Գլխավոր տեղեկություն
Номер
N 1337-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.06.2011-30.01.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.22/60(432) Հոդ.1143
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2005
Дата вступления в силу
23.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.09.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1337-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.05.08 N 534-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

(ենթակետը փոփ. 15.05.08 N 534-Ն)

բ)  Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(ենթակետը փոփ. 15.05.08 N 534-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը  հաստատելու մասին» N 1409-Ն որոշումը:

(2-րդ կետը փոփ. 15.05.08 N 534-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
  վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 29
     Երևան


     

  
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1337-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 15.05.08 N 534-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի պետական ռեզերվների գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ պետական ռեզերվների բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 15.05.08 N 534-Ն, խմբ. 26.05.11 N 690-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ կետը փոփ. 15.05.08 N 534-Ն)

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով  կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:


II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

ա) պետական պահուստում նյութական արժեքների կուտակման պետական ծրագրերի և առաջադրանքների կատարման ապահովումը.

բ) պետական ռեզերվների համակարգի կազմակերպություններում, պատասխանատու պահպանում իրականացնող կազմակերպություններում պետական պահուստի ստեղծման նպատակներին համապատասխան նյութական արժեքների տեղաբաշխումը (տարաբաշխումը)` ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման` համաձայն Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և ռազմավարական ասպեկտների նյութատեխնիկական ապահովման.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված անվանացանկի և ծավալների համաձայն պետական պահուստի նյութական արժեքների կուտակման ծրագրերի ու զորահավաքային առաջադրանքների կատարման, դրանց պահպանման, թարմացման, փոխարինման, վերադարձման, ինչպես նաև գործող ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին այդ արժեքների համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

դ) միասնական տեխնիկական քաղաքականության իրականացումը, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջատար փորձի արմատավորումը, գործակալության համակարգի կազմակերպությունների ու հիմնարկների ստեղծման և շահագործման, աշխատատար գործընթացների մեքենայացման ու ավտոմատացման բնագավառներում կազմակերպությունների գործունեության բարձր տեխնիկատնտեսական ցուցանիշների ապահովումը:

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) համապատասխան ոլորտները համակարգող Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համատեղ պետական պահուստում պահպանման ենթակա  նյութական արժեքների անվանացանկի, ինչպես նաև դրանց կուտակման նորմաների մշակման և փոփոխման ուղղությամբ աշխատանքների իրականացում, ու նշված անվանացանկը նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

բ) համապատասխան ոլորտները համակարգող Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համատեղ պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկի մշակման և փոփոխման ուղղությամբ աշխատանքների իրականացում, ու նշված ցանկը նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

գ) պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման հեռանկարային ու տարեկան ծրագրերի նախագծերը սահմանված կարգով մշակելն ու նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

դ) պատասխանատու պահպանում իրականացնող կազմակերպություններում և գործակալության համակարգի կազմակերպություններում ու պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, բացթողման, վերադարձման, թարմացման, փոխարինման, տարածքային տեղաբաշխման սահմանված ծրագրերի և առաջադրանքների կատարման նկատմամբ հսկողության իրականացում.

ե) պետական պահուստից նյութական արժեքների փոխառնման մասին պետական մարմինների միջնորդությունների, ինչպես նաև գործակալության իրավասությանը համապատասխանող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություններ ու առաջարկություններ նախարարություն ներկայացնելը.

զ) պետական պահուստում նյութական արժեքների կուտակման գծով ծախսերի` սահմանված կարգով ֆինանսավորման ապահովում և տվյալ տարում դրանց համար վճարումների իրականացում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներին համապատասխան.

է) պետական պահուստում ամբարվող նյութական արժեքների համար ժամանակին մատակարարներին վճարումների ապահովում, վերահսկողության իրականացում պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունների ու գործակալության համակարգի կազմակերպությունների կողմից պետական պահուստի նյութական արժեքների գների ու սակագների ճիշտ կիրառման, վերագնահատման ճշտության ստուգման նպատակով.

ը) գործակալության համակարգի կազմակերպություններում ու հիմնարկներում պետական պահուստի նյութական արժեքների ամենամյա  գույքագրման կազմակերպում, պատասխանատու պահպանում իրականացնող կազմակերպություններում ու հիմնարկներում պետական պահուստի նյութական արժեքների գույքագրման նկատմամբ վերահսկողության իրականացում, բացահայտված թերությունները վերացնելու համար միջոցների ձեռնարկում.

թ) սահմանված կարգով պետական պահուստի նյութական արժեքների միասնական հաշվառման կազմակերպման ապահովում, դրանց առկայության ու շարժի ամփոփ հաշվառում և Հայաստանի Հանրապետության կառավարության պետական պահուստի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին ամփոփ հաշվետվություն և տեղեկատվություն ներկայացնելը.

ժ) օրենքով սահմանված կարգով գործակալության համակարգի կազմակերպությունների բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման, ինչպես նաև այդ կազմակերպությունների կողմից` սահմանված կարգով վճարովի ծառայությունների մատուցման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժա) պատասխանատու պահպանում իրականացնող կազմակերպություններում ծախսումների փոխհատուցման` սահմանված կարգով ապահովում` կապված պետական պահուստի նյութական արժեքների պահպանման հետ.

ժբ) պատասխանատու պահպանման կետերում պահվող պետական ռեզերվի նյութական արժեքների առկայության, հաշվառման, շարժի ու որակական վիճակի ստուգման անցկացում.

ժգ) պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման, ընդունման (ամբարման), պահպանման, լրամշակման, թարմացման, փոխարինման, բացթողման կարգի ու այդ նյութական արժեքներով այլ գործառնությունների կատարման մասին հրահանգները նախարարի հաստատմանը ներկայացնելը, որոնք պարտադիր են նշված նյութական արժեքների մատակարարների, պատասխանատու պահպանում իրականացնող կազմակերպությունների և ստացողների (սպառողների), ինչպես նաև համապատասխան ոլորտը համակարգող պետական մարմինների համար.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  վիճակագրական տվյալների ստացում, որոնք անհրաժեշտ են պետական պահուստում նյութական արժեքների անվանացանկի, գիտականորեն հիմնավորված օպտիմալ նորմաների  (մակարդակների) ու կուտակման ծրագրի մշակման համար.

ժե)  սահմանված կարգով պետական պահուստի նյութական արժեքների մասին տվյալների ստացում, այդ թվում` անցկացվող պետական պահուստի նյութական արժեքների գույքագրումների, նյութական արժեքների առկայության, որակական վիճակի ու պահպանման պայմանների ստուգումների արդյունքների մասին.

ժզ) ոլորտի պետական ունեցվածքի տիրապետման և օգտագործման գործառույթների իրականացում.

ժէ) գործակալության համակարգի կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողություն.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` գործակալությանը վերապահված այլ խնդիրների և գործառույթների իրականացում:

Գործակալությունը նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության առջև սահմանված կարգով հարցեր է բարձրացնում պատասխանատու պահպանումն իրականացնող, այդ թվում` մասնավորեցման ենթակա կամ սնանկացման գործընթացում գտնվող կազմակերպություններում պետական պահուստի պահպանման ու վերականգնման ապահովման վերաբերյալ:



 IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների բնագավառում մատուցվող ծառայությունների որակի համար, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին ու նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին: Գործակալության գործունեությունը համակարգում է նախարարի համապատասխան տեղակալը:

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) համապատասխան նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) պարբերաբար նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին է ներկայացնում տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալների ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա տեղակալին.

է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը)  սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության դեպքում, գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ


14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ  և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները  քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 

 Մ. Թոփուզյան

                       


 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1337-Ն որոշման


 Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 15.05.08 N 534-Ն)


Պետական պահուստի ձևավորման բաժին
Պետական պահուստի վերահսկման բաժին


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
    
 Մ. Թոփուզյան



      


     

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան