Գլխավոր տեղեկություն
Номер
N 676-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2011-30.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.786
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2011
Дата вступления в силу
09.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2011 թվականի N 676-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնից հանել «Լիցենզավորման վարչություն» տողը.

2) «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինը լրացնել «Լիցենզավորման գործակալություն» տողով:

3. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մայիսի 27
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 12-ի N 676-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի կազմում գործող առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ կրթության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

7. Գործակալության նպատակը կրթության ոլորտում լիցենզավորման գործընթացի իրականացումն է:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակի իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) լիցենզիա տալու (մերժելու), դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ կապված գործառույթների իրականացում.

2) լիցենզավորված սուբյեկտների կողմից տվյալ գործունեությունն իրականացնելու համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացում.

3) լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման և արդիականացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

4) կրթության ոլորտի լիցենզավորման գործընթացի փաստաթղթաշրջանառության իրականացում, այդ թվում` լիցենզավորման համար ներկայացված հայտերի ու դրանց կից փաստաթղթերի մուտքագրում և հաշվառում.

5) կրթության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովի գործավարության իրականացում, հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, ամփոփում և դրանք լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված սուբյեկտների մասին տեղեկությունների հավաքագրում, վերլուծություն և գնահատում:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Գործակալության պետը պատասխանատու է կրթության և գիտության ոլորտի լիցենզավորման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

12. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև` նախարարության աշխատակազմի ղեկավարին:

13. Գործակալության պետը`

1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

2) օրենքվ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) նախարարության աշխատակազմի ղեկավարին իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

9) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

11) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 12-ի N 676-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Լիցենզավորման բաժին

2. Դիտարկումների և վերլուծության բաժին

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.06.2018, N 705-Ն 30.06.2018, N 676-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան