ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ5/0546/05/09 |
Նախագահող դատավոր՝ Էդ. Նահապետյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ֆելիքս Սարգսյանի իրավահաջորդ Լաուրա Սարգսյանի, Գոռ Պողոսյանի, Վաղինակ Պողոսյանի իրավահաջորդ Արևհատ Պողոսյանի, Հովսեփ և Անդրանիկ Գալոյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ֆելիքս Սարգսյանի իրավահաջորդ Լաուրա Սարգսյանի, Գոռ Պողոսյանի, Վաղինակ Պողոսյանի իրավահաջորդ Արևհատ Պողոսյանի, Հովսեփ և Անդրանիկ Գալոյանների ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք ՀՀ Շիրակի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան), «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Համալսարան)` պետական գրանցման միասնական 1-2 մատյանի թիվ 000002 համարի տակ 15.04.2002 թվականին Մարզպետարանի սեփականության իրավունքի գրանցումը մասնակի` ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կապի նախարարությանը թողնված 350 քմ մակերեսով բնակելի շինության մասով, անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք Մարզպետարանի և Համալսարանի միջև 23.04.2002 թվականին կնքված նվիրաբերության պայմանագիրը մասնակի՝ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կապի նախարարությանը թողնված 350 քմ մակերեսով բնակելի շենքի մասով, անվավեր ճանաչելու և Գյումրու Տիգրան Մեծի պողոտա թիվ 1 հասցեով Համալսարանի` 02.05.2002 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի` ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կապի նախարարությանը թողնված 350 քմ մակերեսով բնակելի շինության մասով, անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ֆելիքս Սարգսյանի իրավահաջորդ Լաուրա Սարգսյանը, Գոռ Պողոսյանը, Վաղինակ Պողոսյանի իրավահաջորդ Արևհատ Պողոսյանը, Հովսեփ և Անդրանիկ Գալոյանները պահանջել են մասնակի` ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կապի նախարարությանը թողնված 350 քմ մակերեսով բնակելի շինության մասով, անվավեր ճանաչել պետական գրանցման միասնական 1-2 մատյանի թիվ 000002 համարի տակ 15.04.2002 թվականի Մարզպետարանի սեփականության իրավունքի գրանցումը և որպես անվավերության հետևանք մասնակի՝ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կապի նախարարությանը թողնված 350 քմ մակերեսով բնակելի շենքի մասով, անվավեր ճանաչել Մարզպետարանի և Համալսարանի միջև 23.04.2002 թվականին կնքված նվիրաբերության պայմանագիրը և մասնակի` ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կապի նախարարությանը թողնված 350 քմ մակերեսով բնակելի շինության մասով, անվավեր ճանաչել Գյումրու Տիգրան Մեծի պողոտա թիվ 1 հասցեով Համալսարանի` 02.05.2002 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.05.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ֆելիքս Սարգսյանի իրավահաջորդ Լաուրա Սարգսյանը, Գոռ Պողոսյանը, Վաղինակ Պողոսյանի իրավահաջորդ Արևհատ Պողոսյանը, Հովսեփ և Անդրանիկ Գալոյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համալսարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին կետը, 163-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ բնակարանային օրենսգրքի 104-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 81 և 10.01.2001 թվականի թիվ 15 որոշումները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 81 և 10.01.2001 թվականի թիվ 15 որոշումները սույն գործով չեն վիճարկվել, այլ բողոքարկվել են նշված որոշումները չկատարելու, սխալ կատարելու գործողությունները: Դատարանը մի դեպքում հաստատված է համարել, որ ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 81 որոշմամբ 2.050 քմ շինություն է Մարզպետարանի հաշվեկշիռ փոխանցվել, իսկ 350 քմ թողնվել է ՀՀ կապի նախարարության հաշվեկշռում, մյուս դեպքում էլ օրինաչափ է համարել Մարզպետարանի իրավունքի գրանցումը ոչ մի փաստաթղթում չնշված 3.131 քմ տարածքի նկատմամբ: Դատարանը չի պարզաբանել, թե ինչով է արդարացված ավել մակերեսի գրանցումը:
Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ մեկ հասցեի տակ Մարզպետարանի սեփականության իրավունքը գրանցվել է երկու շենքի նկատմամբ, բացի այդ ՀՀ կառավարության 10.01.2001 թվականի թիվ 15 որոշման մեջ շենք, մակերես, մակերեսի չափ հասկացությունների մասին խոսք չկա: Որոշմամբ հստակ շարադրված է, որ Մարզպետարանին ընդամենը տրվել է նրա տնօրինության ներքո գտնվող նախկին փոստատան շենքի վերակառուցման և հետագա տնօրինման իրավունքի թույլտվություն, իսկ ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 81 որոշմամբ Մարզպետարանին փոխանցվել էր ընդամենը 2.050 քմ, որից ավել Մարզպետարանը տնօրինելու իրավունք չի ունեցել:
Դատարանը չի պատճառաբանել, թե ինչու իրավունքի պետական գրանցման հիմք չպետք է հանդիսանար ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 81 որոշումը, որտեղ հստակ գրված է պետական գույքից Մարզպետարանի հաշվեկշիռ փոխանցվող գույքի մակերեսը, որի հիման վրա Մարզպետարանն այդ չափով շինություն է ընդունել հաշվեկշիռ:
Դատարանը չի պարզաբանել, թե ինչու գույքը Մարզպետարանի հաշվեկշիռ ընդունելիս որպես հիմք ցույց է տրվել ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 81 որոշումը, իսկ պետական գրանցում կատարելիս՝ ՀՀ կառավարության 10.01.2001 թվականի թիվ 15 որոշումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 18.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն իր գույքը տնօրինել է իր հայեցողությամբ։ Ավելին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2003 թվականի թիվ 3-1261 գործով կայացված վճռով Գյումրու Տիգրան Մեծի 1ա հասցեում գտնվող կապի հանգույցի հանրակացարանի շենքը ճանաչվել է տիրազուրկ, և հանձնվել է Գյումրու քաղաքապետարանին` որպես սեփականություն։
Գործում առկա ապացույցներից «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի 21.11.2003 թվականի տեղեկանքը տրվել է ոչ իրավասու անձի կողմից, այն է` «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի հեռահաղորդակցության հյուսիս-արևմտյան մասնաճյուղի տնօրենի կողմից, որը ՀՀ կապի նախարարության իրավասու անձ չէ: Ինչ վերաբերում է Ֆելիքս Սարգսյանի, Վաղինակ Պողոսյանի և Հովսեփ Գալոյանի հանրակացարանային միասնական օրդերներին, ապա դրանք նախկինում գործող ՀՀ օրենսդրությամբ նախատեսված փաստաթուղթ չեն, ավելին` Անդրանիկ Գալոյանն ու Գոռ Պողոսյանն անգամ այդ օրդերը չունեն։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ժողովրդական դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 17.04.1981 թվականի թիվ 5 միասնական օրդերի համաձայն` Վաղինակ Պողոսյանին որպես հանրակացարան տրվել է Թբիլիսյան խճուղի թիվ 59 տան 1-ին մուտքի 1-ին հարկի թիվ 5 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 14):
2) Ժողովրդական դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 17.04.1981 թվականի միասնական օրդերի համաձայն` Հովսեփ Գալոյանին որպես հանրակացարան տրվել է Թբիլիսյան խճուղի թիվ 59 տան 1-ին մուտքի 1-ին հարկի թիվ 1 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 15):
3) Ժողովրդական դեպուտատների Լենինականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 17.04.1981 թվականի թիվ 6 միասնական օրդերի համաձայն` Ֆելիքս Սարգսյանին որպես հանրակացարան տրվել է Թբիլիսյան խճուղի թիվ 59 տան 1-ին մուտքի 1-ին հարկի թիվ 6 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 16):
4) ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի «Հայաստանի Հանրապետության աղետի գոտում որոշ օբյեկտների հետագա սոցիալ-մշակութային նշանակությամբ օգտագործման մասին» թիվ 81 որոշման 2-րդ կետով որոշվել է Հայաստանի Հանրապետության նախարարությունների տնօրինության տակ գտնվող շենքերը և շինությունները հանձնել համապատասխան մարզպետարանների տնօրինությանը` համաձայն թիվ 2 հավելվածի: Նույն որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի «Մարզպետարանների տնօրինությանը հանձնվող Հայաստանի Հանրապետության նախարարությունների ենթակայության շենքերի և շինությունների» ցանկի 5-րդ կետի համաձայն` ՀՀ կապի նախարարության տնօրինությամբ Գյումրի քաղաքում 2.400 քմ մակերեսով կապի հանգույցի շենքից 2.050 քմ տարածք հանձնվել է Մարզպետարանին (նախատեսվող բնույթը` դպրոց), իսկ 350 քմ տարածք հանձնվել է ՀՀ կապի նախարարությանը (նախատեսվող բնույթը` հեռախոսակայան) (հատոր 1-ին, գ.թ. 47-48):
5) ՀՀ Շիրակի մարզպետի կողմից 22.01.1999 թվականին հաստատված ակտի համաձայն` 18.01.1999 թվականին հանձնաժողովը` նախագահությամբ ՀՀ Շիրակի փոխմարզպետի, անդամակցությամբ մարզպետարանի անշարժ գույքի կադաստրի բաժնի վարիչի, ֆինվարչության պետի, շինարարության վարչության պետի, կրթության վարչության պետի, առողջապահության վարչության պետի տեղակալի, գլխավոր հաշվապահի և գլխավոր ճարտարապետի, կազմել են ակտ այն մասին, որ ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 81 որոշման հիման վրա Գյումրու կապի հանգույցի շենքը 2.050 քմ մակերեսով ընդունվել է Մարզպետարանի հաշվեկշիռ (հատոր 1-ին, գ.թ. 23):
6) ՀՀ կառավարության 10.01.2001 թվականի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման լրացուցիչ միջոցառումների իրականացման մասին» թիվ 15 որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի օբյեկտների (համաձայն հավելվածի) վերակառուցման և հետագա տնօրինման իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով նախատեսված պայմաններով փոխանցելու նպատակով կազմակերպել համապատասխան անձանց ընտրություն, ընտրված սուբյեկտների հետ սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը: Որոշմամբ հաստատված հավելվածի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վերակառուցման ենթակա օբյեկտների» ցանկի 2-րդ կետում նշվել է Տիգրան Մեծի 1 հասցեում գտնվող Մարզպետարանի տնօրինության տակ գտնվող «Նախկին փոստատան շենքը» (հատոր 1-ին, գ.թ. 46):
7) ՀՀ Շիրակի մարզպետը 08.04.2002 թվականի գրությամբ Կադաստրի պետին հայտնել է, որ «Անհրաժեշտ է կատարել Գյումրու Տիգրան Մեծի 1` ընդհանուր մակերեսը 3.131,82 քմ ամրացման ենթակա նախկին փոստատան շենքի պետական գրանցումը, որպես ՀՀ Շիրակի մարզպետարանի անշարժ գույք և տալ սեփականության վկայական: Պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը կատարվելու են ՀՀ կառավարության 10.01.2001 թվականի թիվ 15 որոշման և ՀՀ Շիրակի մարզպետի 04.01.2002 թվականի թիվ 01 կարգադրության համաձայն ընտրված «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվի կողմից» (հատոր 2-րդ, գ.թ. 2):
8) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 15.04.2002 թվականի թիվ 519202 վկայականի համաձայն` ՀՀ կառավարության 10.01.2001 թվականի թիվ 15 որոշման հիման վրա Գյումրու Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող (նախկին փոստատան շենք) 2.012,02 քմ մակերեսով շենքի, 698,98 քմ մակերեսով նկուղի, 420,82 քմ մակերեսով շինության (բնակելի մասնաշենքի) նկատմամբ գրանցվել է Մարզպետարանի սեփականության իրավունքը, իսկ 0,185852 հա մակերեսով հողամասի նկատմամբ` օգտագործման իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 26-27):
9) Անշարժ գույքի նվիրաբերության 23.04.2002 թվականի պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ Շիրակի մարզպետի, Գյումրու Տիգրան Մեծի թիվ 1 հասցեով նախկին փոստատան 3-րդ աստիճանի վթարային, եռահարկ շենքը (շենքի ընդհանուր մակերեսը` 2.012,02 քմ, նկուղ` 698,98 քմ, շինություններ` 420,82 քմ, օգտագործման իրավունքով հատկացված հողամաս` 1.858,52 քմ) նվիրաբերել է Համալսարանին (հատոր 1-ին, գ.թ. 28-30):
10) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 02.05.2002 թվականի թիվ 519310 վկայականի համաձայն` անշարժ գույքի նվիրաբերության 23.04.2002 թվականի թիվ 1-1723 պայմանագրի հիման վրա Գյումրու Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող 2.012,02 քմ մակերեսով շենքի, 698,98 քմ մակերեսով նկուղի, 420,82 քմ մակերեսով շինության (բնակելի մասնաշենքի) նկատմամբ գրանցվել է Համալսարանի սեփականության իրավունքը, իսկ 0,185852 հա մակերեսով հողամասի նկատմամբ` վարձակալության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 32-3):
11) «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ հեռահաղորդակցության Հյուսիս-Արևմտյան տարածքի տնօրենի 21.11.2003 թվականի թիվ 0-088 տեղեկանքի համաձայն` ՀՀ կապի նախարարության տնօրինության տակ գտնվող Գյումրու կապի հանգույցի նախկին շենքի 2.400 քմ ընդհանուր տարածքից ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 81 որոշմամբ 2.050 քմ հատկացվել է Մարզպետարանին, նույն շենքի մնացած 350 քմ բնակելի տարածքը Թբիլիսյան խճուղի 59 հասցեով չի հանձնվել Մարզպետարանին և թողնվել է ՀՀ կապի նախարարությանը` հաշվի առնելով այն, որ 1978 թվականից մինչ օրս նշված տարածքում միասնական օրդերով և գրանցումով բնակվում են հանգույցի աշխատակիցները (հատոր 1-ին, գ.թ. 31):
12) Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 02.10.2008 թվականի թիվ 1-03/5232 գրության համաձայն` 18.01.1999 թվականի համապատասխան ակտով Գյումրի քաղաքի նախկին կապի հանգույցի շենքը 2.050 քմ մակերեսով Մարզպետարանի հաշվեկշիռ է ընդունվել` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 81 որոշումը (հատոր 2-րդ, գ.թ. 48):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը։
Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ կառավարության 10.01.2001 թվականի թիվ 15 որոշումը վերաբերել է ոչ թե առանձին մակերեսներին, այլ ամբողջ շենքին: Նշված որոշման կայացումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ամբողջ շենքի սեփականատեր հանդիսացել է պետությունը, որը որպես սեփականատեր իրացրել է իր` գույքի սեփականատիրոջ իրավազորությունը:
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի «Հայաստանի Հանրապետության աղետի գոտում որոշ օբյեկտների հետագա սոցիալ-մշակութային նշանակությամբ օգտագործման մասին» թիվ 81 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի «Մարզպետարանների տնօրինությանը հանձնվող Հայաստանի Հանրապետության նախարարությունների ենթակայության շենքերի և շինությունների» ցանկի 5-րդ կետի համաձայն` ՀՀ կապի նախարարության տնօրինությամբ Գյումրի քաղաքում 2.400 քմ մակերեսով կապի հանգույցի շենքից 2.050 քմ տարածք հանձնվել է Մարզպետարանին, իսկ 350 քմ տարածք` ՀՀ կապի նախարարությանը: ՀՀ Շիրակի մարզպետի կողմից 22.01.1999 թվականին հաստատված ակտով ՀՀ կառավարության վերը նշված որոշման հիման վրա Գյումրու կապի հանգույցի շենքը 2.050 քմ մակերեսով ընդունվել է Մարզպետարանի հաշվեկշիռ: ՀՀ կառավարության 10.01.2001 թվականի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման լրացուցիչ միջոցառումների իրականացման մասին» թիվ 15 որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի օբյեկտների (համաձայն հավելվածի) վերակառուցման և հետագա տնօրինման իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով նախատեսված պայմաններով փոխանցելու նպատակով կազմակերպել համապատասխան անձանց ընտրություն, ընտրված սուբյեկտների հետ սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը: Որոշմամբ հաստատված հավելվածի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վերակառուցման ենթակա օբյեկտների» ցանկի 2-րդ կետում նշվել է Տիգրան Մեծի 1 հասցեում գտնվող Մարզպետարանի տնօրինության տակ գտնվող «Նախկին փոստատան շենքը»: Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 15.04.2002 թվականի թիվ 519202 վկայականի համաձայն` ՀՀ կառավարության 10.01.2001 թվականի թիվ 15 որոշման հիման վրա Գյումրու Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող (նախկին փոստատան շենք) 2.012,02 քմ մակերեսով շենքի, 698,98 քմ մակերեսով նկուղի, 420,82 քմ մակերեսով շինության (բնակելի մասնաշենքի) նկատմամբ գրանցվել է Մարզպետարանի սեփականության իրավունքը, իսկ 0,185852 հա մակերեսով հողամասի նկատմամբ` օգտագործման իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 10.01.2001 թվականի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման լրացուցիչ միջոցառումների իրականացման մասին» թիվ 15 որոշմամբ Մարզպետարանին է անցել միայն նրա տնօրինության տակ գտնվող անշարժ գույքը, այն է՝ ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 81 որոշմամբ ՀՀ կապի նախարարության տնօրինությամբ Գյումրի քաղաքում 2.400 քմ մակերեսով կապի հանգույցի շենքի միայն 2.050 քմ տարածքը, որն էլ ՀՀ Շիրակի մարզպետի կողմից 22.01.1999 թվականին հաստատված ակտով ընդունվել է Մարզպետարանի հաշվեկշիռ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 10.01.2001 թվականի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման լրացուցիչ միջոցառումների իրականացման մասին» թիվ 15 որոշումը:
Բացի այդ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի թ) կետի համաձայն`անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործն իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի առանձին միավորների նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող հետևյալ փաստաթղթերը`անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքները և այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող փաստաթղթեր:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը չի պարզել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը կամ փոխանցումը հաստատող ինչպիսի փաստաթղթի հիման վրա է Գյումրու Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող (նախկին փոստատան շենք) ընդհանուր առմամբ 2.432,84 քմ մակերեսով շինությունների և 698,98 քմ մակերեսով նկուղի նկատմամբ 15.04.2002 թվականին գրանցվել Մարզպետարանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ ՀՀ կառավարության 09.02.1998 թվականի թիվ 81 որոշմամբ Մարզպետարանին հանձնվել է միայն 2.050 քմ տարածք:
Վճռաբեկ բողոքի պատասխանում վկայակոչված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար`«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.05.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ՝ |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
|
Վ. Աբելյան | |
ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|