Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-946
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.06/19(822) Հոդ.352
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
29.03.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
29.03.2011
Дата вступления в силу
29.03.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

29 մարտի 2011 թ.

«ԲՋՆԻ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 92-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ Դ. Դանելյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի` 07.10.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Հայցադիմումը վերադարձնելը» վերտառությամբ 92-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է. «Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին»:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու պահին, հետևյալն է. դիմողը 22.09.2009թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության` վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

13.10.2009թ. ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/4234/05/09 վարչական գործով կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում: Դատարանը մասնավորապես գտել է, որ հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման, քանի որ հայցադիմումով ներկայացված պահանջները բխում են քաղաքացիաիրավական հարաբերություններից և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդդատյա չեն վարչական դատարանին:

22.10.2009թ. դիմողը բողոք է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` վերջինիս` 13.10.2009թ. թիվ ՎԴ/4234/05/09 վարչական գործով կայացված` «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ: 28.10.2009թ. ՀՀ վարչական դատարանը կոլեգիալ կազմով կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 13.10.2009թ. որոշման դեմ դիմողի կողմից բերված բողոքը մերժելու մասին որոշում` վերահաստատելով ՀՀ վարչական դատարանի կողմից 13.10.2009թ. ներկայացված պատճառաբանությունները:

19.11.2009թ. դիմողը ՀՀ վարչական դատարանի` 28.10.2009թ. «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ բողոք է բերել ՀՀ վճռաբեկ դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 02.12.2009թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձրել է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու հիմքով` ըստ էության վերահաստատելով ՀՀ վարչական դատարանի 13.10.2009թ. ներկայացրած պատճառաբանությունները:

28.12.2009թ. դիմողը հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` վերոնշյալ նույն պահանջով: 11.01.2010թ. դատարանը կայացրել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» թիվ ԵԿԴ/3492/02/09 որոշումը: Նշված որոշմամբ դատարանը եզրահանգել է. «...ՀՀ բնապահպանության նախարարությունը հանդիսանում է գործադիր իշխանության հանրապետական մարմին, որն իրականացնում է վարչարարություն և հայցվորի կողմից ներկայացված պահանջը ծագել է հանրային իրավահարաբերություններից ... ուստի դատարանը գտնում է, որ նշված պահանջի դատական կարգով քննությունը վերոգրյալ իրավական նորմերին համապատասխան վերապահված է ՀՀ վարչական դատարանին և հայցը պետք է հարուցվեր ՀՀ վարչական դատարան, այդ իսկ պատճառով ներկայացված հայցադիմումը ենթակա է վերադարձման` ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներից»:

Դիմողը 11.01.2010թ. որոշման դեմ 18.01.2010թ. վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 08.02.2010թ. որոշմամբ դիմողի բողոքը մերժել է` անփոփոխ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԵԿԴ/3492/02/09 քաղաքացիական գործով կայացված` «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը: Ի հիմնավորումն նշված որոշման` դատարանը գտել է, որ նախարարության կողմից իրականացված վարչարարությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը բխում է սույն գործով կողմերի միջև առաջացած հանրային-իրավական հարաբերությունից և ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

23.02.2010թ. դիմողը վերաքննիչ դատարանի 08.02.2010թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ և 234-րդ հոդվածներով, իր` 07.04.2010թ. որոշմամբ վերադարձրել է դիմողի վճռաբեկ բողոքը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով` ըստ էության վերահաստատելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2010թ. որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Սահմանադրական դատարանում գործը դատաքննության նախապատրաստելու փուլում պարզվել է, որ սահմանադրական դատարան դիմելուց հետո դիմողը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան` խնդրելով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2010թ. որոշումը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 10.01.2011թ. որոշմամբ բավարարելով վճռաբեկ բողոքը` որոշել է. «Վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.04.2010 թվականի... որոշումը: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2010 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.01.2010 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը»:

Վերը նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ դիմողի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանում վիճարկվող` ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2010թ. որոշումը կայացվել է մինչև նույն դատարանի կողմից 03.12.2010թ. թիվ ԵԱՔԴ/1369/05/09 որոշման կայացումը, որով վճռաբեկ դատարանը սահմանել է օրենքի միատեսակ կիրառության սահմանները: Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «սույն գործով Ընկերությունը զրկվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից»: Նշված որոշմամբ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «...սույն գործը ենթակա է քննության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում»:

 

3. Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմը չի բավարարում իրավական որոշակիության պահանջները և «ընդդատության» բացահայտման իմաստով դատական պրակտիկայում հանգեցնում է տարաբնույթ, հակասական մեկնաբանությունների:

Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմի` «ընդդատության» բացահայտման իմաստով, դատական պրակտիկայում սխալ մեկնաբանության արդյունքում ինքը զրկվել է դատական պաշտպանության իր իրավունքն իրականացնելու հնարավորությունից: Ըստ դիմողի` վիճարկվող նորմը` «ընդդատության» բացահայտման իմաստով, հակասում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների պահանջներին:

 

4. Պատասխանողը, վերլուծելով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթների բովանդակությունը, նշում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի առկայության և նշված վեճերի ու քրեական մեղադրանքի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու պայմաններում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 2011թ. հունվարի 10-ի որոշմամբ վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2010թ. որոշումը և երաշխավորվել է դիմողի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը` պատասխանողը գտնում է, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության միջոցները, ուստի միջնորդում է քննության առարկա գործի վարույթը կարճել:

 

5. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից սահմանադրական դատարան դիմելու կարգը սահմանված է ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածով:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն. Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող է դիմել «...յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը»:

 Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով սահմանված իրավակարգավորումը խարսխված է այն տրամաբանության վրա, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց խախտված իրավունքները, նախևառաջ, պետք է պաշտպանեն ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում: Ըստ այդմ, ՀՀ օրենսդրությունը որպես սահմանադրական դատարան դիմելու նախապայման սահմանել է դատական պաշտպանության միջոցներն սպառելու պարտականություն և վերջնական դատական ակտի առկայության պահանջ:

Գործի նյութերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վերանայելով իր որոշումը` հիմք է ստեղծել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` դիմողի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար: Իսկ դիմողի փաստարկները հիմնականում վերաբերում են ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի բուն բովանդակությանը, որն իրավաչափորեն նախատեսում է, որ «Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին», այլ այդ նորմի այնպիսի կիրառմանը, որն արգելափակել էր դատարանի մատչելիության իր իրավունքի իրացումը, ինչը ՀՀ վճռաբեկ դատարանի 10.01.2011թ. որոշմամբ երաշխավորվել է:

Նշված հանգամանքը հաշվի առնելով` սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործը քննության ընդունելու համար հիմք հանդիսացած վերջնական դատական ակտի` ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2010թ. որոշման վերանայման և իրավական ուժը կորցնելու պայմաններում այլևս առկա չէ սահմանադրական դատարանում գործի քննության համար անհրաժեշտ նախապայման հանդիսացող վերջնական դատական ակտը, դրանով իսկ դիմողի համար դեռևս չեն սպառվել դատական պաշտպանության միջոցները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

29 մարտի 2011 թ.
ՍԴՈ-946