Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Բելառուսի Հանրապետության կառավարությունը, Ղազախստանի Հանրապետության կառավարությունը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը՝
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով,
ձգտելով գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով վերացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները,
մեծապես կարևորելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) քաղաքացիների՝ մասնագիտական գործունեությանը հասանելիությունն ապահովելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելը,
հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հռչակագրի դրույթները՝
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Հիմնական հասկացությունները
Սույն համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ նշանակությունն ունեցող հասկացությունները.
ատենախոսություն՝ գիտական որակավորման ինքնուրույն աշխատանք, որում շարադրված և ապացուցված են նոր գիտական դրույթներ, և որը կատարված է անդամ պետությունների օրենսդրության պահանջներին համապատասխան ձևով.
գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթեր` փիլիսոփայության դոկտորի (PhD), ըստ գիտական ուղղվածության՝ դոկտորի, գիտությունների թեկնածուի, գիտությունների դոկտորի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք տրված են համապատասխան ատենախոսության հրապարակային պաշտպանության հիման վրա՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
իրավասու մարմիններ՝ անդամ պետությունների մարմիններ (կազմակերպություններ), որոնք կրթության և գիտության բնագավառում իրականացնում են կառավարում, ինչպես նաև անդամ պետությունների պետական կառավարման (իշխանության) մարմիններ, բարձրագույն և հետբուհական կրթության կրթական կազմակերպություններ (հաստատություններ), լրացուցիչ մասնագիտական կրթության կազմակերպություններ (հաստատություններ) և գիտական կազմակերպություններ, որոնք իրականացնում են բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական աշխատողների ատեստավորում.
գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչում՝ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի՝ սույն համաձայնագրին համապատասխան աշխատանքային միգրացիայի շրջանակներում ճանաչվող կարևորություն՝ աշխատանքի տեղավորման պետությունում այդ փաստաթղթերն ունեցողների կողմից իրենց շնորհված գիտական աստիճանին համապատասխան մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.
լիազորված կազմակերպություններ՝ անդամ պետությունների կազմակերպություններ, որոնք իրականացնում են գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման տեղեկատվական ապահովման գործառույթը։
Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված նշանակություններով։
Հոդված 2
Կիրառության ոլորտը
Սույն համաձայնագրով կարգավորվում են աշխատանքային միգրացիայի շրջանակներում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հետ կապված հարցերը՝ դրանք ունեցողների կողմից իրենց շնորհված գիտական աստիճանին համապատասխան աշխատանքի տեղավորման պետությունում մասնագիտական գործունեություն իրականացվելու համար:
Սույն համաձայնագրի դրույթները կիրառվում են նաև մինչև սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելը տրված՝ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի առնչությամբ՝ բացառությամբ այն դեպքի, երբ գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթի ճանաչման ընթացակարգի իրականացման ժամանակ աշխատանքի տեղավորման պետությունում ընդունվել է բացասական որոշում՝ ատենախոսության փորձաքննության արդյունքներով։
Գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգի իրականացման ժամանակ ընդունված բացասական որոշումները հաշվի առնելու նպատակով անդամ պետություններն իրագործում են համապատասխան տեղեկատվության հասանելիությունն ապահովող միջոցներ։
Հոդված 3
Ճանաչման հիմնական սկզբունքները
Անդամ պետություններն անհրաժեշտ են համարում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանությունը (համադրելիությունը) և արդարացի ճանաչումն ապահովող հետևյալ հիմնական սկզբունքների պահպանումը՝
ատենախոսությունների պաշտպանության ընթացակարգի բաց լինելը (հրապարակայնությունը)՝ բացառությամբ պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող տեղեկություններ պարունակող ատենախոսությունների.
գիտական համայնքի կողմից ատենախոսությունների փորձաքննության անցկացման օբյեկտիվությունը, համակողմանիությունն ու ամբողջականությունը.
ըստ ատենախոսությանը համապատասխանող գիտական ուղղվածության՝ գիտական որակավորման բարձր մակարդակ ունեցող գիտնականներին որպես փորձագետներ ներգրավելը.
ատենախոսության վրա աշխատելու ժամանակ հայցորդի կողմից նոր գիտական արդյունքներ ստանալու ինքնուրույնությունը, ինչպես նաև՝ ատենախոսության մեջ գիտական արդյունքների կեղծմանը և ոչ իրավաչափ փոխառություններին հակազդելը.
գրախոսվող գիտական հրատարակություններում, այդ թվում՝ տվյալների միջազգային բազաներում և հղումների համակարգերում ներառված հրատարակություններում՝ գիտական աստիճանների հայցորդների հրապարակման բարձր ակտիվությունը՝ ատենախոսությունների գիտական ուղղություններին համապատասխան.
բարձրագույն որակավորման գիտական աշխատողների ատեստավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ ատենախոսություններին և գիտական աստիճանների հայցորդներին ներկայացվող պահանջների մակարդակի պահպանումը.
գիտական աստիճանների շնորհման հարցերով, ինչպես նաև՝ գիտական աշխատողների մասնագիտությունների ազգային անվանացանկերի (նախապատրաստման ուղղությունների դասակարգիչների) մշակման ժամանակ համագործակցությունը և տեղեկատվական փոխգործակցությունը։
Հոդված 4
Փիլիսոփայության դոկտորի (PhD), ըստ գիտական ուղղվածության` դոկտորի և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչումը
Փիլիսոփայության դոկտորի (PhD), ըստ գիտական ուղղվածության՝ դոկտորի, գիտությունների թեկնածուի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերն աշխատանքի տեղավորման պետությունում ճանաչվում են համապատասխանող (համադրելի)՝ առանց ճանաչման ազգային ընթացակարգերի անցկացման՝ բացառությամբ սույն համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքի։
Հոդված 5
Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթերի ճանաչումը
Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթերն աշխատանքի տեղավորման պետությունում ճանաչվում են համապատասխանող (համադրելի)՝ առանց ճանաչման ազգային ընթացակարգերի անցկացման՝ բացառությամբ սույն համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքի։
Հոդված 6
Գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ազգային ընթացակարգերի կիրառումը
Գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ազգային ընթացակարգերը կարող են կիրառվել անդամ պետությունների կողմից աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան՝ այն դեպքում, երբ այդ փաստաթղթերն ունեցողները հավակնում են աշխատանքի տեղավորման պետությունում սահմանված գիտական աստիճանի համար տրվող հավելավճարներ (հավելումներ) և (կամ) արտոնություններ ստանալուն, որոնք վճարվում են (տրամադրվում են) աշխատանքի տեղավորման պետության բյուջեի միջոցների հաշվից:
Հոդված 7
Անհրաժեշտ պահանջների պահպանումը
Գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի՝ սույն համաձայնագրով նախատեսված ճանաչումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի 3-րդ հոդվածը, և դրանք ունեցող անձանց չի ազատում աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան մասնագիտական գործունեություն իրականացնելու համար գործատուի (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուի) կողմից ներկայացվող որակավորման և մյուս պահանջներին համապատասխանելու պարտականությունից։
Հոդված 8
Իսկության ստուգումը և տեղեկությունների տրամադրումը
Գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու (վերիֆիկացնելու), սույն համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված հիմնական սկզբունքների պահպանումը հաստատելու նպատակով, գիտական աստիճան ունեցող անձը, գործատուն (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուն), անդամ պետությունների շահագրգիռ մարմիններն իրավունք ունեն հարցումներ ուղարկելու մյուս անդամ պետությունների իրավասու մարմիններ և լիազորված կազմակերպություններ, ինչպես նաև օգտագործել հանրամատչելի տեղեկատվական ռեսուրսները:
Սույն հոդվածով նախատեսված հարցումներն ուղարկվում են գրավոր՝ ռուսերենով, և ենթակա են ուսումնասիրման՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որին ուղարկվել է հարցումը։
Հոդված 9
Տեղեկատվական ապահովումը
Սույն համաձայնագրի իրագործման նպատակով՝ իրավասու մարմինների կողմից սահմանվում են գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հարցերի առնչությամբ տեղեկատվության փոխանակում իրականացնող լիազորված կազմակերպությունները:
Լիազորված կազմակերպություններն ապահովում են իրենց պաշտոնական կայքերում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում ռուսերենով հետևյալ տեղեկատվության տեղադրումը.
գիտական աստիճանների շնորհման հարցերը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի տեքստերը, ինչպես նաև դրանցում փոփոխությունների կատարման մասին տեղեկությունները.
գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ցանկը և նմուշները.
գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերում ներառման համար պարտադիր տեղեկությունների ցանկն այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը տրվում են այն կազմակերպությունների կողմից, որոնց, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վերապահված է գիտական աստիճանների ինքնուրույն շնորհման իրավունք.
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված գիտական ատեստավորման համակարգերի մասին, այդ թվում՝ այն գիտական մասնագիտությունների անվանացանկերի (նախապատրաստման ուղղությունների դասակարգիչների) և բովանդակության մասին տեղեկությունները, որոնցով շնորհվում են գիտական աստիճանները, ինչպես նաև՝ այն կազմակերպությունների մասին տեղեկությունները, որոնց, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վերապահված է գիտական աստիճանների ինքնուրույն շնորհման իրավունք։
Հոդված 10
Փորձագիտական խորհրդակցությունները
Սույն համաձայնագրի իրագործման, ինչպես նաև դրանում փոփոխություններ կատարելու հետ կապված հարցերը քննարկվում են իրավասու մարմինների փորձագետների խորհրդակցությունների շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ:
Հոդված 11
Վեճերի լուծումը
Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:
Հոդված 12
Փոփոխություններ կատարելը
Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
Հոդված 13
Եզրափակիչ դրույթներ
Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում։
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 31-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրը:
Կատարված է Սոչի քաղաքում, 2023 թվականի հունիսի 8-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: