Գլխավոր տեղեկություն
Номер
N 1045-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.05.2011-28.03.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.17/52(424) Հոդ.995
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.07.2005
Дата вступления в силу
18.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2005 թվականի N 1045-Ն 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին
(վերնագիրը խմբ. 15.01.09 N 52-Ն)

Հիմք ընդունելով «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 15.01.09 N 52-Ն)

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունը`  համաձայն N 1 հավելվածի.

 բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Էներգետիկայի պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 15.01.09 N 52-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 15.01.09 N 52-Ն)

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 21
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
 հունիսի 1-ի N 1045-Ն որոշման



Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
երնագիրը ՓՈՓ. 15.01.09 N 52-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից

(1-ին կետը փոփ. 23.03.06 N 366-Ն, 15.01.09 N 52-Ն, խմբ. 05.05.11 N 564-Ն)

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրությանը համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքներով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`

ա) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը,

բ) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը:

(7-րդ կետը խմբ. 23.03.06 N 366-Ն)

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների կատարում, բայց ոչ հաճախ, քան տարեկան մեկ անգամ՝

էլեկտրաէներգետիկական համակարգում՝ 110 կՎ և բարձր լարման, գազամատակարարման համակարգում՝ գազի միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,

մինչև 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման և ցածր ճնշման գազի համակարգերում` էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մոտ` «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների, ինչպես նաև պատահարների տարեկան վերլուծության արդյունքներով, էներգատեղակայանքների շահագործումն ու կառավարումն իրականացնող անձանց հետ համատեղ, մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կատարումն ապահովելու նպատակով.

բ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, ակտ-կարգադրագրերի կազմում, դրանցում նշված պահանջների կատարման վերահսկում և օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին որոշման ընդունում.

գ) տեխնիկական ստուգումների հիման վրա, նոր կառուցվող և վերակառուցող 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի էներգատեղակայանքների գործարկման մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եզրակացություններ տալը՝ թույլատրելով դրանց գործարկումը.

դ) էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դրանց մասնագիտական քննության իրականացում` տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումները բացահայտելու և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով.

ե) էներգատեղակայանքներում տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերլուծության կատարում և դրանց վերաբերյալ վիճակագրության վարում.

զ) նոր տեխնիկական կանոնակարգեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:

(8-րդ կետը խմբ. 23.03.06 N 366-Ն, խմբ., փոփ. 02.08.07 N 876-Ն, փոփ. 15.01.09 N 52-Ն)

 

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարը (այսուհետ՝ նախարար): Տեսչության գործունեությունը համակարգում է նախարարի համապատասխան տեղակալը (այսուհետ՝ տեղակալ):

Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի համաձայն:

Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Տեսչության պետը պատասխանատու է էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական  ակտերին համապատասխանության համար:

(10-րդ կետը փոփ. 23.03.06 N 366-Ն)

11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Տեսչության պետը՝

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար,

բ) նախարարին (տեղակալին) ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ,

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ,

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում  նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին,

է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները,

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները,

ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները,

ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ,

ժբ) նախարարին  ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ,

ժգ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ,

ժդ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին` դրանց կիրառման օրվանից 10 օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,

ժե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով  իրավասու մարմիններ ներկայացնում է հաղորդում էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում իրավախախտումներ թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու մասին,

ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ  և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

(12-րդ կետը փոփ. 23.03.06 N 366-Ն)

13. Տեսչության պետի բացակայության դեպքում, տեսչության պետի ներկայացմամբ և (կամ) նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալներից մեկը:

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(հավելվածը փոփ., խմբ. 23.03.06 N 366-Ն, 02.08.07 N 876-Ն, փոփ. 15.01.09 N 52-Ն, խմբ. 05.05.11 N 564-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
 հունիսի 1-ի N 1045-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
երնագիրը ՓՈՓ. 15.01.09 N 52-Ն)

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Տեսչական հսկողության բաժին

Վերլուծության, վիճակագրության և շահագործման

համակարգման բաժին

II. Տարածքային մարմիններ

Երևանի քաղաքային բաժին
Կենտրոնական միջմարզային բաժին
Հյուսիսային միջմարզային բաժին
Հարավային միջմարզային բաժին

(հավելվածը լրաց. 23.03.06 N 366-Ն, փոփ. 05.05.11 N 564-Ն, խմբ. 05.05.11 N 564-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան