Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պայմանագիր
Тип
Исходный акт (26.07.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.15/21(434).1
Подписан
Հայաստանի Հանրապետություն
Дата подписания
24.09.1993
Дата вступления в силу
26.07.1994

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

Տնտեսական միության ստեղծման մասին

 

Սույն Պայմանագրի մասնակից պետությունները, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հիմնվելով իրենց ժողովուրդների պատմական ընդհանրության վրա և գիտակցելով բազմակողմ և փոխշահավետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման կարևորությունը,

հարգելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունը և հաստատելով կողմնակցությունը Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին հիմնադիր փաստաթղթերի նպատակներին և սկզբունքներին,

ձգտելով բարենպաստ պայմաններ ապահովել տնտեսությունների դինամիկ ու ներդաշնակ զարգացման և իրենց պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերից ելնելով տնտեսական բարեփոխումների անցկացման համար,

գիտակցելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժման վրա հիմնված ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորման և զարգացման, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի տնտեսվարող սուբյեկտների ուղղակի կապերի ամրապնդման օբյեկտիվ անհրաժեշտությունը,

հասկանալով պետությունների բարձր ինտեգրացված գիտատեխնիկական և արտադրական ներուժի տեխնոլոգիական փոխկապակցվածության կարևորությունը,

ձգտելով պայմաններ ստեղծել համաշխարհային տնտեսությունում իրենց տնտեսությունների սահմանափակ ներգրավման համար,

ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով,

 

պայմանավորվեցին Տնտեսական միության ստեղծման մասին:

 

Գլուխ 1. Տնտեսական միության նպատակները և սկզբունքները

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Տնտեսական միությունը ստեղծվում է կամավոր մասնակցության, ինքնիշխանության հարգման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության, ինչպես նաև սույն Պայմանագրի դրույթների իրագործման համար Պայմանավորվող կողմերի փոխադարձ պայմանավորվածության վրա:

Տնտեսական միության շրջանակներում իրենց գործունեությունում Պայմանավորվող կողմերը ղեկավարվում են միջազգային-իրավական հետևյալ սկզբունքներով`

միմյանց գործերին չմիջամտելը, մարդու իրավունքների և ազատությունների հարգումը,

վեճերի խաղաղ կարգավորում և միմյանց հետ հարաբերություններում տնտեսական ճնշման ցանկացած ձևերի չկիրառում,

պատասխանատվություն ստանձնած պարտավորությունների համար,

Պայմանավորվող կողմերի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ ազգային և այլ տարբերակման հիման վրա ցանկացած խտրականության բացառում,

փոխադարձ խորհրդակցությունների անցկացում Պայմանավորվող կողմերից ցանկացածի նկատմամբ սույն Պայմանագրում չմասնակցող մեկ կամ մի քանի պետությունների կողմից տնտեսական ագրեսիայի իրականացման դեպքում դիրքորոշումների համակարգման և միջոցների ընդունման նպատակով:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Տնտեսական միության նպատակներն են`

Պայմանավորվող կողմերի տնտեսությունների կայուն զարգացման պայմանների ձևավորում` ի շահ իրենց բնակչության կենսամակարդակի բարձրացման,

շուկայական հարաբերությունների հիման վրա ընդհանուր տնտեսական տարածքի փուլային ստեղծում,

բոլոր տնտեսվարող սուբյեկտների հետ հավասար հնարավորությունների և երաշխավորությունների ստեղծում,

ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տնտեսական նախագծերի համատեղ իրականացում,

համատեղ ջանքերով էկոլոգիական հիմնախնդիրների լուծում, ինչպես նաև տարերային աղետների և պատուհասների հետևանքների վերացում:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Տնտեսական միությունը ենթադրում է.

ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ,

համաձայնեցված դրամավարկային, բյուջետային, հարկային, գնային, արտաքին տնտեսական, մաքսային և արժութային քաղաքականություն,

Պայմանավորվող կողմերի ներդաշնակեցված օրենսդրություն,

ընդհանուր վիճակագրական հիմքի առկայություն:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Պայմանավորվող կողմերը համաձայնել են, որ Տնտեսական միությունը ստեղծվում է ինտեգրացիայի փուլային խորացման, տնտեսական բարեփոխումների իրականացման գործում գործողությունների համակարգման միջոցով.

ազատ առևտրի միջպետական (բազմակողմ) ասոցիացիայի,

մաքսային միության,

ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ընդհանուր շուկայի,

արժութային (դրամային) միության:

Ինտեգրացիայի յուրաքանչյուր ձևի համար նախատեսվում է փոխկապակցված միջոցառումների համալիր, որոնք պետք է ընդունվեն և իրականացվեն առանձին համաձայնագրերին համապատասխան:

 

Գլուխ 2. Առևտրատնտեսական հարաբերություններ

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սույն Պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան ազատ առևտրի միջպետական ասոցիացիայի ստեղծման նպատակով Պայմանավորվող կողմերը իրենց փոխհարաբերություններում համաձայնել են.

տուրքերի, հարկերի և գանձումների, ինչպես նաև դրանց հետևանքներով քանակական և բոլոր այլ հավասարազոր սահմանափակումների հաջորդական նվազեցում և վերացում,

մաքսային օրենսդրության, սակագնային և ոչ սակագնային կարգավորման մեխանիզմների ներդաշնակեցում,

մաքսային ընթացակարգերի պարզեցում,

մաքսային վիճակագրության համար մաքսային փաստաթղթերի ձևերի միասնականացում,

բեռների և ուղևորների փոխադրման սակագների, տարանցման ազատության սկզբունքի պահպանմամբ տարանցման սակագների փուլ առ փուլ մերձեցում,

երրորդ երկրների ոչ արտոնագրված վերարտահանման անթույլատրելիություն:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Մաքսային միություն ստեղծելու համար Պայմանավորվող կողմերը ապրանքների, աշխատանքների և ծառայությունների փոխադրման սակագնային և ոչ սակագնային կարգավորման լրիվ վերացման հետ մեկտեղ համաձայնել են.

սույն Պայմանագրում չմասնակցող պետությունների հետ հարաբերություններում ընդհանուր մաքսային սակագնի սահմանում,

սույն Պայմանագրում չմասնակցող պետությունների նկատմամբ արտաքին առևտրային քաղաքականության համակարգում:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Ընդհանուր շուկայի անցման ընթացքում, Պայմանավորվող կողմերը.

կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժման համար կստեղծեն անհրաժեշտ իրավական, տնտեսական և կազմակերպչական պայմաններ,

պայմաններ կստեղծեն բարեխիղճ մրցակցության համար, ներառյալ հակամենատիրական կարգավորման մեխանիզմը,

բեռների և ուղևորների արդյունավետ փոխադրման իրականացմանն ուղղված տրանսպորտի և հեռահաղորդակցության զարգացման բնագավառում կանցկացնեն համաձայնեցված քաղաքականություն,

կապահովեն հավասար տնտեսական պայմաններ տնտեսությունների զարգացման մեջ կապիտալների փոխադարձ ներդրման համար և կստեղծեն ներդրողների իրավունքների և շահերի պաշտպանության գործող մեխանիզմ:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Փոխադարձ առևտրում կկիրառվեն ազատ (պայմանագրային) գներ, որոնք ձևավորվում են հաշվի առնելով Պայմանավորվող կողմերի ներքին շուկաների ինտեգրացիան: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ չկիրառել գնային խտրականություն:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Պայմանավորվող կողմերը, առանց փոխադարձ համաձայնության, չեն իրականացնի ոչ տնտեսական բնույթի միակողմանի գործողություններ իրենց շուկաների մատչելիությունը սահմանափակելու նպատակով:

Պայմանավորվող կողմերը կարող են համատեղ կամ անհատապես, միջազգային պրակտիկային համապատասխան, փոխադարձ առևտրում կիրառել ժամանակավոր պաշտպանական և այլ միջոցներ, այդ թվում ազգային անվտանգության նկատառումներով:

Պայմանավորվող կողմերը համաձայնեցնում են այդպիսի միջոցների կիրառման կարգը և պայմանները` համապատասխան համաձայնագիր կամ համաձայնագրեր կնքելու միջոցով:

 

Գլուխ 3. Ձեռնարկատիրություն և ներդրումներ

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Պայմանավորվող կողմերը կապահովեն իրենց տարածքներում տվյալ Պայմանագրի մասնակից պետությունների ռեզիդենտ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար ազգային իրավական ռեժիմ:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Պայմանավորվող կողմերը օժանդակում են տնտեսվարող սուբյեկտների միջև ուղղակի կապերի զարգացմանը, արտադրական կոոպերացիայի ամրապնդման համար ստեղծում են բարենպաստ պայմաններ:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Պայմանավորվող կողմերը օժանդակում են համատեղ ձեռնարկությունների, անդրազգային արտադրական միավորումների, առևտրային և ֆինանսավարկային հաստատությունների և կազմակերպությունների ցանցի ստեղծմանը:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Պայմանավորվող կողմերը համակարգում են իրենց ներդրումային քաղաքականությունը, ներառյալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում օտարերկրյա ներդրումների ներգրավումը, իրականացնում են համատեղ կապիտալ ներդրումներ, այդ թվում նաև փոխհատուցման հիմունքներով:

 

Գլուխ 4. Դրամավարկային, ֆինանսական և արժութային հարաբերություններ

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Պայմանավորվող կողմերը համաձայնեցնում են քաղաքականությունը դրամավարկային, արժութային և ֆինանսական հարաբերությունների բնագավառներում:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Ազատ առևտրի միջպետական ասոցիացիայի գործունեության փուլում Պայմանավորվող կողմերը իրենց արժութավարկային և ֆինանսական հարաբերություններում օգտագործում են`

մուլտիարժութային համակարգը, որը ներառում է առանձին պետություններում գործող ազգային արժույթները,

Ռուսաստանի Դաշնության ռուբլու վրա հիմնված համակարգը:

Արժութային միության ձևավորման փուլում ապահովվում է փոխադարձ հաշվարկներում միարժութային համակարգի անցումը, որը հիմնված է ընդհանուր (պահուստային) արժույթի վրա, որի հիմքում ընկած են Պայմանավորվող կողմերի առավել օգտագործվող և կայուն արժույթները:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Ազգային արժույթների օգտագործման վրա հիմնված դրամաարժութային համակարգի ձևավորումը կիրականացվի փուլ առ փուլ, դրամային միության ստեղծման միջոցով, որը հիմնված կլինի հետևյալ սկզբունքների վրա.

ազգային արժույթների փոխադարձ ճանաչում և դրանց պաշտոնական գնորոշման իրականացում,

բազմակողմ քլիրինգի օգտագործմամբ, Միջպետական բանկի և այլ հաշվարկային կենտրոնների միջոցով ազգային արժույթներով վճարների իրականացում,

վճարային հաշվեկշիռների դեֆիցիտների համաձայնեցված փոխադարձ վարկավորման մեխանիզմի կիրառում,

ընթացիկ գործողություններով ազգային արժույթների փոխադարձ փոխարկելիության ձեռքբերում:

Ինտեգրացիոն գործընթացների խորացման հետ մեկտեղ դրամային միությունը կփոխակերպվի արժութային միության, որը նախատեսում է.

արժույթների լողացող փոխարժեքների կիրառում և դրանց փոխադարձ տատանումների սահմանների համաձայնեցում,

արժույթների փոխարժեքների պահպանման բանկային մեխանիզմի ներդրում,

ազգային արժույթների լրիվ փոխարկելիության ձեռքբերում:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Նոր բնույթի ռուբլու գոտու ստեղծմանն ուղղված գործնական միջոցների մասին համաձայնագիր կնքած կամ այդ համաձայնագրին միացած պետությունները, կարգավորում են դրամական համակարգերի միավորմանն ուղղված միջոցները ռուսական կողմի հետ կնքած երկկողմ համաձայնագրերի հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Պայմանավորվող կողմերը անց են կացնում հարկային համակարգերի հաջորդական ներդաշնակեցում: Նրանք միասնականացնում են հիմնական հարկերի տեսակները, ինչպես նաև հարկերի գանձման (հարկման սուբյեկտները և օբյեկտները) և հարկային դրույքների կիրառման մասին օրենսդրական դրույթները:

Պայմանավորվող կողմերի հարկային համակարգերի ներդաշնակեցումը իրականացվում է Տնտեսական միության շրջանակներում իրականացվող հարկային քաղաքականության մասին առանձին համաձայնագիր կնքելու միջոցով, ինչպես նաև արտադրության վրա կատարվող ծախսերի հաշվառման մեթոդոլոգիայի միասնականության հիման վրա:

 

Գլուխ 5. Սոցիալական քաղաքականություն

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Պայմանավորվող կողմերը Տնտեսական միության տարածքի սահմաններում ապահովում են իրենց քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժման կարգը:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Պայմանավորվող կողմերը անհրաժեշտ են համարում, Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների և երաշխավորությունների դրույթներին համապատասխան, աշխատանքային հարաբերությունների բնագավառում իրենց քաղաքականության համաձայնեցումը և արտադրության ու սպառողական շուկայի վիճակի հաշվառմամբ բնակչության եկամուտների կարգավորման հիման վրա անաշխատունակ և սակավ ապահովված քաղաքացիների կենսամակարդակի պահպանման անհրաժեշտությունը:

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Պայմանավորվող կողմերը թույլ չեն տալիս ազգային կամ ցանկացած այլ տարբերակմամբ քաղաքացիների նկատմամբ խտրականություն աշխատատեղերի տրամադրման, աշխատանքի դիմաց վճարման, աշխատանքի այլ պայմանների ապահովման, սոցիալական երաշխիքների տրամադրման հարցերում:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձ ճանաչում են մյուս Պայմանավորվող կողմերի աշխատակիցների կրթության և որակավորման վերաբերյալ փաստաթղթերը առանց դրանց լրացուցիչ հաստատման, եթե դա չի պահանջում աշխատանքի պայմանները և բնույթը:

 

Հ ո դ վ ա ծ   23

 

Պայմանավորվող կողմերը համակարգված քաղաքականություն են իրականացնում աշխատանքի պայմանների ու պահպանության բնագավառում, հաշվի առնելով հանրաճանաչ միջազգային կանոնները, աշխատանքի պահպանության նորմերին ու կանոններին ընդհանուր պահանջների մոտեցումը, աշխատանքի պայմանների պետական հսկողության և փորձաքննության իրականացումը:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Պայմանավորվող կողմերը կկնքեն առանձին համաձայնագրեր, որոնք կկարգավորեն աշխատուժի միգրացիան և սոցիալական ապահովագրության, քաղաքացիների կենսաթոշակային ապահովության բնագավառներում և այլ հարցերով փոխադարձ պարտավորությունները, որոնք պահանջում են Տնտեսական միության կազմի մեջ մտնող պետությունների կողմից նման համաձայնեցում:

Գլուխ 6. Տնտեսական հարաբերությունների իրավական կարգավորում

 

Հ ո դ վ ա ծ  25

 

Պայմանավորվող կողմերի և նրանց տնտեսվարող սուբյեկտների միջև տնտեսական հարաբերությունները կարգավորվում են սույն Պայմանագրով, երկկողմ և բազմակողմ համաձայնագրերով, միջազգային իրավունքի նորմերով և ազգային օրենսդրությամբ: Այն դեպքում, եթե սույն Պայմանագրով սահմանված են ազգային օրենսդրությամբ նախատեսվածից այլ նորմեր և կանոններ, ապա կիրառվում են միջազգային իրավունքի և սույն Պայմանագրի կանոնները և նորմերը:

 

Հ ո դ վ ա ծ  26

 

Պայմանավորվող կողմերը, ընդունելով տնտեսական հարաբերությունների միատեսակ կարգավորման ձեռքբերման անհրաժեշտությունը, համաձայնեցին համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը սույն Պայմանագրի և միջազգային իրավունքի նորմերին:

Այդ նպատակներով Կողմերը պայմանավորվեցին.

մշակել տնտեսական փոխհարաբերությունները կարգավորող նմուշային ակտեր,

նմուշային նախագծերի և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա աշխատանք կատարել գործող ազգային օրենսդրության համակարգման և մերձեցման ուղղությամբ դրանցում հակասությունների վերացման նպատակով,

համաձայնեցնել տնտեսական հարցերով ազգային օրենսդրական նոր ակտերի ընդունումը,

անցկացնել նորմատիվ ակտերի նախնական փորձաքննություն, որոնք ապահովում են այդ բոլոր ակտերի համապատասխանությունը միջազգային իրավունքի, սույն Պայմանագրի, երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի նորմերին:

 

Գլուխ 7. Տնտեսական միության ինստիտուտները (մարմինները)

 

Հոդված 27

 

Տնտեսական միության գործունեության ապահովման համար Պայմանավորվող կողմերը օգտագործում են գոյություն ունեցող և ստեղծում են նոր համատեղ գործադիր և համակարգող ինստիտուտներ:

Տնտեսական միության գործունեության հետ կապված Պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումները ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ` միաձայնությամբ: Ցանկացած պետություն կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր ոչ շահագրգիռ լինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես այդ որոշման ընդունման համար խոչընդոտ:

 

Հ ո դ վ ա ծ  28

 

Տնտեսական միության ինստիտուտների ձևավորման, գործունեության և ֆինասնավորման կարգը, դրանց գործունեության համադրումը Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական մարմինների գործունեության հետ, կարգավորվում են առանձին համաձայնագրերով:

 

Գլուխ 8. Եզրափակիչ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  29

 

Անդամակցությունը Տնտեսական միությանը հանգեցնում է սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների ամբողջ ծավալի ընդունում և բոլոր իրավունքների ձեռքբերում և խոչընդոտ չի հանդիսանում այդ միության կազմի մեջ մտնող պետությունների, ինչպես նաև տնտեսական խմբավորումների և միավորումների հետ, եթե դա չի հակասում Տնտեսական միության շահերին, տնտեսական կապերի իրականացման գործում:

Պայմանավորվող կողմերը սույն Պայմանագրի իրագործման համար փոխադարձ պարտավորություն են կրում, ձեռնպահ են մնում դրա իրագործումը սպառնալիքի տակ դնող ցանկացած քայլերից:

 

Հ ո դ վ ա ծ  30

 

Պետությանը, որը պատրաստակամություն է հայտնել ստանձնել սույն Պայմանագրից բխող պարտավորությունների մի մասը, Տնտեսական միության անդամների համաձայնությամբ, կարող է տրամադրվել ասոցացված անդամի կարգավիճակ: Տնտեսական միությանը ասոցացված անդամի իրավունքներով պետությունների միանալու պայմանները սահմանում են Տնտեսական միության անդամները:

 

Հ ո դ վ ա ծ  31

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են լուծել սույն Պայմանագրի մեկնաբանման և իրագործման հետ կապված վիճելի հարցերը բանակցությունների կամ Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանին դիմելու միջոցով:

Եթե Տնտեսական դատարանը ընդունում է, որ Տնտեսական միության որևէ անդամ պետություն չի կատարել սույն Պայմանագրով ստանձնած իր պարտավորություններից որևէ մեկը, ապա այդ պետությունը պարտավոր է Տնտեսական դատարանի որոշման կատարման հետ կապված միջոցներ ձեռնարկել:

Պայմանավորվող կողմերը կմշակեն և կկնքեն Տնտեսական միության անդամ պետությունների սուբյեկտների տնտեսական հարաբերությունների հետ կապված վիճելի հարցերի ուսումնասիրման կարգի, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների չկատարման համար պատժամիջոցների համակարգի մասին հատուկ համաձայնագիր:

Վիճելի հարցերը բանակցությունների կամ Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի միջոցով լուծելու անհնարինության դեպքում Պայմանավորվող կողմերը համաձայնել են լուծել դրանք միջազգային այլ դատական մարմիններում դրանց կանոններին ու ընթացակարգերին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  32

 

Սույն Պայմանագրի վերաբերյալ վերապահումներ չեն թույլատրվում:

Սույն Պայմանագրում, Պայմանավորվող կողմերի ընդհանուր համաձայնությամբ, կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

Հ ո դ վ ա ծ  33

 

Պայմանագիրը կնքվում է 10 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամակաշրջաններով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի հայտարարի Պայմանագրում իր մասնակցությունը դադարեցնելու մասին:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է հայտարարել սույն Պայմանագրից դուրս գալու մասին` առնվազն 12 ամիս առաջ ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմերին:

 

Հ ո դ վ ա ծ  34

 

Սույն Պայմանագիրը այն ստորագրած Պայմանավորվող կողմերի կողմից ենթակա է վավերացման` նրանց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:

Սույն Պայմանագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած նրա դրույթները ճանաչող մասնակից պետության միանալու համար` Պայմանագրի մասնակիցների համաձայնության դեպքում:

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահ պետությանը երրորդ վավերագիրը ի պահ հանձնելուց հետո:

Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում է Պայմանագիրը կամ միանում է դրան ավանդապահ պետությանը երրորդ վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնելուց հետո, Պայմանագիրը ուժի մեջ կմտնի այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

Սույն Պայմանագրի ավանդապահ պետությունը Բելառուսի Հանրապետությունն է:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

*Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի հուլիսի 26-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան