Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.5
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.03.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
04.03.2011
Дата вступления в силу
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0449/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0449/02/09

2011 թ.

Նախագահող դատավոր՝  Տ. Սահակյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

                  Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով«Սևանի ձկնաբուծական գործարան» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արշակ Գևորգյանի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արշակ Գևորգյանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 9.720.000 ՀՀ դրամ` որպես կողմերի միջև 10.10.2005 թվականին կնքված համատեղ գործունեության պայմանագրով հասանելիք գումար, 300.000 ՀՀ դրամ` իրավաբանական ծառայության վճար, 100.000 ՀՀ դրամ` տրանսպորտային և պետական մարմիններից ձեռք բերված փաստաթղթերի համար կատարված ծախսեր, ինչպես նաև նշված գումարների նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները։

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Արշակ Գևորգյանի բռնագանձել 9.720.000 ՀՀ դրամ` որպես պայմանագրով ստանձնած պարտավորությունների գումար, ինչպես նաև 06.05.2007 թվականից հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների` մինչև պարտավորության փաստացի կատարման օրը: Հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.08.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արշակ Գևորգյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերի, 51-րդ հոդվածի 2-րդ կետի, 53-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ, 409-րդ, 417-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արշակ Գևորգյանը Դատարանին որևէ ապացույց չի ներկայացրել Ընկերության կողմից 160.000 հատ 3 գրամանոց մանրաձուկ ստանալու և իրացնելու վերաբերյալ այն դեպքում, երբ կողմերի միջև 10.10.2005 թվականին կնքված համատեղ գործունեության պայմանագրի 1.1 կետի համաձայն` հաշվարկները կատարվում են իրացումից հետո։ Հետևաբար, Արշակ Գևորգյանի կողմից ներկայացված հաշվարկները` Ընկերության կողմից 160.000 հատ մանրաձուկ աճեցնելու և իրացնելու վերաբերյալ, զուրկ են որևէ հիմնավորումից, քանի որ դրանք զուտ ենթադրություններ են:

 Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև կողմերի միջև 10.10.2005 թվականին կնքված համատեղ գործունեության պայմանագրով սահմանված շահույթի հաշվարկման կարգը, այն է` շահույթը հաշվարկվում է ինքնարժեքը հանված, մինչդեռ Արշակ Գևորգյանի ներկայացրած հաշվարկում ինքնարժեքի հաշվարկման վերաբերյալ որևէ նշում չկա, ընդ որում, դրա մասին որևէ ապացույց չի ներկայացվել:

 Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել գործի քննության ընթացքում կատարված հարցումների արդյունքում ստացված ապացույցները, որոնցով հաստատվել է, որ պայմանագրի առարկա 21 կգ ձկնկիթից հնարավոր արտադրանքը կարող էր կազմել 100.000-130.000 հատ մանրաձուկ: Ավելին, Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել Էդ. Տիգրանյանի մասնագիտական եզրակացության և ՀՀ բնապահպանության նախարարության 19.02.2010 թվականի թիվ 5/22-1/50242-10 գրության միջև առկա հակասություններին: Մասնավորապես, ՀՀ բնապահպանության նախարարության վերը նշված գրությունը դիտել է որպես Արշակ Գևորգյանի վկայակոչած փաստը հաստատող ապացույց` չհիմնավորելով Ընկերության ներկայացրած ապացույցների ոչ արժանահավատ լինելու հանգամանքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.08.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ըստ կողմերի միջև կնքված համատեղ գործունեության պայմանագրի` մանրաձկան կորստի մասին Ընկերությունը պարտավոր էր տեղյակ պահել Արշակ Գևորգյանին, դրա վերաբերյալ պետք է կազմվեր արձանագրություն (համատեղ ակտ), մինչդեռ նման փաստաթուղթ կողմերը չեն կազմել:

 Բացի այդ, նշված պայմանագրով նախատեսվել է, որ համատեղ գործունեության հետ կապված ծախսերը և վնասները ծածկվում են յուրաքանչյուր գործընկերոջ կողմից` իր միջոցներով, իր հաշվին: Նշված հանգամանքի հիման վրա է պայմանագրում շահույթի բաշխման համար հավասար պայմանների փոխարեն սահմանվել 55-ը 45 տոկոսի հարաբերակցություն: Ընդ որում, Արշակ Գևորգյանը համաձայնել է հիմք ընդունել անգամ ամենացածր քանակը` 260.000 հատ մանրաձկան փոխարեն շահույթը հաշվարկել և բաշխել ընդամենը 160.000 հատի համար, այսինքն` 100.000 հատ մանրաձուկը հանվել է ստացված շահույթից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության և Արշակ Գևորգյանի միջև 10.10.2005 թվականին կնքված համատեղ գործունեության պայմանագրի համաձայն` կողմերը պարտավորվել են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ` շահույթ ստանալու համար` իրականացնելով հետևյալ գործունեությունը. Ընկերությունը և Արշակ Գևորգյանը միացնում են իրենց կարողությունները, գործում են համատեղ: Արշակ Գևորգյանի տնտեսությունում աճեցրած «Գեղարքունի» տեսակի ձկան մայրական կազմից հավաքված ձկնկիթն ինկուբացիայի են դնում Ընկերության և Արշակ Գևորգյանի տնտեսություններում: Արշակ Գևորգյանի տնտեսությունում աճեցրած ձկնկիթն աչքի ստադիայում տեղափոխվում է Ընկերության տնտեսություն, աճեցվում է մինչև 3 գրամ քաշով: Իրացումից հետո կատարվում է հաշվարկ: Շահույթների հաշվարկը կատարվում է ինքնարժեքը հանված: Բոլոր տեսակի գործողությունները կատարվում են համատեղ ակտերի հիման վրա: Կողմերի համատեղ գործունեության արդյունքում ստացված շահույթը բաշխվում է կողմերի միջև հետևյալ կարգով և համամասնությամբ` 45 տոկոսը` Արշակ Գևորգյանին, մնացածը` Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 7)։

2) Կողմերի միջև 25.11.2005 թվականին կազմված ակտի համաձայն` Արշակ Գևորգյանը Ընկերությանն է հանձնել 21 կգ ընդհանուր քաշով 260.000 հատ «Գեղարքունի» տեսակի ձկան ձկնկիթ` աչքի ստադիայում այն աճեցնելու և Սևանա լիճ բաց թողնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 8)։

3) Ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից կազմված նախահաշվի համաձայն`05.11.2005 թվականից 01.05.2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար Ընկերության կողմից մանրաձկան աճեցման ընդհանուր ծախսերը կազմում են 11.941.000 ՀՀ դրամ, իսկ շահույթը` 1.559.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 140)։

4) Ընկերության տնօրեն Կ. Հայրապետյանի կողմից Արշակ Գևորգյանին 06.05.2007 թվականին ուղղված գրության համաձայն` 2005 թվականի նոյեմբեր ամսից մինչև օրս Ընկերության կողմից աճեցվել և Սևանա լիճ է բաց թողնվել 13.500.000 ՀՀ դրամի «Գեղարքունի» տեսակի ձկան մանրաձուկ: Համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրի` հանձնվել է 21.0 կգ ձկնկիթ: Գործարանում այն դրվել է ինկուբացիայի, աճեցվել է մինչև 3.0-5.5 գրամ և ընդհանուր 102.000 հատ քանակով բաց է թողնվել Սևանա լիճ: Արտադրված 102.000 հատ մանրաձկան ծախսերը կազմել են 11.941.000 ՀՀ դրամ, շահույթը` 1.559.000 ՀՀ դրամ: Ըստ նախահաշվի` Արշակ Գևորգյանի հասանելիք գումարը կազմել է 701.500 ՀՀ դրամ, որը փոխանցելու համար խնդրվել է ներկայացնել բանկային հաշվեհամարը (հատոր 1-ին, գ.թ. 9)։

5) ՀՀ կառավարության 16.02.2006 թվականի թիվ 156-Ն և 15.02.2007 թվականի թիվ 246-Ն որոշումներով հաստատվել է 2006 և 2007 թվականների ձկան պաշարների համալրման գծով պետական պատվերները, որոնց համաձայն` «Գեղարքունի» ձկան` 3 գրամից ավելի մանրաձկան գին է սահմանվել 135 ՀՀ դրամը (հատոր 1-ին, գ.թ. 45-48)։

6) «Սևանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Ընկերության միջև 01.12.2006 թվականին կնքված Սևանա լճում ձկան պաշարների համալրման ծառայությունների թիվ ՍԱՊ-ԾՁԲ-1 պայմանագրի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է «Սևանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հանձնարարությամբ կատարել «Սևանա լճում ձկան պաշարների համալրման» ծառայությունների մատուցում, իսկ «Սևանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ը պարտավորվել է ընդունել ծառայությունների արդյունքը և վարձատրել դրա համար: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 7.200.000 ՀՀ դրամ: Նշված պայմանագրի հավելվածը հանդիսացող 07.12.2006 թվականին կազմված հանձնման-ընդունման արձանագրության համաձայն` Ընկերությունը կատարել է 60.000 հատ միջինը 3 գրամ քաշով «Գեղարքունի» տեսակի ձկան մանրաձուկը հանձնելու պարտավորությունը (հատոր 1-ին, գ.թ. 65-68, 72)։

7) ՀՀ բնապահպանության նախարարության և Ընկերության միջև 18.04.2007 թվականին կնքված թիվ ՀՀ ԲՆ ԱՊՁԲ-07/03 մատակարարման պայմանագրի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է պայմանագրում նախատեսված ժամկետում նախարարությանը հանձնել նախատեսված ապրանքը համաձայն գնման ժամանակացույցի, իսկ նախարարությունը պարտավորվել է ընդունել այդ ապրանքը և վճարել դրա համար: Պայմանագրի գինը կազմել է 6.300.000 ՀՀ դրամ: Նշված պայմանագրի հավելվածը հանդիսացող 02.05.2007 թվականին կազմված հանձնման-ընդունման արձանագրության համաձայն` Ընկերությունը կատարել է 42.000 հատ 4 գրամից ավելի քաշով «Գեղարքունի» տեսակի ձկան մանրաձուկը հանձնելու պարտավորությունը (հատոր 1-ին, գ.թ. 75-76, 81)։

8) ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը 06.10.2009 թվականին մասնագիտական եզրակացություն է տվել «Գեղարքունի» տեսակի մանրաձկան աճեցման վերաբերյալ: Տվյալ եզրակացությամբ նշվել է, որ «Գեղարքունի» տեսակի մանրաձկան ելքը (3–5գ) կազմում է 85-90 տոկոս, իսկ 21.12.2009 թվականի թիվ 30/09 գրությամբ հայտնվել է« որ ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը ձկնաբուծության և ձկնաբուծական նորմատիվների հարցերով չի զբաղվում: Նույն ինստիտուտի 03.02.2010 թվականի թիվ 1/10 գրությամբ պարզաբանվել է, որ 06.10.2009 թվականի մասնագիտական եզրակացության և 21.12.2009 թվականի թիվ 30/09 գրության միջև հակասություններ չկան (հատոր 2-րդ, գ.թ. 201, 3, 26):

9) ՀՀ բնապահպանության նախարարության 19.02.2010 թվականի թիվ 5/22.1/50242-10 գրության համաձայն`«Գեղարքունի» մանրաձկան զարգացման «աչքի» փուլից մինչև 3.0-3.5գ աճեցման ընթացքում նորմատիվային անկումների հաշվարկն իրականացվում է ըստ «Հայձուկ» ՀԱԳ միավորման և ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ մշակված Սևանի իշխանի («Գեղարքունի» և ամառային իշխան) արհեստական վերարտադրության կենսատեխնիկական նորմերի: 260.000 հատ «աչքի» փուլի ձկնկիթից գործարանային պայմաններում աճեցված «Գեղարքունի» 3.5գ մանրաձկան ելունքը կարող է կազմել շուրջ 160.000 հատ (հատոր 2-րդ, գ.թ. 200):

10) Ի պատասխան Դատարանի 03.02.2010 թվականի գրության`«Գեղարքունի» և ամառային իշխան ձկնատեսակների աճեցման 26.11.1992 թվականին մշակված բիոտեխնիկական նորմատիվների համահեղինակ, նախկին «Հայձուկ» ՀԱԳ միավորման գլխավոր տնօրենի տեղակալ Էդ. Տիգրանյանի 05.02.2010 թվականի գրության համաձայն` նշված նորմատիվները մշակվել են բազմամյա արտադրական փորձի և գիտական տվյալների հիման վրա, ձեռնարկությունների ժամանակակից տեխնիկական և մասնագիտական մակարդակին համապատասխան: Այդ նորմերը ենթադրում են ձկնկիթի ստացումը բնական արտադրողներից: Արհեստական պայմաններում աճեցվող արտադրողների օգտագործման պարագայում բիոտեխնիկական ցուցանիշները կարող են էապես տարբերվել նորմատիվայիններից, քանի որ անմիջականորեն առնչվում են ժառանգականության խնդիրների և կոնկրետ տնտեսության բիոտեխնիկական մակարդակի հետ (հատոր 2-րդ, գ.թ. 24, 31-37):

11) Էդ. Տիգրանյանի 02.04.2010 թվականի գրության համաձայն`ըստ հաստատված նորմատիվների` 260.000 հատ «Գեղարքունի» տեսակի ձկան` «աչքի» փուլի ձկնկիթից 3-5գ մանրաձկան ելունքը կազմում է 133.000 հատ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավազանային աճեցումը տեղի է ունենում զգալի ցածր ջերմաստիճանային պայմաններում, որի հետևանքով աճեցման տևողությունը գրեթե կրկնապատկվում է, կարելի է սպասել, որ մանրաձկան ելունքը ավազաններում կարող է լինել հաշվարկվածից պակաս (հատոր 2-րդ, գ.թ. 88):

12) Սույն գործով հայցի հիմքում դրվել է Ընկերության կողմից 160.000 հատ 3 գրամ մանրաձուկ ստանալու և իրացնելու հանգամանքը, իսկ 9.720.000 ՀՀ դրամ հայցագինն առաջացել է մանրաձկան քանակը 135 ՀՀ դրամով բազմապատկելու և դրա արտադրյալի 45 տոկոսը հանելու արդյունքում (հատոր 2-րդ, գ.թ. 62-65):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն oրենսգրքով և այլ oրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե´ս ըստ հայցի Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի ընդդեմ Սեդա Սարգսյանի՝ գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ 0479/02/08 որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, oրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։

Սույն գործով Ընկերության և Արշակ Գևորգյանի միջև 10.10.2005 թվականին կնքված համատեղ գործունեության պայմանագրի համաձայն`կողմերը պարտավորվել են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ` շահույթ ստանալու համար` իրականացնելով հետևյալ գործունեությունը. Ընկերությունը և Արշակ Գևորգյանը միացնում են իրենց կարողությունները, գործում են համատեղ: Արշակ Գևորգյանի տնտեսությունում աճեցրած «Գեղարքունի» տեսակի ձկան մայրական կազմից հավաքված ձկնկիթն ինկուբացիայի են դնում Ընկերության և Արշակ Գևորգյանի տնտեսություններում: Արշակ Գևորգյանի տնտեսությունում աճեցրած ձկնկիթն աչքի ստադիայում տեղափոխվում է Ընկերության տնտեսություն, աճեցվում է մինչև 3 գրամ քաշով: Իրացումից հետո կատարվում է հաշվարկ: Շահույթների հաշվարկը կատարվում է ինքնարժեքը հանված: Բոլոր տեսակի գործողությունները կատարվում են համատեղ ակտերի հիման վրա: Կողմերի համատեղ գործունեության արդյունքում ստացված շահույթը բաշխվում է կողմերի միջև հետևյալ կարգով և համամասնությամբ` 45 տոկոսը` Արշակ Գևորգյանին, մնացածը` Ընկերությանը: Ընդ որում, հայցի հիմքում դրվել է Ընկերության կողմից 160.000 հատ 3 գրամ մանրաձուկ ստանալու և իրացնելու հանգամանքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը Ընկերության կողմից 160.000 հատ 3 գրամ մանրաձուկ ստանալու և իրացնելու հանգամանքն է, որի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ուժով կրում է այն վկայակոչած կողմը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում հայցի բավարարման համար Դատարանը հիմք է ընդունել կողմերի միջև 10.10.2005 թվականին կնքված համատեղ գործունեության պայմանագիրը, ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի 03.02.2010 թվականի թիվ 1/10 գրությունը, ՀՀ բնապահպանության նախարարության 19.02.2010 թվականի թիվ 5/22-150242-10 գրությունը և դրանց հետազոտության հիման վրա ներքին համոզմամբ հանգել այն իրավաչափ դիրքորոշմանը, որ ներկայացված ապացույցները թույլ են տալիս բացահայտել հայցապահանջի հիմքում ընկած հանգամանքի, այն է` ստացված շահույթի չափի առկայությունը: Հետևաբար, գործով ձեռք բերված ապացույցներով Դատարանն իրավացիորեն հիմնավորված է համարել, որ 260.000 հատ ձկնկիթի կորուստը կարող է կազմել 100.000 հատ ձկնկիթ, իսկ ելունքը` 160.000 հատ մանրաձուկ, որը 135 ՀՀ դրամով կազմում է 21.600.000 ՀՀ դրամ, իսկ պայմանագրով սահմանված հայցվորին հասանելիք 45 տոկոսը` 9.720.000 ՀՀ դրամ:

Մինչդեռ, կողմերի միջև 10.10.2005 թվականին կնքված համատեղ գործունեության պայմանագրի համաձայն` հաշվարկը կատարվում է իրացումից հետո, իսկ սույն գործում առկա չէ որևէ վերաբերելի ապացույց Ընկերության կողմից 160.000 հատ 3 գրամ մանրաձուկ ստանալու և իրացնելու վերաբերյալ։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արշակ Գևորգյանը չի ապացուցել սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող վերոհիշյալ փաստը, այսինքն` Ընկերության կողմից 160.000 հատ 3 գրամ մանրաձուկ ստանալու և իրացնելու փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի է մնացել, հետևաբար դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը` Արշակ Գևորգյանը։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցի բավարարման հիմքում դրված ապացույցները` ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի 03.02.2010 թվականի թիվ 1/10 գրությունը և ՀՀ բնապահպանության նախարարության 19.02.2010 թվականի թիվ 5/22-150242-10 գրությունը, վերաբերելի ապացույցներ չեն, քանի որ դրանցով որևէ կերպ չի հիմնավորվում սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը` Ընկերության կողմից 160.000 հատ 3 գրամ մանրաձուկ ստանալու և իրացնելու հանգամանքը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարանն իրավացիորեն հիմնավորված է համարել Արշակ Գևորգյանի` 9.720.000 ՀՀ դրամ շահույթի հաշվարկը, քանի որ սույն գործով 9.720.000 ՀՀ դրամ հայցագինն առաջացել է մանրաձկան քանակը 135 ՀՀ դրամով բազմապատկելու և դրա արտադրյալի 45 տոկոսը հանելու արդյունքում այն դեպքում, երբ կողմերի միջև 10.10.2005 թվականին կնքված համատեղ գործունեության պայմանագրի համաձայն` շահույթների հաշվարկը կատարվում է ինքնարժեքը հանված: Մինչդեռ, սույն գործով Արշակ Գևորգյանի շահույթը հաշվարկվել է առանց ինքնարժեքը հաշվի առնելու:

Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկներին, քանի որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցի բացակայության պայմաններում գործում առկա մյուս ապացույցները սխալ գնահատելը կամ այդ ապացույցների միջև առկա հակասություններին չանդրադառնալը սույն գործի ելքի վրա չէին կարող ազդել:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան