Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.04.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.08/33(836).1 Հոդ.774.9
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
01.04.2011
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
01.04.2011
Дата вступления в силу
01.04.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1351/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1351/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր՝   Ա. Խառատյան

Դատավորներ՝  Կ. Չիլինգարյան
                                  Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կարինե Թորոսյանի ընդդեմ Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանների` Կարինե Թորոսյանին և անչափահաս Հովհաննես Վարդանյանին 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի ժառանգական գույք հանդիսացող Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, սեփականատեր ճանաչելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կարինե Թորոսյանը պահանջել է իրեն և անչափահաս Հովհաննես Վարդանյանին ճանաչել 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի ժառանգական գույք հանդիսացող Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, սեփականատեր։

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.05.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.08.2010 թվականի որոշմամբ Կարինե Թորոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 13.05.2010 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանները։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 52-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1249-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է մի փաստաթուղթ` հայցվորի կողմից ամուսնու չստացած աշխատավարձը ստանալու մասին` իրականությանը չհամապատասխանող տեղեկանքը, որը նախկինում ուսումնասիրվել է, և որին գնահատական է տվել նույնիսկ ՀՀ վճռաբեկ դատարանը և չի ընդունել վճռաբեկ բողոքի հիմքում դրված այդ նույն փաստաթուղթը: Բացի այդ, Ռոմիկ Վարդանյանի կողմից «Պերսոնա» ՍՊԸ-ում աշխատելու և նրա փոխարեն կնոջ կողմից հուլիս ամսվա աշխատավարձը ստանալու հանգամանքները կարող են հաստատվել աշխատանքի ընդունման հրամանով, աշխատավարձի հաշվարկման ու վճարման տեղեկագրերով, որոնք բացակայում են։

Ինչպես այս, այնպես էլ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճռով հաստատվել են այն հանգամանքները, որ Կարինե Թորոսյանն ու Հովհաննես Վարդանյանը հետաքրքրություն չեն ցուցաբերել ժառանգական զանգվածի նկատմամբ և բաց են թողել ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված ժամկետը, այսինքն` հրաժարվել են ժառանգությունից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 05.08.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.05.2010 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 07.11.1991 թվականի թիվ 7576 նվիրատվության պայմանագրի համաձայն` Հովհաննես Վարդանյանն իր որդի Ռոմիկ Վարդանյանին է նվիրել Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տունը, ինչի հիման վրա վերջինիս տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայագիր (հատոր 1-ին, գ.թ. 10, 11):

2. Ռոմիկ Վարդանյանը և Կարինե Թորոսյանն ամուսնացել են 26.11.1983 թվականին, որի մասին ՀՍՍՀ Լենինականի ԶԱԳՍ-ի բաժնում ամուսնության ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 1331 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 7):

3. Հովհաննես Վարդանյանը` ծնված 24.10.1997 թվականին Ուկրաինայի Խարկով քաղաքում, Ռոմիկ Վարդանյանի որդին է (հատոր 1-ին, գ.թ. 8):

4. Ռոմիկ Վարդանյանը մահացել է 01.08.2000 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 9):

5. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0032/02/08 վճռով, քննելով Կարինե Թորոսյանի հայցն ընդդեմ Ցողիկ Ծատուրյանի, Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանների` կառուցման փաստով իր և անչափահաս Հովհաննես Վարդանյանի` Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 տան բաժնեմասի մասով սեփականության իրավունքը ճանաչելու և անչափահաս Հովհաննես Վարդանյանին Ռոմիկ Վարդանյանի մահից հետո առաջին հերթի ժառանգ ճանաչելու և ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պահանջի մասին, հիմնավորված է համարվել, որ Կարինե Թորոսյանն օրենքով սահմանված ժամկետում չի ընդունել ինչպես իր, այնպես էլ իր որդու` Հովհաննես Վարդանյանի ժառանգությունը, բնակվելով ՌԴ-ում` քայլեր չի ձեռնարկել գույքը տիրապետելու և հոգ տանելու ուղղությամբ (հատոր 1-ին, գ.թ. 29-32)։

6. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճռով Կարինե Թորոսյանի հայցն ընդդեմ Ցողիկ Ծատուրյանի, Արտակ, Նելլի և Լիլիթ Վարդանյանների` սեփականատեր չհամարվող տիրապետողի խախտված իրավունքը վերականգնելու, ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու, դրամական հատուցմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու, բնակարանից վտարելու պահանջի մասին, մերժվել է: Նշված վճռով հաստատվել է, որ Կարինե Թորոսյանը և Հովհաննես Վարդանյանն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգությունը չեն ընդունել, 2000 թվականից 2006 թվականը գտնվել են ՌԴ Խաբարովսկ քաղաքում և միայն 28.06.2006 թվականին դիմում են ներկայացրել նոտարական գրասենյակ` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար: Նշված վճռով Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանները ներկայացման իրավունքով փաստացի տիրապետման ուժով ճանաչվել են 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ (հատոր 1-ին, գ.թ. 23-26)։

7. «Պերսոնա» ՍՊԸ-ի տնօրենի 20.09.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Ռոմիկ Վարդանյանն աշխատել է Խաբարովսկ քաղաքի Օկրուժնայա փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Պերսոնա» ՍՊԸ-ում որպես հյուսն: Ռոմիկ Վարդանյանի մահից հետո նրա կինը` Կարինե Թորոսյանը, ստացել է Ռոմիկ Վարդանյանի հուլիս ամսվա աշխատավարձը` 10.000 ռուբլի (հատոր 1-ին, գ.թ. 17)։

8. ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2009 թվականի թիվ 3-241(ՎԴ) որոշմամբ նշվել է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի վճիռը վերանայելու համար որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչվել և բողոքին կից ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ քաղաքում գործող «Պերսոնա» ՍՊԸ-ի տնօրենի 20.09.2009 թվականի տեղեկանքը։ ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Կարինե Թորոսյանը չի ապացուցել այդ տեղեկանքի համաձայն` իր կողմից Ռոմիկ Վարդանյանի աշխատավարձը նրա մահից հետո մեկամսյա ժամկետում ստանալու փաստի մասին իմանալու և իր կամքից անկախ պատճառներով դատարան չներկայացնելու հանգամանքը (հատոր 1-ին, գ.թ. 110-111)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում։

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին։

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե´ գործին մասնակցող անձանց, թե´ դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ): Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն (տես «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների՝ հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու, Ընկերությանը պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասին քաղաքացիական գործով թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Սույն գործում առկա ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճռով Կարինե Թորոսյանի հայցն ընդդեմ Ցողիկ Ծատուրյանի, Արտակ, Նելլի և Լիլիթ Վարդանյանների` սեփականատեր չհամարվող տիրապետողի խախտված իրավունքը վերականգնելու, ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու, դրամական հատուցմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու, բնակարանից վտարելու պահանջի մասին, մերժվել է: Նշված վճռով հաստատվել է, որ Կարինե Թորոսյանը և Հովհաննես Վարդանյանն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգությունը չեն ընդունել, 2000 թվականից 2006 թվականը գտնվել են ՌԴ Խաբարովսկ քաղաքում և միայն 28.06.2006 թվականին դիմում են ներկայացրել նոտարական գրասենյակ` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար: Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանները ներկայացման իրավունքով փաստացի տիրապետման ուժով ճանաչվել են 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ: Իսկ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0032/02/08 վճռով հիմնավորված է համարվել, որ Կարինե Թորոսյանն օրենքով սահմանված ժամկետում չի ընդունել ինչպես իր, այնպես էլ, որպես օրինական ներկայացուցիչ, որդու` Հովհաննես Վարդանյանի ժառանգությունը, բնակվելով ՌԴ-ում` քայլեր չի ձեռնարկել գույքը տիրապետելու և հոգ տանելու ուղղությամբ: Դատարանը հայցը մերժել է` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճիռը, որով հաստատվել է այն հանգամանքը, որ Արտակ, Նելլի և Լիլիթ Վարդանյանները ներկայացման իրավունքով փաստացի տիրապետման ուժով ճանաչվել են 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ: Նրանք ժառանգության իրավունք են ձեռք բերել առաջին հերթի ժառանգներ հանդիսացող Կարինե Թորոսյանի և անչափահաս Հովհաննես Վարդանյանի կողմից սահմանված ժամկետներում ժառանգությունը չընդունելու արդյունքում։

Վերաքննիչ դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է «Պերսոնա» ՍՊԸ-ի տնօրենի 20.09.2009 թվականի տեղեկանքը և գտել է, որ Կարինե Թորոսյանը, վեց ամսվա ընթացքում ստանալով ամուսնու աշխատավարձը, փաստացի ընդունել է ժառանգատուի մնացած ժառանգությունը, այդ թվում` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքը։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0032/02/08, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճիռներով արդեն իսկ քննվել է 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունելու հարցը և որոշվել են նշված գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգների շրջանակը։ Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճռով Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանները ներկայացման իրավունքով փաստացի տիրապետման ուժով արդեն իսկ ճանաչվել են 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ: Նշված վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Կարինե Թորոսյանն ու Հովհաննես Վարդանյանը հետաքրքրություն չեն ցուցաբերել ժառանգական զանգվածի նկատմամբ և բաց են թողել ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված ժամկետը: Ավելին, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0032/02/08 վճռով ևս հաստատված հանգամանք է համարվել, որ Հովհաննես Վարդանյանը Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց է թողել, և առկա չէ այն հարգելի ճանաչելու որևէ հիմք։

Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի` Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունելու փաստն արդեն իսկ հաստատվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 07-294 վճռով և համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի` նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում։

Վերոգրյալ հիմնավորման պարագայում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկին չի անդրադառնում։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը Հովհաննես Վարդանյանի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ։

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0032/02/08 վճռով քննվել է Կարինե Թորոսյանի հայցն ընդդեմ Ցողիկ Ծատուրյանի, Արտակ, Նելլի, Լիլիթ Վարդանյանների` կառուցման փաստով իր և անչափահաս Հովհաննես Վարդանյանի Նոր Արեշ 33-րդ փողոցի 32 տան բաժնեմասի մասով սեփականության իրավունքը ճանաչելու և անչափահաս Հովհաննես Վարդանյանին Ռոմիկ Վարդանյանի մահից հետո առաջին հերթի ժառանգ ճանաչելու և ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պահանջի մասին: Անչափահաս Հովհաննես Վարդանյանին ժառանգ ճանաչելու պահանջի հիմքում դրվել է Ռոմիկ Վարդանյանի աշխատավարձը ստանալու փաստը։

Սույն գործով Կարինե Թորոսյանը պահանջել է նաև անչափահաս Հովհաննես Վարդանյանին ճանաչել 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի ժառանգական գույք հանդիսացող Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, սեփականատեր` հայցի հիմքում նույնպես դնելով Ռոմիկ Վարդանյանի աշխատավարձը ստանալու փաստը։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված` 01.08.2000 թվականին մահացած Ռոմիկ Վարդանյանի ժառանգական գույք հանդիսացող, Երևանի Նոր Արեշ 33-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Հովհաննես Վարդանյանին ժառանգությունն ընդունած ժառանգ, սեփականատեր ճանաչելու պահանջի մասով արդեն իսկ առկա է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0032/02/08 վճիռը, որի պայմաններում գործի վարույթն այդ մասով ենթակա է կարճման։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2010 թվականի որոշումը բեկանել: Որոշման` Կարինե Թորոսյանի մասով հայցը բավարարելու մասով օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.05.2010 թվականի վճռին: Հովհաննես Վարդանյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել։

2. Կարինե Թորոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գումարներ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան