Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-943
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.09/15(818) Հոդ.240
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
25.02.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
25.02.2011
Дата вступления в силу
25.02.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

25 փետրվարի 2011 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ս. ԱՍԱՏՐՅԱՆԻ ԵՎ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 426.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 12-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողների ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Կ. Մեժլումյանի,

պատասխանող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Ս.Ասատրյանի և Ա.Մանուկյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործը։

Գործի քննության առիթը քաղաքացիներ Ս.Ասատրյանի և Ա.Մանուկյանի համապատասխանաբար՝ 02.07.2010թ. և 15.12.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

Հաշվի առնելով, որ քաղ. Ս.Ասատրյանի և Ա.Մանուկյանի դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը վերաբերում են նույն հարցին, սահմանադրական դատարանի 11.01.2011թ. ՍԴԱՈ-1 աշխատակարգային որոշմամբ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն, նշված գործերը միավորվել են դատարանի նույն նիստում քննելու համար:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը, վիճարկվող նորմերը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի 426.3-րդ հոդվածը կրում է «Դատական ակտերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր երևան եկած հանգամանքների հետևանքով» վերտառությունը: Այդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 1-ին մասի 4-րդ կետը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերի վերանայման հիմք է նախատեսում այն դեպքը, երբ.

« ... ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածը կրում է «Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով» վերտառությունը: Այդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքներով դատական ակտերը, ի թիվս այլ դեպքերի, վերանայվում են, երբ.

« ... Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքը հակասահմանադրական է ճանաչել ամբողջությամբ կամ մի մասով»:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի հունիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2006 թվականի հունիսի 14-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 1-ին:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածը կրում է «Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա (անհատական դիմումների քննություն)» վերտառությունը: Այդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 12-րդ մասը սահմանում է.

«12. Սույն հոդվածում նշված գործերով օրենքի՝ դիմողի կողմից վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում դիմողի նկատմամբ կիրառված վերջնական դատական ակտը օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման»:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը քննելով թիվ 1-15/2007 քրեական գործը` Յու. Գ. Վոլֆսոնին և Ս. Վ. Ասատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, նշանակելով պատիժ՝ ազատազրկման ձևով, համապատասխանաբար՝ 11 տարի և 9 տարի ժամկետով: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերվել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գործը քննել է լրիվ ծավալով և 18.06.2008թ. կայացրել դատավճիռ՝ Յու. Գ. Վոլֆսոնի նկատմամբ սահմանելով 6 տարի ազատազրկման ձևով պատժաժամկետ, իսկ Ս.Վ. Ասատրյանի վերաբերյալ կայացված դատավճիռը թողել է անփոփոխ: 21.11.2008թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված հիմնավորումներով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոհիշյալ դատավճռի դեմ բերվել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2008թ. թիվ ՎԲ-82/08 որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 28.07.2009թ. ՍԴՈ-818 որոշումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2.1-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին, Ս.Վ. Ասատրյանը 11.08.2009թ. նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որն իր 25.09.2009թ. թիվ ՎԲ-28/09 որոշմամբ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի և 414.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` վերադարձրել է վճռաբեկ բողոքը:

Ս. Ասատրյանը հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 15.04.2008թ. ՍԴՈ-751, 22.12.2009թ. ՍԴՈ-849 և 23.02.2010թ. ՍԴՈ-866 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ խնդրելով նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 25.09.2009թ. թիվ ՎԲ-28/09 որոշումը: ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2010թ. թիվ ՎԲ-08/10 որոշումով վճռաբեկ բողոքը վերադարձվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այն հիմքով, համաձայն որի` նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են այն դեպքում, երբ « ... Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքը հակասահմանադրական է ճանաչել», և փաստել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը առկա չէ:

Դիմողներից Ա.Մանուկյանը հիմք ընդունելով ԵԿԴ/0106/01/08 քրեական գործով իր նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի 02.04.2010թ. ՍԴՈ-872 որոշումը, համաձայն որի` վերոհիշյալ նորմերը ճանաչվել էին Սահմանադրությանը համապատասխանող՝ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում, 28.04.2010թ. դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ ԵԿԴ/0106/01/08 գործով «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 19.05.2009թ. որոշումը նոր երևան եկած հանգամանքով կամ նոր հանգամանքով վերանայելու խնդրանքով: Վճռաբեկ դատարանը 07.06.2010թ. որոշմամբ մերժել է վերոհիշյալ գործով վերանայման վարույթ հարուցել այն հիմքով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 02.04.2010թ. ՍԴՈ-872 որոշումը «նոր հանգամանք» կամ «նոր երևան եկած հանգամանք» չէ, և որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի « ... նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքը հակասահմանադրական է ճանաչել»:

 

3. Դիմող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթները, «այնքանով, որքանով վերջնական դատական ակտի վերանայման հիմք չեն նախատեսում կիրառված նորմի սահմանադրականության հարցը լուծող սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում արտահայտած իրավական դիրքորոշման հետ չհամընկնող մեկնաբանությամբ որոշումը», հակասում են Սահմանադրության 18, 19 և 101-րդ հոդվածների պահանջներին: Նույնպիսի հիմնավորմամբ դիմող կողմը վիճարկում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի սահմանադրականությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականությունը դիմող կողմը վիճարկում է այնքանով, որքանով այդ հոդվածի նորմերով «որպես նոր հանգամանք դատական ակտի վերանայման հիմք չի համարվում այն դեպքը, երբ վիճարկվող օրենքը (օրենքի դրույթը) նախկինում կիրառվել է սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշման հետ չհամընկնող մեկնաբանությամբ», հետևաբար` հակասում է ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19-րդ հոդվածներին: Ըստ դիմող կողմի` այդ հակասությունը կայանում է նրանում, որ թեև սահմանադրական դատարանի բազմաթիվ որոշումներով հաստատվում է դատարանի կողմից կիրառված օրենքի դրույթի համապատասխանությունը Սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման շրջանակներում, սակայն նաև փաստվում է (ուղղակի կամ անուղղակի), որ այդ նորմերը դատարանի կողմից կիրառվել են տրամագծորեն այլ մեկնաբանությամբ, որը չի բխել Սահմանադրության համապատասխան դրույթներից: Այսինքն` ակնհայտ է դառնում, որ խախտվել է անձի անմիջականորեն գործող սահմանադրական իրավունքը, սակայն սահմանադրական դատարանի նման որոշումը չի դառնում անձի իրավունքի դատական պաշտպանության արդյունավետ միջոց, քանի որ հիմք չի հանդիսանում նոր հանգամանքի ուժով դատական ակտը վերանայելու, իրավունքի խախտումը վերացնելու համար, ինչի արդյունքում խախտված իրավունքը չի վերականգնվում: Մինչդեռ սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասն իրավական հետևանքներ է առաջացնում և պետք է նոր հանգամանք դիտվի: Հակառակ դեպքում, ինչպես գտնում է դիմող կողմը, կարող է հարվածի տակ դրվել նաև ՀՀ իրավական և քաղաքական անվտանգությունը, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ Սահմանադրությանը համապատասխանող օրենքի դրույթները դատարանների կողմից կմեկնաբանվեն և կկիրառվեն այլ՝ Սահմանադրությանը հակասող իմաստով: Դատական ակտերի վերանայման բացակայության առկա իրավակարգավորման պայմաններում, ինչպես նշում է դիմող կողմը, չի ապահովվում սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լիարժեք կատարումը՝ անձի սահմանադրական արդարադատության իրավունքի իրացումը դարձնելով «ինքնանպատակ և ոչ արդյունավետ»: Միաժամանակ, դիմող կողմը պնդում է, որ վեճի առարկա իրավանորմերը ձևակերպված են այնքան անորոշ, որ իրավակիրառական պրակտիկայում հանգեցրել են դրանց այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որ խախտվում են ՀՀ Սահմանադրության 18, 19 և 101-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները:

 

4. Առարկելով դիմող կողմի փաստարկների դեմ` պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ սահմանադրական դատարանը վիճարկվող նորմի սահմանադրականության գնահատման արդյունքում կայացնում է միայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված որոշումներից մեկը, որոնցից միայն վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշումը գործի վերանայման համար կարող է նոր հանգամանք լինել:

Նման իրավակարգավորումը, ինչպես փաստում է պատասխանողը, բնորոշ է մի շարք պետությունների օրենսդրությանը (Էստոնիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Լատվիա և այլն):

Վերոնշյալ նույնպիսի հիմնավորումներով պատասխանող կողմը փաստարկում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի սահմանադրականության վերաբերյալ պատասխանող կողմը հայտնում է այն տեսակետը, համաձայն որի` դիմող կողմը «վիճարկվող իրավադրույթների հակասահմանադրականության վերաբերյալ որևէ փաստարկ չի ներկայացրել և սահմանափակվել է միայն ընդհանուր բնույթի դատողություններով»:

Միաժամանակ, պատասխանող կողմը միջնորդում է սույն գործով վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի մասով կարճել:

 

5. Ուսումնասիրելով վիճարկվող նորմերի սահմանադրականության վերաբերյալ դիմող և պատասխանող կողմերի դիրքորոշումները և ներկայացված փաստարկները` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի մասով գործը կարճելու հիմքեր չկան, հետևաբար, այն ենթակա է քննության ամբողջ ծավալով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանի 15.04.2008թ. ՍԴՈ-751 որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր «այն մասով, որով սահմանափակվում է նոր հանգամանքների հիմքով այն անձանց իրավունքների վերականգնման հնարավորությունը, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման և տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը»:

Փաստելով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ հոդվածում ՍԴՈ-751 որոշումից բխող անհրաժեշտ փոփոխություններ դեռևս չեն կատարվել, միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 14-րդ մասի և 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքերով օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի առնչությամբ գործի վարույթը ենթակա է կարճման:

 

6. Սույն գործով իրավանորմերի սահմանադրականության վիճարկման հիմքում դիմող կողմը, ըստ էության առաջադրում է հետևյալ խնդիրները.

ա/ ինչպիսի՞ն են սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների էությունն ու բովանդակությունը,

բ/ ինչպիսի՞ն են իրավական դիրքորոշումների իրավաբանական ուժը և այդ դիրքորոշումներով պայմանավորված իրավական հետևանքները՝ նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման առումով:

Վերոհիշյալ հարցադրումների շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատել` ելնելով.

- ՀՀ սահմանադրական դատարանի` որպես ՀՀ իրավակարգում Սահմանադրության գերակայությունն ու անմիջական գործողությունն ապահովող մարմնի լիազորությունների սահմանադրաիրավական բովանդակությունից,

- սահմանադրական դատարանի որոշումների, որպես հանրային-իրավական բնույթի վեճերով օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանն ուղղված նորմատիվ ակտերի, իրավաբանական ուժի և ՀՀ իրավահամակարգում դրանց ունեցած տեղի և դերի իրավական բովանդակությունից,

- սահմանադրական դատարանի որոշումների, դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումների, որպես իրավունքի (այդ թվում՝ ճյուղային) զարգացման կարևոր աղբյուրի միասնական իրավաընկալման անհրաժեշտությունից,

- իրավասուբյեկտների (այդ թվում՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների) կողմից սահմանադրական դատարանի որոշումների, ներառյալ՝ դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումների պարտադիր կատարման (դատական բողոքարկման շրջանակներում դրանց՝ որպես նոր հանգամանք դիտարկելու) պայմանների հստակեցման անհրաժեշտությունից,

- ՀՀ իրավական պրակտիկայում ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների նկատմամբ ձևավորված մոտեցումներից,

- սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների պարտադիր կատարմանն ուղղված իրավապայմանների՝ օրենքով հետագա երաշխավորման անհրաժեշտությունից:

Ելնելով սույն գործով դիմումների առարկայից` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում իր որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների կիրառելիության սահմանադրականությունը գնահատել հիմք ընդունելով իրավական նորմերի սահմանադրականության որոշման գործերով (վերացական, ինչպես նաև անհատական դիմումներով) ընդունվող որոշումների առանձնահատկությունները:

 

7. Սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի և դրա առանձնահատկությունների բովանդակությանը դատարանն անդրադարձել է իր բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-652, ՍԴՈ-665 և այլն): Վերահաստատելով այդ խնդրի առնչությամբ արտահայտած իր իրավական դիրքորոշումները, ելնելով նաև սահմանադրական արդարադատական մարմինների ստեղծման ու գործունեության՝ միջազգային պրակտիկայում հաստատագրված գործառութային ու կառուցակարգային սկզբունքներից, ինչպես նաև կոնկրետ լիազորությունների շրջանակներից` ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համապատասխան նորմերի համալիր վերլուծությամբ հատկանշել այն առանձնահատկությունները, որոնց գնահատման արդյունքում է հնարավոր հստակեցնել սույն գործով վիճարկվող նորմերի սահմանադրականությունը:

 

8. ՀՀ սահմանադրական դատարանն օժտված է սահմանադրաիրավական առանձնահատուկ կարգավիճակով, որը պայմանավորված է պետական իշխանության մարմինների համակարգում իր ունեցած տեղով, դերով և դրան համապատասխան լիազորություններով (ՀՀ Սահմանադրության 92 և 100-րդ հոդվածներ): Որպես դատական մարմին բացառապես սահմանադրական դատարանին է իրավասություն վերապահված իրականացնել սահմանադրական արդարադատություն (ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդված): Սահմանադրական դատարանը կոչված է ապահովելու ՀՀ Սահմանադրության գերակայությունն ու անմիջական գործողությունը, որի արդյունքում ընդունում է որոշումներ (եզրակացություններ): Այդ ակտերը ՀՀ իրավական համակարգում ունեն իրենց առանձնահատուկ տեղն ու դերը՝ թե´ բովանդակությամբ, իրավակարգավորիչ նշանակությամբ և թե´ ունեցած իրավական հետևանքների առումներով: Դրանցով կարգավորվող հարաբերությունները վերաբերում են հասարակական կյանքի բոլոր բնագավառներին և իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտներին: Սահմանադրական դատարանի որոշումները ենթակա են կատարման անհապաղ (կամ դատարանի կողմից նախանշված ժամկետներում) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և ենթակա չեն քննարկման (վիճարկման, քննության) պետական, տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի, կազմակերպության կամ անհատի կողմից:

Սահմանադրական դատարանի որոշումն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իր լիազորությունների շրջանակներում ընդունված պաշտոնական գրավոր փաստաթուղթ, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն, սահմանափակումներ, իրավաբանական տեսակետից անվիճարկելի (վերանայման ոչ ենթակա), առանց նախապայմանների, անվերապահ և անհապաղ (եթե այլ ժամկետ չի սահմանվել) կատարման ենթակա նորմատիվ կանոններ, այսինքն՝ վարքագծի կանոններ: Դրանով է պայմանավորված սահմանադրական դատարանի որոշումների նորմատիվ բնույթը, ինչպես նաև այդ ակտերին անմիջականորեն հաջորդող իրավական առանձնահատուկ հետևանքները՝ կապված հակասահմանադրական ճանաչված իրավանորմի իրավաբանական ուժը կորցնելու, սահմանադրական նորմերի մեկնաբանման (իրավական դիրքորոշումների) շրջանակներում իրավանորմը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու, ինչպես նաև սահմանադրաիրավական նշանակություն ունեցող խնդիրներին լուծում ու փաստերին գնահատական տալու հետ (ՀՀ Սահմ. 100-րդ հոդվածի 3-9-րդ կետեր):

Սահմանադրական դատարանի որոշումների իրավաբանական բնույթը` ՀՀ իրավահամակարգում այդ ակտերի տեղի և դերի իմաստավորման տեսանկյունից, կայանում է հետևյալում.

- ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները ՀՀ իրավական ակտերի ստորադասության համակարգում դասված են Սահմանադրությունից և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքից հետո, այդպիսով որոշվում է նաև այդ ակտերի իրավաբանական ուժը: Օրենքները, ինչպես նաև ՀՀ օրենսդրության այլ ակտերը չպետք է հակասեն սահմանադրական դատարանի որոշումներին («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9, 12, 13, 13.1, 14, 15, 16, 17, 18, 19 և 20-րդ հոդվածներ), հետևաբար` սահմանադրական դատարանի որոշումներն իրավական ցանկացած այլ ակտի նկատմամբ ունեն իրավաբանական առավել բարձր ուժ,

- այդ որոշումները որպես դատարանի վերջնական ակտեր ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից, որոնց կատարումը (որպես իրավական ակտ) երաշխավորված է օրենքով և ապահովված է պետական հարկադրանքի ուժով («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդված),

- սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են ՀՀ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդված):

Սահմանադրական դատարանի որոշումների իրավաբանական բնույթն առանձնահատուկ է նաև ՀՀ ընդհանուր և մասնագիտացված դատարանների ակտերի համակարգում: Սահմանադրական դատարանի որոշումների և դատական այլ ակտերի բնույթի, բովանդակության և դրանց իրավաբանական ուժի համեմատական վերլուծությունը վկայում է, որ.

- սահմանադրական արդարադատություն իրականացնելը և այդ գործառույթի շրջանակներում գործով ըստ էության որոշում կայացնելը, ինչպես նշվեց, ՀՀ սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է (ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի երկրորդ մաս և 93-րդ հոդված),

- քննելով սահմանադրական (հանրային-իրավական բնույթի) գործեր` սահմանադրական դատարանը կայացնում է որոշումներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման դատական համակարգի մյուս մարմինների՝ ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարանների կողմից,

- իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելիս, ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 և 63-րդ հոդվածների պահանջներից, սահմանադրական դատարանը գնահատում է նաև արդարադատական (ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների) պրակտիկան, բացահայտելով նաև կիրառվող (այդ թվում՝ դատական պրակտիկայում) օրենքների (դրանց առանձին դրույթների) սահմանադրաիրավական բովանդակությունը՝ զարգացնելով ինչպես սահմանադրական, այնպես էլ ճյուղային իրավունքը,

- իրավական ակտերի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդում են իրավական հետևանքներ (նոր հանգամանքներ), որոնք պարտադիր հանգեցնում են օրենքով սահմանված կարգով դատական ակտերը վերանայելուն,

- սահմանադրական դատարանն իր որոշումներով ըստ էության մեկնաբանում է ՀՀ Սահմանադրությունը,

- սահմանադրական դատարանի որոշումները վիճարկման ենթակա չեն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային որևէ դատարանում:

 Վերոհիշյալ առանձնահատկությունները պայմանավորված են նաև սահմանադրական դատարանի ակտերով կարգավորվող հարաբերությունների սահմանադրաիրավական բովանդակությամբ: Այդ ակտերի` հրապարակման պահից ուժի մեջ մտնելը, ինչպես նաև դրանցում ամրագրված նորմերի երաշխավորված անփոփոխելիությունը (վերջնական լինելը, որպես կանոն` վերանայելի չլինելը) ՀՀ Սահմանադրությամբ նախատեսելը (102-րդ հոդված) կարևորվում է հետևյալ հիմնավորումներով.

- սահմանադրական դատարանի որոշումներով լուծվում են հանրային-իրավական կարևորություն ունեցող այնպիսի գործեր, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ Սահմանադրության նորմերի մեկնաբանման ու կիրառման, իրավական, քաղաքական անվտանգության, հանրային իշխանության անընդհատության (հաջորդայնության), այդ իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իրենց սահմանադրական գործառույթների անվերապահ կատարման, ինչպես նաև օրենքով նրանց վերապահված լիազորությունների սահմանադրականության որոշման հետ, հետևաբար` այդ ակտերում ամրագրված նորմերը ենթակա են անվիճելի և անհապաղ կատարման,

- առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքներով` սահմանադրական դատարանն իր որոշումներով և իր իրավասության շրջանակներում ապահովում է ինչպես անձանց (ֆիզիկական, իրավաբանական) խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնումը, մարդու սահմանադրական իրավունքների անմիջական գործողությունը, այդ իրավունքներով պետության սահմանափակումը (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված), այնպես էլ սահմանադրական կարգի հիմունքների կայունությունը (սահմանադրական օրինականությունը), որով պարտավորեցնում է հանրային իշխանության բոլոր մարմիններին ու պաշտոնատար անձանց ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ կատարելու սահմանադրական դատարանի որոշումների պահանջները, այդ թվում ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններին՝ մեկնաբանելու և կիրառելու օրենքներն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան, ինչպես նաև նոր հանգամանքների հիմքով վերանայելու անձանց նկատմամբ կայացված դատական ակտերը:

 

9. Ելնելով ՀՀ սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի, իր կողմից ընդունվող որոշումների իրավաբանական բնույթի և դրանով պայմանավորված իրավական հետևանքների վերոհիշյալ առանձնահատկություններից` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իր կողմից ընդունված ակտերը, դրանց բնույթն ու իրավաբանական ուժը պետք է ընկալվեն և գնահատվեն, ինչպես և նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունեցող ցանկացած այլ պետական մարմնի պարագայում, «գործառնական և կառուցակարգային կարգավիճակ» համադրության և միասնության մեջ, տվյալ դեպքում՝ ՀՀ Սահմանադրության 92-րդ (2-րդ մաս), 93-րդ, 94-րդ (3-րդ մաս), 100-րդ և 102-րդ հոդվածներում ամրագրված նորմերի և սույն որոշման 8-րդ կետում տրված դրանց մեկնաբանությունների շրջանակներում:

Միաժամանակ, սահմանադրական դատարանի որոշումը, ինչպես և ցանկացած իրավական ակտ, ենթակա է իրավական տեխնիկայի միասնական կանոններին՝ այն առանձնահատկություններով, որոնք սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով, որի նպատակը նաև դրանց միակերպ, ամբողջական ընկալման ապահովումն է անձանց և իրավակիրառող սուբյեկտների կողմից (այդ հիմնախնդրին սահմանադրական դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում՝ ՍԴՈ-630, ՍԴՈ-720, ՍԴՈ-723, ՍԴՈ-780 և այլն):

Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալվեն նաև իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)՝ ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված և որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության և բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով հստակ բացահայտված չէ «իրավական դիրքորոշում» եզրույթի բովանդակությունը: Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման, դրա իրավաբանական ուժի, իրավահամակարգում ունեցած դերի և նորմաստեղծ նշանակության խնդիրներն օրենքով դեռևս լիարժեք կարգավորման չեն ենթարկվել: Սահմանադրական դատարանն իր ընդունած որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում կարևորել է իրավակիրառող սուբյեկտների կողմից սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները պարտադիր հաշվի առնելու հանգամանքը, որպես նաև սահմանադրական արդարադատական միջազգային պրակտիկայում հաստատված կանոն: Այնուամենայնիվ, որպես հանրային-իրավական հարաբերությունների կարգավորման միջոց` իրավական դիրքորոշման ինստիտուտը ներդրված է ՀՀ իրավահամակարգում, մասնավորապես՝ վարչական արդարադատության բնագավառում (Վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մաս) և կիրառվում է ՀՀ սահմանադրական դատարանի պրակտիկայում հատկապես անհատական դիմումի ինստիտուտի ներդրման արդյունքում (2006թ. հուլիսի 1-ից): Ներկայումս ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների իրավական բնույթը որոշ հստակեցում է ստացել նաև ՀՀ Ազգային ժողովի որոշումներում, երբ միջազգային պայմանագրերը վավերացվում են ելնելով ՀՀ սահմանադրական դատարանի ամեն մի կոնկրետ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-652, ՍԴՈ-701, ՍԴՈ-833) անդրադարձել է իր որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների իրավաբանական բնույթին, մասնավորապես նշելով, որ «Սահմանադրական դատարանին է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով իրավունք վերապահված Սահմանադրության դրույթների վերաբերյալ վերջնական իրավական դիրքորոշում ներկայացնել` նորմատիվ ակտերի սահմանադրականությունը գնահատելիս: Այդ իրավական դիրքորոշումների բովանդակությունը սահմանադրական նորմի պաշտոնական մեկնաբանությունն է», «...հակասահմանադրական ճանաչված և տարաժամկետված իրավական նորմերի հետագա կիրառմանը չպետք է մեխանիկական մոտեցում ցուցաբերվի, այլ այն պետք է իրականացվի` հաշվի առնելով տարաժամկետման հիմքում ընկած և օրենքով նախատեսված վերոհիշյալ գերակայություններից ու սահմանադրական հիմնարար սկզբունքներից բխող` սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը, բացառելով նաև հակասահմանադրական ճանաչված դրույթների վերարտադրությունը ցանկացած իրավական ակտում»: Շեշտվել է նաև, որ «...սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկան միարժեք վկայում է, որ սահմանադրական արդարադատության մարմինների որոշումներում Սահմանադրության կամ օրենքի նորմի իրավական բովանդակության բացահայտման (մեկնաբանման) միջոցով արտահայտված իրավական դիրքորոշումները պարտադիր բնույթ ունեն ինչպես իրավակիրառողների, այնպես էլ օրինաստեղծ մարմինների համար»:

ՀՀ սահմանադրական դատարանի պրակտիկան վկայում է, որ իրավական դիրքորոշումներ դատարանն արտահայտում է գործով ըստ էության կայացված, ինչպես նաև գործի քննությունը մերժելու կամ գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումներով («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 60-րդ հոդվածների հիման վրա): Դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, որպես կանոն, բովանդակում են տվյալ գործի լուծման հիմքում դրված իրավական այնպիսի չափորոշիչներ, որոնք վերաբերում են.

- ՀՀ Սահմանադրության նորմերի, միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների, օրենքների, ինչպես նաև օրենսդրության այլ ակտերի (ՀՀ Սահմ. 100-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր) սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը, դրանց սահմանադրական արժեբանությունից բխող ընկալմանն ու կիրառմանը, մարդու սահմանադրական իրավունքների անմիջական գործողության երաշխավորմանը, այդ ամենի արդյունքում` վիճարկվող նորմի (իրավական ակտի) սահմանադրականությունը գնահատելուն,

- իրավակիրառական (այդ թվում՝ արդարադատական) պրակտիկան գնահատելուն և այդ պրակտիկայում ՀՀ Սահմանադրության նորմերը, օրենքները և իրավական այլ ակտերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան կիրառելու անհրաժեշտությանը,

- սահմանադրաիրավական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանն ու փաստերին գնահատական տալուն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները կոչված են իրավակիրառական պրակտիկայում ապահովելու ՀՀ Սահմանադրության առավել ամբողջական և միակերպ ընկալումն ու սահմանադրական օրինականությունը, իրավակիրառական պրակտիկան նպատակամղելու նորմատիվ ակտերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան ընկալելու և կիրառելու ուղղությամբ: Որպես սահմանադրական իրավունքի կարևոր աղբյուր` դրանք սկզբունքային նշանակություն ունեն սահմանադրական դատարանի որոշումներից բխող օրինաստեղծ (նորմաստեղծ) գործունեության համար: Իր որոշումներում բացահայտելով օրենքի (դրա առանձին դրույթների) կամ այլ իրավական ակտերի նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը` սահմանադրական դատարանն արտահայտում է իրավական դիրքորոշումներ, որոնց հիման վրա էլ որոշում է տվյալ նորմերի կամ իրավական ակտի իրավաբանական ուժի հարցը՝ Սահմանադրությանը հակասելու դեպքում ճանաչելով այն անվավեր: Դրանով պայմանավորված` նաև առաջանում է այդ ակտով (նորմերով) նախկինում կարգավորվող իրավահարաբերության հետագա կարգավորման, հետևաբար՝ հանրային իշխանության իրավասու մարմնի իրավաստեղծ (օրինաստեղծ) գործունեության անհրաժեշտություն:

Ելնելով ՀՀ սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի ու իր կողմից ընդունվող որոշումների իրավաբանական ուժի և բնույթի առանձնահատկություններից` սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները.

ա/ անմիջականորեն բխում են սահմանադրական դատարանի լիազորություններից, հետևաբար` կրում են պաշտոնական բնույթ,

բ/ ունեն կոնկրետ իրավական հետևանք, հասցեագրված են ինչպես տվյալ գործով կոնկրետ, այնպես էլ հանրային-իրավական հարաբերությունների բոլոր սուբյեկտներին (համընդգրկուն են),

գ/ ունեն գործողության անսահմանափակ ժամկետ, կարող են փոփոխվել միայն սահմանադրական դատարանի որոշումներով,

դ/ կոչված են ՀՀ իրավահամակարգում և իրավակիրառական պրակտիկայում նպաստելու իրավական անորոշության վերացմանը, դրվում են իրավահարաբերությունների սահմանադրականացման հիմքում, ունեն նախադեպային բնույթ,

ե/ մինչև վեճի առարկա հարաբերության նորմատիվ կարգավորումը, որոշ դեպքերում նաև իրավակարգավորման ժամանակավոր միջոց են,

զ/ ՀՀ Սահմանադրության նորմերի պաշտոնական մեկնաբանություններ են:

 

10. Միջազգային պրակտիկան նույնպես միարժեք վկայում է, որ իրավունքի գերակայության, հետևաբար և` Սահմանադրության գերակայության, երաշխավորման գլխավոր նախապայմանը համապարտադիր, վերջնական և erga omnes բնույթ ունեցող դատական ակտերի կատարման երաշխավորումն է, ակտեր, որոնք իրավական բովանդակությունից զրկվում են առանց դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումները հաշվի առնելու:

Մասնավորապես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առկա նախադեպային իրավունքի (Philis v.Greece, para.59, Golderv.the United Kingdom, paras. 34-36, Hornsby v. Greece, p. 40, DiPede v. Italy, paras. 20-24, Zappia v. Italy, paras.16-20, Imobiliare Saffi v. Italy, p. 66) ուսումնասիրությունը վկայում է, որ Եվրոպական դատարանը ներպետական դատական ատյանների որոշումների կատարման վերաբերյալ նշում է. ««դատարանի իրավունքը» կլինի ոչ իրական, եթե պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տա, վերջնական, պարտադիր ուժ ունեցող դատական ակտին մնալ անկիրառելի ի վնաս կողմերից մեկի շահերի», «ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարումը պետք է դիտարկվի որպես դատաքննության անբաժանելի մաս` 6-րդ հոդվածի իմաստով»:

Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) դիրքորոշումները սահմանադրական-արդարադատական մարմինների կառուցակարգային դերի և ընդունած որոշումների իրավաբանական բնույթի վերաբերյալ` հանգեցնում են այն եզրակացությանը, որ անհատական դիմումների ազգային համակարգը պետք է լինի լիարժեք ու ամբողջական, ներառի բոլոր իրավական ակտերը, այդ դիմումներով ընդունված որոշումները պետք է արդյունավետ ազդակ հանդիսանան ընդհանուր իրավասության դատարաններում անձանց նկատմամբ գործերի վարույթը նորոգելու կամ սկսված վարույթը կարճելու համար, ինչպես նաև պետք է նախատեսվեն իրավական գործուն միջոցներ՝ այդպիսի որոշումներով պատասխանող կողմից արդարացի հատուցում պահանջելու ուղղությամբ (Cocchiarella judgment (ECtHR, GC, Cocchiarella v. Italy, 29 March 2006, պարագրաֆներ 76-80 և 93-97, ON INDIVIDUAL ACCESS TO CONSTITUTIONAL JUSTICE. Adopted by the Venice Commission at its 85th Plenary Session (Venice, 17-18 December 2010), պարագրաֆներ 79, 94):

 

11. Դիմող կողմի փաստարկները սույն գործով վիճարկվող նորմերի սահմանադրականության վերաբերյալ` ունեն բովանդակային ընդհանրություն, համաձայն որի` այն դեպքերում, երբ ՀՀ Սահմանադրությանը վիճարկվող իրավանորմի համապատասխան լինելը սահմանադրական դատարանը ճանաչում է իրավական որոշակի դիրքորոշումների շրջանակներում, դատական պրակտիկայում դրան տրված այլ մեկնաբանության պարագայում պետք է հիմք հանդիսանա նոր հանգամանքներով դատական համապատասխան ակտերը վերանայելու համար:

Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների կատարման պարտադիր լինելու հանգամանքը, ինչպես նշվեց, ՀՀ սահմանադրական դատարանը կարևորել է իր բազմաթիվ որոշումներում և տարեկան հաղորդումներում, արձանագրելով ինչպես իրավակիրառական, այնպես էլ իրավաստեղծ պրակտիկայում դրանց թե´ կատարման և թե՛ շրջանցման դեպքերը: Իր որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների ոչ լիարժեք կատարման փաստերը, ինչն առկա է նաև սույն գործով, սահմանադրական դատարանը պայմանավորել է իրավակիրառական պրակտիկայում առկա թերություններով, ինչպես նաև օրենսդրական անհրաժեշտ կարգավորումների բացակայությամբ:

Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս կարևորել այդ հիմնախնդիրների լուծման իրավական միջոցների կիրառելիությունը, կապված՝

ա/ իրավակիրառողների կողմից սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների պարտադիր կատարման հետ՝ ելնելով իրավունքի գերակայության, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության և սահմանադրաիրավական այլ սկզբունքներից, ինչպես նաև գործող օրենսդրությամբ նախատեսված իրավակարգավորումներից,

բ/ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների պարտադիր կատարմանն ուղղված լրացուցիչ իրավապայմանների՝ օրենքով հետագա երաշխավորման անհրաժեշտության հետ:

Իրավական նորմերի սահմանադրականության որոշման գործերով (վերացական, ինչպես նաև անհատական դիմումներով) սահմանադրական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) վիճարկվող ակտը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին,

2) վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին:

Ելնելով սահմանադրական դատարան ներկայացված դիմումի ընդունելիության, բարձրացված հարցերի ընդդատության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ հանգամանքներից` սահմանադրական դատարանը վերոհիշյալ գործերով ընդունում է նաև որոշումներ՝ գործի քննությունը մերժելու կամ վարույթը կարճելու վերաբերյալ:

Վիճարկվող ակտը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելիս սահմանադրական դատարանը հաճախ (ինչպես օր. ՍԴՈ-872, ՍԴՈ-890, ՍԴՈ-903, ՍԴՈ-906, ՍԴՈ-918, ՍԴՈ-920, ՍԴՈ-923 և այլ գործերով) մեկնաբանելով վիճարկվող իրավանորմերը` տալիս է դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը՝ որոշման եզրափակիչ մասում ճանաչելով այդ նորմերի համապատասխանությունը Սահմանադրությանը կամ համապատասխանությունը Սահմանադրությանը՝ իրավական որոշակի դիրքորոշումների շրջանակում, կամ մասամբ՝ որոշակի իրավակարգավորման շրջանակում, դրանցով իսկ մատնանշելով.

- իրավական այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է ընկալվի և կիրառվի տվյալ նորմը,

- իրավական այն սահմանները, որոնց շրջանակներից դուրս կիրառվող կամ մեկնաբանվող տվյալ նորմը կհանգեցնի հակասահմանադրական հետևանքների,

- սահմանադրաիրավական այն չափորոշիչները, որոնց հիման վրա հանրային իշխանության իրավասու մարմինը պարտավոր է ապահովել տվյալ նորմի լիարժեք կիրառման լրացուցիչ իրավակարգավորումներ:

Սահմանադրական դատարանը ելնում է այն հիմնարար դրույթից, որ սահմանադրական արդարադատության իմաստը սահմանադրության գերակայության ու անմիջական գործողության երաշխավորումն է, և ոչ մի ընթացակարգային նորմ կամ դրա ոչ հստակ ձևակերպում չի կարող սահմանադրական գործառույթի իրացման խոչընդոտ հանդիսանալ:

Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ հիմնավոր են դիմող կողմի այն պնդումները, համաձայն որի` իրավական դիրքորոշումների շրջանակում սահմանադրական ճանաչված նորմը չի կարող կիրառվել սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությունից տարբերվող բովանդակությամբ: Հակառակ դեպքում իրավասու պետական մարմնի, այդ թվում՝ դատարանի, գործողություններն ու ակտերն ակնհայտ կհակասեն ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ և մի շարք այլ հոդվածներով երաշխավորված սահմանադրական կարգի հիմնական սկզբունքներին: ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանները պարտավոր են ըստ էության գործի քննության, ինչպես նաև դատական բողոքարկման շրջանակներում նորմատիվ իրավական ակտերը կիրառելիս հաշվի առնել դրանց վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, մասնավորապես, գործող դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով դատական սխալի փաստը գնահատելիս, եթե կոնկրետ գործով անձանց նկատմամբ կիրառված նյութական կամ դատավարական այս կամ այն նորմի սահմանադրաիրավաընկալման վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը: Այդպիսի հիմնավորմամբ դատական ակտերը վերանայելու պահանջով շահագրգիռ անձանց դիմումները պետք է քննության առնվեն իրավասու դատարանների կողմից, իսկ առանց հիմնավոր պատճառաբանման այդպիսի դիմումի քննությունը մերժելն անձին հնարավորություն կընձեռի իր իրավունքների և ազատությունների միջազգային-արդարադատական պաշտպանության համար: Իսկ այդպիսի շարունակական պրակտիկան կհակասի ոչ միայն ՀՀ սահմանադրական կարգի հիմնական սկզբունքներին, այլև՝ ՀՀ ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների:

ՀՀ սահմանադրական դատարանը նաև հարկ է համարում վկայակոչել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000թ. Նախարարների ներկայացուցիչների 694 նստաշրջանում ընդունված` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման և վարույթի նորոգման մասին» N R (2000) 2 հանձնարարականը: Վերջինս, մասնավորապես, ամրագրում է. «Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ... նկատի ունենալով, որ Դատարանի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն ուղղված Նախարարների կոմիտեի պրակտիկան ցույց է տալիս, որ որոշակի հանգամանքներում գործերի վերանայումը կամ վարույթի նորոգումը հանդիսանում է ամենաարդյունավետ, եթե ոչ միակ միջոցը restitutio in integrum-ի հասնելու համար»: Միաժամանակ, առաջարկվում է Պայմանավորվող պետություններին` համոզվել, որ ներպետական մակարդակում գոյություն ունեն համարժեք հնարավորություններ restitutio in integrum-ի հասնելու համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական ակտերի սահմանադրականության որոշման վերաբերյալ գործերով արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա անհրաժեշտ օրենսդրական ընթացակարգերով դատական ակտերի վերանայումը Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը երաշխավորող արդյունավետ միջոց է, հետևաբար` նաև սահմանադրաիրավական պահանջ:

Այդուհանդերձ, անվերապահորեն ընդունելով, որ եթե օբյեկտիվ իրավունքի պաշտպանության տեսանկյունից որևէ իրավանորմ չի կարող մեկնաբանվել ու կիրառվել` շրջանցելով սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, ապա սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով խնդիրն այլ լուծում ունի:

Նախ. փաստն այն է, որ դատական պրակտիկան, օրենսդրական առկա ձևակերպումներից ելնելով, նոր հանգամանք չճանաչելով սահմանադրական դատարանի այն որոշումները, որոնցում արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում նորմը ճանաչվել է սահմանադրական, հնարավորություն չի ստեղծում անձի խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնման ու պաշտպանության համար: Երկրորդ` փակուղի է մտնում իրավունքի գերակայության, հետևաբար` և Սահմանադրության գերակայության երաշխավորման սկզբունքի իրացումը: Երրորդ` նման իրավիճակը ոչ միայն դատավարական օրենսգրքերի, այլև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների անկատարությամբ է պայմանավորված:

Ակնհայտ է, որ առկա իրավակարգավորումն ու իրավակիրառական պրակտիկան հակասության մեջ են մտնում ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 6, 18, 19, 92, 93-րդ և մի շարք այլ հոդվածների պահանջների հետ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական ակտերի սահմանադրականության վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից որպես նոր հանգամանք ճանաչելու հարցը թե´ քրեական, թե´ քաղաքացիական և թե՛ վարչական դատավարությունում համալիր ու անհետաձգելի կարգավորման անհրաժեշտություն ունի` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակության մասով, համաձայն որի` ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից տարբերվող մեկնաբանությամբ օրենքի (իրավական այլ նորմի) կիրառման արդյունքում անձանց խախտված իրավունքները դատական բողոքարկման շրջանակներում, նոր հանգամանքներով գործը վերանայելու միջոցով, վերականգնելու հնարավորություն չի ընձեռում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6, 18, 19, 93-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

3. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասով գործի վարույթը կարճել:

4. Հաշվի առնելով, որ սույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի` որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի անբարենպաստ հետևանքներ անձանց իրավունքների պաշտպանության հարցի համալիր լուծման ու անհրաժեշտ իրավական անվտանգության երաշխավորման առումով, ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքերով սույն որոշման մեջ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2011 թվականի նոյեմբերի 1-ը:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


25 փետրվարի 2011 թ.
ՍԴՈ-943

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան