ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0042/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0042/02/10 2011 թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
Դատավորներ՝ |
Տ. Սահակյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մելիք Ավետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մելիք Ավետյանի ընդդեմ Անահիտ Ենոքյանի`գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մելիք Ավետյանը պահանջել է բռնագանձել Անահիտ Ենոքյանից 1.250.000 ՀՀ դրամ, դրա նկատմամբ կետանցի օրվանից մինչև 01.01.2010 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվեգրել տոկոսներ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաև բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանական ծառայության մատուցման համար վճարման ենթակա գումար։
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.03.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2010 թվականի որոշմամբ Անահիտ Ենոքյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Բեկանվել է Դատարանի 26.03.2010 թվականի վճիռը և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելիք Ավետյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անահիտ Ենոքյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ, 345-րդ, 347-րդ, 430-րդ, 447-րդ, 886-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ, 878-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մելիք Ավետյանի և Անահիտ Ենոքյանի միջև առկա էր առևտրային պարտավորություն, այն է՝ Մելիք Ավետյանը վաճառելու նպատակով Անահիտ Ենոքյանին տրամադրել է հագուստ և կոշիկ, ինչը Անահիտ Ենոքյանի կողմից չի վիճարկվել և ընդունվել է: Հետագայում կատարված հաշվարկի արդյունքում պարզվել է, որ ապրանքների վաճառքից Անահիտ Ենոքյանը պարտք է Մելիք Ավետյանին 1.250.000 ՀՀ դրամ: Այդ հիմքով Անահիտ Ենոքյանը 29.10.2008 թվականին տվել է ստացական-պարտավորագիր, որով պարտավորվել է մինչև 10.11.2008 թվականը Մելիք Ավետյանին տալ 1.250.000 ՀՀ դրամ: Այսինքն՝ Մելիք Ավետյանի և Անահիտ Ենոքյանի միջև առևտրային գործունեությունից ծագած պարտավորությունը փոխարինվել է փոխառության պարտավորությամբ, իսկ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.07.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.03.2010 թվականի վճռին։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Անահիտ Ենոքյանի և Մելիք Ավետյանի միջև որևէ պայմանագիր չի կնքվել: Հետևաբար, Մելիք Ավետյանի կողմից ներկայացված պարտավորագիրը չի ծագել օրենքով նախատեսված և ոչ մի հիմքից: Այսինքն՝ վճռաբեկ բողոքում նշված փոխառության պայմանագրին վերաբերող նորմերը տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 29.10.2008 թվականի պարտավորագրով Անահիտ Ենոքյանը պարտավորվել է մինչև 07.11.2008 թվականը Մելիք Ավետյանին տալ 1.250.000 ՀՀ դրամ (գ.թ. 7)։
2. 23.01.2010 թվականին ներկայացրած հայցադիմումի դեմ առարկություններով Անահիտ Ենոքյանն ընդունել է Մելիք Ավետյանի հետ առևտրային հարաբերությունների մեջ լինելու փաստը (գ.թ. 14-16)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Ընդ որում, գործին մասնակցող յուրաքանչյուր անձ իր կողմից վկայակոչած փաստերը հիմնավորելու համար պարտավոր է ներկայացնել այդ փաստերը հիմնավորող ապացույցներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
Սույն գործով Դատարանը, հայցի բավարարման հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ և 347-րդ հոդվածները, պատճառաբանել է, որ Անահիտ Ենոքյանը 29.10.2008 թվականին կնքել է գրավոր գործարք, որով պարտավորվել է մինչև տվյալ տարվա նոյեմբերի 10-ը Մելիք Ավետյանին տալ 1.250.000 ՀՀ դրամ: Միաժամանակ Դատարանը նշել է, որ պարտավորագրով ստանձնած պարտքը Անահիտ Ենոքյանը չի վերադարձրել, իսկ պարտավորագիր-գործարքն օրենքով սահմանված կարգով չի վիճարկվել: Դատարանը նշել է նաև, որ Անահիտ Ենոքյանը պարտքը վերադարձնելու վերաբերյալ պատճառաբանությունը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել:
Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ 29.10.2008 թվականի փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանով չի հիմնավորվում Մելիք Ավետյանի կողմից Անահիտ Ենոքյանին 1.250.000 ՀՀ դրամ գումար փոխառությամբ տրամադրելու և այդ հիմքով Անահիտ Ենոքյանի կողմից այն հետ վերադարձնելու պարտավորության ստանձնումը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ կողմերի միջև չկա փոխառություն իրավահարաբերությունը, քանի որ բացակայում է նման իրավահարաբերության ծագման համար հիմք հանդիսացող փաստական կազմը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ և 878-րդ հոդվածներով նախատեսված փոխառության գործարքը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 29.10.2008 թվականի պարտավորագրով Անահիտ Ենոքյանը պարտավորվել է մինչև 07.11.2008 թվականը Մելիք Ավետյանին տալ 1.250.000 ՀՀ դրամ։ Իսկ 23.01.2010 թվականին ներկայացրած հայցադիմումի դեմ առարկություններով Անահիտ Ենոքյանն ընդունել է Մելիք Ավետյանի հետ առևտրային հարաբերությունների մեջ լինելու փաստը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 29.10.2008 թվականի պարտավորագիրը պարտապանի կողմից ի հավաստումն պարտավորության տրված պարտքային փաստաթուղթ է, որով պարտապանն ընդունում է իր պարտքը պարտատիրոջ հանդեպ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 29.10.2008 թվականի պարտավորագրով Անահիտ Ենոքյանն ըստ էության ընդունել է իր պարտավորությունը Մելիք Ավետյանի նկատմամբ, որոնք ծագել են առևտրային հարաբերություններից: Այսինքն՝ ստացականի առկայությունը պատասխանողի պարտավորությունը հայցվորի նկատմամբ անվիճելի է դարձնում, իսկ պարտավորության գումարը՝ բռնագանձման ենթակա:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկներին, որ առևտրային գործունեությունից ծագած պարտավորությունը փոխարինվել է փոխառության պարտավորությամբ, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը դադարում է կողմերի միջև գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը նույն անձանց միջև մեկ այլ պարտավորությամբ փոխարինելու մասին համաձայնությամբ, որը նախատեսում է դրա այլ առարկա կամ կատարման այլ եղանակ (նորացում):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 886-րդ հոդվածի համաձայն՝ կողմերի համաձայնությամբ առուվաճառքից, գույքի վարձակալությունից կամ այլ հիմքերից ծագած պարտքը կարող է փոխարինվել փոխառության պարտավորությամբ: Փոխառության պարտավորությունում պարտքը փոխարինվում է նորացման վերաբերյալ պահանջների պահպանմամբ (հոդված 430) և փոխառության պայմանագիր կնքելու համար նախատեսված ձևով (հոդված 878):
Մինչդեռ, սույն գործով չի հիմնավորվել նորացման վերաբերյալ պահանջների պահպանմամբ և փոխառության պայմանագիր կնքելու համար նախատեսված ձևով կնքված պայմանագրի առկայությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 26.03.2010 թվականի վճռին։
2. Անահիտ Ենոքյանից հօգուտ Մելիք Ավետյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք, իսկ հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ 37.500 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2010 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
Դատավորներ` |
|
Ա. Բարսեղյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |