ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0253/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0253/02/09 |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան | |
Դատավորներ՝ Ս. Միքայելյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մարտի 4 -ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2010 թվականի որոշման դեմ` ըստ Գեորգի Հակոբյանի հայցի, երրորդ անձ Ջեյրան Ավանեսովայի ընդդեմ Արմեն Գրիգորյանի, երրորդ անձինք Աբովյանի տարածքի նոտարական գրասենյակի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման, Ավետիք Սահակյանի, Մանյա Քոլոյանի՝ բնակարանի առուվաճառքի, անհատույց օգտագործման խառը պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գեորգի Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել 23.10.2008 թվականի անշարժ գույքի առուվաճառքի և անհատույց օգտագործման խառը պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.07.2009 թվականի որոշմամբ Արմեն Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է Դատարանի 26.05.2009 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2009 թվականի որոշմամբ Գեորգի Հակոբյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Դատարանի 23.03.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ դատարանի 23.06.2010 թվականի որոշմամբ Դատարանի 23.03.2010 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Գեորգի Հակոբյանի հայցը բավարարվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի 18.08.2010 թվականի որոշմամբ Արմեն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գրիգորյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն բողոքը քննվում է նոր երևան եկած հանգամանքի հիմքով ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:
Վերաքննիչ դատարանի 23.06.2010 թվականի որոշումից հետո Արմեն Գրիգորյանը դիմել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գեորգի Հակոբյանի և պահանջել որպես գործարքի անվավերության հետևանքներ Գեորգի Հակոբյանից հօգուտ իրեն բռնագանձել 700.000 ՀՀ դրամ: Գործի քննության ժամանակ Արմեն Գրիգորյանի ներկայացուցիչը միջնորդել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնել, քանի որ ՀՀ Կոտայքի մարզի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից 09.11.2010 թվականին տրամադրված փաստաթղթերի համաձայն` Գեորգի Հակոբյանը 04.12.2009 թվականին մահացել է: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2010 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
10.03.2009 թվականի լիազորագրի հիման վրա Արայիկ Սիմոնյանը դատական ատյաններում ներկայացել է որպես Գեորգի Հակոբյանի ներկայացուցիչ, մինչդեռ Գեորգի Հակոբյանի մահվան փաստով, այն է 04.12.2009 թվականից, 10.03.2009 թվականի լիազորագրի գործողությունը դադարել է, և Արայիկ Սիմոնյանը չէր կարող ներկայացնել Գեորգի Հակոբյանի շահերը:
Տվյալ դեպքում Գեորգի Հակոբյանի մահվան փաստը սույն գործի վերանայման համար նոր երևան եկած հանգամանք է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանել Վերաքննիչ դատարանի 23.06.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Գեորգի Հակոբյանի և Արմեն Գրիգորյանի միջև 23.10.2008 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և անհատույց օգտագործման խառը պայմանագիրը, ինչի հիման վրա 28.10.2008 թվականին Արմեն Գրիգորյանին տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր 1-ին գ.թ. 10 և 18):
2. Գեորգի Հակոբյանը 10.03.2009 թվականին լիազորել է Արայիկ Սիմոնյանին իր շահերը դատական ատյաններում ներկայացնելու համար (հատոր 1-ին գ.թ. 29):
3. Գեորգի Հակոբյանը մահացել է 04.12.2009 թվականին:
4. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, Վերաքննիչ դատարանի և Վճռաբեկ դատարանի դատական ակտերով որպես Գեորգի Հակոբյանի ներկայացուցիչ հանդես է եկել Արայիկ Սիմոնյանը (հատոր 3-րդ գ.թ. 51-53, 65-76, հատոր 4-րդ գ.թ 53-59)։
5. Գեորգի Հակոբյանի մահվան մասին Արմեն Գրիգորյանին հայտնի է դարձել 09.11.2010 թվականի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Կոտայքի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գրությունից, որի համաձայն` Գեորգի Վարդանի Հակոբյանի հուղարկավորման նպաստը, համաձայն դիմումի, ստացել է Էնգելս Գրիգորյանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Գեորգի Հակոբյանի և Արմեն Գրիգորյանի միջև 23.10.2008 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և անհատույց օգտագործման խառը պայմանագիր, ինչի հիման վրա 28.10.2008 թվականին Արմեն Գրիգորյանին տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական: Գեորգի Հակոբյանը 18.03.2009 թվականին դիմել է դատարան 23.10.2008 անշարժ գույքի առուվաճառքի և անհատույց օգտագործման խառը պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: 04.12.2009 թվականին Գեորգի Հակոբյանը մահացել է: Գեորգի Հակոբյանի մահվան մասին Արմեն Գրիգորյանին հայտնի է դարձել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Կոտայքի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 09.11.2010 թվականի գրությունից:
Բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացվել է հայցվոր Գեորգի Հակոբյանի մահվան փաստը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` լիազորագրի գործողությունը դադարում է, եթե մահացել կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ լիազորագիր տված անձի մահվան դեպքում լիազորագրի գործողությունը դադարում է, ինչը նշանակում է, որ լիազորված անձն այլևս չի կարող ներկայացնել լիազորողի շահերը:
Սույն գործով Գեորգի Հակոբյանը մահացել է 04.12.2009 թվականին, մինչդեռ Արայիկ Սիմոնյանը Դատարանում և Վերաքննիչ դատարանում շարունակել է Գեորգի Հակոբյանի անունից հանդես գալ:
Նշված փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արայիկ Սիմոնյանը չէր կարող ներկայացնել Գեորգի Հակոբյանի շահերը, քանի որ Գեորգի Հակոբյանի մահվան փաստով 04.12.2009 թվականից դադարել է 10.03.2009 թվականի լիազորագրի գործողությունը, ուստի Արայիկ Սիմոնյանը 01.02.2010 թվականից մինչև 18.08.2010 թվականը չէր կարող ներկայացնել Գեորգի Հակոբյանի շահերը դատական ատյաններում:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի կողմից վկայակոչված Գեորգի Հակոբյանի մահվան փաստը նոր երևան եկած հանգամանք է, որն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |