ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/1043/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1043/05/09 2010 թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան | |
Դատավորներ` Ա. Սարգսյան |
|
Ք. Մկոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 03.06.2010 թվականի վճռի դեմ` ըստ «Արմենմոտոր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Գյուղապետարանի, երրորդ անձ Նախարարության` Ընկերության` Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430հա մակերեսով հողատարածքի` ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը (վճարումը նշված որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով) ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճանաչել Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430հա մակերեսով հողատարածքի` ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը` վճարումը նշված որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով:
ՀՀ վարչական դատարանի 29.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.12.2009 թվականի որոշմամբ Նախարարության վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է ՀՀ վարչական դատարանի 29.07.2009 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 03.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Նախարարությունը և Գյուղապետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2.1. Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 61.1-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների (գների) 2005 թվականի չափերը սահմանելու մասին» թիվ 879-Ն որոշման (այսուհետ նաև` Որոշում) 4-րդ կետը (ուժը կորցրել է ՀՀ կառավարության 16.02.2006 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 168-Ն որոշմամբ), որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 1-ին մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, 68-րդ հոդվածի 1-ին մասը, 113-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Որոշումն իրավունքների ծագման օրենքով նախատեսված ընդհանուր իրավական դաշտից զատ նախատեսում է դրանց ծագման հատուկ իրավական ռեժիմ, որի էությունը կայանում է նրանում, որ գործադիր մարմինը Որոշմամբ թվարկված սուբյեկտներին հնարավորություն է ընձեռում որոշակի կոնկրետ պայմանների պահպանման պայմաններում ազատ կամքի արտահայտությամբ դրա ուժի մեջ մտնելու պահից 6-ամսյա ժամկետում կնքել իրենց կողմից վարձակալած հողամասերի ուղղակի վաճառքի պայմանագրեր:
Միաժամանակ, օրենսդիրն այդ հատուկ իրավական ռեժիմի գործողության ժամանակահատվածում ընդունած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով ըստ էության վաղաժամկետ` մինչև 6-ամսյա ժամկետի լրանալը, դադարեցրել է այդ հատուկ իրավական ռեժիմի գործողությունը, քանի որ այդ օրենքով նշված սուբյեկտների սեփականության իրավունքներն իրենց կողմից զբաղեցրած հողամասերի նկատմամբ ճանաչվել են առանց որևէ նախապայմանների, բոլորի համար պարտադիր կերպով և առանց կամաարտահայտության հնարավորության:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի և Որոշման 4-րդ կետի միջև առկա է հակասություն, և առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի համաձայն` գործում է նշված օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը: Փաստորեն, 26.11.2005 թվականից սկսած` Որոշման 4-րդ կետը հակասել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին, և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի ուժով, 26.11.2005 թվականից սկսած, այդ կետը չի գործել` չի ունեցել իրավաբանական ուժ, և դրանով իսկ վաղաժամկետ` մինչև Որոշմամբ նախատեսված 6-ամսյա ժամկետը լրանալը, դադարեցվել է Որոշմամբ նախատեսված սուբյեկտների` իրենց կողմից զբաղեցրած հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հատուկ իրավական ռեժիմի գործողությունը:
Միաժամանակ, եթե նույնիսկ 26.11.2005 թվականից հետո Ընկերության և Գյուղապետարանի կողմից կնքվեր Որոշմամբ նախատեսված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, ապա այն կնքման պահից արդեն իսկ լինելու էր առարկայազուրկ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետից և 561-րդ հոդվածից հետևում է, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի առարկան տվյալ դեպքում կլիներ Գյուղապետարանի պարտավորությունն Ընկերությանը հանձնել հողամաս, իսկ Ընկերության պարտավորությունը` ընդունել այդ հողամասը և դրա համար վճարել որոշակի գումար: Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժով նշված կնքվելիք պայմանագրով հանձնման ենթակա հողամասն արդեն իսկ հանձնված կլիներ Ընկերությանը սեփականության իրավունքով, հետևաբար նշված պայմանագիրը կլիներ առարկայազուրկ և կնքման պահից վիճահարույց:
Բացի այդ, Որոշման 4-րդ կետի բովանդակությունից ակնհայտ է, որ դրանում նշված կադաստրային գները կիրառվում էին երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում` 6-ամսյա ժամկետում հողերի ուղղակի վաճառքի դեպքերում: Մինչդեռ, սույն գործով Ընկերությունը 6-ամսյա ժամկետում միայն դիմել է Գյուղապետարան և ոչ թե կնքել է հողի ուղղակի վաճառքի պայմանագիր: Ավելին, Ընկերության դիմելու պահին` 12.01.2006 թվականին, Որոշման 4-րդ կետն արդեն իսկ հակասում էր «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին և չէր գործում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 03.06.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել:
2.2. Գյուղապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է Որոշման 4-րդ կետը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Որոշմամբ և ՀՀ կառավարության 13.10.2005 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 879-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ իրավունքների իրացման համար ամրագրված ժամանակահատվածը սահմանափակում էր դատական կարգով բաց թողնված ժամկետի վերականգնումը, քանի որ դրանք հղում չեն պարունակում այն մասին, որ ամրագրված ժամկետի բացթողումը հնարավոր է ճանաչել հարգելի: Նշվածի իրավական հիմք է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունը:
Դատարանը սխալ է կիրառել Որոշման պահանջները, քանի որ Ընկերության հայցադիմումի ներկայացման պահին հասարակական-արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների իրավական կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կարգավորվում էին «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված նորմի տառացի մեկնաբանությունից ակնհայտ է, որ այն սուբյեկտները, որոնց օրենսդիրը սեփականության իրավունքով օբյեկտի ձեռքբերման հնարավորություն է ընձեռել, և որոնք Որոշմամբ սահմանված սեփականության իրավունքով օբյեկտի ձեռք բերման 6-ամսյա ժամկետը բաց են թողել, հնարավորություն ունեն իրենց իրավունքները գրանցել օրենքի ուժով` պահպանելով օրենսդրի կողմից առաջադրվող պայմանը, այն է` այդ հողամասերի օտարումից հետո ձեռքբերողը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 03.06.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել:
2.3. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Ընկերության կողմից հողատարածքների օտարման համար Գյուղապետարան դիմելու պահին` 12.01.2006 թվականին, Որոշման 4-րդ կետը դեռևս ուժի մեջ է եղել։ Ընդ որում, Ընկերության կողմից թիվ 24 և 25 վճարման հանձնարարագրերով կատարվել էին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հողատարածքների կադաստրային արժեքների վճարումները:
Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշումներով 6-ամսյա ժամկետը սահմանելիս չի նշվել` այդ ժամկետը դիմումների ընդունման, թե սեփականաշնորհման համար անհրաժեշտ գումարների վճարման համար է, Ընկերության կողմից Գյուղապետարան դիմում ներկայացնելը, ինչպես նաև Որոշմամբ սահմանված գների վճարման գործողությունները լիովին օրինական են և տեղավորվում են ՀՀ կառավարության որոշումների գործողության ժամկետների մեջ:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ընկերությունը 12.01.2006 թվականի թիվ ԿՊ-01/004 և ԿՊ-01/006 գրություններով դիմել է Գյուղապետարան` Որոշման հիման վրա Ընկերության կողմից անհատույց օգտագործման իրավունքով Փարաքար-Թաիրով գյուղում զբաղեցրած Հատուկ տեխնոլոգիական սարքերի գործարանի համապատասխանաբար 2,525հա և 5,525հա մակերեսներով հողատարածքների օտարման պայմանագրեր կնքելու համար (հատոր 1-ին, գ.թ. 4-5):
2) Ընկերության կողմից 27.01.2006 թվականի թիվ 24 և թիվ 25 վճարման հանձնարարագրերով Որոշմամբ հողի սեփականաշնորհման համար կատարվել են համապատասխանաբար 1.381.250 ՀՀ դրամի և 631.250 ՀՀ դրամի վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 9):
3) ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետի 30.01.2006 թվականի թիվ 50/1 գրությամբ Ընկերությունը տեղեկացվել է, որ Որոշման և ՀՀ կառավարության 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշման հավելվածներում Ընկերությունը նշված է միայն Երևանի Խորենացու թիվ 28 հասցեում գտնվող 3,9333հա մակերեսով հողամասի մասով: Իսկ Փարաքար համայնքում գտնվող Ընկերության մասնաճյուղի վերաբերյալ որևէ տվյալ բացակայում է: Հետևաբար, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման փոխնախարարի` Ընկերությանը հասցեագրված նամակը չի կարող հողի օտարման հիմք հանդիսանալ (հատոր 1-ին, գ.թ. 6):
4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման 08.02.2006 թվականի թիվ 112 գրությամբ` ի պատասխան Ընկերության 06.02.2006 թվականին մուտք եղած թիվ 337 և թիվ 338 դիմումների, հայտնվել է, որ Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող Հատուկ տեխնոլոգիական սարքերի գործարանի զբաղեցրած 2,525հա և 5,525հա մակերեսներով հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը մերժվում է` Որոշմամբ սահմանված 6-ամսյա ժամկետի բացթողնման պատճառով (հատոր 1-ին, գ.թ. 7):
5) Գյուղապետարանի 03.07.2006 թվականի թիվ 1025 տեղեկանքի համաձայն` Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող Ընկերության կողմից վարձակալած 25.250քմ մակերեսով հողատարածքից 24.300քմ մակերեսով հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում (հատոր 1-ին, գ.թ. 8):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով Նախարարության և Գյուղապետարանի վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքները հիմնավոր են մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների (գների) 2005 թվականի չափերը սահմանելու մասին» թիվ 879-Ն որոշման (ուժի մեջ է մտել 30.07.2005 թվականին) մինչև 03.12.2005 թվականը գործող խմբագրությամբ 4-րդ կետով (ուժը կորցրել է ՀՀ կառավարության 16.02.2006 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 168-Ն որոշմամբ) սահմանված էր` նույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` 6-ամսյա ժամկետում նույն որոշման N 4 հավելվածով սահմանված ցանկում ներառված արտադրական նշանակության օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի ուղղակի վաճառքի դեպքերում դրանց կադաստրային գների 2005 թվականի չափերը հաշվարկվում են նույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներով` ըստ տարածագնահատման գոտիների (Երևան քաղաքում) և համայնքների (քաղաքային և գյուղական), սահմանված կադաստրային գների չափերով:
Որոշման 4-րդ հավելվածի «Արտադրական նշանակության օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերի» ցանկի 54-րդ կետով սահմանված էր` «ֆիզ. անձի ազգանունը, անունը, կազմակերպության անվանումը` «Արմենմոտոր» ՓԲԸ, անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն)` ք. Երևան, փ. Խորենացու թիվ 28, հողի մակերեսը (հա)` 3,9333»:
ՀՀ կառավարության 13.10.2005 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 879-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1809-Ն որոշման (ուժի մեջ է մտել 03.12.2005 թվականին) 1-ին կետով սահմանված էր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների (գների) 2005 թվականի չափերը սահմանելու մասին» N 879-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները` 1) որոշման 4-րդ կետը «օբյեկտների» բառից հետո լրացնել «, N 4 հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված կազմակերպությունների` նույն ցանկում չներառված դուստր ընկերությունների, մասնաճյուղերի, արտադրական նշանակության այլ օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում գտնվող գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնաշենքերի, թռչնանոցների, դեզանոցների, չորանոցների, սիլոսի հորերի, պահեստների, կերախոհանոցների, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկերի», իսկ «հատկացված» բառից հետո «, բացառությամբ չկառուցապատված (առանձին միավոր հանդիսացող)» բառերով:
Այսպիսով, ՀՀ կառավարության 13.10.2005 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 879-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ կատարված լրացումների արդյունքում Որոշման 4-րդ կետը 03.12.2005 թվականից ստացել էր հետևյալ խմբագրությունը` նույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` 6-ամսյա ժամկետում նույն որոշման N 4 հավելվածով սահմանված ցանկում ներառված արտադրական նշանակության օբյեկտների, N 4 հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված կազմակերպությունների` նույն ցանկում չներառված դուստր ընկերությունների, մասնաճյուղերի, արտադրական նշանակության այլ օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում գտնվող գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնաշենքերի, թռչնանոցների, դեզանոցների, չորանոցների, սիլոսի հորերի, պահեստների, կերախոհանոցների, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկերի կառուցման և սպասարկման համար հատկացված, բացառությամբ չկառուցապատված (առանձին միավոր հանդիսացող) հողերի ուղղակի վաճառքի դեպքերում դրանց կադաստրային գների 2005 թվականի չափերը հաշվարկվում են նույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներով` ըստ տարածագնահատման գոտիների (Երևան քաղաքում) և համայնքների (քաղաքային և գյուղական), սահմանված կադաստրային գների չափերով:
Նշվածից հետևում է, որ Որոշման 4-րդ կետում նշված հողերի կադաստրային գների 2005 թվականի չափերը Որոշումն ուժի մեջ մտնելու պահից` 6-ամսյա ժամկետում Որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածներով` ըստ տարածագնահատման գոտիների և համայնքների, սահմանված կադաստրային գների չափերով հաշվարկելու համար սահմանված էր նաև որոշակի պայման, այն է` հողերի ուղղակի վաճառքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցներից հետևում է, որ Ընկերությունը 12.01.2006 թվականին դիմել է Գյուղապետարան` Որոշման հիման վրա Ընկերության կողմից անհատույց օգտագործման իրավունքով Փարաքար-Թաիրով գյուղում զբաղեցրած Հատուկ տեխնոլոգիական սարքերի գործարանի 2,525հա և 5,525հա մակերեսներով հողատարածքների օտարման պայմանագրեր կնքելու համար, մինչդեռ Որոշումն ուժի մեջ մտնելու պահից` 6-ամսյա ժամկետում այդ հողերի ուղղակի վաճառքի մասին որևէ թույլատրելի ապացույց սույն գործում առկա չէ:
Սույն գործով Դատարանն Ընկերության հայցը բավարարելիս եզրահանգել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ Ընկերությունն ունեցել է իրավունք` իրեն Փարաքար համայնքում հատկացված 2,430հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի դեպքում դրա կադաստրային գների չափերը հաշվարկել Որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածներով` Որոշմամբ սահմանված ըստ տարածագնահատման գոտիների` Փարաքար համայնքի համար սահմանված կադաստրային գնի չափով:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հողերի ուղղակի վաճառքի մասին ապացույցի բացակայության պայմաններում Որոշմամբ սահմանված կադաստրային գների չափերն Ընկերության նկատմամբ կիրառելի չեն:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով ` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 03.06.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` «Արմենմոտոր» ՓԲԸ-ի հայցը մերժել:
2. «Արմենմոտոր» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
3. «Արմենմոտոր» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|