ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2009 թվականի N 855-Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
1. Սույն կարգի դրույթները վերաբերում են քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետներին (այսուհետ` մասնագետ):
2. Քաղաքաշինության բնագավառում մասնագետները որակավորվում են ըստ հետևյալ բնագավառների`
1) շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)` ըստ հետևյալ մասնագիտությունների`
ա. արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն կամ շինարարություն, շինարարական շինվածքների և կոնստրուկցիաների արտադրություն կամ շինարարություն և ճարտարապետություն,
բ. փոխադրումների կազմակերպում ու կառավարում կամ տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում կամ թունելներ և կամուրջներ կամ ավտոճանապարհներ, երկաթուղային տրանսպորտի շահագործում, երկաթուղային ուղիների շահագործում,
գ. ատոմային էլեկտրական կայաններ և սարքավորումներ կամ էլեկտրաէներգետիկա կամ էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ կամ էլեկտրակայաններ կամ ջերմային էլեկտրակայանների շինարարություն կամ ինժեներ էներգետիկ կամ տեխնիկ էլեկտրիկ,
դ. քաղաքային տնտեսություն և ջերմագազամատակարարում կամ ջերմագազամատակարարում և օդափոխություն կամ ջերմային կայաններ կամ գազային տնտեսություն կամ արդյունաբերական ջերմաէներգետիկա,
ե. հիդրոինժեների կամ ջրօգտագործում և կոյուղի կամ ջրային համակարգերի շինարարություն և շահագործում կամ հիդրոկայաններ և ջրամբարներ,
զ. ռադիոֆիզիկա կամ ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա կամ կիսահաղորդիչների ֆիզիկա և էլեկտրոնիկա կամ հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում կամ էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ կամ ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա կամ ռադիոկապ.
2) ինժեներական հետազննում` ըստ հետևյալ մասնագիտությունների`
ա. երկրաբանություն կամ երկրաբանություն, օգտակար հանածոների հետախուզում և մշակում կամ հողաբարելավում և հողային կադաստր կամ հողաշինարարություն և հողային կադաստր,
բ. հիդրոինժեների կամ ջրօգտագործում և կոյուղի կամ ջրային համակարգերի շինարարություն և շահագործում կամ հիդրոտեխնիկ կամ ջրաօդերևութաբանություն,
գ. գեոդեզիա կամ գեոդեզիա և հողաբարելավում կամ տեխնիկ գեոդեզիստ.
3) շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն` ըստ հետևյալ մասնագիտությունների`
ա. փորձագետ կոնստրուկտոր,
բ. երկրաբան կամ հիդրոերկրաբան,
գ. տնտեսագետ-շինարար:
(2-րդ կետը խմբ. 18.03.11 N 256-Ն)
3. Որակավորման ստուգման համար մասնագետները որակավորման ստուգումից առնվազն 10 օր առաջ որակավորման ստուգման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) անձնագրի պատճենը.
2) աշխատանքային գրքույկի պատճենը.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4) 3 x 4 սմ չափսերի երկու գունավոր լուսանկար:
4. Որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմված է 5 անձից` նախագահից, նախագահի տեղակալից, քարտուղարից և անդամներից:
5. Հանձնաժողովը`
1) կազմակերպում է մասնագետների որակավորման ստուգման աշխատանքները.
2) որոշում է մասնագետների որակավորման ստուգման անցկացման վայրը, oրը, ժամը և դրա մասին տալիս է հայտարարություն.
3) ընդունում է որակավորման ստուգման մասին եզրակացություն.
4) քննում է մասնագետների բողոքները` կապված ստուգման կազմակերպման և ստուգման արդյունքների հետ.
5) իրականացնում է սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:
6. Որակավորման ստուգման անցկացման վայրի, oրվա և ժամի մասին մասնագետներն ու հանձնաժողովի անդամները տեղեկացվում են քննությունից առնվազն 7 oր առաջ:
7. Որակավորման ստուգումն իրականացվում է հայերենով, դռնբաց կարգով: Որակավորման ստուգման ընթացակարգը կարող է տեսագրվել, ձայնագրվել կամ նկարահանվել:
8. Որակավորման ստուգումը կատարվում է գրավոր, քննական հարցաթերթիկներով (թեստերով)` հաստատված հանձնաժողովի նախագահի կողմից: Որակավորման ստուգման հարցերը նախապատրաստվում են լիցենզավորող մարմնի կողմից և ենթակա են պարտադիր հրապարակման` ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ:
9. Որակավորման ստուգումը տեխնիկական միջոցներով իրականացվելու դեպքում մասնագետին հանձնաժողովի քարտուղարը մինչև որակավորման ստուգումն սկսելը պետք է տեղեկացնի իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից oգտվելու կարգի և պայմանների հետ:
10. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:
11. Որակավորման հարցաթերթիկները պետք է ներառեն 50 հարց, որից`
1) 40 հարց` համապատասխան ոլորտը կարգավորող նորմատիվատեխնիկական և քաղաքաշինական փաստաթղթերից,
2) 10 հարց` քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսդրությունից:
12. Թեստավորման առաջադրանքների լուծման համար տրվում է 60 րոպե ժամանակ:
13. Որակավորման ստուգման արդյունքները գնահատում է հանձնաժողովը: Իննսուն տոկոս հարցերին ճիշտ պատասխանած մասնագետը համարվում է որակավորման ստուգումն անցած:
14. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
15. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
16. Որակավորման ստուգման արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ:
17. Որակավորման ստուգման մասին եզրակացությունն ստորագրվում է հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների կողմից:
18. Հանձնաժողովը ստուգումների արդյունքներն ամփոփում է դռնփակ: Հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է: Ստուգումների արդյունքների մասին մասնագետին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի oրվան հաջորդող հինգ oրվա ընթացքում:
19. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` դրանք ստանալուց հետո 10 oրվա ընթացքում:
20. Որակավորման ստուգմանը չներկայացած մասնագետներն իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:
21. Որակավորման ստուգման դրական արդյունքների դեպքում մասնագետին տրվում է որակավորման վկայական` անժամկետ: Որակավորման ստուգման դրական արդյունքների գործողության ժամկետը կարող է սահմանափակվել միայն oրենքով:
22. Որակավորման վկայականում նշվում են`
1) որակավորման վկայականի համարը.
2) որակավորման ստուգում անցած մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը.
3) որակավորման վկայական տվող մարմնի անվանումը.
4) որակավորման վկայականը տալու oրը, ամիսը, տարեթիվը.
5) որակավորման բնագավառը:
23. Որակավորման վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի գունավոր լուսանկարը:
24. Որակավորման վկայականը վավերացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի ստորագրությամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:
25. Որակավորման վկայականի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը:
(հավելվածը խմբ. 18.03.11 N 256-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2023, N 2106-Ն | 06.06.2024, N 855-Ն | |
18.03.2011, N 256-Ն | 09.04.2011, N 855-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|