Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.03.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.13
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.03.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
04.03.2011
Дата вступления в силу
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0045/04/09

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0045/04/09

2011 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան

Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

                  Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

 

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ դիմումի Սարգիս Ամիրխանյանի և մյուսների` «Ջեներալ Տրանսուորլդ» Մ.Ք. ՓԲԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2010 թվականի որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սարգիս Ամիրխանյանը և մյուսները պահանջել են Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 03.03.2010 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ։

Դատարանի 21.06.2010 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.10.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.06.2010 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի որոշմամբ չեն խախտվել բողոք բերած անձի իրավունքները, քանի որ Դատարանը պահանջների վերջնական ցուցակը հաստատել է` հիմք ընդունելով նաև նրա ներկայացրած առարկությունները, որպիսի պայմաններում բացակայում է բողոք բերած անձի որևէ սուբյեկտիվ իրավունքի խախտում: Մինչդեռ, սնանկության վարույթն ընդհանրապես և բողոքարկվող որոշումը` մասնավորապես, վերաբերում են Ընկերության իրավունքներին և առավելապես պարտականություններին, քանի որ Դատարանի որոշումը, որը ենթադրաբար հանգեցնելու է սնանկ ճանաչված Ընկերության գույքի վաճառքի, չի կարող չվերաբերել Ընկերության իրավունքներին և պարտականություններին:

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել նաև վերաքննիչ բողոքի սահմաններից: Վերաքննիչ բողոքի հիմքը վերաբերել է նրան, որ Դատարանն իրավասու չէր հաստատելու պարտատերերի վերջնական ցուցակը մասնակի` մի քանի պարտատերերի մասով, իսկ հետագայում հաստատել նաև մեկ այլ վերջնական ցուցակ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով այդ հիմքին, մերժել է բողոքը դրա հիմքերի հետ կապ չունեցող հիմքով, որպիսին է Ընկերության` բողոքարկված որոշման դեմ բողոք բերելու իրավունքի բացակայությունը:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2010 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` պահանջների վերջնական ցուցակի հաստատումն ամբողջությամբ մերժելու մասին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1. Ընկերության սնանկության գործով կառավարիչը 26.05.2010 թվականին դատարան է ներկայացրել իր կողմից կազմված պարտատերերի պահանջների նախնական ցուցակը, որում ընդգրկվել էին 86 պարտատեր (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 2)։

2. Դատարանը 21.06.2010 թվականի որոշմամբ բավարարել է Ընկերության սնանկության գործով կառավարչի միջնորդությունը, որով վերջինս խնդրել էր պարտատերերի նախնական ցուցակում ներառված տասը պահանջների վերաբերյալ կառավարչի, պարտապանի և պարտատերերի կողմից առարկություն չներկայացնելու հետևանքով հաստատել հիշյալ պահանջների մասով Ընկերության պարտատերերի պահանջների նախնական ցուցակը` որպես վերջնական ցուցակ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 52, 57-61)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

Նույն օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը, առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

Սույն գործով Դատարանը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատել է պահանջների մի մասով, քանի որ պահանջների մյուս մասի դեմ ներկայացվել էին առարկություններ, որոնք դեռևս քննարկման փուլում էին: Ընկերությունը բողոքարկել է Դատարանի 21.06.2010 թվականի «Ջեներալ Տրանսուորլդ» Մ.Ք. ՓԲԸ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումն այն հիմքով, որ Դատարանն իրավասու չէր մասնակի հաստատելու պարտատերերի վերջնական ցուցակն այն դեպքում, երբ մյուս պահանջները դեռևս քննարկման փուլում էին:

Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ բողոքարկվող որոշմամբ չեն խախտվել Ընկերության իրավունքները, քանի որ Դատարանը պահանջների վերջնական ցուցակը հաստատել է` հիմք ընդունելով նաև վերջինիս ներկայացրած առարկությունները, որպիսի պայմաններում բացակայում է նրա որևէ սուբյեկտիվ իրավունքի խախտում:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը չի կարող չառնչվել պարտապանի` տվյալ դեպքում Ընկերության իրավունքներին, քանի որ այն պարունակում է հենց Ընկերության գույքից բավարարում ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկը, ուստի Ընկերությունը համարվում է շահագրգիռ անձ, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի հիմքով օժտված է դատարան դիմելու իրավունքով: Բացի այդ, Ընկերության այդ իրավունքն ուղղակիորեն ամրագրված է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասում, որը որևէ բացառություն չի անում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը բողոքարկելու համար:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում բարձրացված այն հարցին, որ Դատարանն իրավասու չէր մասնակի հաստատելու պարտատերերի վերջնական ցուցակն այն դեպքում, երբ մյուս պահանջները դեռևս քննարկման փուլում էին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է և բխում է սնանկության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության իմաստից: Մասնավորապես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլուխը կարգավորում է պարտատերերի պահանջների հետ կապված հարցերը, իսկ նույն օրենքի 46-րդ հոդվածը կարգավորում է այդ պահանջների հաստատման կարգը: Նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ պահանջների նախնական ցուցակը մամուլում հրապարակելուց հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարչի, պարտապանի և պարտատերերի նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չներկայացնելու դեպքում դատարանը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու է որոշում կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին` իսկ նման առարկությունների ներկայացման դեպքում` այդ առարկությունների քննարկման արդյունքում է դատարանը որոշում կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Այսինքն` բոլոր դեպքերում դատարանը պարտավոր է կայացնել որոշում նախնական ցուցակում ընդգրկված բոլոր պարտատերերի մասով, և օրենքը չի նախատեսում պարտատերերի վերջնական ցուցակը մասնակի հաստատելու հնարավորություն:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը պետք է կայացվի ներկայացված բոլոր առարկությունների քննարկման արդյունքում, որով պետք է անդրադառնալ նախնական ցուցակում ընդգրկված բոլոր պարտատերերի պահանջների հաստատման կամ մերժման հարցերին:

 

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի 08.10.2010 թվականի որոշմամբ Ընկերությունը զրկվել է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված իր իրավունքները դատական կարգով պաշտպանելու իրավունքից։

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան