«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1567-Ն
«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 471 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՅԻՍԻ 31-Ի
N 643 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 77-րդ կետը, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպելու մասին» N 471 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով և դրանց հոլովաձևերով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 643 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |
|
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի պետական ագրարային համալսարանը (այսուհետև` համալսարան) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որն իրականացնում է կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական և հրատարակչական գործունեությունները:
2. Համալսարանի, որպես բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական գործունեությունը նպատակաուղղված է ագրարային և հարակից ոլորտների բնագիտական, կենսաբանական, տեխնոլոգիական, տնտեսագիտական, ճարտարագիտական և այլ ուղղություններով կրթության, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը՝ հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով և ուսուցման տարբեր ձևերով (առկա, հեռակա, հեռավար, դրսեկություն)՝ օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
3. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
4. Հայաստանի պետական ագրարային համալսարանն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ: Հայաստանի պետական ագրարային համալսարանն, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվներ, Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, հուշամեդալ, խորհրդանշան և անհատականացման այլ միջոցներ:
5. Համալսարանի անվանումն է`
հայերեն լրիվ` | «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն, | |
հայերեն կրճատ` | «ՀՊԱՀ» ՊՈԱԿ, | |
ռուսերեն լրիվ` |
«Государственный аграрный университет Армении» | |
ռուսերեն կրճատ` |
«ГАУА» ГНКО, | |
անգլերեն լրիվ` | Armenian State Agrarian University, Non-Commercial state Organization, | |
անգլերեն կրճատ` | «ASAU» NCSO, |
համալսարանի գտնվելու վայրն է` Երևան, 375009, Տերյան 74:
II. Համալսարանի խնդիրներն ու իրավասությունները
6. Համալսարանի հիմնական խնդիրներն են`
ա) գյուղատնտեսության ոլորտի համար բարձր որակավորում ունեցող տարբեր աստիճանների (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի և հետազոտողի) մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը, վերաորակավորումն ու խորհրդատվությունը.
բ) բնական, տեխնիկական, տնտեսագիտական, հասարակագիտական և հումանիտար գիտությունների բնագավառներում գիտական, ուսումնական և գիտամեթոդական հետազոտությունների իրականացումը, ագրարային գիտության բազմակողմանի զարգացումը.
գ) կրթության, գիտության և խորհրդատվության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, նոր և հեռանկարային մասնագիտությունների և մասնագիտացումների համակարգերի մշակումն ու արմատավորումը.
դ) գիտական մշակումների արդյունքների ներդրումն արտադրության մեջ և խորհրդատվական աշխատանքների իրականացումը հանրապետության ագրոպարենային համակարգում:
7. Առաջադրված խնդիրներին համապատասխան՝ համալսարանն իրավասու է՝
ա) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր մշակելու և հաստատելու, ուսումնական գրականություն և ուսումնամեթոդական ձեռնարկներ հրատարակելու.
բ) ինքնուրույն ձևավորելու իր կառուցվածքը, իսկ հիմնադրի որոշմամբ ստեղծելու գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, մասնաճյուղեր, մասնագիտական թեքում ունեցող ավագ դպրոցներ և այլ ինքնուրույն (առանձնացված) ստորաբաժանումներ.
գ) շնորհելու համալսարանի պատվավոր կոչումները, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու համալսարանի հուշամեդալով.
դ) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնելու կապեր հանրապետության և արտասահմանյան բուհերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (կադրերի պատրաստում, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն, գիտական համաժողովների, խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում և այլն).
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կազմակերպելու ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, հայցորդների և սովորողների ընդունելությունը.
զ) իրականացնելու ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպելու մասին» N 471 որոշմամբ, ակադեմիային թույլատրված ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) գյուղատնտեսական բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում,
բ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում,
գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում,
դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
ե) անասնաբուժական օգնության կազմակերպում,
զ) փորձագիտական գործունեության կազմակերպում,
է) խորհրդատվական ծառայության կազմակերպում,
ը) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում,
թ) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում,
ժ) սովորողների սննդի կազմակերպում,
ժա) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,
ժբ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում,
ժգ) սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում:
III.Համալսարանի կառավարումը
8. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ, ինչպես նաև դրա գործունեության կարևորագույն հարցերի լուծմանը համալսարանի ողջ կոլեկտիվի (ընդհանուր ժողովի կամ ներկայացուցիչների ժողովի) մասնակցության ապահովման սկզբունքների վրա:
9. Համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով, սույն կանոնադրությանը համապատասխան: Խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչներից:
Խորհրդի ձևավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված մարմնի ներկայացմամբ: Համալսարանի խորհրդի կազմը սահմանվում է 28 հոգի (25%-ը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից և աշխատակիցներ, 25%-ը` ուսանողներ և ասպիրանտներ, 25%-ը` հիմնադրի ներկայացուցիչներ` պետական պաշտոնյաներ, 25%-ը` լիազոր մարմնի ներկայացուցիչներ` կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ):
10. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի կայացնում: Համալսարանի ռեկտորը խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:
Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ: Արտահերթ նիստ կարող է հրավիրվել նաև համալսարանի ռեկտորի կամ գիտական խորհրդի առաջարկությամբ:
11. Խորհուրդը՝
ա) ընտրում է նախագահ (չի կարող լինել բուհի հաստիքային աշխատող).
բ) հաստատում է իր աշխատակարգը.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գիտական խորհրդի հետ համատեղ մշակում ու հաստատում է ռեկտորի և մասնաճյուղի տնօրենի ընտրության կանոնակարգերը: Կազմակերպում է ռեկտորի և մասնաճյուղի տնօրենի ընտրությունները.
դ) ռեկտորի ներկայացմամբ՝ հաստատում է համալսարանի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.
ե) քննարկում ու սահմանված կարգով հիմնադրի հաստատմանն է ներկայացնում համալսարանի կանոնադրությունը կամ դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները.
զ) քննարկում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաստատմանն է ներկայացնում համալսարանի տարեկան ծախսերի նախահաշիվն ու ֆինանսական պլանը.
է) քննարկում է ռեկտորի հաշվետվությունը տարեկան գործունեության մասին և հաստատում այն:
12. Խորհրդի նախագահը՝
ա) վարում է խորհրդի նիստերը.
բ) իրականացնում է խորհրդին վերապահված իրավասությունների գործառույթները՝ սույն կանոնադրության 12-րդ կետի պահանջներին համապատասխան.
գ) կատարում է աշխատանքի բաժանում խորհրդի անդամների միջև.
դ) համալսարանի ռեկտորի հետ համատեղ տարվա ընթացքում մեկ անգամ կոլեկտիվի ընդհանուր կամ ներկայացուցչական ժողովում ներկայացնում են հաշվետվություն համապատասխանաբար խորհրդի և գործադիր մարմնի տարեկան գործունեության վերաբերյալ:
13. Խորհրդի անդամների իրավասություններն ու պարտականությունները սահմանվում են խորհրդի աշխատակարգով:
14. Համալսարանի գիտական խորհուրդը ձևավորվում է սույն կանոնադրությանը համապատասխան և լուծում է ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնախնդիրները: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է` այդ ընթացքում անդամների մասնակի շրջափոխման հնարավորությամբ: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ:
Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, դեպարտամենտների ղեկավարները, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, գրադարանի տնօրենը, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահն ի պաշտոնե, ինչպես նաև՝ ռեկտորի նշանակմամբ, կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ, համալսարանի առանձին դասախոսներ և գիտաշխատողներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ: Ի պաշտոնե և ռեկտորի կողմից նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի թվակազմի 50 տոկոսը: Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի: Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր՝ նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում են ռեկտորի հրամաններով:
15. Համալսարանի գիտական խորհուրդը`
ա) հաստատում է իր կանոնակարգն ու աշխատակարգը.
բ) ընդունելության պետական պատվերից դուրս, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ հաստատում է վճարովի հիմունքներով` ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը.
գ) հիմնադրի և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ հաստատում է ուսումնական պլանները` ըստ մասնագիտութունների.
դ) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում է հաշվետվություններ և հաղորդումներ կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.
ե) ընդունում է որոշում նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու մասին և ներկայացնում է այն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանը.
զ) քննարկում և հաստատում է համալսարանի կառուցվածքը և դրանում կատարվող փոփոխությունները, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը.
է) ընդունում է «Համալսարանի պատվավոր դոկտոր», «Համալսարանի պատվավոր պրոֆեսոր», «Համալսարանի վաստակավոր պրոֆեսոր», «Համալսարանի վաստակավոր գիտաշխատող» կոչումները շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, հուշամեդալով պարգևատրելու մասին որոշումներ: Քննարկում և հաստատում է դեկանների, դեպարտամենտների պետերի, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության կանոնակարգերը: Իրականացնում է դեկանների, դեպարտամենտների պետերի, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունը` փակ գաղտնի քվեարկությամբ: Սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի կոչումներ.
ը) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող՝ ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:
16. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Համալսարանի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով, իրեն ընձեռած լիազորությունների շրջանակներում, քննարկում է համալսարանի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը: Համալսարանի ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի գլխավոր խորհրդականը, ռեկտորատի քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները:
17. Համալսարանի ընթացիկ գործունեության ղեկավարությունն իրականացնում է ռեկտորը, որն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 5 տարի ժամկետով:
18. Ռեկտորի ընտրությունները կատարվում են խորհրդի կողմից սահմանված կարգով, բաց մրցույթով, փակ գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքային փորձ ունեցող, գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը:
19. Համալսարանի ռեկտորը`
ա) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական և այլ գործունեությունը, առանց լիազորագրի հանդես է գալիս համալսարանի անունից, ներկայացնում է նրա շահերը.
բ) կազմակերպում է համալսարանի և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը՝ ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
գ) հրավիրում է գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր, ներկայացնում առաջարկություն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ.
դ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում տարեկան հաշվետվությունները.
ե) ապահովում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.
զ) գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում համալսարանի կառուցվածքային փոփոխությունների մասին առաջարկները և կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
է) սույն կանոնադրությանը համապատասխան` աշխատանքային պայմանագրեր է կնքում սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների և մյուս աշխատողների հետ.
ը) հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշմամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է համալսարանի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
թ) կատարում է աշխատանքի բաշխում պրոռեկտորների միջև.
ժ) կնքում է խոշոր գործարքներ` պետական լիազորված մարմնի համաձայնությամբ.
ժա) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու վերաբերյալ.
ժբ) նշանակում և ազատում է պրոռեկտորներին և ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը.
ժգ) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը, լիազորված մարմնի համաձայնությամբ, հանձնարարում է պրոռեկտորներից մեկին.
ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.
ժե) չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից.
ժզ) գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով համալսարանին պատճառած վնասի համար:
20. Համալսարանի ռեկտորի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով: IV. Համալսարանի կառուցվածքը
21. Համալսարանի կառուցվածքը սահմանվում է ռեկտորի հրամանով:
22. Համալսարանի ինքնուրույն ուսումնական կառուցվածքային ստորաբաժանումներն են դեպարտամենտները, ֆակուլտետները, ամբիոնները, քոլեջները, վարժարանները, ուսումնական կենտրոնները, տարածքային մասնաճյուղերն ու ուսումնափորձնական տնտեսությունները:
23. Համալսարանի ֆակուլտետը.
ա) գործում է իր կանոնադրության հիման վրա: Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, մանկավարժական, մեթոդական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից.
բ) կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ օղակներից: Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի գիտական խորհուրդը, դեկանատի խորհուրդը և դեկանը:
Ֆակուլտետի գիտական խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը, ընտրում է ֆակուլտետի դեկանին կամ սահմանված կարգով քննարկում և համալսարանի գիտական խորհրդի ընտրությանն է ներկայացնում դեկանի թեկնածուներին, լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում է նրա գործունեությունը:
Ֆակուլտետի գիտական խորհուրդի, որպես կառավարման մարմնի, կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ֆակուլտետի կանոնադրությամբ:
24. Ֆակուլտետի գիտական խորհուրդը՝
ա) ռեկտորին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու և վերակազմակերպելու վերաբերյալ.
բ) ռեկտորատին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները` համալսարանի գիտական խորհրդում հաստատելու համար.
գ) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ընդգրկվող ֆակուլտետի ներկայացուցիչներին.
դ) լուծում է սույն կանոնադրությունից բխող՝ ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական և այլ գործունեության հետ կապված հարցեր:
25. Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր՝ նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի գիտական խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:
26. Ֆակուլտետի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը, իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրությանը համաձայն, իրականացնում է ֆակուլտետի դեկանը:
27. Ֆակուլտետի դեկանն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում (կամ ֆակուլտետի գիտական խորհրդում, եթե դրա մասին համալսարանի գիտական խորհուրդն ընդունում է որոշում)՝ փակ (ներբուհական) մրցույթի հիման վրա, փակ, գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Ֆակուլտետի դեկանն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու 5-ամյա ժամկետ անընդմեջ, դեկանի թեկնածուի տարիքը չպետք է գերազանցի 65 տարին: Դեկանի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված Դեկանների ընտրության կանոնակարգին համապատասխան:
28. Ֆակուլտետի դեկանը՝
ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.
բ) ապահովում է համալսարանի և ֆակուլտետի գիտական խորհուրդների և ռեկտորատի որոշումների կատարումը.
գ) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները.
դ) ֆակուլտետի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում ընթացիկ հարցերը քննարկվում և լուծվում են դեկանատի խորհրդի կողմից, որը դեկանի ղեկավարությամբ գործող մարմին է:
29. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների կանոնադրության հիման վրա:
30. Համալսարանի ամբիոնները կարող են լինել նաև համահամալսարանական, որոնց գործունեության անմիջական համակարգումը կատարվում է համապատասխան պրոռեկտորի կողմից: Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորներ, դոցենտներ, դասախոսներ, ասիստենտներ, ստաժոր դասախոսներ և խորհրդատուներ:
31. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում, բաց մրցույթի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով: Ընտրությունների արդյունքների հիման վրա ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ռեկտորը: Ամբիոնի վարիչի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված Ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգին համապատասխան: Ամբիոնի վարիչի թեկնածուի տարիքային սահմանափակումը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով:
32. Համալսարանի ուսումնափորձնական տնտեսություններն են՝
ա) «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունը, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում.
բ) «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունը, որը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզում:
Ուսումնափորձնական տնտեսություններն իրականացնում են ուսումնական, գիտական և արտադրական գործունեություն և արտադրանքի իրացում ինքնաֆինանսավորման նպատակով:
(32-րդ կետը փոփ. 02.06.11 N 768-Ն)
33. Համալսարանի մասնաճյուղերն են Վանաձորի, Սիսիանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի, «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն», «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» և «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղերը:
(33-րդ կետը լրաց. 07.08.08 N 871-Ն, խմբ. 02.06.11 N 768-Ն)
34. Համալսարանում հանրակրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է հենակետային վարժարանում (ավագ դպրոց) և դրա մարզային հոսքային դասարաններում: Հենակետային վարժարանի շրջանավարտներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է հասունության ատեստատ: Համալսարանում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպում է համալսարանի պետական քոլեջում շրջանավարտներին տրվում է միջին մասնագիտական որակավորման վկայական (դիպլոմ):
V. Համալսարանում ուսումնական և գիտական գործընթացի կազմակերպումը
35. Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) ուսումնագիտական գործունեությանը վերաբերող հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) մյուս աշխատակիցներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:
36. Համալսարանում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության ձևերով:
37. Համալսարանի ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:
38. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական եղանակները՝ դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա, ինչպես նաև գործնական հմտությունների ձեռքբերում՝ ուսումնափորձնական տնտեսություններում:
39. Համալսարանի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում են համապատասխան որակավորում և բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի և հետազոտողի ավարտական վկայական (դիպլոմ):
40. Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
41. Համալսարանի կազմում կամ համալսարանին կից գործող քոլեջների շրջանավարտներին տրվում են կրտսեր մասնագետի որակավորում և համապատասխան ավարտական վկայական (դիպլոմ):
42. Համալսարանի ուսումնական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝
ա) պետական բյուջեից.
բ) վճարովի ուսուցման վարձավճարներից.
գ) նվիրատվություններից.
դ) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.
ե) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.
զ) տարածքների վարձակալության վարձավճարներից.
է) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
43. Համալսարանում ագրոպարենային ոլորտի մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհում են մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են ՀՀ օրենսդրությամբ և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան:
44. Ուսումնամեթոդական աշխատանքները և գործընթացները մշակվում և համակարգվում են համալսարանի և ֆակուլտետների մեթոդական խորհրդի կողմից:
VI. Համալսարանի կոլեկտիվը
45. Համալսարանի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական և այլ աշխատողները, ուսանողները (բակալավր, մագիստրոս և ուրիշներ): Աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական աշխատակիցները), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական (հիմնական, սեզոնային, ժամանակավոր), ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:
Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
46. Համալսարանի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն՝
ա) ընտրելու և ընտրվելու համալսարանի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների գիտական խորհուրդներում և մեթոդական խորհուրդներում.
բ) միավորվելու արհմիություններում և հասարակական այլ կազմակերպություններում.
գ) օգտվելու ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:
47. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:
48. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտական հետազոտությունների, որոնումների, գիտական մտքերի, գաղափարների և արդյունքների ազատ շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների շրջանակներում:
49. Համալսարանի կոլեկտիվի անդամները պարտավոր են՝
ա) պահպանել և կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված սույն կանոնադրությամբ և համալսարանի աշխատանքային ներքին կարգապահական այլ կանոնների պահանջները.
բ) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.
գ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.
դ) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.
ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել գույքը.
զ) մասնակցել խորհրդատվական աշխատանքներին:
50.Համալսարանի գիտամանկավարժական աշխատողները իրավունք ունեն՝
ա) զբաղվելու իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման հարցերով.
բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության.
գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության.
դ) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման.
ե) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների և միջոցների ազատ ընտրության.
զ) համատեղելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ:
51. Համալսարանի ուսանողներ են համարվում առնվազն քառամյա բակալավրային ուսուցման և հնգամյա դիպլոմավորված մասնագետների պատրաստման ուսուցման ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:
52. Համալսարանի ուսանողն իրավունք ունի`
ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.
բ) հաճախելու համալսարանում կարդացվող ցանկացած դասախոսություններին.
գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.
դ) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառություններին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.
ե) օգտվելու գրադարանից, մարզական և առողջարանային հենակետերից, մշակութային-լուսավորչական օղակներից.
զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու մասնագիտական որակավորման աստիճան` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան.
է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին վերաբերող հարցերի լուծման համար.
ը) ընդգրկվելու համալսարանի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում.
թ) բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ժ) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Սահմանված կարգով ստանալու անվանական, ինչպես նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.
ժա) ծանոթանալու սույն կանոնադրությանը և նորմատիվային այլ փաստաթղթերի, կնքելու պայմանագիր համալսարանի հետ` ուսումնառության պայմանների վերաբերյալ.
ժբ) լիազորված մարմնի սահմանած կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
ժգ) հանրակացարանի կարիք ունենալու դեպքում` սահմանված կարգով ստանալու համապատասխան տեղ հանրակացարանում.
ժդ) համալսարանում սահմանված կարգով փոխադրվելու նախասիրած մասնագիտություն, իսկ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով՝ փոխադրվելու այլ բուհ` ներառյալ արտասահմանյան.
ժե) կրթությունն ընդհատած նախկին ուսանողը սահմանված կարգով իրավունք ունի վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում:
53. Արգելվում է ուսանողներին ներգրավելու արտադրական աշխատանքներում` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության:
54. Համալսարանի ուսանողները պարտավոր են`
ա) սահմանված ժամկետներում կատարելու ուսումնական առաջադրանքների բոլոր տեսակները.
բ) տիրապետելու ապագա բարձր որակավորման մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.
գ) պահպանելու ներքին կարգապահական կանոնները:
Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը:
Ուսումնական պլանները չկատարող և ուսումնական գործընթացի ժամանակացույցին համապատասխան չիրականացնող, ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերող, համալսարանի ներքին կարգապահական կանոնները խախտող ուսանողները կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը: Արգելվում է ուսանողին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:
55. Ավարտական վկայականում (դիպլոմում) նշվում են ուումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:
56. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որը ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը: Ուսանողական խորհուրդը գործում է իր կանոնակարգին համապատասխան, որը հաստատվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից:
57. Համալսարանի մագիստրանտ է համարվում քառամյա (բակալավրային) կամ հնգամյա (դիպլոմավորված մասնագետ) բարձրագույն կրթություն ունեցող անձը, որը սահմանված մրցութային կարգով ընդունվել է մագիստրատուրա` առնվազն մեկ տարի ժամկետով ուսուցման պայմանով:
58. Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:
59. Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և որպես դոկտորանտ հրամանագրված անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցող ատենախոսություն:
60. Համալսարանի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար, առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարուց ավելի ժամկետով:
61. Համալսարանի ունկնդիրներ են համարվում այն անձինք, ովքեր դրսեկության ձևով սովորում են նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև՝ դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներին:
62. Համալսարանի սովորողներ են համարվում հենակետային վարժարանի աշակերտներն ու քոլեջի ուսանողները: Սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են վարժարանի և քոլեջի կանոնադրություններով:
VII. Համալսարանի գույքը և ֆինանսական գործունեությունը
63. Համալսարանի գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից` նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
64. Համալսարանը իրավունք ունի`
ա) օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը.
բ) իրեն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հանձնելու վարձակալության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են ՀՀ պետական բյուջե: Որպես սեփականություն հանձնված գույքն օտարելու կամ վարձակալության տալու՝ լիազորված մարմնի համաձայնությամբ.
գ) պետությունը համալսարանի ուսանողներին, մագիստրանտներին և ասպիրանտներին սահմանված կարգով տրամադրում է պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում, նպաստներ, կրթական դրամաշնորհներ և վարկեր):
65. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նվիրատվությամբ, հանգանակությամբ կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցները և սեփականության այլ օբյեկտները, իր գործունեության արդյունք համարվող մտավոր և ստեղծագործական աշխատանքների արդյունքները, սեփական գործունեությունից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված եկամուտները, այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքը համալսարանի սեփականությունն են:
66. Համալսարանն իր գործունեության նպատակին համապատասխան՝ կարող է իրականացնելու վճարովի ուսուցում` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան:
67. Համալսարանի բոլոր եկամուտները և ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:
68. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հիմնադիրը և պետական լիազորված մարմինը:
69. Համալսարանի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվելու աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VIII. Համալսարանի վերակազմակերպումը և լուծարումը
70. Համալսարանի վերակազմակերպումը և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:
71. Համալսարանի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |