ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0575/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0575/02/10 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան |
Դատավորներ՝ |
Ն. Տավարացյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2010 թվականի դեկտեմբերի 3-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սիլվա Լաչինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հասմիկ Ավետիսյանի ընդդեմ Մարինե Ուշակյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով Դատարան` Հասմիկ Ավետիսյանը պահանջել է ճանաչել Երևանի Կոմիտասի փողոցի 36ա շենքի թիվ 31 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.09.2010 թվականի որոշմամբ Դատարանի 24.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիլվա Լաչինյանը` հանդես գալով նաև որպես Մարինե Ուշակյանի ներկայացուցիչ:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հասմիկ Ավետիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ, 53-րդ, 78-րդ և 94-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործի քննությանը մասնակից չի դարձրել Սիլվա Լաչինյանին, Երվանդ և Լիանա Ուշակյաններին, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրել է որոշում:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, առանց վերջիններիս գործին մասնակից դարձնելու, Հասմիկ Ավետիսյանին ճանաչել է Երևանի Կոմիտաս փողոցի 36 ա շենքի թիվ 31 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ այն պարագայում, երբ գործում գտնվող անձնագրային բաժնի կողմից տրված տեղեկանքում նշվում է, որ Սիլվա Լաչինյանը, Երվանդ և Լիաննա Ուշակյանները հաշվառված են վերոնշյալ բնակարանում:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հասմիկ Ավետիսյանից բացի կան այլ ժառանգներ, որոնք սակայն որպես պատասխանող չեն ներգրավվել գործին:
Ավելին, Վերաքննիչ դատարանը բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Սիլվա Լաչինյանը չի ներկայացրել ամուսնության վկայականը, մինչդեռ այն ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը պատշաճ չի ծանուցել Մարինե Ուշակյանին: Դատարանը նշել է միայն, որ Մարինե Ուշակյանի բնակության վայրը հայտնի չէ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով սահմանված կարգով ծանուցել է վերջին հայտնի բնակության վայրի վարչական շրջանի միջոցով: Մինչդեռ, Մարինե Ուշակյանի բնակության վայրի անհայտ լինելու մասին որևէ ապացույց գործում չկա:
Վերոգրյալի հիման վրա Սիլվա Լաչինյանը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.09.2010 թվականի որոշումը և հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Սիլվա Լաչինյանի վճռաբեկ բողոքն անհիմն է: Վերաքննիչ դատարանի ակտում կատարած արտահայտությունները միտումնավոր աղավաղված են:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանում չի արտահայտվել այն դիրքորոշումը, որ ինքը վերոնշյալ բնակարանում չի բնակվել և չի բնակվում, հաշվառված չի և ժառանգությունն էլ չի ընդունել:
2.3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Երևանի Արաբկիր համայնքի Կոմիտաս փողոցի 36 ա շենքի թիվ 31 բնակարանի նկատմամբ գրանցվել է Երվանդ Մինասի Ուշակյանի սեփականության իրավունքը (հ. 1-ին գ.թ. 11-12, հ. 2-րդ 28-29): Երվանդ Մինասի Ուշակյանը մահացել է 12.11.1997 թվականին (հ. 1-ին գ.թ. 8, հ. 2-րդ 32): Երվանդ Մինասի Ուշակյանի կինը` Արշալույս Մարտիրոսյանը մահացել է 04.01.2003 թվականին (հ. 1-ին գ.թ. 7, հ. 2-րդ 33):
2. Հասմիկ Ուշակյանի (Ավետիսյան) ծնողներն են՝ Երվանդ Մինասի Ուշակյանը և Արշալույս Մարտիրոսյանը (հ. 1-ին գ.թ. 13, հ. 2-րդ 31):
3. Մինաս Երվանդի Ուշակյանը և Սիլվա Լաչինյանը ամուսնացել են 1982 թվականին (հ. 2-րդ գ.թ. 9): Մինաս Երվանդի Ուշակյանը մահացել է 05.11.2005 թվականին (ներկայացվել է Սիլվա Լաչինյանի վճռաբեկ բողոքին կից):
4. ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետի գրության համաձայն` Երևանի Կոմիտաս փողոցի 36 ա շենքի թիվ 31 բնակարանում հաշվառված են Սիլվա Լաչինյանը, Լիանա և Երվանդ Մինասի Ուշակյանները (հ. 1-ին գ. թ. 21):
5. Դատարանը 29.04.2010 թվականի գրությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին խնդրել է հանձնարարել Մարինե Ուշակյանին ծանուցել վերջին հայտնի բնակության վայրով` քաղաք Երևան, Կոմիտաս 36ա շենք, թիվ 31 բնակարան հասցեով 13.05.2010 թվականի դատական նիստի մասին և ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրությունն ուղարկել դատարան (հ. 1-ին գ. թ. 29):
6. Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 10.05.2010 թվականի գրության համաձայն` Մարինե Մինասի Ուշակյանն Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս փողոցի 36ա շենք բնակարան 31 հասցեում չի բնակվում (հ. 1-ին գ. թ. 30):
7. Քննվող քաղաքացիական գործում բացակայում է Մարինե Ուշակյանին գործին մասնակցող անձի նշած հասցեով ծանուցագիր ուղարկված լինելու մասին ապացույց:
8. Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է նաև Սիլվա Լաչինյանի և Մինաս Ուշակյանի ամուսնության վկայականը (հ. 2-րդ գ.թ. 9)
9. Սիլվա Լաչինյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե´ս, ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի՝ զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջի մասին թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, որոշման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սիլվա Լաչինյանը չի ներկայացրել իր և Մինաս Ուշակյանի ամուսնության վկայականը, ինչպես նաև վերջինիս մահվան վկայականը, հաստատված է համարել, որ Սիլվա Լաչինյանը չի հիմնավորել, որ Դատարանի 24.05.2010 թվականի վճիռն առնչվում է իր իրավունքներին և օրինական շահերին:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է նաև Սիլվա Լաչինյանի և Մինաս Ուշակյանի ամուսնության վկայականը (հ. 2-րդ գ.թ. 9), ինչպես նաև այն, որ Մինաս Ուշակյանի մահվան փաստը սույն գործով չի վիճարկվում:
Սույն գործի փաստերի համաձայն` Սիլվա Լաչինյանը Երվանդ Մինասի Ուշակյանի որդու` Մինաս Երվանդի Ուշակյանի այրին է, որը հաշվառված է Երևանի Կոմիտաս փողոցի 36ա շենքի թիվ 31 բնակարանում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտը ուղղակիորեն ազդում է նաև Սիլվա Լաչինյանի իրավունքներին, մինչդեռ, վերջինս մասնակից չի դարձվել գործի քննությանը:
Այսինքն՝ բողոք բերած անձը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:
Ինչ վերաբերում է Երվանդ և Լիանա Ուշակյաններին գործին մասնակից չդարձնելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ Սիլվա Լաչինյանը չի ներկայացրել նրանց անունից հանդես գալու իրավասությունը հաստատող որևէ ապացույց:
Միաժամանակ, Մարինե Ուշակյանին սույն գործի քննության ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը Վճռաբեկ դատարանը նույնպես հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման առանձնահատկություններին: Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետից հետևում է, որ պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին ծանուցում ուղարկելը, համայնքի կողմից դատական ծանուցագիրն ստանալը և այն ստանալու փաստը հավաստող մակագրությամբ դատարանի կողմից հաղորդագրություն ստանալը հանդիսանում է գործի քննությունը սկսելու համար նախապայման միայն այն դեպքում, երբ անհայտ է պատասխանողի փաստացի գտնվելու վայրը, այսինքն՝ երբ դատարանը պատշաճ կերպով կատարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ ծանուցագիրը գործին մասնակցող անձի նշած հասցեով ուղարկելու պարտավորությունը, որի արդյունքում պարզվում է, որ ծանուցվող անձն այդ հասցեում չի գտնվում: Այսինքն՝ նշված հոդվածով նախատեսված գործողությունները դատարանն իրավասու է իրականացնել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված՝ գործին մասնակցող անձանց ծանուցելու հնարավորությունները սպառելուց հետո միայն (տե՛ս՝ Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի` բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի թիվ 3-1689(Ա) քաղաքացիական գործով 12.12.2007 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետը, դիմել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին Մարինե Ուշակյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցելու խնդրանքով:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված գործողությունը կարող էր իրականացվել միայն այն պարագայում, երբ դատարանը պատշաճ կերպով կատարած լիներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ ծանուցագիրը գործին մասնակցող անձի նշած հասցեով ուղարկելու պարտավորությունը, որի արդյունքում պարզված լիներ, որ ծանուցվող անձն այդ հասցեում չի գտնվում: Մինչդեռ, Դատարանը, հիմք ընդունելով միայն վիճելի բնակարանի վարձակալների հայտարարությունը այն մասին, որ Մարինե Ուշակյանը վերոնշյալ բնակարանում չի բնակվում, արձանագրել է, որ Մարինե Ուշակյանի փաստացի գտնվելու վայրն անհայտ է: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը Մարինե Ուշակյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, որոշման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սիլվա Լաչինյանը չի ներկայացրել իր և Մինաս Ուշակյանի ամուսնության վկայականը, ինչպես նաև վերջինիս մահվան վկայականը, հաստատված է համարել, որ Սիլվա Լաչինյանը չի հիմնավորել, որ Դատարանի 24.05.2010 թվականի վճիռը առնչվում է իր իրավունքներին և օրինական շահերին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է նաև Սիլվա Լաչինյանի և Մինաս Ուշակյանի ամուսնության վկայականը, ինչպես նաև այն, որ Մինաս Ուշակյանի մահվան փաստը սույն գործով չի վիճարկվում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մինաս Ուշակյանի մահվան փաստի անվիճելի լինելու և գործում գտնվող 14.08.1982 թվականին տրված Մինաս Ուշակյանի և Սիլվա Լաչինյանի ամուսնության վկայականի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ վերոնշյալ ապացույցը բացակայում է, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների ակնհայտ և կոպիտ խախտում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.09.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ Դատավորներ` Վ. Ավանեսյան Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Մ. ԴՐՄԵՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Տ. Պետրոսյան Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|