Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.44
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.03.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
04.03.2011
Дата вступления в силу
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
 ՎԴ/0280/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0280/05/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ռ. Հակոբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Մյասնիկյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.06.2010 թվականի վճռի դեմ` ըստ անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի հայցի ընդդեմ Տեսչության` 25.12.2009 թվականի թիվ 1304158 ակտն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լուսինե Ասլանյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Տեսչության 25.12.2009 թվականի թիվ 1304158 ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լուսինե Ասլանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ Տեսչության 25.12.2009 թվականի թիվ 1304158 ակտում մանրամասնորեն նկարագրված են արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտումների կոնկրետ ժամանակը, ինչպես նաև հղում է կատարվել համապատասխան փաստաթղթերին:

Այսպիսով, Տեսչության 25.12.2009 թվականի թիվ 1304158 ակտը կազմվել է ՀՀ օրենսդրության, մասնավորապես` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, և այն պարունակում է նշված օրենքի 57-րդ հոդվածով պահանջվող փաստական և իրավական հիմնավորումները, իսկ դրանով արձանագրված իրավախախտումները փաստացի կատարվել են, ինչը և արձանագրել են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք:

Բացի այդ, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածով սահմանված է հսկիչ գնումների իրականացման կարգը: Նշված կարգով հսկիչ գնում է համարվում հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների, Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների վերահսկողության և հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուսումնասիրությունը: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտի հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով, իսկ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ և 28-րդ հոդվածները կիրառելիս հսկիչ գնման արդյունքները կիրառվում են միայն հսկիչ գնմամբ արձանագրված արտադրատեսակների և ապրանքների նկատմամբ: Իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում լրացուցիչ հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններ չեն առաջադրվում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.06.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Բողոք բերած անձի մատնանշած փաստերը Դատարանը սույն գործով հաստատված չի համարել, այլ դատաքննությամբ պարզել է այն հանգամանքները, որոնք ակնհայտորեն հաստատում են Տեսչության կողմից օրենսդրության խախտմամբ ստուգման իրականացման և վիճարկվող ակտը կազմելու հանգամանքները:

Կոմիտեի նախագահի 23.12.2009 թվականի թիվ 1304158 հանձնարարագրի շրջանակներում Լուսինե Ասլանյանի մոտ որևէ ստուգում չի իրականացվել, այլ մինչ այդ` 19.12.2009 թվականին, կատարվել է ուսումնասիրություն` հսկիչ գնում, որի դեպքում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջադրվում: Ավելին, նշված գնումն իրականացնող պաշտոնատար անձինք դուրս են եկել դրա իրականացման վերաբերյալ հանձնարարագրում նշված նպատակների շրջանակներից, մասնավորապես` հսկիչ գնման իրականացման հանձնարարագրում նշված էր` Լուսինե Ասլանյանի մոտ իրականացնել օրենսդրությամբ հարկային մարմիններին վերապահված իրավասության սահմաններում հսկիչ գնումների իրականացման ուսումնասիրություն` ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների ուսումնասիրման նպատակով, կանխիկ եղանակով: Այսինքն` այդ հանձնարարագիրը նախատեսված չէր հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման և արժութային գործարքների վերահսկողության ուսումնասիրության նպատակով, այլ զուտ հետապնդում էր գների ուսումնասիրման նպատակ:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի 1.3-րդ կետով հստակ սահմանված են հսկիչ գնման իրականացման հիմքերը, սակայն սույն գործի քննության ընթացքում Տեսչությունը չի ներկայացրել հսկիչ գնում իրականացնելու հստակ հիմք և հիմնավորում: Այսինքն` տվյալ դեպքում հսկիչ գնումն իրականացվել է առանց պատշաճ հիմքերի:

Ստուգման հանձնարարագրում ստուգման ժամկետը նշվել է 10 անընդմեջ աշխատանքային օր, սակայն նշված ժամկետում Լուսինե Ասլանյանի մոտ որևէ ստուգում չի կատարվել, այլ հիմք է ընդունվել 19.12.2009 թվականի ուսումնասիրության արդյունքը, հետևաբար, ակնհայտ է, որ տվյալ դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք չեն ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 18.12.2009 թվականի թիվ 2602538 հանձնարարագրի հիման վրա Լուսինե Ասլանյանի մոտ կատարվել է հսկիչ գնումների իրականացման ուսումնասիրություն` ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների ուսումնասիրման նպատակով, կանխիկ եղանակով (գ.թ. 59):

2) Նշված ուսումնասիրության արդյունքում Տեսչությունը 19.12.2009 թվականին կազմել է «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրություն, որի համաձայն` Երևանի Խորենացի թիվ 24 հասցեում` «ս 16» տաղավարում գործող Լուսինե Ասլանյանից գնվել է 1 կանացի մատանի ադամանդով, նրան վճարվել է 300 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ, որը չի մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենա, և հետ է վերադարձվել 13.000 ՀՀ դրամ «մանրը» (գ.թ. 60):

3) Կոմիտեի նախագահի 23.12.2009 թվականի թիվ 1304158 հանձնարարագրի հիման վրա Լուսինե Ասլանյանի մոտ կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգում, որն ընդգրկել է 17.10.2008 թվականից մինչև ստուգման ավարտն ընդգրկող ժամանակաշրջանը (գ.թ. 61):

4) Նշված ստուգման արդյունքում Տեսչությունը 25.12.2009 թվականին կազմել է թիվ 1304158 ակտը, որի 2-րդ և 6-րդ կետերով արձանագրվել է, որ 19.12.2009 թվականին Երևանի Խորենացի թիվ 24 հասցեում գտնվող ոսկու տոնավաճառում Լուսինե Ասլանյանին պատկանող տաղավարից իրականացվել է հսկիչ գնում` ոսկյա մատանի ադամանդով, որի դիմաց վճարվել է 300 ԱՄՆ դոլար և 7.000 ՀՀ դրամ, որը չի մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրվել հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն (գ.թ. 11-12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման հարցերը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը ...:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ ստուգումը տնտեսվարող սուբյեկտի ծավալած փաստացի գործունեության` օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանությունը պարզելուն ուղղված հանձնարարագրի հիման վրա իրականացվող ընթացակարգ է: Ստուգում իրականացնելու մասին հանձնարարագրում այլ տվյալներից բացի պետք է նշվի նաև ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, որն ունի էական նշանակություն, քանի որ տնտեսվարող սուբյեկտի ծավալած փաստացի գործունեությունը ստուգվում է միայն հանձնարարագրում նշված ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանի համար: Այսինքն` այն դեպքում, երբ խախտումը կատարվում է մինչև ստուգումը, սակայն ընդգրկում է ստուգման ժամանակաշրջանը, ապա ստուգմամբ այդպիսի խախտման արձանագրումը և դրա համար պատասխանատվության առաջադրումը չի կարող դիտվել որպես ստուգումից դուրս իրականացվող գործողություն:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ տվյալ դեպքում ստուգումը սկսվել է 24.12.2009 թվականին և ավարտվել է 25.12.2009 թվականին, իսկ հսկիչ գնումն իրականացվել է մինչև ստուգման հանձնարարագրի հրապարակվելը` 19.12.2009 թվականին: Այսինքն` նշված գնումը ստուգումից դուրս կատարված գործողություն է, հետևաբար, այն չէր կարող հիմք հանդիսանալ հետագայում իրականացված ստուգման արդյունքում ակտ ընդունելու համար:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Տեսչության 25.12.2009 թվականի թիվ 1304158 ակտով արձանագրված խախտումները կատարվել են ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանում:

Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի նախագահի 23.12.2009 թվականի թիվ 1304158 հանձնարարագրի հիման վրա անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի մոտ կատարված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգման արդյունքում կազմված Տեսչության 25.12.2009 թվականի թիվ 1304158 ակտի 2-րդ և 6-րդ կետերում նշված խախտումների արձանագրման համար հիմք է հանդիսացել 19.12.2009 թվականին Երևանի Խորենացի թիվ 24 հասցեում գտնվող ոսկու տոնավաճառի` Լուսինե Ասլանյանին պատկանող տաղավարից կատարված հսկիչ գնումը, որի արդյունքում Տեսչությունը 19.12.2009 թվականին կազմել է «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության 25.12.2009 թվականի թիվ 1304158 ակտն անվավեր ճանաչելու որևէ իրավական հիմք տվյալ դեպքում առկա չէ:

 

Ինչ վերաբերում է Դատարանի այն հիմնավորմանը, որ տվյալ դեպքում ուսումնասիրությունն իրականացնող պաշտոնատար անձինք հսկիչ գնումը կատարել են ոչ աշխատանքային օրը` 19.12.2009 թվականին` չունենալով իրավասություն, իսկ Կոմիտեի նախագահի 18.12.2009 թվականի թիվ 2/1929 հրամանը, որով նշված անձանց համար 19.12.2009 թվականը համարվել է աշխատանքային օր, չի կարող հիմք հանդիսանալ այդ օրը վերջիններիս կատարած գործողություններն իրավաչափ համարելու համար, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Լուսինե Ասլանյանը Տեսչության պետի 18.12.2009 թվականի թիվ 2602538 հանձնարարագրի հիման վրա կատարված հսկիչ գնումների իրականացման ուսումնասիրության գործընթացն ընդհանրապես չի վիճարկել, հետևաբար, նշված հսկիչ գնման գործընթացի իրականացման վերաբերյալ Դատարանի հետևությունները չէին կարող սույն գործի քննության առարկա դառնալ, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա, ինչը վերոգրյալ մասով տվյալ դեպքում առկա չէ:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.06.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. Լուսինե Ասլանյանի հայցը մերժել:

2. Լուսինե Ասլանյանից հօգուտ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ