«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ռիգա, 22.10.2015 թ.
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (ԵԽՊՇ թիվ 196) մյուս Կողմերը` որպես սույն արձանագրության ստորագրող կողմեր,
նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն իր անդամների միջև առավել ամուր միասնության հասնելն է,
ցանկանալով ավելի ամրապնդել Եվրոպայում և ամբողջ աշխարհում ահաբեկչությունն իր բոլոր ձևերով կանխելուն և ճնշելուն ուղղված ջանքերը՝ միևնույն ժամանակ հարգելով մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը,
մտապահելով մասնավորապես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայում (ԵՊՇ թիվ 5) և դրա արձանագրություններում, ինչպես նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում ամրագրված մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,
արտահայտելով իրենց խորին մտահոգությունը՝ կապված մեկ այլ պետության տարածքում ահաբեկչական հանցագործություններ կատարելու, դրանց օժանդակելու կամ մասնակցելու կամ ահաբեկչական նպատակներով ուսուցում անցկացնելու կամ ստանալու նպատակով արտերկիր մեկնող անձանց ներկայացրած սպառնալիքի հետ,
հաշվի առնելով, այս կապակցությամբ, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 24-ին իր 7272-րդ նիստի ընթացքում ընդունած՝ թիվ 2178 (2014) բանաձևը, մասնավորապես՝ դրա 4-6-րդ կետերը,
ցանկալի համարելով «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում որոշակի լրացումներ կատարելը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1. | Նպատակը |
Սույն արձանագրության նպատակն է լրացումներ կատարել 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրման համար բացված «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (այսուհետ`Կոնվենցիա) դրույթներում՝ կապված սույն արձանագրության 2-6-րդ հոդվածներում նկարագրված գործողությունները քրեականացնելու հետ, այդպիսով ամրապնդելով Կողմերի` ահաբեկչության կանխարգելմանը և մարդու իրավունքներից, մասնավորապես՝ կյանքի իրավունքից լիարժեք օգտվելու վրա դրա ունեցած բացասական ազդեցությանն ուղղված ջանքերը` թե' ազգային մակարդակով ձեռնարկվող միջոցներով, թե' միջազգային համագործակցության միջոցով` համաձայն Կողմերի միջև գործող կիրառելի բազմակողմ կամ երկկողմ համաձայնագրերի կամ պայմանագրերի:
Հոդված 2. | Ահաբեկչության նպատակով որևէ միավորման կամ խմբի մասնակցելը |
1. Սույն արձանագրության նպատակներով «ահաբեկչության նպատակով որևէ միավորման կամ խմբի մասնակցելը» նշանակում է միավորման կամ խմբի կողմից մեկ կամ ավելի ահաբեկչական հանցագործություններ կատարելու կամ դրան օժանդակելու նպատակով որևէ միավորման կամ խմբի գործունեությանը մասնակցելը:
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներպետական օրենսդրությամբ հանցագործություն ճանաչելու համար 1-ին կետում սահմանված՝ «ահաբեկչության նպատակով որևէ միավորման կամ խմբի մասնակցելը», եթե այն կատարվել է ապօրինի և միտումնավոր կերպով:
Հոդված 3. | Ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը |
1. Սույն արձանագրության նպատակներով «ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը» նշանակում է պայթուցիկ նյութերի, հրազենի կամ այլ զենքերի կամ թունավոր կամ վտանգավոր նյութերի պատրաստման կամ օգտագործման կամ այլ հատուկ մեթոդների կամ միջոցների վերաբերյալ այլ անձից հրահանգներ, այդ թվում՝ գիտելիքներ կամ գործնական հմտություններ ձեռք բերելը՝ ահաբեկչական հանցագործություն կատարելու կամ դրան օժանդակելու նպատակով:
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներպետական օրենսդրությամբ հանցագործություն ճանաչելու համար 1-ին կետում սահմանված՝ «ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը», եթե այն կատարվել է ապօրինի և միտումնավոր կերպով:
Հոդված 4. | Ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը |
1. Սույն արձանագրության նպատակներով «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը» նշանակում է մեկնել մեկնողի քաղաքացիության կամ բնակության պետություն չհանդիսացող պետություն` ահաբեկչական հանցագործություն կատարելու, դրան օժանդակելու կամ դրան մասնակցելու, կամ ահաբեկչության նպատակով ուսուցում անցկացնելու կամ ստանալու նպատակով:
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներպետական օրենսդրությամբ հանցագործություն ճանաչելու համար 1-ին կետում սահմանված՝ «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը» իր տարածքից կամ իր քաղաքացիների կողմից, եթե այն կատարվել է ապօրինի և միտումնավոր կերպով: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր Կողմ կարող է սահմանել այնպիսի պայմաններ, որոնք պահանջվում են իր սահմանադրաիրավական սկզբունքներով և համապատասխանում են դրանց:
3. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է նաև այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներպետական օրենսդրությամբ և դրան համապատասխան՝ սույն հոդվածով սահմանված հանցագործության կատարման փորձը հանցագործություն ճանաչելու համար:
Հոդված 5. | Ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելը |
1. Սույն արձանագրության նպատակներով «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելը» նշանակում է ցանկացած միջոցով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրել կամ հավաքագրել միջոցներ, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն հնարավորություն են տալիս ցանկացած անձի մեկնել արտերկիր՝ ահաբեկչության նպատակով, ինչպես սահմանված է սույն արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին կետով, տեղյակ լինելով, որ այդ միջոցներն ամբողջությամբ կամ մասամբ նախատեսված են այդ նպատակով օգտագործվելու համար:
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներպետական օրենսդրությամբ հանցագործություն ճանաչելու համար 1-ին կետով սահմանված՝ «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելը», եթե այն կատարվել է ապօրինի և միտումնավոր կերպով:
Հոդված 6. | Ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնումը կազմակերպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը |
1. Սույն արձանագրության նպատակներով «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնումը կազմակերպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը» նշանակում է կազմակերպման կամ օժանդակության ցանկացած գործողություն, որով աջակցություն է տրամադրվում ցանկացած անձի ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելու համար, ինչպես սահմանված է սույն արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին կետով՝ տեղյակ լինելով, որ այդ աջակցությունը տրամադրվում է ահաբեկչության նպատակով:
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր ներպետական օրենսդրությամբ հանցագործություն ճանաչելու համար 1-ին կետում սահմանված՝ «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնումը կազմակերպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը», եթե այն կատարվել է ապօրինի և միտումնավոր կերպով:
Հոդված 7. | Տեղեկություններ փոխանակելը |
1. Չհակասելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի պահանջներին, ինչպես նաև իր ներպետական օրենսդրությանն ու գործող միջազգային պարտավորություններին համապատասխան՝ յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 4-րդ հոդվածով սահմանված՝ ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնող անձի վերաբերյալ համապատասխան առկա տեղեկությունների՝ Կողմերի միջև ժամանակին փոխանակմանը նպաստելու համար: Այս նպատակով յուրաքանչյուր Կողմ նշանակում է կոնտակտային մարմին, որը հասանելի է օրը 24 ժամ, շաբաթական յոթ օր:
2. Կողմերը կարող են որոշել որպես 1-ին կետով սահմանված մարմին նշանակել արդեն գոյություն ունեցող կոնտակտային մարմնի:
3. Կողմի կոնտակտային մարմինը պետք է ունենա մեկ այլ Կողմի կոնտակտային մարմնի հետ հաղորդակցումն արագ կերպով իրականացնելու կարողություն:
Հոդված 8. | Պայմանները և երաշխիքները |
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ սույն արձանագրության կատարումը, այդ թվում՝ 2-6-րդ հոդվածներով սահմանված՝ արարքների քրեականացման սահմանումը, իրականացումը և կիրառումը կատարվի մարդու իրավունքներին առնչվող պարտավորությունների, մասնավորապես՝ ազատ տեղաշարժվելու, ազատ արտահայտվելու, այլոց հետ միավորվելու և կրոնի ազատության իրավունքների հարգմամբ (տվյալ Կողմի համար կիրառելիության դեպքում)՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, ինչպես նաև միջազգային իրավունքին համապատասխան այլ պարտավորություններով սահմանված կարգով:
2. Միևնույն ժամանակ, սույն արձանագրության 2-6-րդ հոդվածներով սահմանված՝ արարքների քրեականացման սահմանումը, իրականացումը և կիրառումը պետք է համապատասխանեն համամասնության սկզբունքին` հետապնդվող օրինական նպատակների և ժողովրդավարական հասարակությունում դրանց անհրաժեշտ լինելու առումով, ինչպես նաև պետք է բացառեն կամայականության, խտրական կամ ռասիստական վերաբերմունքի ցանկացած դրսևորում:
Հոդված 9. | Սույն արձանագրության և Կոնվենցիայի միջև կապը |
Սույն արձանագրությունում կիրառվող բառերն ու արտահայտությունները պետք է մեկնաբանվեն Կոնվենցիայի իմաստով։ Կոնվենցիայի բոլոր դրույթները Կողմերի միջև կիրառվում են համապատասխանաբար` բացառությամբ 9-րդ հոդվածի:
Հոդված 10. | Ստորագրումը և ուժի մեջ մտնելը |
1. Սույն արձանագրությունը բաց է ստորագրման համար Կոնվենցիան ստորագրած Կողմերի համար։ Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Ստորագրող կողմը չի կարող վավերացնել, ընդունել կամ հաստատել սույն արձանագրությունը, եթե չի վավերացրել, ընդունել կամ հաստատել Կոնվենցիան կամ չի վավերացնում, ընդունում կամ հաստատում այն Արձանագրությունը վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու հետ միաժամանակ։ Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին։
2. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին վեցերորդ փաստաթուղթը, որոնցից առնվազն չորսը պետք է լինեն Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ներկայացված, ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։
3. Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ավելի ուշ ի պահ հանձնող ցանկացած Ստորագրող կողմի համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։
Հոդված 11. | Արձանագրությանը միանալը |
1. Սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո Կոնվենցիային միացած ցանկացած պետություն կարող է միանալ նաև սույն արձանագրությանը կամ անել դրանք միաժամանակ:
2. Վերը նշված 1-ին պարբերությամբ սահմանված կարգով Արձանագրությանը միացող ցանկացած պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Արձանագրությանը միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։
Հոդված 12. | Տարածքային կիրառությունը |
1. Ցանկացած պետություն կամ Եվրոպական Միությունը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ սույն արձանագրությունը կիրառվելու է:
2. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած պահի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ սույն արձանագրության գործողությունը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա: Այդ տարածքի համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից այդ հայտարարության ստացման օրվանից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։
3. Այդ հայտարարության մեջ նշված ցանկացած տարածքի առնչությամբ նախորդ երկու պարբերությունների համաձայն արված ցանկացած հայտարարություն կարող է հետ վերցվել՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ։ Հայտարարությունը հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։
Հոդված 13. | Արձանագրությանն իր մասնակցությունը դադարեցնելը |
1. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած պահի դադարեցնել սույն արձանագրությանն իր մասնակցությունը՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով։
2. Արձանագրությանն իր մասնակցությունը դադարեցնելն ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Կոնվենցիային անդամակցության դադարեցումն ինքնաբերաբար հանգեցնում է սույն արձանագրությանն անդամակցելու դադարեցման։
Հոդված 14. | Ծանուցումները |
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, Եվրոպական Միությանը, սույն արձանագրության մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին, ինչպես նաև սույն արձանագրությանը միացած կամ միանալու հրավեր ստացած ցանկացած պետության տեղեկացնում է՝
ա) Արձանագրության՝ որևէ երկրի կողմից ստորագրման մասին,
բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին,
գ) սույն արձանագրության՝ 10-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի մասին,
դ) սույն արձանագրությանն առնչվող ցանկացած այլ գործողության, հայտարարության, ծանուցման կամ հաղորդակցության մասին:
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն արձանագրությունը:
Կատարված է Ռիգայում 2015 թվականի հոկտեմբերի 22-ին, մեկ բնօրինակից, որի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, և որն ի պահ կտրվի Եվրոպայի խորհրդի արխիվներին։ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, Եվրոպական Միությանը, սույն արձանագրության մշակմանը մասնակցած ոչ անդամ պետություններին, ինչպես նաև սույն արձանագրությանը միանալու հրավեր ստացած ցանկացած պետության։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|