Գլխավոր տեղեկություն
Номер
N 419-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.05.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
13.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.05.2011
Дата вступления в силу
14.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2011 թվականի N 419-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1135-Ն որոշման 1-ին կետով հավանության արժանացած` Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգի դրույթների պահանջներն ապահովելու նպատակով`

1. Ստուգաթերթերում սահմանված հարցերի կշիռների սահմանման և ոլորտային ռիսկայնության նախնական գնահատման համար ստեղծել պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրմանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել աշխատանքային խմբի աշխատանքներն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ղեկավարներին (համաձայնությամբ)՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել թեկնածություններ աշխատանքային խմբում ընդգրկվելու համար:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման N 1 հավելվածում նշված թեկնածությունները ներկայացնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը:

6. Աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել աշխատանքային խմբի նպատակների և խնդիրների իրականացման աշխատանքային պլանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մայիսի 13
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 մայիսի 13-ի N 419-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Տեսչական բարեփոխումների քարտուղարության ներկայացուցիչ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության երկու ներկայացուցիչ

 

Առողջապահության ոլորտում գործող գիտական հաստատությունների երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ (ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը) (համաձայնությամբ)

 

Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 մայիսի 13-ի N 419-Ա

 որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են տեսչության ստուգաթերթերում սահմանված հարցերի կշիռների սահմանման և տնտեսավարող սուբյեկտների գործունեության տեսակների ռիսկայնության գնահատման գործընթացներն ապահովող աշխատանքային խմբի գործունեության հիմնական սկզբունքները:

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում (այսուհետ` տեսչություն) ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման մեթոդաբանությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Աշխատանքային խումբը տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության խորհրդատուն է` տեսչությունում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրմանն առնչվող հարցերում:

4. Աշխատանքային խմբի նպատակներն են`

1) տնտեսական գործունեության տեսակների համար հիգիենիկ ռիսկերի գնահատումը.

2) մշակված ստուգաթերթերի մասին վերջնական առաջարկության տրամադրումը.

3) մշակված ստուգաթերթերում ներառված հարցերի կշիռների սահմանումը:

5. Աշխատանքային խումբն իր գործունեությամբ հաշվետու է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարությանը:

6. Աշխատանքային խումբը կազմված է ղեկավարից և անդամներից, ովքեր աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

7. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են խմբի ղեկավարի կողմից, ըստ անհրաժեշտության, բայց առնվազն երկու շաբաթը մեկ անգամ:

8. Աշխատանքային խմբի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խմբի անդամների կեսից ավելին:

9. Աշխատանքային խմբի նիստերը վարում է աշխատանքային խմբի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` խմբի անդամներից մեկը` նրա հանձնարարությամբ:

10. Աշխատանքային խմբի նիստի ժամանակ որոշվում է հաջորդ նիստի հարցերի շրջանակը:

11. Աշխատանքային խմբի նիստերին կարող են հրավիրվել պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

12. Աշխատանքային խմբի անդամները ենթակա են փոփոխման ռոտացիոն սկզբունքով, ըստ անհրաժեշտության` կախված քննարկման ոլորտի առանձնահատկություններից:

13. Աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպչական և նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է առողջապահության բնագավառում պետական լիազոր մարմինը:

14. Աշխատանքային խմբի ղեկավարը`

1) ղեկավարում է աշխատանքային խմբի գործունեությունը.

2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.

3) նշանակում է աշխատանքային խմբի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը.

4) ներկայացնում է աշխատանքային խումբն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.

5) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:

15. Աշխատանքային խմբի անդամը`

1) մասնակցում է աշխատանքային խմբի աշխատանքներին.

2) հարցեր և առաջարկություններ է ներկայացնում աշխատանքային խմբի քննարկմանը.

3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության և նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) քվեարկում է խմբի ղեկավարի կողմից քննարկման դրված հարցերի վերաբերյալ.

5) կատարում է աշխատանքային խմբի որոշումները և նրա ղեկավարի հանձնարարականները:

16. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:

17. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան