Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.30
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.03.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
04.03.2011
Дата вступления в силу
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ 08-1713

Քաղաքացիական գործ թիվ 08-1713

2011 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Թորոսյան

Դատավորներ՝

    Ն. Հովսեփյան
    Ռ. Հակոբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անդրանիկ Այվազյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Դավիթ Փոլադյանի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի, Անահիտ Առաքելյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ անշարժ գույքի բաժնեմասի նկատմամբ Անդրանիկ Այվազյանի սեփականության իրավունքը ճանաչելու, հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը բաժնեմասի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 25.04.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 08-1713 որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Դավիթ Փոլադյանը պահանջել է ճանաչել Անդրանիկ Այվազյանին Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 106 շենքի թիվ 10 բնակարանի սեփականատեր, Անահիտ Առաքելյանի կողմից Անդրանիկ Այվազյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն վաճառել հրապարակային սակարկություններով և բռնագանձում տարածել ստացված գումարի՝ Անդրանիկ Այվազյանի բաժնի վրա:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.01.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 106 շենքի թիվ 10 բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների՝ Անահիտ Առաքելյանի և Անդրանիկ Այվազյանի միջև, նրանց բաժիններին համաչափ: Անդրանիկ Այվազյանի նշված բնակարանում ունեցած 1/2 բաժնեմասի դիմաց ստացված գումարն ուղղել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի թիվ 07-2920 վճռով սահմանված 138.663 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի մարմանը: Գործի վարույթն ըստ հայցի Դավիթ Փոլադյանի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի, Անահիտ Առաքելյանի, երրորդ անձ Կադաստրի՝ անշարժ գույքի բաժնեմասի նկատմամբ Անդրանիկ Այվազյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով կարճվել է Դավիթ Փոլադյանի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.04.2008 թվականի որոշմամբ Անահիտ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.01.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անդրանիկ Այվազյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դավիթ Փոլադյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը սույն գործով Անահիտ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 09.01.2008 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի՝ 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, իսկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի՝ 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքում դրվել է Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի՝ 07.07.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Անդրանիկ Այվազյանին և Դավիթ Փոլադյանին վերաբերող մասով Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը ճանաչվել է անվավեր, որն օրինական ուժի մեջ է մտել 18.09.2009 թվականին։

ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2010 թվականի թիվ 3-248(ՎԴ) որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Նշված որոշմամբ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը բեկանելու հանգամանքը նոր երևան եկած հանգամանք է, որն էական նշանակություն ունի Վերաքննիչ դատարանի 25.04.2008 թվականի որոշումը վերանայելու և այն բեկանելու համար։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Անդրանիկ Այվազյանը Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք չի բերել, իսկ Վերաքննիչ դատարանն Անահիտ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Հետևաբար Անդրանիկ Այվազյանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ չէր կարող վճռաբեկ բողոք ներկայացնել, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նման հնարավորություն չի ընձեռում:

Բացի այդ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման, քանի որ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման և իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու մասով, որպես՝ շահագրգիռ անձ, Դավիթ Փոլադյանը կարող էր դիմել դատարան, անկախ այն հանգամանքից, թե Անդրանիկ Այվազյանից հօգուտ Դավիթ Փոլադյանի գումար բռնագանձելու վերաբերյալ վճիռ առկա է, թե գործը քննության փուլում է: Այսինքն՝ կարևորն այն հանգամանքն է, որ Անդրանիկ Այվազյանը կեղծ գործարքով չազատվի պարտավորությունների կատարումից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռով Անդրանիկ Այվազյանից հօգուտ Դավիթ Փոլադյանի բռնագանձվել է 102.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ հիմնական պարտքի և 36.663 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ տոկոսների գումարները, ինչպես նաև դադարած է ճանաչվել Դավիթ Փոլադյանի կողմից Անդրանիկ Այվազյանին 28.04.2002 թվականին տրված ստացականում նշված պարտավորությունը։ Նշված վճռի հիմքում դրվել է Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը (գ.թ. 5-12)։

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 07.07.2009 թվականի որոշմամբ Անդրանիկ Այվազյանի հայցն ընդդեմ Դավիթ Փոլադյանի՝ էական նշանակության ազդեցության տակ կնքված գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին բավարարվել է մասնակիորեն: Որոշվել է Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելուե մասով՝ Անդրանիկ Այվազյանին և Դավիթ Փոլադյանին վերաբերող մասով, ճանաչել անվավեր, իսկ հայցը մնացած մասով՝ մերժել:

3) Վճռաբեկ բողոքին կից ներկայացված ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2010 թվականի թիվ 3-248(ՎԴ) որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

4) Սույն գործով Վերաքննիչ դատարանը 25.04.2008 թվականի որոշմամբ Անահիտ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 09.01.2008 թվականի վճիռն անփոփոխ թողնելու հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը (գ.թ. 168-172):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը, վարչական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը 25.04.2008 թվականի թիվ 08-1713 որոշմամբ Անահիտ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 09.01.2008 թվականի թիվ 2-2604 վճիռն անփոփոխ թողնելու հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի՝ 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 07-2920 վճիռը:

Սույն գործով Անդրանիկ Այվազյանը, որպես նոր երևան եկած հանգամանք, ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2010 թվականի թիվ 3-248(ՎԴ) որոշումը, որով բեկանվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի՝ 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 07-2920 վճիռը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2010 թվականի թիվ 3-248(ՎԴ) որոշումը սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով նոր երևան եկած հանգամանք է, քանի որ տվյալ վճռով վերացվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի՝ 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 07-2920 վճիռը, այսինքն՝ այն դատական ակտը, որը դրվել է Վերաքննիչ դատարանի 25.04.2008 թվականի թիվ 08-1713 որոշման հիմքում։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 25.04.2008 թվականի թիվ 08-1713 որոշումը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ և 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2008 թվականի թիվ 08-1713 որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան 

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ