Գլխավոր տեղեկություն
Номер
N 174-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.03.2011-15.09.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.09/15(818) Հոդ.245
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.03.2011
Дата вступления в силу
19.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 174-Ն

 

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԿԱՅՔԸ ՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ԿԱՅՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման և արխիվացման ժամկետների սահմանման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 4
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 17-ի N 174-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԿԱՅՔԸ ՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ԿԱՅՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` հրապարակային ծանուցում հրապարակող անձ) կողմից հրապարակային ծանուցումը (այսուհետ` հայտարարություն) ինտերնետով հրապարակելու պայմանները և արխիվացման ժամկետները:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ինտերնետով հրապարակային ծանուցումը տեղադրվում է azdarar.am կայքում (այսուհետ` կայք):

3. Հայտարարություն հրապարակող անձինք հայտարարության տեքստն էլեկտրոնային տեսքով (էլեկտրոնային կրիչի միջոցով) սահմանված ձևաչափով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` գործակալություն):

4. Երևան քաղաքում համապատասխան հայտարարությունը փոխանցում են գործակալության կենտրոնական գրասենյակ, իսկ մարզերում՝ գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին:

5. Յուրաքանչյուր անձ կարող է բաժանորդագրվել կայքում` նշելով իր էլեկտրոնային փոստի հասցեն և ստանալ հրապարակային ծանուցումների մասին անվճար տեղեկատվություն:

6. Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հայտարարության հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում հայտարարությունը պետք է ներկայացվի գործակալություն ոչ ուշ, քան սահմանված ժամկետից երկու աշխատանքային օր առաջ: Հայտարարությունը կայքում հրապարակվում է կայքը վարող անձի կողմից հայտարարությունն ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

7. Հայտարարության բովանդակության համար պատասխանատու է հրապարակային ծանուցում հրապարակող անձը:

8. Հայտարարությունը ենթակա չէ հրապարակման, եթե օրենքով արգելված է նման բովանդակությամբ հայտարարության հրապարակումը:

9. Կայքում տեղադրված ծանուցումները կայքում պահպանվում են երկու տարի ժամկետով, որից հետո դրանք արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ հրապարակային ծանուցման հրապարակման համար հրապարակային ծանուցում հրապարակող անձը կայքի համապատասխան պատուհանում մուտքագրում է էլեկտրոնային ստորագրության մուտքի անունը, գաղտնաբառը, անձնագրի սերիան, սոցիալական քարտի համարը, լրացնում է կայքում առկա անհրաժեշտ տեղեկատվական դաշտերը և, անհրաժեշտության դեպքում, կցում է նաև այլ տեղեկատվություն: Հրապարակային ծանուցումը հանձնելիս՝ հրապարակային ծանուցում հրապարակող անձին տրվում է հրապարակային ծանուցման նույնականացման համար:

11. Սույն կարգի 10-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարությունը փոխանցվում է կայքը վարող աշխատողին, ով ստուգում է էլեկտրոնային թվային ստորագրության վավերականությունը, ինչպես նաև սահմանված ձևաչափին համապատասխանությունը և, դրանց վավեր լինելու դեպքում, համապատասխան օգտվողի անվամբ և գաղտնաբառի միջոցով ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը տեղադրում է կայք-էջի համապատասխան բաժնում:

 12. Հայտարարությունը համարվում է ներկայացված հրապարակային ծանուցում հրապարակող անձի էլեկտրոնային փոստին, որը լրացվում է հայտարարությունը մուտք անելիս, նրա կողմից հայտարարության ընդունման մասին հաստատում ստանալու պահից:

13. Հայտարարությունը հրապարակային ծանուցում հրապարակող անձի կողմից չեղարկվելու դեպքում կայքի համապատասխան բաժնում լրացնում է հայտ, մուտք է անում էլեկտրոնային ստորագրության մուտքի անունը, գաղտնաբառը, անձնագրի սերիան, սոցիալական քարտի համարը և չեղարկվող հրապարակային ծանուցման նույնականացման համարը:

14. Հայտարարությունը չեղարկված է համարվում հրապարակային ծանուցում հրապարակող անձի էլեկտրոնային փոստին չեղարկման հաստատման մասին համապատասխան նամակ ստանալուց հետո:

 

III. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

15. Հրապարակային ծանուցումը կարող է հրապարակվել նաև էլեկտրոնային տեսքով (էլեկտրոնային կրիչի միջոցով), եթե այն չի գերազանցում 5 էջը` համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշման N 2 հավելվածի ձևաչափի:

16. Էլեկտրոնային տեսքով (էլեկտրոնային կրիչի միջոցով) հրապարակային ծանուցումը հրապարակելու դեպքում հրապարակային ծանուցում հրապարակող անձը գործակալության համապատասխան աշխատողին ներկայացնում է հրապարակային ծանուցում պարունակող էլեկտրոնային կրիչը: Էլեկտրոնային կրիչն ստանալուց հետո գործակալության համապատասխան աշխատողը տպում է հրապարակային ծանուցումը, որի համապատասխանությունն ստուգելուց հետո հրապարակային ծանուցում հրապարակող անձն ստորագրում է դրա յուրաքանչյուր էջի վրա և վերադարձնում գործակալության համապատասխան աշխատողին:

17. Գործակալության համապատասխան աշխատողն էլեկտրոնային կրիչի մեջ գտնվող հրապարակային ծանուցումը մուտք է անում էլեկտրոնային համակարգ և այն փոխանցում կայքը վարողին:

18. Հայտարարությունը մուտք անելուց հետո գործակալության համապատասխան աշխատողը հրապարակային ծանուցում հրապարակող անձին է տալիս նույնականացման համար:

19. Կայքը վարողը համապատասխան օգտվողի անվամբ և գաղտնաբառի միջոցով պարտավոր է ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունը տեղադրել կայք-էջի համապատասխան բաժնում:

20. Հայտարարությունը հրապարակային ծանուցում հրապարակող անձի կողմից չեղարկվելու դեպքում վերջինս գործակալության համապատասխան աշխատողին ներկայացնում է հայտարարությունը չեղարկելու մասին դիմում և նույնականացման համարը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 
 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 17-ի N 174-Ն որոշման

 

Է Լ Ե Կ Տ Ր Ո Ն Ա Յ Ի Ն  Ձ ԵՎ Ա Չ Ա Փ

 

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում, հայտարարություն տվող անձի կողմից ներկայացվող հրապարակային ծանուցման (այսուհետ` հայտարարություն) տեքստը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշման N 2 հավելվածի ձևաչափին:

 

II. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԱԼԳՈՐԻԹՄԸ

 

2. Հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից էլեկտրոնային կրիչով ներկայացվող հայտարարության տեքստը պետք է ներկայացվի էլեկտրոնային ձևաչափով` համաձայն ձևի:

3. Հայտարարության տեքստային մասը պետք է մուտքագրված լինի հայերենով և յունիկոդ (unicode) տառաշարով:

4. Հայտարարությունը և հայտարարությանը կից ներկայացվող բոլոր տեքստային նյութերը ներկայացվում են «doc», «docx» ձևաչափի ֆայլերով: Կից նյութերը կարող են ներկայացվել «doc», «docx», «xls», «xlsx», «pdf», «jpg», «png», «gif» ձևաչափի ֆայլերով, իսկ այլ տեսակի ձևաչափերով նյութեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում նյութերը ներկայացվում են արխիվացված տեսքով՝ «zip» ձևաչափով:

 

 III. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Գործակալության ծրագրային համակարգերը, ծրագրային միջոցներն ու ծառայությունների մատուցման գործընթացները պետք է հնարավորություն ունենան ապահովելու հայտարարություն ներկայացնողի անհատական տվյալների գաղտնիության և այլ տեղեկատվության պատշաճ ֆիզիկական ու էլեկտրոնային պաշտպանվածությունը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

Ձև

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖՈՐՄԱՏ

 

1.

Հայտատուի տվյալները

Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը և անձնագրային տվյալները, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և իրավաբանական անձի լրիվ անվանումը:

2.

Հայտարարության իրավական հիմքը

Այն իրավական ակտը, որով սահմանված է հայտարարություն ներկայացնելու պահանջը:

3.

Հայտարարության անվանումը

Պետք է պարունակի իրավական ակտով սահմանված հայտարարության անվանումը:

4.

Հայտարարության տեքստը

Ներկայացվում է իրավական ակտով նախատեսված հայտարարության բովանդակությունը, իսկ եթե հայտարարության բովանդակությունը գերազանցում է 1000 նիշը, ապա այս տողում լրացվում է հայտարարության համառոտ բովանդակությունը, իսկ հայտարարության ամբողջական տեքստը ներկայացվում է կից նյութի տեսքով՝ սահմանված ձևաչափերով:

5.

Նշումներ հայտարարությանը կցվող նյութերի մասին

Նշվում են տեղեկություններ հայտարարությանը կցված նյութերի քանակի և ձևաչափերի մասին:

6.

Հայտարարության արդիականության ժամկետը

Սահմանում է հայտարարությունը ներկայացնողը:

7.

Հայտարարությունը տալու իրավասություն ունեցող անձի տվյալները

Հայտարարությունը տալու իրավասություն ունեցող անձի անունը, ազգանունը, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և իրավաբանական անձի դեպքում՝ զբաղեցրած պաշտոնը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.08.2012, N 1074-Ն 15.09.2012, N 174-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան