«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 1091-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 02.06.11 N 761-Ն)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված միջազգային համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ արտոնությունների կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.06.11 N 761-Ն)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի հիման վրա հաստատել տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրության և տեղեկանքների հաշվառման ու վերահսկողության կարգը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
(Վերնագիրը փոփ. 02.06.11 N 761-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգը կիրառվում է նշված համաձայնագրերով (այսուհետ՝ համաձայնագրեր) իրականացվող ծրագրերի նկատմամբ`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 1998 թվականի հուլիսի 27-ին կնքված «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև 2004 թվականի ապրիլի 3-ին կնքված «Տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցության մասին» համաձայնագիր.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2005 թվականի հունիսի 8-ին կնքված «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր:
1.2. Համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ արտոնությունները կիրառվում են այդ համաձայնագրերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից:
(1.2 կետը փոփ. 02.06.11 N 761-Ն)
1.3. Սույն կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված արտոնությունները:
(1.3 կետը փոփ. 02.06.11 N 761-Ն)
1.4. Համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում ծրագիր իրականացնող կազմակերպության հետ (անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից) կնքում են համապատասխան պայմանագրեր:
1.5. Սույն կարգի իմաստով «տրամադրվող միջոցներ» են համարվում արտաքին աղբյուրներից ստացվող միջոցները:
2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
(Վերնագիրը փոփ. 02.06.11 N 761-Ն)
2.1. Համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունները նշանակում են՝
ա) հարկվող շրջանառության ազատում ավելացված արժեքի հարկից.
բ) ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից.
գ) Հայաստանի Հանրապետության հարկային գործակալի ազատում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետություն գործուղված օտարերկրյա քաղաքացիներին վճարվող եկամուտներից՝ աղբյուրի մոտ հարկը (շահութահարկ, եկամտահարկ) պահելու պարտավորությունից.
դ) ապահովադիրների ազատում` սոցիալական ապահովության վճարներից:
(2.1 կետը փոփ., լրաց. 02.06.11 N 761-Ն)
2.2. Ավելացված արժեքի հարկ
2.2.1. Ավելացված արժեքի հարկից (այսուհետ՝ ԱԱՀ) ազատվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին՝
ա) ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից կամ ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումը, անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը,
բ) անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ),
գ) անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը:
2.2.2. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում`
ա) Հայաստանի Հանրապետություն գործուղված օտարերկրյա քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն անձնական օգտագործման իրերի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից.
բ) մեկ ընտանիքի համար մեկ շարժիչային փոխադրամիջոցի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից: Նշված փոխադրամիջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծվում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով և ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է ներմուծող անձի` Հայաստանի Հանրապետությունում գործուղման ժամկետին, բայց ոչ ավելի, քան համապատասխան համաձայնագրի գործողության ժամկետին համապատասխան:
2.2.3. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի համաձայն այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր):
Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ սահմանված ընդհանուր կարգով:
2.3. Շահութահարկ
Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին՝
ա) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ շահութահարկի պահումից (գանձումից).
բ) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներն ազատվում են իրենց վճարված եկամուտներից շահութահարկի վճարման պարտավորությունից.
գ) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում, և դրանց մասով շահութահարկի պարտավորությունները որոշվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
2.4. Եկամտահարկ
2.4.1. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետություն գործուղված օտարերկրյա քաղաքացիներին վճարվող եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից:
2.4.2. Հայաստանի Հանրապետություն գործուղված օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին իրենց վճարված եկամուտներից եկամտահարկի վճարման պարտավորությունից:
2.4.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած եկամուտների մասով եկամտահարկի պարտավորությունները որոշվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
2.4.4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եկամուտ վճարող անձը պարտավոր է այդ վճարված եկամուտների գումարների և եկամուտներ ստացող անձանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների մասին տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համապատասխան տարածքային մարմին՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
2.5. Մաքսատուրք
2.5.1. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից կամ ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումը, անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը, ազատվում է մաքսատուրքից:
2.5.2. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում`
ա) Հայաստանի Հանրապետություն գործուղված օտարերկրյա քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն անձնական օգտագործման իրերի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից.
բ) մեկ ընտանիքի համար մեկ շարժիչային փոխադրամիջոցի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից: Նշված փոխադրամիջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծվում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով և ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է ներմուծող անձի` Հայաստանի Հանրապետությունում գործուղման ժամկետին, բայց ոչ ավելի, քան համապատասխան համաձայնագրի գործողության ժամկետին համապատասխան:
2.6. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ
(2.6 կետը լրաց. 02.06.11 N 761-Ն)
2.6.1. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապահովադիրների ազատում օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու, գանձելու և պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից:
(2.6.1 կետը լրաց. 02.06.11 N 761-Ն)
3. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1. Սույն կարգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված տեղեկանքը` համաձայն ձևի:
3.2. Տեղեկանքը կազմվում է 4 (չորս) բնօրինակից, որը լրացվում է ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից և ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն՝ հաստատման: Տեղեկանքը հանդիսանում է խիստ հաշվառման բլանկ և նրա նկատմամբ կիրառվում են խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Ծրագիր իրականացնող կազմակերպությունը տեղեկանքը լրացնում է հետևյալ փաստաթղթերի հիման վրա՝ ապրանքների կամ ծառայությունների մատակարարման պայմանագիր, հաշվարկային և վճարային փաստաթղթեր՝ հաշիվ-ապրանքագիր, ապրանքների մատակարարումը հավաստող ակտ և այլն:
3.3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից նշված տեղեկանքի հաստատման համար հիմք են ընդունվում՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագրի դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի մասին Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տրամադրած տեղեկանքը, որում նշվում են ծրագրի անվանումը, ծրագրի նկարագրությունը, ծրագրի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից նշանակված կազմակերպության անվանումն ու փաստաթղթեր ստորագրող պատասխանատու անձանց անունները, ծրագրի արժեքը, յուրաքանչյուր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի մոտավոր արժեքը և ծախսերի մոտավոր ուղղությունը, ծրագրի սկզբնական և կանխատեսվող ավարտման ժամկետները.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև կնքված համաձայնագրի դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի մասին Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տրամադրած տեղեկանքը, որում նշվում են ծրագրի անվանումը, ծրագրի նկարագրությունը, փաստաթղթեր ստորագրող պատասխանատու անձանց անունները, ծրագրի արժեքը, յուրաքանչյուր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի մոտավոր արժեքը և ծախսերի մոտավոր ուղղությունը, ծրագրի սկզբնական և կանխատեսվող ավարտման ժամկետները.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված համաձայնագրի դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի մասին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կամ վերջինիս կողմից լիազորված համապատասխան կազմակերպության տրամադրած տեղեկանքը, որում նշվում են ծրագրի անվանումը, ծրագրի նկարագրությունը, փաստաթղթեր ստորագրող պատասխանատու անձանց անունները, ծրագրի արժեքը, յուրաքանչյուր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի մոտավոր արժեքը և ծախսերի մոտավոր ուղղությունը, ծրագրի սկզբնական և կանխատեսվող ավարտման ժամկետները.
դ) համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (ապրանքների ձեռքբերման համար առաքող կազմակերպության հետ կնքված պայմանագիրը, հաշիվ-ապրանքագիրը, տրանսպորտային բեռնագիրը, այդ գործարքի մասով հաշվարկավճարային փաստաթղթեր).
ե) գործուղված մասնագետների գծով հարկվող շրջանառության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված համապատասխան պետական մարմնի և (կամ) ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից հավաստագիր՝ ծրագրի շրջանակներում գործուղված մասնագետների վերաբերյալ.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման համար ներկայացվում է նաև հայտ, որում նշվում են ձեռք բերվող (հատկացվող) ապրանքների և ծառայությունների ծրագրային բաղադրիչները (ենթահամաձայնագիրը կամ ծրագիրը և գումարը) ու գումարի չափը, տեղեկանքի տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը և էջերի թիվը:
3.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տեղեկանքներն ստացվելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում (կնքվում և ստորագրվում է) և տրամադրվում է ծրագիր իրականացնող կազմակերպությանը: Բնօրինակներից մեկը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին մնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում:
Մնացած 3 (երեք) օրինակները տրվում են ծրագիր իրականացնող կազմակերպությանը, որոնցից մեկը` ի պահ, երկրորդ օրինակը տրվում է ծրագիր իրականացնող կազմակերպությանը` գործարքի մյուս կողմին տրամադրելու և երրորդ օրինակը` համապատասխան հարկային (մաքսային) մարմին ներկայացնելու համար:
Ծրագիր իրականացնող կազմակերպությունը պարտավոր է հաստատված տեղեկանքները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ստացվելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել համապատասխան հարկային (մաքսային) մարմին:
3.5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ծրագիր իրականացնող կազմակերպությանը տեղեկանքի հաստատումը և տրամադրումը կարող է մերժել, եթե՝
ա) հիմնավորող փաստաթղթերը թերի են կամ պատշաճ կերպով ձևակերպած չեն,
բ) փաստաթղթերում բերված տեղեկությունները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տրամադրության տակ և (կամ) ներկայացված մնացած տեղեկություններին,
գ) տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների որակական և (կամ) քանակական հատկանիշները չեն համապատասխանում համաձայնագրին, ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից իրականացվող գործարքների (գործառնությունների) վերաբերյալ կնքված պայմանագրի պահանջներին, ինչպես նաև նախատեսված չեն ծրագրի բյուջեով,
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ծրագիր իրականացնող կազմակերպությանը տեղեկանքի հաստատումը և տրամադրումը մերժելու դեպքում 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ծրագիր իրականացնող կազմակերպությանը՝ նշելով մերժման պատճառները:
Ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից լրացված տեղեկանքները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մերժվելու դեպքում համարվում են անվավեր և ներկայացված 4 (չորս) օրինակից 3 (երեք) օրինակը վերադարձվում է ծրագիր իրականացնող կազմակերպությանը: Մեկ օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ ի պահ:
3.6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում է տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրությունը, ծրագիր իրականացնող կազմակերպություններին տրամադրումը, տեղեկանքների ձևաթղթերի ու տեղեկանքների հաշվառումը և ծրագիր իրականացնող կազմակերպությունների կողմից տեղեկանքների տրամադրման գործընթացի վերահսկողությունը:
Տեղեկանքների ձևաթղթերը տպագրվում են համարներով և տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձևով՝ յուրաքանչյուրում 25 (քսանհինգ) տեղեկանք` 4 (չորս) օրինակից: Բոլոր 4 (չորս) օրինակները համարվում են բնօրինակ, տպագրվում են գունավոր ֆոնով և նշվում նույն համարներով և տառային սերիաներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ՏԵՂԵԿԱՆՔ N ԱԱ _ _ _ _ _ _____ __________________ 200 թ. Սույնով հաստատվում է, որ ______________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ ՀՀ կառավարության և __________________________________________________ ներմուծում է _______________________________________________________ ________________________________________________________________ ______________________________________________դրամ ընդհանուր արժեքով, ձեռք է բերում ապրանքներ (մատուցվում են ծառայություններ) ________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________: _______________________________________ կողմից տրամադրվող միջոցների հաշվին:
Կ.Տ. կամ դրոշմակնիք (առկայության դեպքում կնիք) |