ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0531/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0531/02/10 2011 թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Էմիլ Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Էդուարդ Արսենյանի ընդդեմ Էմիլ Վարդանյանի՝ փոխառության գումարը բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Էդուարդ Արսենյանը պահանջել է բռնագանձել Էմիլ Վարդանյանից 6.820.000 ՀՀ դրամ, 01.10.2009 թվականից մինչև պարտավորության կատարման օրը պարտքի գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ և բռնագանձումը տարածել գրավի առարկայի վրա:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2010 թվականի որոշմամբ Դատարանի 02.07.2010 թվականի վճռի դեմ Էմիլ Վարդանյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էմիլ Վարդանյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ, 42-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 78-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը 24.06.2010 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Էմիլ Վարդանյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել և չի իրազեկել: Դատարանը բավարարվել է միայն ձևականորեն ծանուցագիր ուղարկելով, որն Էմիլ Վարդանյանին չի հանձնվել:
Այսինքն՝ Դատարանը չի ապահովել դատական նիստի ժամանակի և վայրի մասին Էմիլ Վարդանյանի ծանուցված լինելու իրավունքը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով Դատարանի վրա դրված է գործին մասնակցող անձանց դատական նիստի մասին պատշաճ ծանուցելու պարտականություն, ուստի փոստային ծրարը գործին մասնակցող անձի հասցեով ուղարկելը և այդ հասցեում ինչ որ անձի հանձնված լինելու հանգամանքը չի կարող պատշաճ ծանուցում համարվել, իսկ այն, որ ԵՇԴ/0531/02/10 նշագրմամբ փոստային ծրարն Էմիլ Վարդանյանին չի հանձնվել, հաստատվում է Երևանի թիվ 7 փոստային բաժանմունքի 30.11.2010 թվականի տեղեկանքով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Գործի քննությունը Դատարանում ավարտվել է 24.06.2010 թվականին, իսկ վճիռը հրապարակվել է 02.07.2010 թվականին (գ.թ. 21-23, 25)։
2. Հանձնման մասին ծանուցման թերթիկի համաձայն՝ Դատարանի 24.06.2010 թվականի ժամը 10։00-ին նշանակված դատական նիստի մասին 17.05.2010 թվականին ուղարկված ծանուցագիրը Երևան, Ներքին Շենգավիթ 12 փողոց, 1-ին նրբանցք, թիվ 19 տուն հասցեով հանձնվել է 18.05.2010 թվականին (գ.թ. 19)։
4. Երևանի թիվ 7 փոստային բաժանմունքի 30.11.2010 թվականի տեղեկանքի համաձայն՝ Էմիլ Վարդանյանին ԵՇԴ/0531/02/10 նշագրմամբ ծանուցագրով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից 17.05.2010 թվականի Ներքին Շենգավիթ, 12-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 19 տուն հասցեով ուղարկված տեղեկացումով նամակը (փոստային ծրարը) Էմիլ Վարդանյանին չի հանձնվել: Վերոհիշյալ նամակը 18.05.2010 թվականին ստորագրությամբ հանձնվել է այդ հասցեի բնակչուհիներից մեկին: Վաղեմության պատճառով ներկայումս անհնար է հիշել, թե կոնկրետ ում է հանձնվել տվյալ նամակը (ներկայացվել է Վճռաբեկ բողոքին կից):
5. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ թիվ 32 տեղամասի լիազոր ներկայացուցչի 05.12.2010 թվականի տեղեկանքի համաձայն՝ Երևանի Ներքին Շենգավիթ, 12-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 19 տուն հասցեով Էմիլ Վարդանյանի հետ միասին բնակվում են հայրը՝ Վարդգես Վարդանյանը, և եղբայրը՝ Վարուժան Վարդանյանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով։
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 78-րդ հոդվածի կիրառման հարցին։
Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (տես՝ Վերգուշ Վարդանյանի հայցն ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի և Միշա Գրիգորյանի՝ ընդհանուր գույքում բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի թիվ 3-19(ՎԴ) որոշումը)։
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ գործում առկա փոստային հավաստագրի համաձայն՝ 24.06.2010 թվականին նշանակված դատական նիստի մասին ծանուցումը հայցադիմումում նշված հասցեում ստացվել է 18.05.2010 թվականին, ինչն էլ հիմք է արձանագրելու, որ Դատարանը թույլ չի տվել վերաքննիչ բողոքում նշված որևէ նորմերի խախտում:
Սույն գործի փաստերից հետևում է, որ հանձնման մասին ծանուցման թերթիկի համաձայն՝ 24.06.2010 թվականի ժամը 10։00-ին նշանակված դատական նիստի մասին Դատարանի 17.05.2010 թվականին ուղարկած ծանուցագիրը Երևան, Ներքին Շենգավիթ 12 փողոց, 1-ին նրբանցք, թիվ 19 տուն հասցեով հանձնվել է 18.05.2010 թվականին։ Երևանի թիվ 7 փոստային բաժանմունքի 30.11.2010 թվականի տեղեկանքի համաձայն՝ «Էմիլ Վարդանյանին ԵՇԴ/0531/02/10 նշագրմամբ ծանուցագրով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից 17.05.2010 թվականի Ներքին Շենգավիթ, 12-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 19 տուն հասցեով ուղարկված տեղեկացումով նամակը (փոստային ծրարը) Էմիլ Վարդանյանին չի հանձնվել: Վերոհիշյալ նամակը 18.05.2010 թվականին ստորագրությամբ հանձնվել է այդ հասցեի բնակչուհիներից մեկին: Վաղեմության պատճառով ներկայումս անհնար է հիշել, թե կոնկրետ ում է հանձնվել տվյալ նամակը», իսկ ըստ գործում առկա` թիվ 32 տեղամասի լիազոր ներկայացուցչի 05.12.2010 թվականի տեղեկանքի՝ Երևանի Ներքին Շենգավիթ, 12-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 19 տուն հասցեով Էմիլ Վարդանյանի հետ միասին բնակվում են հայրը՝ Վարդգես Վարդանյանը, և եղբայրը՝ Վարուժան Վարդանյանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա փոստային հավաստագիրը Երևանի Ներքին Շենգավիթ, 12-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 19 տուն հասցեով հանձնված լինելու հանգամանքով չի հաստատվում այն Էմիլ Վարդանյանի կողմից ստանալու փաստը: Հետևաբար, Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Էմիլ Վարդանյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 24.06.2010 թվականի ժամը 10։00-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ դատական նիստի մասին բողոք բերած անձին պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց, որը կհավաստեր Դատարանի կողմից դատական նիստի մասին ծանուցելու վերաբերյալ ակտիվ գործողություններ ձեռնարկելու և բողոք բերած անձի կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կերպով ծանուցված լինելու փաստերը։ Այսինքն՝ Դատարանն Էմիլ Վարդանյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 24.06.2010 թվականի ժամը 10։00-ին նշանակված դատական նիստի մասին, ինչի արդյունքում վերջինս զրկվել է իր դատավարական իրավունքները լիարժեք իրականացնելու հնարավորությունից։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
Դատավորներ` |
|
Ա. Բարսեղյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |