վրա կապույտ հավասարակողմ եռանկյուն է: Այն ներկայացված է ստորև:

 

Ներմուծեք նկարագրությունը_2178

 

2. Հանձնարարվում է, որ

ա) եթե կապույտ եռանկյունը պատկերված է դրոշի, թևկապի կամ թիկնոցի վրա, ապա դրոշը, թևկապը կամ թիկնոցը ծառայեն որպես նարնջագույն ֆոն

բ) եռանկյան անկյուններից մեկը ուղղահայաց վերև ուղղված լինի

գ) եռանկյան անկյուններից ոչ մեկը չդիպչի նարնջագույն ֆոնի եզրին:

3. Միջազգային տարբերանշանը չափերով պետք է լինի այնքան մեծ, որքան դա անհրաժեշտ է տվյալ հանգամանքներում: Հնարավորության դեպքում տարբերանշանը պետք է պատկերվի դրոշների կամ հարթ մակերեսի վրա՝ տեսանելի հնարավոր բոլոր կողմերից և հնարավորին չափ հեռվից: Իրավասու մարմինների հրահանգների համաձայն քաղաքացիական պաշտպանության անձնակազմը հնարավորության սահմաններում պետք է կրի միջազգային տարբերանշանով գլխարկներ և հագուստ: Գիշերը կամ սահմանափակ տեսանելիության պայմաններում տարբերանշանը կարող է լուսավորվել կամ փայլող լինել. այն նաև կարող է պատրաստված լինել նյութերից, որոնք թույլ են տալիս դրանք ճանաչել դետեկտող տեխնիկական միջոցների օգնությամբ:

 

Գլուխ 6

 

Վտանգավոր ուժեր պարունակող կառույցներ և կայանքներ

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Միջազգային հատուկ նշանը

 

1. Վտանգավոր ուժեր պարունակող կառույցների և կայանքների միջազգային հատուկ նշանը, որ նախատեսված է արձանագրության 56 հոդվածի կետ 7-ում, բաղկացած է երեք վառ նարնջագույն նույն չափի շրջանների խմբից՝ տեղադրված նույն առանցքի վրա, ընդ որում շրջանների հեռավորությունը միմյանցից մեկ շառավիղ է, ինչպես պատկերված է ստորև:

2. Նշանը պետք է այնքան մեծ լինի, որքան պահանջում են հանգամանքները: Եթե նշանը պատկերված է մեծ մակերեսի վրա, ապա այն կարող է կրկնվել այնքան հաճախ, որքան պահանջում են հանգամանքները: Հնարավորության սահմաններում այն պետք է պատկերվի դրոշների կամ հարթ մակերեսների վրա այնպես, որ տեսանելի լինի հնարավոր բոլոր ուղղություններից և հնարավորին չափ հեռվից:

3. Դրոշի վրա նշանի արտաքին սահմանների հեռավորությունը դրոշին հարող կողմերից հավասար է շրջանի շառավղին: Դրոշը պետք է լինի ուղղանկյուն, իսկ ֆոնը՝ սպիտակ:

4. Գիշերը կամ սահմանափակ տեսանելիության պայմաններում նշանը կարող է լուսավորվել կամ փայլող լինել. այն նաև կարող է պատրաստված լինել նյութերից, որոնք թույլ են տալիս այն ճանաչել դետեկտող տեխնիկական միջոցների օգնությամբ:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 7-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան