Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-952
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.20/22(825) Հոդ.425
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
08.04.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
08.04.2011
Дата вступления в силу
08.04.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

8 ապրիլի 2011 թ.

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԳԿՍԾ)» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի նոյեմբերի 30-ին Հռոմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր (ԳԿՍԾ)» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2011 թվականի մարտի 14-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով 2010 թվականի նոյեմբերի 30-ին Հռոմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր (ԳԿՍԾ)» ֆինանսավորման համաձայնագիրը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր (ԳԿՍԾ)» ֆինանսավորման համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2010 թվականի նոյեմբերի 30-ին` Հռոմում:

2. Համաձայնագրով Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (Հիմնադրամ) Հայաստանի Հանրապետությանը (Փոխառու) տրամադրում է ֆինանսավորում (փոխառություն և դրամաշնորհ)` Հայաստանի Հանրապետությունում «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրին» (Ծրագիր) աջակցելու նպատակով:

Փոխառության գումարը կազմում է ութ միլիոն ինը հարյուր հազար փոխառության հատուկ իրավունք (8 900 000 ՓՀԻ), իսկ դրամաշնորհի գումարը` երեք հարյուր երեսուն հազար փոխառության հատուկ իրավունք (330 000 ՓՀԻ):

Փոխառությունը տրվում է հաստատուն պայմաններով` առանց տոկոսագումարի, տարեկան սպասարկման վճարը կկազմի մեկ տոկոսի երեք քառորդը (0.75%), վճարումները պետք է լինեն կիսամյակային` փոխառության սպասարկման վճարի արժույթով և 20 տարի ժամկետով` ներառյալ 10 տարի արտոնյալ ժամկետ, որն սկսվում է Հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից փոխառությունը հաստատվելու պահից:

Փոխառության սպասարկման վճարի արժույթն ԱՄՆ դոլարն է:

Ծրագիրն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:

Ծրագրի նպատակն է` Հայաստանի Հանրապետությունում գյուղական աղքատության նվազեցումը:

Ծրագրի խնդիրներն են`

- ստեղծել պտղի և ընկուզեղենի տնտեսապես կենսունակ արտադրություն գյուղական մանրածավալ արտադրողների մասնակցությամբ.

- պտղի և ընկուզեղենի արտադրության համար անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով ստեղծել կառույց` հետագայում ամբողջությամբ մասնավորեցնելու պայմանով.

- վերացնել ենթակառուցվածքների խոչընդոտները, որոնք սահմանափակում են տնտեսապես ակտիվ գյուղաբնակների կողմից գյուղական տնտեսության առևտրայնացմանը մասնակցելու հնարավորությունները:

Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչներից.

ա) աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը, մասնավորապես, «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության ստեղծում, որն իրականացնելու է հետևյալ գործառույթները.

- հիմնել գլխամասային տնկարան, հյուսվածքային լաբորատորիա և մայրուտ` արմատակալների և այլ սորտերի բազմացման համար.

- հիմնել այգիներ, ստեղծել պտղի և ընկուզեղենի արտադրության հատվածի ֆերմերների հետ պայմանագրային հարաբերություններ և կազմակերպել այգիների կառավարման ոլորտում ուսուցում պայմանագրային հարաբերությունների մեջ ներգրավված ֆերմերների համար.

- հիմնել պտղի և ընկուզեղենի փաթեթավորման և վերամշակման կառույցներ.

- աջակցել շուկայավարմանը տեղական և միջազգային շուկաներում, կազմակերպել վաճառքի լոգիստիկան և մատուցել բրենդավորման, գովազդի և հետվաճառքային ծառայություններ.

բ) գյուղական ենթակառուցվածք, մասնավորապես, աջակցություն այն հասարակական ենթակառուցվածքների կառուցմանն ու վերանորոգմանը, որոնք տեղակայված կլինեն լեռնային անապահով համայնքներում, այդ թվում` ջրամատակարարման, գազիֆիկացման սարքերի, հեղեղաջրերի հեռացման սարքերի կառուցումը, ինչպես նաև գյուղական ճանապարհների և այն օժանդակ կառույցների կառուցմանն աջակցումը, որոնք կհամալրեն և կամրապնդեն Ծրագրի ներդրումները.

գ) Ծրագրի կառավարում, մասնավորապես, Փոխառուի կողմից Ծրագրի ղեկավար կոմիտեի հիմնում, որը պատասխանատու կլինի Ծրագրի ընդհանուր կառավարման և իրականացման համար: Ծրագրի աշխատանքների մոնիտորինգը, Ծրագրի ընդհանուր պլանավորումը և բյուջեի կազմումը, ենթակառուցվածքային աշխատանքների վերահսկումն իրականացնելու է Ծրագրի վերլուծությունների և կառավարման գրասենյակը:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվա հնգամյակը Ծրագրի ավարտի օրն է:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վավերացման մասին փաստաթուղթը Հիմնադրամի ստանալու պահից:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) փոխառության հիմնական գումարը Հիմնադրամին վերադարձնել 20 հավասար կիսամյակային մասնաբաժիններով, յուրաքանչյուրը` 445 000 ՓՀԻ` սկսած 2021 թվականի փետրվարի 1-ից և ավարտել 2030 թվականի օգոստոսի 1-ին.

բ) տրամադրել Ծրագրի ֆինանսավորման իր մասնաբաժինը` մոտավորապես` 3 300 000 ԱՄՆ դոլար գումարի չափով` ենթակառուցվածքների համար, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ հարկերի վճարման համար, ներառյալ մաքսային և սոցիալական վճարումները.

գ) Ծրագրի ենթակառուցվածքների հաշվին նախապես փոխանցել մեկ միլիոն հարյուր հազար (1 100 000) ԱՄՆ դոլարին համարժեք գումար` Ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքներին նպատակաուղղված ներդրումներին օժանդակելու նպատակով.

դ) ստեղծել «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերություն, որի բոլոր բաժնեմասերի սեփականատերն սկզբնական շրջանում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, սակայն բաժնեմասերն աստիճանաբար պետք է փոխանցվեն ռազմավարական ներդրողներին և «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ ընդգրկված ֆերմերներին` «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության բաժնեմասերի վաճառքի միջոցով.

ե) սուբսիդավորման ֆինանսավորման համաձայնագիր կնքել «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության հետ, որով կսահմանվի, որ Հայաստանի Հանրապետությունը պայմանագրեր կկնքի «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության հետ վերջինիս ֆինանսավորում տրամադրելու համար` հետևյալ կերպով.

- 1.7 մլն ԱՄՆ դոլար` կապիտալի տեսքով.

- 1.5 մլն ԱՄՆ դոլար` դրամաշնորհի տեսքով, և

- 7 մլն ԱՄՆ դոլար` փոխառության տեսքով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011 թվականի մարտի 24-ին հավանություն է տվել սույն գործով քննության առարկա Համաձայնագրին:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ համաձայն սահմանադրական դատարանում Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի ներկայացրած բացատրության` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերությանը 7 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը տրվելու է 10 տարի ժամկետով, որից 3-ը` արտոնյալ, տարեկան 1.5% տոկոսադրույքով (այսինքն` 7 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը կառավարությանը կվերադարձվի ավելի խիստ պայմաններով, քան այն պայմանները, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերադարձնելու է իր փոխառությունը Հիմնադրամին): Բացի դրանից, «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության մասնավորեցման շնորհիվ պետությունը կվերականգնի կանոնադրական կապիտալում իրականացված իր ներդրումը և, ավելին, կարող է ունենալ նկատելի եկամուտ: Դրամաշնորհն օգտագործվելու է ընկերության գործառնական ծախսերի իրականացման համար` մինչև այգիների պտղատու դառնալն ու որոշակի շահույթ ապահովելը, և մասնավորեցման ընթացքում այդ գումարների վերականգնման խնդիր չի առաջանա:

«Հայկական միրգ» բաժնետիրական ընկերությանը փոխառության միջոցներից հատկացվող 6 720 000 ՓՀԻ-ին համարժեք գումարն ամբողջությամբ ծախսվելու է այգիների հիմնադրման և այդ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով, իսկ 330 000 ՓՀԻ-ին համարժեք գումարը նախատեսված է գործառնական և պահպանման ծախսերի, ինչպես նաև` միջազգային խորհրդատվության ձեռքբերման համար:

Ծրագրով առաջին անգամ փորձ է արվում նորագույն տեխնոլոգիաներով արդյունաբերական այգեգործություն հիմնադրել Հայաստանի Հանրապետության երեք` Արագածոտնի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում (թվով 36 համայնքներ): Նորագույն տեխնոլոգիաները ներառելու են`

- այգիների կաթիլային ոռոգման համակարգի ստեղծում.

- հեղուկ պարարտացման համակարգի կիրառում (նույն կաթիլային համակարգի միջոցով ներարկվելու է նաև պարարտանյութը, ըստ նախնական հաշվարկների` նշված երկու համակարգերի համար 1 հա հաշվով ծախսվելու է 4000-4200 ԱՄՆ դոլար).

- կարկտապաշտպան ցանցերի տեղադրում (1 հա հաշվով` շուրջ 5000 ԱՄՆ դոլար):

Նախնական փուլում ներկրվելու, իսկ հետագայում տեղում արտադրվելու են վիրուսազերծ արմատակալներ, որոնք ապահովելու են ծառերի առողջական վիճակը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև, որ «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերությունը պետք է միջնորդ հանգույց հանդիսանա պտուղների վերջնական արտադրողների և նշյալ պտուղներն օգտագործողների միջև (վերամշակող ընկերություններ, գյուղմթերքներ արտահանող ընկերություններ, առևտրային ցանցեր, վերջնական սպառողներ): Վերջինս ենթադրում է, որ «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերությունը պետք է ունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան նախնական վերամշակման, տեսակավորման և սառեցման ժամանակակից համակարգեր, ինչը պետք է ստեղծվի Ծրագրի միջոցների հաշվին:

5. Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ.

ա) Համաձայնագրում մի շարք դրույթներ ձևակերպված են անորոշ և ոչ հստակ, մասնավորապես, կապված.

- «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության մասնավորեցման (այդ թվում` ժամկետների) հետ, որը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի պահանջներին խիստ համապատասխան.

- Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող ֆինանսական պարտավորությունների իրականացման կոնկրետ աղբյուրների, այդ թվում` Համաձայնագրի նախաբանի «Բ» կետով նախատեսված Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ)` միջազգային զարգացման հիմնադրամից (ՕՖԻԴ հիմնադրամ) Ծրագրի ֆինանսավորմանն աջակցության համար մոտ քսան միլիոն (20 000 000) ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օժանդակություն ստանալու` Հայաստանի Հանրապետության մտադրության իրականացման ընթացքի (այդ թվում` ժամկետների) հետ.

բ) «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդում կառավարության ներկայացուցիչների կարգավիճակի հետ, որոնց նշանակումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին խիստ համապատասխան:

 Սահմանադրական դատարանն ինչպես իր որոշումներում, այնպես էլ իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագրերի հստակության, այդ միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին: Սույն գործով քննության առարկա Համաձայնագիրն առավել ևս պահանջում է լուրջ վերահսկողական համակարգ` միջոցների նպատակային օգտագործման և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու առումով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի նոյեմբերի 30-ին Հռոմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր (ԳԿՍԾ)» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

8 ապրիլի 2011 թ.
ՍԴՈ-952