Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.03.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.47
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.03.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
04.03.2011
Дата вступления в силу
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
 ՎԴ2/0205/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ2/0205/05/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Հ. Թորոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արտակ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.08.2010 թվականի վճռի դեմ` ըստ Սևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Արտակ Սարգսյանի` 217.996 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Արտակ Սարգսյանից 217.996 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 17.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերը, 14-րդ հոդվածը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 30.1-րդ հոդվածի 1-ին, 3-րդ պարբերությունները, 34-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ, 24-րդ, 72-րդ հոդվածները, 73-րդ հոդվածի 3-րդ մասը, 83-րդ հոդվածի 8-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասը, 115-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ Քաղաքապետարանի ներկայացրած հայցի դեմ Արտակ Սարգսյանը գրավոր ձևով ներկայացրել է հայցադիմումի պատասխան:

Դատարանն ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության միջոցով և վճիռ է կայացրել այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք սույն գործով որպես վերաբերելի կամ թույլատրելի ապացույցներ չէին կարող դրվել վճռի հիմքում: Մասնավորապես` նշված ապացույցները չէին կարող ճանաչվել որպես վերաբերելի կամ թույլատրելի ապացույցներ առանց ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված հարկվող օբյեկտ հանդիսացող շինության գնահատման և գնահատված կադաստրային արժեքի հիման վրա շինության հարկման բազայի որոշման վերաբերյալ տեղեկանքի:

Դատարանն անուշադրության է մատնել այն հանգամանքը, որ Քաղաքապետարանը չի ներկայացրել համապատասխան ապացույցներ այն մասին, որ սահմանված կարգով Արտակ Սարգսյանին ծանուցել է իր պարտավորությունների մասին:

Դատարանն անհիմն կերպով չի կիրառել հայցային վաղեմություն, որը պարտավոր էր կիրառել:

Անհասկանալի է նաև Դատարանի այն նշումը, որ գործը քննվել է Արտակ Սարգսյանի բացակայությամբ, քանի որ վճռի սկզբնական մասում նշված է` «պատասխանող Ա. Սարգսյանի մասնակցությամբ»:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 17.08.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 28.09.2006 թվականին տրված թիվ 1055498 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Արտակ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանում է Սևանի Ձկնորսների փողոցում գտնվող 0,27հա մակերեսով հողամասը և 607քմ մակերեսով շինությունը (գ.թ. 4):

2) Քաղաքապետարանի 24.06.2010 թվականի թիվ 229330709540105204 տեղեկանքի համաձայն` նշված շինության մասով 2006-2010 թվականների համար գույքահարկի գծով Արտակ Սարգսյանի ունեցած պարտավորությունը 01.01.2010 թվականի դրությամբ կազմում է`

2006 թվական` 11.747 ՀՀ դրամ, որից ապառք` 7.591 ՀՀ դրամ, տույժ` 4.156 ՀՀ դրամ,

2006 թվական` 17.621 ՀՀ դրամ, որից ապառք` 11.387 ՀՀ դրամ, տույժ` 6.234 ՀՀ դրամ,

2007 թվական` 70.482 ՀՀ դրամ, որից ապառք` 45.546 ՀՀ դրամ, տույժ` 24.936 ՀՀ դրամ,

2008 թվական` 70.482 ՀՀ դրամ, որից ապառք` 45.546 ՀՀ դրամ, տույժ` 24.936 ՀՀ դրամ,

2009 թվական` 47.664 ՀՀ դրամ, որից ապառք` 45.546 ՀՀ դրամ, տույժ` 2.118 ՀՀ դրամ,

ընդհանուր` 217.996 ՀՀ դրամ, որից ապառք` 155.616 ՀՀ դրամ, տույժ` 62.380 ՀՀ դրամ (գ.թ. 3):

3) Արտակ Սարգսյանը փոստային առաքման միջոցով 28.07.2010 թվականին Դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որը ստացվել է 02.08.2010 թվականին (գ.թ. 14-15, 17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկերի տեսակներից մեկն էլ գույքահարկն է:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները` հաշվառող մարմինները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա երեք տարիների և փոխադրամիջոցների ընթացիկ տարվա գույքահարկի գումարները:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է գույքահարկի գծով պարտավորությունների նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի կիրառելիության հարցին և արձանագրել, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է գույքահարկի հաշվարկման երկու սուբյեկտ` ֆիզիկական անձ և հաշվառող մարմին: Այդ իսկ պատճառով, նշված հոդվածի համաձայն, օրենսդիրը սահմանել է գույքահարկ հաշվառող մարմնի պարտականությունը` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնելու սահմանված կարգով իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա հաստատված ձևի գույքահարկի վճարման ծանուցագրեր: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացրել է հարկային տեսչությունը, իսկ հետագայում` 21.06.2002 թվականից «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` համայնքի ղեկավարը: Գույքահարկի պարտքի առկայությունը 1999-2002 թվականների ժամանակաշրջանի համար օրենքի ուժով պարտավորության գոյացման ժամանակ պարտավոր էր հայտնաբերել հարկային տեսչությունը, իսկ հետագայում` տեղական ինքնակառավարման մարմինը: Հետևաբար, սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը (տե´ս, ըստ հայցի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի ընդդեմ Ենոք Ղազարյանի` գույքահարկը բռնագանձելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշումը, քաղաքացիական գործ թիվ 3-1772 (ՎԴ)):

Մինչդեռ, սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է գույքահարկի պարտավորության առկայությունը` առանց անդրադառնալու և քննարկման առարկա դարձնելու «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի կիրառելիության հարցը:

 

Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ Արտակ Սարգսյանը սույն գործով հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, ինչպես նաև դատաքննությանը չի մասնակցել և հայցի դեմ չի առարկել, ինչից հետևում է, որ ընդունել է Քաղաքապետարանի վկայակոչած փաստերը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Արտակ Սարգսյանը փոստային առաքման միջոցով 28.07.2010 թվականին Դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխան, որը ստացվել է 02.08.2010 թվականին: Այսինքն` Դատարանը չի անդրադարձել հայցադիմումի պատասխանով բերված փաստարկներին և չի գնահատել դրանք:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.08.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ