Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.17
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.03.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
04.03.2011
Дата вступления в силу
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0809/02/09

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0809/02/09

2011 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

                  Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ջիվանշիր Ծատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ջիվանշիր և Լաուրա Ծատրյանների ընդդեմ Արթուր Մանուկյանի, ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի գյուղապետարանի (այսուհետ՝ Գյուղապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն)` պետական գույքի մասնավորեցման 02.06.2008 թվականի թիվ 7027 պայմանագիրը և Տաթևի կենցաղի տան զբաղեցրած հողատարածքը վաճառելու մասին ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի 28.06.2008 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ջիվանշիր և Լաուրա Ծատրյանները պահանջել են անվավեր ճանաչել 02.06.2008 թվականի թիվ 7027 պետական գույքի մասնավորեցման պայմանագիրը և Տաթևի կենցաղի տան զբաղեցրած 118,75 քմ մակերեսով հողատարածքը վաճառելու մասին ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի 28.06.2008 թվականի որոշումը։

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.04.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.07.2010 թվականի որոշմամբ Ջիվանշիր Ծատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.04.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ջիվանշիր Ծատրյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արթուր Մանուկյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 10-րդ, 18-րդ, 26-րդ հոդվածները, «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ, 305-րդ հոդվածները, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքների դրույթների համաձայն` բողոք բերած անձը սեփականաշնորհվող օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ էր, ուստի և ունեցել է գնման` մասնավորեցման նախապատվության իրավունք:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործի քննությամբ չի հիմնավորվել 1997 թվականին կամ դրանից հետո Գագիկ Պողոսյանի` սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ լինելու հանգամանքը: Գործի նյութերում և Գագիկ Պողոսյանի աշխատանքային գրքույկում առկա գրառումները հակասում են միմյանց, իսկ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որի արդյունքում Գագիկ Պողոսյանը կամայականորեն համարվել է սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.07.2010 թվականի որոշումը։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ վիճելի օբյեկտը մասնավորեցման ծրագրում ընդգրկելու, ինչպես նաև մասնավորեցման պայմանագիրը կնքելու պահին բողոք բերած անձը նշված ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամ չէր, քանի որ այդտեղ աշխատել է 1969 թվականից մինչև 1994 թվականը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ջիվանշիր Ծատրյանի աշխատանքային գրքույկի համաձայն` Ջիվանշիր Ծատրյանը 01.02.1968 թվականից մինչև 10.11.1994 թվականն անընդհատ աշխատել է Տաթևի կենցաղի տանը` որպես կարող վարպետ (հատոր 1-ին, գ.թ. 86)։

2) Սեփականաշնորհվող ձեռնարկության փաստացի աշխատողների մասին 15.04.1997 թվականի տեղեկանքի համաձայն` Տաթևի կենցաղի տան աշխատողներն են Ջիվանշիր Ծատրյանը և Գագիկ Պողոսյանը: Որպես Գագիկ Պողոսյանի աշխատանքի ընդունման հիմք նշվել է 01.04.1995 թվականի թիվ 9 հրամանը (հատոր 1-ին, գ.թ. 49)։

3) Գագիկ Պողոսյանի աշխատանքային գրքույկի համաձայն` վերջինս Տաթևի կենցաղի տանն աշխատել է 01.02.1989 թվականից մինչև 10.12.1993 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 130)։

4) Կոլեկտիվին օբյեկտը գնելու վերաբերյալ 02.08.1997 թվականին արված գրավոր առաջարկությամբ ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 40 որոշման համաձայն Տաթևի կենցաղի տունն առաջարկվել է ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին: Նշված առաջարկությունն ստացել է Գագիկ Պողոսյանը (հատոր 1-ին, գ.թ. 48)։

5) Պետական գույքի մասնավորեցման 02.06.2008 թվականի թիվ 7027 պայմանագրի համաձայն` ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղում գտնվող կենցաղի տուն «փոքր օբյեկտը» մասնավորեցվել է Արթուր Մանուկյանին (հատոր 1-ին, գ.թ. 14)։

6) ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի 28.06.2008 թվականի որոշմամբ Տաթևի կենցաղի տան զբաղեցրած 118,75 քմ մակերեսով հողատարածքը վաճառվել է Արթուր Մանուկյանին (հատոր 1-ին, գ.թ. 95)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` պետական գույքի մասնավորեցման մասին նույն օրենքով սահմանված կարգով որոշում ընդունելու պահին ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ են համարվում`

  ա) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում աշխատողները.

  բ) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» oբյեկտում վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք.

գ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ընկերությունից (ձեռնարկությունից) կամ «փոքր» օբյեկտից կենսաթոշակի անցած և այնտեղ առնվազն երկու տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող անձինք.

դ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող բոլոր կարգի հաշմանդամները.

ե) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» oբյեկտում առնվազն ութ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք.

  զ) ընկերությունների (ձեռնարկությունների) կամ «փոքր» օբյեկտների մասնավորեցման պատճառով վերակազմավորվող կամ լուծարվող վերադաս մարմինների ազատված աշխատակիցները, ովքեր տվյալ մարմնում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

  է) ընկերության (ձեռնարկության) կամ ,փոքրե մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշում ընդունելու պահից հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատված անձինք.

  ը) տվյալ ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում աշխատած կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակ ստացող անձինք.

  թ) տվյալ ընկերությունից (ձեռնարկությունից) կամ «փոքր» օբյեկտից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան զինծառայության զորակոչված և զինծառայության մեջ գտնվող, ընկերությունում (ձեռնարկությունում) կամ «փոքր» օբյեկտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև ընտրովի պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված անձինք։

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձինք ունեն այդ ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման օբյեկտի գույքը ձեռք բերելու հավասար իրավունքներ։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «փոքր» մասնավորեցման դեպքում ուղղակի վաճառքի ձևով այդ օբյեկտների աշխատավորական կոլեկտիվներն ունեն այդ օբյեկտների մասնավորեցման նախապատվության իրավունք:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ մասնավորեցվող «փոքր» մասնավորեցման օբյեկտները գրավոր առաջարկում է դրանց աշխատավորական կոլեկտիվներին։

Վիճելի իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 259.1-րդ, 259.2-րդ և 259.3-րդ հոդվածների համաձայն` աշխատավորական կոլեկտիվը ձեռնարկության լիիրավ տերն է և ունի իր մարմինները` ընդհանուր ժողով և խորհուրդ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ Ջիվանշիր և Լաուրա Ծատրյանները սեփականաշնորհվող ձեռնարկության մասնավորեցման պահին օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամներ չէին, հետևաբար չեն ունեցել գնման` մասնավորեցման նախապատվության իրավունք:

Վերաքննիչ դատարանը միաժամանակ նշել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը 02.08.1997 թվականի թիվ 6660 գրությամբ Տաթևի կենցաղի տունն առաջարկել է տվյալ կենցաղի տան աշխատավորական կոլետիվին: Գրավոր առաջարկը ստորագրել և ստացել է աշխատավորական կոլեկտիվի անդամ Գագիկ Պողոսյանը:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Ջիվանշիր Ծատրյանը 01.02.1968 թվականից մինչև 10.11.1994 թվականն անընդհատ աշխատել է Տաթևի կենցաղի տանը և երրորդ խմբի հաշմանդամ է, իսկ պետական գույքի մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշումը կայացվել է 13.03.1997 թվականին: Ըստ սեփականաշնորհվող ձեռնարկության փաստացի աշխատողների մասին 15.04.1997 թվականի տեղեկանքի` Տաթևի կենցաղի տան աշխատողներն են Ջիվանշիր Ծատրյանը և Գագիկ Պողոսյանը: Ընդ որում, տեղեկանքում որպես Գագիկ Պողոսյանի աշխատանքի ընդունման հիմք նշվել է 01.04.1995 թվականի թիվ 9 հրամանը, իսկ Գագիկ Պողոսյանի աշխատանքային գրքույկի համաձայն` վերջինս Տաթևի կենցաղի տանն աշխատել է 01.02.1989 թվականից մինչև 10.12.1993 թվականը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվելու հանգամանքը պայմանավորել է ոչ թե օբյեկտի մասնավորեցման, այլ մասնավորեցման մասին որոշում ընդունելու պահով և ամրագրել է մասնավորեցման օբյեկտը դրա աշխատավորական կոլեկտիվին առաջարկելու անհրաժեշտություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տաթևի կենցաղի տան մասնավորեցման մասին ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 40 որոշումն ընդունելու պահին Ջիվանշիր Ծատրյանը «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի բ) և ե) կետերի ուժով վիճելի օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ է, հետևաբար ունեցել է գնման նախապատվության իրավունք:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե´ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ մասնավորեցվող օբյեկտը գնելու գրավոր առաջարկն ստացել է աշխատավորական կոլեկտիվի անդամ Գագիկ Պողոսյանը, չի անդրադարձել վերջինիս` նշված ձեռնարկությունում աշխատելու ժամանակահատվածի վերաբերյալ սույն գործում առկա ապացույցների միջև եղած հակասություններին և փաստորեն, չի պարզել, թե «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի որ կետի հիմքով է Գագիկ Պողոսյանը համարվում մասնավորեցվող օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքը պարզելուց հետո գնահատման առարկա պետք է դառնար սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, թե Գագիկ Պողոսյանն իրավասու էր արդյոք ստանալու աշխատավորական կոլեկտիվին ուղղված օբյեկտի մասնավորեցման առաջարկը և նրան ծանուցելը կարող է համարվել աշխատավորական կոլեկտիվին օբյեկտի մասնավորեցման վերաբերյալ իրազեկում: Այսինքն` Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել իր եզրահանգումները։

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան