ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ3/0105/05/10 |
Դատավոր՝ Ա. Պողոսյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արարատ և Դոնախանում Սեդրակյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 08.07.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Արարատ, Դոնախանում Սեդրակյանների ընդդեմ Անուշ, Արարատ, Հենրիկ Սեդրակյանների (օրինական ներկայացուցիչ Վրույր Սեդրակյան), երրորդ անձինք ՀՀ Արարատի մարզի Շաղափի գյուղապետարանի (այսուհետ՝ Գյուղապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)` քաղվածքը և պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արարատ և Դոնախանում Սեդրակյանները պահանջել են Անուշ, Արարատ, Հենրիկ Սեդրակյանների մասով անվավեր ճանաչել 23.03.2000 թվականի ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղական համայնքի տնտեսության թիվ 2 գրքից թիվ 122 գրանցման քաղվածքը և ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող 0,076 հա տնամերձ հողամասի և 119,3 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ 01.07.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 23.03.2000 թվականի ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղական համայնքի տնտեսության թիվ 2 գրքից թիվ 122 գրանցման քաղվածքի` 1.200 քմ մակերեսով հողամասի և ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող 0,076 հա տնամերձ հողամասի նկատմամբ 01.07.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման մասով, իսկ 119,3 քմ մակերեսով բնակելի տան մասով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արարատ և Դոնախանում Սեդրակյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ հոդվածները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 23-րդ, 24-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ 1991 թվականին իրականացված սեփականաշնորհման գործընթացին Արարատ Սեդրակյանի ընտանիքը /տնտեսությունը կամ ծուխը/ մասնակցել է չորս անդամներով, իսկ Անուշ, Արարատ, Հենրիկ Սեդրակյաններն այդ գործընթացին չեն մասնակցել այն պարզ պատճառով, որ այդ ժամանակ դեռևս ծնված չեն եղել, հետևաբար չէին կարող հանդիսանալ վիճելի տան համասեփականատերեր:
Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա մի շարք ապացույցները, մասնավորապես` Արարատի մարզի Շաղափի գյուղապետի 10.06.2010 թվականի թիվ 005 տեղեկանքը, որի համաձայն` վիճելի բնակելի տունը կառուցվել է 1985-1990 թվականներին, ինչպես նաև այն հանգամանքը, որ տնամերձ հողամասն ու բնակելի տունը մեկ գույքային միավոր են, որոնց գրանցման միակ հիմքը եղել է 23.03.2000 թվականի քաղվածքը:
Ավելին, Դատարանը չի գնահատել Արարատի մարզի Շաղափի գյուղապետի 22.04.2010 թվականի թիվ 361 տեղեկանքը, որում հստակ նշված է, որ վիճարկվող քաղվածքը տրվել է թյուրիմաբացար ոչ ճիշտ տվյալներով, դրանում նշվել են այլ անձանց անուններ:
Դատարանը հայցի մասնակի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճելի բնակելի տան սեփականաշնորհումը պետք է կատարվեր «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի ուժով` անտեսելով այն հանգամանքը, որ նշված բնակելի տունը համայնքին հանձնված ֆոնդի բնակարան չէ, այլ ՀՀ նախկին քաղաքացիական օրենսգրքի 106-րդ հոդվածի ուժով հանդիսանում է անձնական սեփականություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 08.07.2010 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Գործում առկա ծննդյան վկայականների համաձայն` Անուշ Վրույրի Սեդրակյանը ծնվել է 20.10.1992 թվականին, Արարատ Վրույրի Սեդրակյանը` 23.01.1995 թվականին, իսկ Հենրիկ Վրույրի Սեդրակյանը` 05.10.1996 թվականին (գ.թ. 51-53)։
2) 23.03.2000 թվականի ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղական համայնքի տնտեսության թիվ 2 գրքից թիվ 122 գրանցման քաղվածքի համաձայն` Արարատ Սեդրակյանի անվամբ գրանցված է 1.200 քմ մակերեսով տնամերձ հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն` օժանդակ շինություններով: Ընտանիքի կազմում են Արարատ, Դոնախանում, Վրույր, Անուշ, Արարատ և Հենրիկ Սեդրակյանները (գ.թ. 11)։
3) 01.07.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 822141 վկայականի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղական համայնքի տնտեսության թիվ 2 գրքից թիվ 122 գրանցման քաղվածքի հիման վրա ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող 0,076 հա տնամերձ հողամասի և 119,3 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ 01.07.2003 թվականին գրանցվել է Արարատ, Դոնախանում, Վրույր, Անուշ, Արարատ և Հենրիկ Սեդրակյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (գ.թ. 10)։
4) Կադաստրին հասցեագրված ՀՀ Արարատի մարզի Շաղափի գյուղապետի 22.04.2010 թվականի գրության համաձայն` 01.07.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցման հիմք հանդիսացող համայնքի տնտեսության թիվ 2 գրքից թիվ 122 գրանցման քաղվածքը թյուրիմացաբար տրվել է ոչ ճիշտ` դրանում նշվել են նաև այլ անձանց տվյալներ: Ուստի, ներկայացվում է ճշտված քաղվածքը և խնդրվում սեփականության վկայականում կատարել համապատասխան ուղղում (գ.թ. 64)։
5) 22.04.2010 թվականի ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղական համայնքի տնտեսության թիվ 1 գրքից թիվ 91 գրանցման քաղվածքի համաձայն` Արարատ Սեդրակյանի անվամբ գրանցված է 1.200 քմ տնամերձ հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն` օժանդակ շինություններով: Ընտանիքի կազմում են Արարատ, Դոնախանում, Վարդան և Վրույր Սեդրակյանները (գ.թ. 9)։
6) ՀՀ Արարատի մարզի Շաղափի գյուղապետի 10.06.2010 թվականի թիվ 005 տեղեկանքի համաձայն` Շաղափ գյուղի բնակիչ Արարատ Սեդրակյանի երկհարկանի տունը կառուցվել է 1985-1990 թվականներին, տնամերձ հողամասը նա ստացել է շատ վաղուց, իսկ այն սեփականաշնորհվել է Շաղափի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 10.04.1991 թվականի թիվ 2 որոշմամբ (գ.թ. 63)։
7) Գործում առկա չէ ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող 119,3 քմ մակերեսով բնակելի տունը պետական, հանրային կամ համայնքային բնակարանային ֆոնդի կազմում ընդգրկված լինելու վերաբերյալ որևէ ապացույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը։
Սույն գործով Դատարանն արձանագրել է, որ ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղում բնակելի տների սեփականաշնորհման գործընթացը կարող էր իրականացվել միայն «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի հիման վրա և պատճառաբանելով, որ թեև գործի գրավոր ապացույցների կազմում առկա չէ վկայակոչված օրենքի 11-րդ հոդվածի 1-2-րդ մասերի ուժով կայացված համայնքի ղեկավարի համապատասխան իրավական ակտը` Արարատ, Դոնախանում, Վրույր, Անուշ, Արարատ և Հենրիկ Սեդրակյանների անվամբ բնակելի տունը սեփականաշնորհելու մասին, գտել է, որ այնուամենայնիվ վերջիններիս ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը տնամերձ հողամասի ու բնակելի տան նկատմամբ գրանցվել է վիճելի քաղվածքի հիման վրա, ինչը կարող է վկայել այն հանգամանքի մասին, որ տվյալ բնակելի տան սեփականաշնորհումը փաստացի տեղի է ունեցել: Հետևաբար, Արարատ, Դոնախանում Սեդրակյանների և նրանց որդիներ Վրույր և Վարդան Սեդրակյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ծագել է միայն Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող տնամերձ հողամասի նկատմամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող 119,3 քմ մակերեսով բնակելի տունը կառուցվել է 1985-1990 թվականներին: Կադաստրին հասցեագրված ՀՀ Արարատի մարզի Շաղափի գյուղապետի 22.04.2010 թվականի գրության համաձայն` 01.07.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցման հիմք հանդիսացող համայնքի տնտեսության թիվ 2 գրքից թիվ 122 գրանցման քաղվածքը թյուրիմացաբար տրվել է ոչ ճիշտ` դրանում նշվել են նաև այլ անձանց տվյալներ: Ուստի, ներկայացվում է ճշտված քաղվածքը և խնդրվում սեփականության վկայականում կատարել համապատասխան ուղղում, իսկ 22.04.2010 թվականի ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղական համայնքի տնտեսության թիվ 1 գրքից թիվ 91 գրանցման քաղվածքի համաձայն` Արարատ Սեդրակյանի անվամբ գրանցված է 1.200 քմ տնամերձ հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն` օժանդակ շինություններով: Ընտանիքի կազմում են Արարատ, Դոնախանում, Վարդան և Վրույր Սեդրակյանները:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն անտեսել է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ ՀՀ Արարատի մարզի Շաղափ համայնքի ղեկավարն ընդունել է 23.03.2000 թվականի գյուղական համայնքի տնտեսության թիվ 2 գրքից թիվ 122 գրանցման քաղվածքը սխալմամբ տալու հանգամանքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 23.03.2000 թվականի ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղական համայնքի տնտեսության թիվ 2 գրքից թիվ 122 գրանցման քաղվածքը տրվել է, իսկ դրա հիման վրա ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող 119,3 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ Անուշ, Արարատ, Հենրիկ Սեդրակյանների 01.07.2003 թվականի սեփականության իրավունքի պետական գրացումը կատարվել է օրենքի խախտմամբ, հետևաբար, դրանք ենթակա են անվավեր ճանաչման։
Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղում բնակելի տների սեփականաշնորհման գործընթացը կարող էր իրականացվել միայն «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի հիման վրա, հետևաբար բնակելի տան նկատմամբ ծագել է Արարատ, Դոնախանում, Վրույր, Անուշ, Արարատ և Հենրիկ Սեդրակյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը սույն գործով կիրառելի չէ հետևյալ պատճառանությամբ.
«Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 29.06.1993 թվականին, ուժի մեջ մտել 01.09.1993 թվականին, ուժը կորցրել է 04.01.2007 թվականին) համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բնակարանային ֆոնդի և հանրային բնակարանային ֆոնդի և համայնքային բնակարանային ֆոնդի (բնակելի տների և այլ շինությունների բնակելի տարածությունների) սեփականաշնորհման հիմնական դրույթները, կարգավորում սեփականության հարաբերությունների ձևափոխման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները, ինչպես նաև ապահովում բնակարանային ֆոնդի արդյունավետ օգտագործումն ու պահպանումը:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման օբյեկտ են հանդիսանում`
ա) պետական (նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների տնօրինության տակ գտնվող), հանրային (նախկին կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող), ինչպես նաև համայնքային (օրենսդրությամբ համայնքներին հանձնված պետական բնակարանային ֆոնդ) ֆոնդի բնակարանները (այսուհետ` բնակարանային ֆոնդ).
բ) բնակելի տունը ամբողջությամբ` ներառյալ կից կառույցները, նկուղները և ընդհանուր օգտագործման տարածքները, որոնք նախատեսված են բնակելի տան տարածքի հատակագծով:
Սույն գործում առկա չէ վիճելի տունը պետական, հանրային կամ համայնքային բնակարանային ֆոնդի կազմում ընդգրկված լինելու վերաբերյալ որևէ ապացույց:
Հաշվի առնելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող բնակելի տունը չէր կարող սեփականաշնորհվել «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի ուժով, քանի որ այդ օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհման իրավահարաբերությունները, և այդ օրենքի համաձայն` սեփականաշնորհման օբյեկտ են հանդիսանում պետական, հանրային, ինչպես նաև համայնքային ֆոնդի բնակարաններն ու բնակելի տները, իսկ վիճելի տունը նշված բնակարանային ֆոնդում ընդգրկված չէ:
Այսպիսով, Արարատ և Դոնախանում Սեդրակյանների վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ, 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 08.07.2010 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել` Արարատ և Դոնախանում Սեդրակյանների հայցը բավարարել` Անուշ, Արարատ, Հենրիկ Վրույրի Սեդրակյանների մասով անվավեր ճանաչել 23.03.2000 թվականի ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղական համայնքի տնտեսության թիվ 2 գրքից թիվ 122 գրանցման քաղվածքի` բնակելի տան մասը և ՀՀ Արարատի մարզի Շաղափ գյուղում գտնվող 119,3 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ 01.07.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Անուշ Սեդրակյանից և Արարատ, Հենրիկ Սեդրակյանների օրինական ներկայացուցիչ Վրույր Սեդրակյանից հօգուտ Արարատ և Դոնախանում Սեդրակյանների համապարտության կարգով բռնագանձել 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ՝ |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
|
Վ. Աբելյան | |
ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |