Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-981
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.06.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.07.13/16(399).1 Հոդ.978
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
28.06.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
28.06.2011
Дата вступления в силу
28.06.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 հունիսի 2011 թ. 


2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

 համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 06.05.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Արձանագրությունն ստորագրվել է 2010թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով:

2. Արձանագրությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հոդվածներում, խմբագրվում են որոշ դրույթներ:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 փոփոխել Պայմանագրի որոշ հոդվածներ,

 ՀԱՊԿ մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի դեպքում անհապաղ գործի դնել համատեղ խորհրդակցության մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, ինչպես նաև մշակել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար` սպառնալիքի վտանգի վերացման նպատակով,

 ՀԱՊԿ անդամ պետություններից որևէ մեկի ագրեսիայի ենթարկվելու պարագայում դա համարել որպես ագրեսիա Հայաստանի Հանրապետության դեմ,

 ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության դեմ ագրեսիա իրականացվելու դեպքում, տվյալ պետության խնդրանքով, տրամադրել անհապաղ անհրաժեշտ օգնություն, ներառյալ` ռազմական, ինչպես նաև իր տրամադրության ներքո գտնվող բոլոր միջոցներով աջակցել հավաքական անվտանգության իրավունքի իրականացմանը` ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան, և ձեռնարկված միջոցների մասին անհապաղ տեղյակ պահել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին,

 հավաքական անվտանգության համակարգի ուժի և միջոցների կիրառումն անդամ պետությունների տարածքից դուրս իրականացնել ելնելով բացառապես միջազգային անվտանգության շահերից` ՄԱԿ-ի Կանոնադրության և Պայմանագրի անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Արձանագրությամբ սահմանված են նաև դրա ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

28 հունիսի 2011 թ.
ՍԴՈ-981